ՆՐԱՆՑ ԵՐԱԿՆԵՐՈՒՄ ՀՈՍՈՒՄ Է ՍԻՐՈ... ԱՐՅՈՒՆԸ
ՙԱրցախն այն վայրն է, ուր Աստված մեզ ուղարկեց՚. սրանք Լենա եւ Փոլ Թորն-Քեզայա ամուսինների խոսքերն են: Լենան ծնվել է Բաքվում։
Երբ սկսվեց Շարժումը, ընտանիքով տեղափոխվեցին Արթիկ քաղաք: Աշխատել է Երեւանի Մայր Թերեզայի անվան հաշմանդամ երեխաների համար նախատեսված կաթոլիկ մանկատանը: Փոլն ԱՄՆ Կոլորադո նահանգից է: Հայաստանի միսիոներական դպրոցներից մեկում նրանք ծանոթացել են, այնուհետեւ ամուսնացել: Այժմ ունեն երեք երեխա:
Մի քանի անգամ գալով Արցախ՝ մասնավորապես Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն, Փոլի մոտ հետաքրքրություն առաջացավ Արցախի հանդեպ: ՙՀետաքրքիր է, որ հենց Փոլի մոտ առաջացավ այդ սերը, եւ ոչ թե իմ՚,-կատակում է Լենան:
Այդ ժամանակից նրանք տեղափոխվել են Արցախ, հիմնել տնային մանկապարտեզ, իսկ Փոլը սովորել է հայերեն, երգում է Առաքելական եկեղեցու երգչախմբում, դրա հետ մեկտեղ նաեւ անգլերենի անվճար դասեր է տալիս Մ. Մաշտոց Համալսարանում:
Թորն-Քեզայայի ընտանիքն իր առաքելությունը տեսնում է Արցախի ժողովրդին ծառայելու մեջ: Հենց դա է պատճառը, որ այն ամենը, ինչ նրանք անում են, բարեգործական նպատակներ ունի:
Մանկապարտեզը կամ, ինչպես Լենան է ասում` Երեխաների զարգացման խմբակը, դարձել է այս ընտանիքի ամենակարեւոր հետաքրքրությունը: Երեխաները հաճույքով են գալիս խմբակ, եւ նույնիսկ ամենաչարաճճիները փոխվում են, դառնում օրինակելի: Երգի, պարի, նկարչության հատուկ մասնագետներ պարբերաբար այցելում են եւ սովորեցնում երեխաներին:
Նրանց հանդեպ Լենայի եւ Փոլի վերաբերմունքն առանձնահատուկ է. ՙԱմենակարեւորն այն է, որ սեր և նվիրվածություն ցուցաբերես երեխայի հանդեպ,-ասում է Լենան,- որովհետեւ ամեն մի երեխա, առանձին վերցրած՝ Աստծո եզակի ստեղծագործությունն է՚:
Ամուսինների համար սկզբունքային է օբյեկտիվ, անաչառ լինելը երեխաների հանդեպ. եթե այո է, ուրեմն՝ այո է բոլորի համար, եթե ոչ` ուրեմն ոչ է բոլորի համար:
Լենայի եւ Փոլի նվիրումն Արցախի հանդեպ անգնահատելի է: Նույնիսկ ապրիլյան պատերազմի օրերին նրանք չլքեցին Արցախը: Ավելին` Մարտակերտից փախստական մի ընտանիքի ամսից ավելի հյուրընկալեցին իրենց օջախում:
Այս ընտանիքը մտադիր է դեռեւս մնալ Արցախում: ՙԲայց եթե այնպես ստացվի, որ մեկնենք Արցախից, կցանկանայի, որ մանկապարտեզի գործը շարունակվի եւ վստահելի ձեռքերում լինի՚,-ավելացնում է Լենան:
Գայանե ԳԵՎՈՐԳՅԱՆ