ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՄԱՆԿԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ
Արցախի առողջապահության նախարարության և Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) համատեղ ջանքերով ԼՂՀ ԱՆ ՙԱրևիկ՚ մանկական բուժմիավորումում մարտի 17-ին կազմակերպվեցին դասընթացներ` նվիրված մանկական հիվանդությունների դեպքում անհետաձգելի բուժօգնության խնդիրներին։
Դասընթացավարներ՝ ՙՍուրբ Աստվածամայր՚ բժշկական կենտրոնի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար Աննա Չոբանյանին, նշյալ կենտրոնի անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Հասմիկ Սարոյանին և ՀՕՖ-ի առողջապահական ծրագրերի ղեկավար, ՙՀայաստան-Արցախ՚ հիմնադրամի բժշկական մոնիտորինգի պատասխանատու Համբարձում Սիմոնյանին նույն օրն ընդունել էր ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՕՖ-ի կողմից բժիշկների ՙՇարունակական բժշկական կրթություն՚ վերապատրաստման ծրագրի, ՙՀայաստան-Արցախ՚ հիմնադրամի կողմից հումանիտար կարգով ստացվող բժշկական սարքավորումների, դեղորայքի վերաբերյալ հարցերն ու մեր հանրապետությունում հեռաբժշկության զարգացման հեռանկարները։ Կ. Աթայանը կարևորել է տեղի մասնագետների տեսական և գործնական դասընթացների կազմակերպման ծրագրերը և հույս հայտնել, որ դրանք կլինեն շարունակական: ՙԱրևիկ՚ մանկական բուժմիավորումում վերոնշյալ մասնագետների կողմից կազմակերպված դասընթացների շրջանակներում մանրամասնվել են ծայրահեղ ծանր հիվանդ երեխաների առողջական վիճակի գնահատման, մետաբոլիկ խանգարումների, շնչառական անբավարարության և շոկի, նյարդաբանական անհետաձգելի իրավիճակների, սուր վարակների, վնասվածքների և այրվածքների ու հարակից հիվանդությունների բուժման վերջին մոտեցումները, նոր մեթոդները։ Ծրագրին մասնակցել են ոչ միայն Ստեփանակերտի, այլև հանրապետության բոլոր շրջանների այն մասնագետները, ովքեր առնչվում են երեխաների անհետաձգելի բուժօգնության խնդիրներին։ Նախքան դասընթացը շուրջ 50 մասնակիցների տրվել է նախաթեստ մանկական հիվանդությունների անհետաձգելի բուժօգնության մոտեցումների վերաբերյալ։
Ներկայացնելով ծրագիրը՝ ՙՍուրբ Աստվածամայր՚ բժշկական կենտրոնի անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Հ. Սարոյանը նշեց, որ նրանք առաջնորդվում են ամերիկյան մոտեցումներով, որոնք ավելի ընկալելի ու մատչելի են հատկապես կրիտիկական վիճակում հայտնված երեխաների առողջականի գնահատման ժամանակ։ Այստեղ կարևորվում է հիվանդության հայտնաբերման, միջամտության, վերագնահատման և թիմային արդյունավետ աշխատանքը։ Բժիշկն օրինակներով պարզաբանեց ծայրահեղ ծանր վիճակում հայտնված երեխաների հիվանդության բարդությունները, ինչպես նաև մանուկների անատոմիայի, ֆիզիոլոգիայի, շնչառական և սրտանոթային համակարգերի առանձնահատկությունները։ Իր հերթին Ա. Չոբանյանը, որպես վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար, խոսեց երեխաների շրջանում նյարդաբանական անհետաձգելի իրավիճակների, վնասվածքների, այրվածքների և հարակից թեմաների մասին։ Նրա պարզաբանմամբ՝ ընդգրկված թեմաների ցանկը նախօրոք ճշտել են տեղի բժիշկների հետ, որպեսզի անհրաժեշտության դեպքում դրանք զուգակցեն տեսականորեն և գործնականորեն։ Ամերիկյան մոտեցումներով այս ծրագիրը դեռևս երկու տարի առաջ մեկնարկել էր Երևանում, որին մասնակցել են նաև արցախցի բժիշկները։ Այժմ հայաստանյան առաջատար մասնագետները նույն ձևաչափով դասընթացներ կազմակերպում են Ստեփանակերտում։ ՀՕՖ-ը 2005թ.-ից համագործակցում է Արցախի առողջապահության նախարարության հետ, համագործակցության շրջանակներում արցախցի բժիշկների վերապատրաստման ծրագրեր են իրականացվել Երևանի առաջատար կլինիկաներում։ ՙՀայաստան-Արցախ՚ հիմնադրամի բժշկական մոնիտորինգի պատասխանատու Հ. Սիմոնյանի տեղեկատվությամբ՝ 2011թ. ԱՄՆ հայ բժիշկների միության լրացուցիչ ֆինանսավորման շնորհիվ վերապատրաստման դասընթացներին մասնակցող արցախցիների թիվն աճել է։ Զուգահեռաբար նախանշվել էր այդօրինակ ծրագրեր իրականացնել տեղերում։ ՙԵրկու տարի առաջ ՀՕՖ-ը, համագործակցելով ԱՄՆ-ի ՙՄանկական ինտենսիվ թերապիայի միավորում՚ առաջատար կազմակերպության հետ, սերտիֆիկացված առաջնակարգ դասընթացներ կազմակերպեց ՀՀ և Արցախի բժիշկների համար։ Մասնակից 20 բժիշկներն իրավունք ստացան տեղերում կազմակերպել նմանատիպ դասընթացներ, և առաջին փորձն իրականացվեց Արցախում։ ՙՎերջին 5 տարիներին մանկական հիվանդությունների ինտենսիվ վիճակների վարման վերաբերյալ ի հայտ են եկել բավականին նոր մոտեցումներ, որոնց շնորհիվ նվազել է նորածինների մահացածության ցուցանիշը։ Այդ պատճառով մենք դասընթացներ կազմակերպելիս նախընտրում ենք պարզաբանել այն թեմաները, որոնք ավելի արդիական են հատկապես նորածինների անհետաձգելի բուժօգնության ցուցաբերման պարագայում՚,-հավելեց Հ. Սիմոնյանը։ Ու եթե եվրոպական երկրներում արդեն բացակայում են մակաբուծային ինֆեկցիոն հիվանդությունները, ու ավելի շատ գերակշռում են ալերգիկ երևույթները, ապա մեր տարածաշրջանում դեռևս խնդիր կա որոշ ինֆեկցիոն հիվանդությունների առումով և այդ վարակները կանխելու համար պետք է հետամուտ լինել բժշկության արդի մեթոդներին։ ՙԱրևիկ՚ մանկական բուժմիավորման գործադիր տնօրեն Մեսրոպ Մարգարյանը երկու տարի առաջ մասնակցել էր Երևանում կազմակերպված ՀՕՖ-ի այս ծրագրին։ Նրա խոսքով՝ դասընթացն օգնում է բժշկին նոր մոտեցումներով գնահատել հիվանդի վիճակը, կատարել որոշ միջամտություններ և շարունակել ինտենսիվ բուժումը։ Միջազգային այս ծրագիրը տեղայնացվել է ոլորտում, և կարևոր է, որ բոլոր բժիշկներն էլ տեղյակ լինեն այդ մոտեցումներին, որպեսզի ցանկացած իրավիճակում հիվանդին ցուցաբերվի ճիշտ և արդյունավետ օգնություն։ Մ. Մարգարյանն առանձնացրեց թիմային կոորդինացված աշխատանքը, ինչի արդյունքում կբացառվեն բժշկական սխալները։
Վերջում մասնակիցներին տրվել է հետթեստ և պարզաբանվել, թե որքանով են նրանք յուրացրել թեմաները։ Իսկ արդյունքներն ակներև կլինեն արդեն պրակտիկ գործունեության ժամանակ։
;