Logo
Print this page

ԳՅՈՒՂՆ ԱՅՍ` ՈՒՂՏԱՍԱՐԻ ՍՏՈՐՈՏԻՆ

Ասկերանի շրջանի սահմանամերձ Ուղտասար համայնքը հանրապետության երիտասարդ բնակավայրերից է:

Հիմնադրվել է  16 տարի առաջ: Բնակավայրն իր անունը ստացել է տարածքում գտնվող սարից, որը Ղարաբաղի բարբառով անվանվում է ՙՕղտեն մաշկ՚:  Արցախյան պատերազմի ժամանակ շատ արյուն է հեղվել տեղանքն ազատագրելիս: Քանի՛-քանի հայորդի է իր կյանքը տվել ՙՕղտեն մաշկ՚-ի համար: Այսօր Ուղտասարը լիարյուն կյանքով ապրող, զարգացող գյուղ է: Դրանում կարող են համոզել հենց թեկուզ տասնյակ ու տասնյակ հեկտարներով մշակված այգիները, որ աչք են շոյում առաջին իսկ հայացքից գյուղի տարածք մուտք գործելիս: Դա կհաստատի ցանկացած անցորդ, եթե, իհարկե,  հաջողվի գյուղամիջում հանդիպել որևէ մեկին: Այստեղ չես տեսնի որոշ գյուղերի նման օրը ցերեկով պատերի տակ պարապ խմբված տղամարդկանց: Իսկ տներում հիմնականում երեխամայրերն են: Գյուղի մասին որևէ տեղեկություն կարելի է ստանալ դպրոցում` այդ պահին պարապմունք չունեցող տնօրենից, ուսուցչից կամ օժանդակ աշխատողից, որպիսին մեր պարագայում եղավ: Մինչ գյուղապետին հանդիպելը դպրոցում տնօրեն Վլադիմիր Հակոբջանյանից, զինղեկ Դավիթ Աղաջանյանից  և մանավանդ պահակ Հայկ Կարապետյանից ( մի քանի այգի ունի և պատմեց, թե ինչպես է հաջողվում լավ տնտեսություն վարել) գյուղի նիստուկացի մասին տեղեկություններով զինված` ներկայացա գյուղապետ Մանվել Պետրոսյանին, ով իմ բախտից այդ պահին գյուղապետարանում էր, և, ինչպես ասում են` պաշտոնական աղբյուրից  լուրեր քաղեցի:  Համայնքի ղեկավարի տեղեկատվությամբ` գյուղում հիմնականում  վերաբնակիչներ են` եկած  Հայաստանի տարբեր շրջաններից, կան նաև տեղացիներ. զոհվածների ընտանիքիների համար բնակարան են սարքել, ու նրանք տեղափոխվել են այստեղ: Մարդիկ էլ կան, որ եկել, իրենց ուժերով են այստեղ տուն կառուցել, ինչպես, օրինակ` Ավետարանոցից:  Գյուղում բնակվում է 50 ընտանիք, որից 40-ի համար տուն է սարքվել վերաբնակեցման, մեկը` բազմազավակության (9 երեխա) ծրագրով: Այս տարի  նույն ծրագրով մեկ տուն կկառուցվի 6 երեխա ունեցող ընտանիքի համար: Պլանի մեջ է  5 երեխատեր երկու ընտանիք: Հունվարի 1-ի դրությամբ` գյուղն ունի 290 բնակիչ: Համայնքի ղեկավարն անսքող հպարտությամբ ընդգծեց, որ  2016թ. ունեցել են ռեկորդային ցուցանիշ` տասը ծնունդ: Մինչ այդ ամեն տարի 3-4 երեխա էր ծնվում: Համոզված է`այս տարի ավելի շատ ծնունդներ կլինեն. հունվարի 1-ի դրությամբ` արդեն կանխատեսվում էր 6-ը:  Եվ բացատրեց, թե ինչում է բանը.  երբ գյուղը վերաբնակեցվել է, բնակիչները հիմնականում նույն տարիքի էին, միջինը`  40 տարեկան: Առաջին տարիներին բնական աճ չեն ունեցել: Նրանց երեխաները մեծացել են, ամուսնացել, և արդեն աճ կա: 0-6 տարեկան  40 երեխա կա գյուղում, իսկ  մինչև 18  տարեկան` 95, և ընդամենը 6 թոշակառու: Այսինքն` գյուղն աճող է: Սակայն այստեղ ևս մյուս գյուղերի պես խնդիր կա երիտասարդների ամուսնանալու հարցում: Բայց եթե ուրիշ գյուղերում երիտասարդները պատճառաբանում են, որ գործ չկա, չեն աշխատում, ընտանիք պահելու հնարավորություն չունեն, այստեղ հակառակը` ջահելները  գործի ետևից ընկած, բիզնեսի մեջ խրված` փող են աշխատում, և գործներն այնքան շատ են, որ ժամանակ չունեն այդ մասին մտածելու: Մանավանդ որ աղջիկներն  այստեղ քիչ են, ուրիշ տեղից պիտի բերեն: 

Ուղտասարն այն քիչ համայնքներից է, որը գոյատևում է  ինքնածախսածածկմամբ և եկամուտով աշխատում ու կարողանում է սեփական ուժերով համայնքում բարենորոգումներ կատարել: Եկամտի հիմնական աղբյուրներն են անասնապահությունը, այգեգործությունը, հողագործությունը: 

Հիմնականում բերրի հողեր են այստեղ: 700 հա մշակվող վարելահող ունի համայնքը,  մի թիզ անգամ ազատ հող չունի: Գյուղացիները բոլորն ապահովված են հողատարածքներով: Մինչև գյուղը հիմնադրվելն այդ հողերը մշակվում էին վարձակալական հիմունքներով:

Անասուններն  ավելի շատ մսուրային ռեժիմով են պահվում, քանի որ անասնագլխաքանակի համեմատ արոտավայրերը քիչ են: 1200 ոչխար ունեն, 70 գլուխ խոշոր: Գյուղացիներն իրենց հողատարածքում կերաբույսեր են ցանում` կորնգան, առվույտ` որպես  անասնակեր:  

Տարբեր այգիներ կան, բայց հիմնականը նռան, արքայանարնջի, խաղողի այգիներ են: Դրանք  այստեղ լավ բերք են տալիս: Անցյալ տարի ամենից բարձր բերք նռան այգիներից են ստացել` հեկտարից` 70ց: Համայնքի տարածքում ավելի քան 50 հա նռան այգի կա: Իրացնելու խնդիր չունեն: Շատ մարդիկ իրենց սեփական մեքենաներով են նուռը հասցնում հայաստանյան շուկաներ: Եթե գալիս են տեղում ուզում`  տալիս են: Մեծամասնությունը հենց այդպես էլ անում է: ՙԱյդ սեզոնում Հայաստանի մեքենաները թափվում են այստեղ: Անգամ կան դեպքեր, երբ նախօրոք են այգիներն զբաղեցնում՚,-ասում է համայնքի ղեկավարը: Նռան տարբեր տեսակներ կան: Բարձրորակը վաճառում, իսկ մնացածը  հանձնում են վերամշակող գործարանին`  հյութի համար` կիլոգրամը` 120-130 դրամով:

Բանաջարաբոստանային մշակաբույսեր էլ են ցանում, ՙԱրցախֆրութը՚ ամբողջը վերցնում է: Անցյալ տարի մեծ քանակությամբ թուզ են հանձնել, պոմիդոր, բադրիջան: Գոհ են: Ցանել են   9 հա սոխ, որի միջին բերքատվությունը կազմել է 30 տոննա: Գյուղապետը սա լավ ցուցանիշ է համարում, չնայած լինում է մինչև 40 տ: Ապրիլյան դեպքերն  ազդել են, չեն կարողացել ժամանակին մշակել: Խաղողի բերքը նույնպես քիչ է եղել: 

Բերքի տոնին Ուղտասարը ներկայացել էր 12 տաղավարով: Բերել էին  բոստանային մշակաբույսեր` բանջարեղեն` վարունգ, պոմիդոր, բիբար, սոխ, բադրիջան և այլն, մսամթերք ու կաթնամրթերք, մրգեղեն:

ՙՏարածքը ստիպում է, որ անգործ չմնաս: Կլիման մեղմ է, հողերը` բերրի, անկախ քեզանից՝ ուզում ես աշխատել: Մեր վերին գյուղերի նման չէ, որ ձմռանը գործ  չլինի անելու: Այստեղ միշտ աշխատել ես ուզում, միշտ գործ կա: Ամբողջ ձմեռ մենք նռան այգի ենք հիմնում, ցորենի դաշտերը փոխում ենք նռան այգիների: Մարդիկ ցորեն էին անում, բայց տեսել են, որ այդքան եկամուտ չեն ստանում, ինչքան որ նռան այգին է տալիս,  դրա համար բոլորն անցնում են այգեգործության: Արդեն բարձր տեխնոլոգիաներ են օգտագործում, կաթիլային ոռոգման համակարգին են անցնում, իրենց ուժերով տեղադրում են, եկամուտ ապահովում՚,- տեղանքի առավելություններն  ու ժամանակակից տեխնոլոգիաների դերն  է  մատնանշում համայքնի ղեկավարը: 

ՙՀարուստ գյուղ է, եթե աշխատես, ապահով կապրես՚,-համայնքի ղեկավար Մ. Պետրոսյանի այս խոսքերը լսեցինք նաև բոլոր նրանցից` լինի գյուղացի, թե ուսուցիչ, ում այդ օրը հանդիպեցինք:  ՙՄենք աշխատանքի պրոբլեմ չունենք: Մենք ամառը Քռասնուց, տարբեր գյուղերից մարդկանց խնդրում ենք,  բերում մեր մեքենաներով, որ գան այստեղ աշխատեն, որ մեր աշխատանքը հասցնենք: Բերքի սեզոնին աշխատուժը չի հերիքում: Օրավարձը հիմնականում 5 հազար դրամ է, բայց սեզոնին հասցնում ենք մինչև 8000 դրամի՚,-ասաց գյուղապետը: Նրա ասածները բոլորովին չենք կասկածում, քանզի քաղաքից մարդկանց գիտեմ, որոնք  ամառն իրենց արձակուրդն անցկացնում են այստեղ աշխատելով և շատ գոհ են լինում:    

Երբ գյուղը վերաբնակեցվում էր, ոչինչ չկար այստեղ. ոչ հեռու անցյալն է վերհիշում Մ. Պետրոսյանը: Ընդհանրապես խմելու ջուր էլ չկար: Կառավարությունն է խմելու ջուրը Ասկերանից քաշել-բերել, և այժմ ամեն ընտանիք իր բակում ջուր ունի: Համայնքը ոռոգման ջրի խնդիր էլ չունի : ՙԱվելի ճիշտ` խնդիրը մեզնից էր առաջանում,-պարզաբանում է Մ. Պետրոսյանը:-Նորաստեղծ գյուղ է, գյուղամիջյան առուները լավ վիճակում չէին, շատ են եղել ջրի կորուստները մանավանդ ամառվա շոգ եղանակին: Դիմել ենք կառավարությանը, ընդառաջել է.  գումարի մի մասը համայնքի բյուջեով, մի այդքան էլ կառավարության միջոցներով խողովակներ ենք տեղադրել, որ ջրի կորուստ չլինի, ռացիոնալ օգտագործենք: Ջուրը  մեր հարստությունն է, այս բերքն ու բարիքը, որ վերցնում ենք, ջրի շնորհիվ է՚-կատարված բարենորոգումներից ամենակարևորն է նշում համայնքապետը: Իսկ խմելու ջուր բնակիչներն ունեն  2005 թվականից: Այդ ջրից բանակն էլ է օգտվում: Բայց մի խնդիր ունեն. քանի որ ժամանակին անորակ խողովակներ են տեղադրվել (ուսումնասիրել են, խողովակների մեջ նստվածք է եղել, պայթում  է տեղ-տեղ),  ջուրը   կեղտոտվում է: Դիմել են կառավարությանը և հուսով են` կվերանորոգեն, քանի որ բոլոր հարցերում աջակցում է, չի եղել դեպք, որ իրենց հիմնախնդիրներն անտեսվեն. շրջվարչակազմը, կառավարությունը աջակցում են` հաշվի առնելով, որ նորաստեղծ գյուղ է ու  նաև` սահմանապահ: 

 Գյուղում կա բուժկետ, գյուղապետարանի շենքում է, որը հովանավորն է կառուցել: Այնտեղ նաև դահլիճ կա, որտեղ անց են կացվում միջոցառումները:

Գյուղն այս հրատապ խնդիրներ էլ ունի: ՙՊարզ ասեմ, ես փոքր-ինչ կաշկանդվում եմ, որ պետությանը պահանջներ ներկայացնեմ: Երբ տեսնում եմ, թե մեր պապական գյուղերն  ինչ վիճակում են, ես շատ հարցերում չեմ դիմում կառավարությանը, քանի որ մենք շատ բարենպաստ պայմաններում ենք ապրում՚,-խոստովանում է գյուղապետը: Բայց գյուղը մնում է գյուղ` իր հիմնախնդիրներով:  Դրանցից են գյուղամիջյան ճանապարհները: Մ. Պետրոսյանն ասաց, որ ճանապարհների բարելավումը սեփական ուժերով են իրականացնում: Անցյալ տարի համայնքի  միջոցներից 2 մլն դրամ  են հատկացրել, խճապատել, բայց ճանապարհ ունեն, որ դեռ հողածածկ է: ՙԿամա՛ց-կամաց անում ենք, մեր յուղում տապակվում՚,-շարունակում է գյուղապետը: 

Բայց հիմնախնդիրների հիմնախնդիրը դպրոցն է: Այն չի համապատասխանում ոչ մի չափանիշի: Դպրոցի շենքը ոչ տիպային՝ հարմարեցված, միհարկանի շինություն է, ունի 5 սենյակ, որից մեկը՝ տնօրենի կաբինետ, մեկը՝ ուսուցչանոց, 3-ը՝ դասասենյակներ, բակի տարածքում տեղադրված է նաև 2 ավտոտնակ, որոնք նույնպես որպես դասասենյակներ են ծառայում: Կիսվող դասարանների պարապմունքների ժամանակ որպես դասարաններ օգտագործվում են նաև տնօրենի առանձնասենյակը, ուսուցչանոցը: 

Գյուղապետն ասաց, որ ՙՀայաստան՚ հիմնադրամը որոշել էր գյուղում համայնքային կենտրոն կառուցել, բայց խնդրել են առաջնահերթությունը տալ դպրոցին, և ընդառաջել են:  Շուտով այստեղ նոր դպրոցական շենք կկառուցվի կանադահայերի միջոցներով:  

Այնքան տպավորիչ էր տեսածն ու լսածը, որ ակամայից մտածում ես, որ այստեղ երևի շատերը կուզենան բնակվել, եթե բնակարանային խնդիրները լուծվեն: Պարզվում է, որ այդ հնարավորությունն  էլ կա. պետությունը հիմա վերաբնակիչների համար տներ չի կառուցում, բայց նրանք, ովքեր ցանկանում են գյուղում տուն կառուցել, աջակցում է: Կոնկրետ այս գյուղում անվճար հողատարածք են հատկացնում, էլեկտրականություն անցկացնում, պատրաստ են ամեն ինչով աջակցել, պետությունն էլ` իր մասով: Գյուղում տեսանք նոր կառուցվող 3-4  տուն, գյուղապետն ասաց, որ  նրանց տերերից մեկը  վերաբնակիչ է, մյուսները` գյուղի բնակիչներ, որոնք  իրենց  տան կողքին հասուն որդիների համար են  կառուցում: 

Տարբեր տեղերից եկած մարդիկ են` իրենց սովորություններով, նիստուկացով. հե՞շտ են հարմարվել, համերա՞շխ են` վերջում այս հարցն ուղղեցինք գյուղապետին: Ասաց, որ եթե ավագները դեռ իրենց կոչում են սիսիանցի, գորիսցի, արտաշատցի, ասկերանցի կամ մարտունեցի, ապա նոր սերունդն իրեն համարում է ուղտասարցի:  

 Դպրոցի բակում ապաստարան կա կառուցված, անցյալ տարվա  ապրիլի 2-ին են սարքել և ամբողջ գյուղով ապաստանել այստեղ: Գյուղում արկեր են ընկել: Երեխաներին տարհանել են, բայց 10-11-րդ դասարանների տղաներին ոչ մի կերպ չեն կարողացել համոզել, այդ մասին էլ հպարտությամբ նշեց զինղեկ Դավիթ Աղաջանյանը: Գյուղում մնացած տղամարդկանց հետ(մեծամասնությունը դիրքերում էր) հերթապահել են բարձրդասարանցի տղաները,  պաշտպանել իրենց  գյուղը թշնամու հնարավոր ներխուժումից: Ուրեմն` Ուղտասարի ապագան հուսալի ձեռքերում է: 

 

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.