Logo
Print this page

ԱՅՍՕՐ ԲՌՆԱՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԸ ՉԵՆ ՕԳՏՎՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅՆՈՐԵՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻՑ

Փախստականների խնդիրների  լուծումն անհնար է առանց պետության օգնության 

 Ամեն անգամ, երբ առիթ է լինում պատմել Ադրբեջանից բռնագաղթած  հայ ընտանիքների մասին, բախվում ենք ոչ այնքան հուսադրող իրականության. տեղահանվելուց գրեթե  30 տարի անց նրանց մեծ մասի խնդիրները մնում են չկարգավորված: Այսօր էլ նրանք  ստիպված են հաղթահարել բազմաթիվ դժվարություններ` կապված սեփական բնակարանի բացակայության, հանրակացարանային ոչ բարվոք պայմանների, զբաղվածության և այլ խնդիրների հետ:  

Հարկ է նշել, որ ի տարբերություն Ադրբեջանի, որտեղ փախստականների հարցը դարձել է քաղաքական շահարկման անվերջանալի թեմա, Արցախի իշխանություններն ունեցած սահմանափակ միջոցներով  փորձում են  փախստականներին ըստ ամենայնի աջակցություն ցուցաբերել` նպաստելով վերջիններիս ինտեգրմանը հանրապետության կյանքին: Պաշտոնական տվյալներով` Ադրբեջանից վտարված հայերի թիվը կազմել է գրեթե կես միլիոն, որից շուրջ 100 հազարը հանգրվանել է Արցախում:

ՙԼՂՀ փախստականների հասարակական կազմակերպության՚ ղեկավար Սարասար Սարյանի տեղեկատվությամբ` ներկայում հանրապետությունում բնակվում է շուրջ 18 հազար փախստական`  կազմելով բնակչության մոտ 30 տոկոսը: Նշենք, որ այդ թվային հարաբերակցությունն ավելի բարձր է, քան Ադրբեջանի բնակչության և փախստականների միջև առկա տոկոսային հարաբերությունը, որտեղ վերջիններս կազմում են բնակչության 7,9 տոկոսը: 

ՙՓախստականների առաջին զանգվածային ներհոսքը  Ստեփանակերտում արձանագրվեց խաղաղ ցույցերին զուգընթաց, երբ  Աղդամում, Եվլախում, իսկ հետագա օրերին՝ արդեն  Սումգայիթում, Բաքվում, Գանձակում և  այլ քաղաքներում, ադրբեջանական ամբոխը դիմեց ոճրագործությունների` հայ բնակչության սպանդը, ավերն ու թալանը դարձնելով խաղաղ ցույցերի հանդեպ ՙկոլեկտիվ պատժի գործողություն՚,-մեզ հետ զրույցում նշել է ՀԿ ղեկավարը:- Ասենք, որ փախստականների խնդիրը Ստեփանակերտում ի սկզբանե բարոյական հարթության վրա դրվեց: Ինչպես հետո պարզվեց, դա պիտի ունենար նաև բացասական հետևանքներ, քանի որ դրսևորվեց առավելապես իրավիճակային մոտեցում: Իրականացնելով միայն սոցիալական և հումանիտար գործողություններ` թե՜ մարզի, թե՜ Հայաստանի իշխանություններն այդ օրերին  չկարողացան հայ փախստականների հարցն արժանվույնս ներկայացնել միջազգային հանրությանը: Ասենք նաև, որ բռնատեղահանված ադրբեջանահայերի մեծ մասն ուներ արցախյան արմատներ, և բնական է, որ փախստականներին ընդունեցին որպես հայրենադարձների, և նրանք իրենց անմիջապես զգացին հարազատ հողում: Այդ հանգամանքներով է նաև պայմանավորված, որ հարևան պետության առջև անմիջապես չդրվեց  վերադարձի եւ նույնիսկ կորցրած գույքի փոխհատուցման հարցը՚: Ըստ կազմակերպության ղեկավարի` առաջին իսկ օրերից սկսած` փախստականների համար արցախահայությունն արել է ավելին, քան կարող էր անել  խորհրդային տիրույթում գտնվող որևէ հանրապետություն:

Ս. Սարյանի խոսքով` դեռևս 1988-ին Ստեփանակերտում ձևավորվել էր փախստականների հարցերով զբաղվող նախաձեռնող խումբ, որը հետագայում բաժանվեց երկու կառույցի. ստեղծվեց  Փախստականների կոմիտեն և Մարզգործկոմի՝ Ադրբեջանից բռնի տեղահանվածների հարցերով բաժինը: ՙՄենք նպատակ ունեինք օգնել մարզային իշխանություններին և զբաղվում էինք հիմնականում փախստականների տեղավորմամբ և մարդասիրական օգնության ցուցաբերմամբ: Չնայած դրան, հենց այդ տարիներին շատ ընտանիքներ մեկնեցին Ռուսաստան, որտեղ ունեին ընկերական, բարեկամական կամ աշխատանքային կապեր: Պատճառը լեզվական խոչընդոտն էր, ինչպես նաև համապատասխան աշխատատեղերի բացակայությունը՚,-ասաց նա: 

Նախապատերազմյան տարիներին  իրականացվել են նաև մի շարք սոցիալական ծրագրեր, ձեռք են բերվել բնակելի տներ, հանրակացարաններ են հատկացվել և այլն: Մի խումբ փախստականների  մայրաքաղաքում ֆիննական տներ են տրամադրվել, լուծվել է անհրաժեշտ գույքի հարցը և այլն: Մայրաքաղաքի տարբեր թաղամասերում և գյուղական բնակավայրերում սկսվել էր նաև  փախստականների համար բնակելի տների շինարարությունը: Սակայն սկսված ծրագրերն ընդհատեց պատերազմը` նորից տագնապալի օրերի մեջ ներքաշելով ադրբեջանական կոտորածներից փրկվածներին: Ըստ  Ս. Սարյանի`  եթե Ադրբեջանում տասնամյակներ ապրած ու բարիքներ ստեղծած հայերը հնարավորություն չունեին իրենց իրավունքները պաշտպանել այնտեղ, ապա Արցախում նրանք հնարավորություն ունեցան իրենց զգալու պետության լիիրավ քաղաքացիներ և ակտիվորեն մասնակցել հասարակական-քաղաքական գործընթացներին: Արցախյան ազատամարտի տարիներին բազմաթիվ փախստականներ  ակտիվորեն  մասնակցեցին հարևան պետության սանձազերձած պատերազմին: Նրանցից շատերը վիրավորվեցին, քիչ չեն նաև զոհվածները։

Պետք է նաև նշել, որ Ադրբեջանից բռնագաղթած հայ բնակչության քաղաքական, սոցիալական և բարոյական նշանակության խնդիրն ավելի է բարդանում արցախա-ադրբեջանական  հակամարտության չկարգավորվածության պայմաններում: 

Մեր  փախստականները չունեն միջազգային կարգավիճակ, որով օժտված են փախստականներն ամբողջ աշխարհում: Դա նրանց զրկում է մի շարք իրավունքներից և սոցիալական երաշխիքներից: Տարիներ շարունակ նրանց խնդիրներն անուշադրության է մատնել նաև ՄԱԿ-ի փախստականների գծով Գերագույն հանձնակատարի գրասենյակը, չնայած նա լիազորված է իր մանդատով օժանդակություն ցուցաբերել փախստական կոչվող անձանց` առանց սպասելու հակամարտությունների քաղաքական լուծումներին: Ս. Սարյանի կարծիքով` այսօր, երբ  պատերազմական գործողությունների պատճառով ամբողջ աշխարհում փախստականների թիվը ռեկորդային ցուցանիշի է հասել, անիմաստ է  մեր փախստականների հանդեպ միջազգային կառույցների կողմից ուշադրություն և աջակցություն ակնկալելը, մանավանդ որ վերջիններս միշտ էլ  ընդունվել են որպես ռուսամետ կողմնորոշում ունեցողներ. փաստ, որն Արևմուտքը երբեք էլ չի ողջունել: 

ԼՂՀ կառավարությունը դեռևս տարիներ առաջ սկսել է փախստականների հետ հարաբերությունները կարգավորող օրենսդրական ակտերի կատարելագործման և դրանք միջազգային և ՀՀ իրավական նորմերին համապատասխանեցման ուղղությամբ տարվող քայլերը: Կորցրած աշխատանքային ստաժի վերականգնման համար կառավարության համապատասխան որոշման շրջանակներում ստեղծված հանձնաժողովը քննարկել և բավարարել է  բազմաթիվ դիմումներ: 

2004թ. ընդունվել է ՙՓախստականների մասին՚ ԼՂՀ օրենքը, որի օգնությամբ արցախա-ադրբեջանական հակամարտության պատճառով Ադրբեջանում մի քանի սերունդների կողմից ստեղծված բարիքներից զրկված հայ բնակչությունն ստացավ փախստականի կարգավիճակ: Այդ ընթացքում նրանք պետությունից նաև  որոշակի դրամական փոխհատուցում են ստացել գույքի տեղափոխման, կրած բարոյահոգեբանական վնասների համար եւ այլն: 

Անդրադառնալով վերջին տարիներին փախստականների սոցիալ-կենցաղային հոգսերը թեթևացնելուն ուղղված պետական  ծրագրերին` կազմակերպության ղեկավարը նշեց, որ նրանց համար ամենասուր` բնակարանային խնդրի լուծմանն ուղղված  լուրջ ծրագրերը մեկնարկել են 2014թ.: Ստեփանակերտի մի քանի հանրակացարաններում իրականացվել են կապիտալ վերանորոգման աշխատանքներ` այնտեղ ապրող ընտանիքներին տեղափոխելով  բնակարաններ: Մի քանի ընտանիքների հատկացվել են բնակելի տներ: Այդ աշխատանքները, սակայն, ընդհատվել են նախորդ տարվա ապրիլյան պատերազմի հետևանքով: ԼՂՀ կառավարության որոշմամբ վարձով բնակվող փախստականների ընտանիքները հնարավորություն են ստացել օգտվել բնակարանային վարձի մասնակի փոխհատուցման աջակցությունից: Կազմակերպության Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Ռուզաննա Ավագյանի տեղեկատվությամբ` դիմումների ընդունումը շարունակվում է, դրանք քննարկվում և ընթացքավորվում են համապատասախան հանձնաժողովի նիստերին: Միայն Ստեփանակերտում արդեն ստացվել է 73 դիմում: 

Փախստականի կարգավիճակ ունեցողներն ընդգրկվել են նաև Արցախի սոցիալական ծրագրերի հիմնադրամի կողմից առաջարկվող հիփոթեքային վարկավորմամբ սոցիալական որոշ խմբերի բնակարանային պայմանների բարելավմանն ուղղված պետական աջակցության ծրագրում: Ըստ կազմակերպության գրասենյակի ղեկավար Ռ. Ավագյանի` փախստականները հիմնականում հետաքրքրված են բնակարանը կամ բնակելի տունը վերանորոգելու պետական ֆինանսական աջակցության ծրագրով:  

 

Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.