Logo
Print this page

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՇԱՐԺԻՉ ՈՒԺԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆՆ Է

ՙԱԱ՚¬ի հյուրն է ԼՂՀ ԱԺ  ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման մշտական հանձնաժողովի նախագահ, ԼՂՀ ՙՄարտական խաչ՚  առաջին աստիճանի շքանշանակիր  Ռուսլան ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

 -Այսօր, առավել քան երբևէ, մենք կանգնած ենք բազմաթիվ մարտահրավերների առաջ, ուստիև այդ ամենին դիմակայելու համար անհրաժեշտ է, պատկերավոր ասած` զորաշարժի ենթարկել ազգի ողջ ներուժը։ Ի՞նչ անել, ինչպե՞ս վարվել պաշտպանողական մակարդակն առավել բարձր նշանակետի հասցնելու համար։

-Որպես ազգ ու ժողովուրդ` առաջին հերթին պարտավոր ենք հարգել իրար։ Չարանալ ու չարախնդալ պետք չէ, երբ ամեն օր թշնամին թակում է դուռդ։ Իրար հարգել¬սիրելով շատ հարցերի լուծում կարող ենք տալ, եթե թամահից (ընչաքաղցությունից) կտրենք ու դնենք մեր սիրո վրա։ Կյանքը ցույց է տվել նման ճանապարհի ընտրության իրավացիությունը։ Անձնապես ես երկու այդպիսի փուլ եմ անցել։ Մեր համախմբվածությունը ոչ հեռավոր անցյալում սարեր է շուռ տվել։ Այսօր էլ նույնը պիտի լինենք, ոչինչ չի փոխվել։ Մեր աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ շրջապատված ենք, մեղմ ասած, չկամեցող հարևաններով, որոնք իրենց անմարդկային էությամբ ու դաժանությամբ աշխարհում հավասարը չունեն։ Մենք դատապարտված ենք լինել ուժեղ, և դրա տարրերից մեկն էլ համախմբվածությունն է:

-Քսանհինգ տարին բավականին պատշաճ ժամանակահատված է: Մի պահ հետ նայենք և փորձենք չափակշռել մեր անցած ճանապարհը... Արա՞ծն է շատ, թե՞ չարածը։

-Միանշանակ՝ ձեռքբերումները շատ են, սակայն յուրաքանչյուր օր մեր առջև խնդիր պետք է դնենք այդ նվաճումները ձեռքից չտալու ու բազմապատկելու ուղղությամբ։ Չկա այնպիսի մի ընտանիք, կոլեկտիվ, հետևաբար` նաև երկիր, որտեղ թերություններ չլինեն։ Խնդիրներ ունենք և՜ հասարակական կյանքում, և՜ բանակում ու ամենատարբեր բնագավառներում։ Եվ այդ խնդիրներին պետք է լուծում տանք ըստ առաջնահերթությունների։

-Ձեր կարծիքով` ապրիլյան պատերազմում մենք հաղթե՞լ ենք, թե՞ պարտվել...

-Իհարկե, հաղթել ենք, չնայած փոքր տարածքային կորստին... Այդ օրերի մեր ամենամեծ կորուստը մեր զինվորներն էին, մեր զավակները։ Իսկ այդ օրերի ամենամեծ հաղթանակը մեր համախմբվածությունն էր։ Հաշված ժամերի ընթացքում կրկին ազգովին համախմբվեցինք։ Ընդհանրապես, միշտ էլ հասարակության մեջ շարժիչ ուժը երիտասարդությունն է։ Ես չեմ ուզում նսեմացնել ավագ սերնդի ներդրումը, սակայն Շարժումը մենք սկսել ենք երիտասարդությամբ, պատերազմում հաղթել ենք երիտասարդությամբ, հիմա մենք արդեն ավագ սերունդ ենք, և ապրիլյան պատերազմում հաղթել է մեր երիտասարդությունը։ Ես հաճախ եմ լինում դիրքերում և ուրախությամբ եմ տեսնում, որ մեր սերնդին արժանի փոխարինողներ են եկել։ Մենք, իհարկե, բոլոր դժվար օրերին կանգնած էինք նրանց կողքին, և կանգնելու ենք` ինչքան որ անհրաժեշտ լինի։ 

-Ես մտադիր էի հարցնել առողջ սերնդափոխության մասին։

-Իմ սերունդը հասակ  առել ու դաստիարակվել է խորհրդային գաղափարախոսությամբ ու ինտերնացիոնալիզմի ոգով։ Բայց ժամանակի ու պահի հրամայականով շատ արագ կողմնորոշվել ենք (դա մեր գենետիկ առաքելություններից է) ու կանգնել, երկիր ենք պահել։ Իսկ ներկայիս սերունդն անկախության սերունդն է և դաստիարակվել է այլ գաղափարներով ու այլ արժեքներով։ Նրանք դաստիարակվել են մեր օրինակով... ու անցել մեզ։ Ես հպարտանում եմ ներկայիս սերնդով, շատ լուրջ, շրջահայաց սերունդ է մեծանում, և երևի կյանքի օրենքն է այդպիսին՝ հաջորդները միշտ նախորդներից ավելի ուժեղ ու խելոք են լինում։

-Դուք այն անձանց շարքում եք, ովքեր իրենց կյանքում բազմաթիվ փորձություններ են հաղթահարել և այսօր կանգնած են պետականակերտման դիրքերում: Դուք առավել շատ պետական ծառայո՞ղ եք, թե՞ զինվոր` ում տեղը միշտ շարքում է։

-1994 թվականին պատերազմն ինձ համար չի ավարտվել... Անձամբ ես ամեն օր ու ժամ պատրաստ եմ պատերազմի։ Եթե դու պատրաստ չես դրան, ուրեմն արդեն տանուլ ես տվել։ Մենք հետպատերազմյան մի փուլ ենք ապրել, երբ որոշ մարդկանց թվացել է, թե պատերազմն այլևս ավարտված է։ Ա՛յ մեր խնդիրների մի մասն էլ հենց այստեղից է գալիս։ Առաջնագծի կահավորման հետ կապված մի շարք խնդիրներ մենք պիտի լուծեինք առնվազն մի տասը տարի առաջ։ Բացթողումներ ունեցել ենք, դա միանշանակ է։ Յուրաքանչյուր զինվորի կյանք մեզ համար թանկ է։ Եթե շղթայի մի օղակը բացակայում է, շղթան կտրվում է, մեր շղթան միշտ ամբողջական ու ամուր պիտի լինի, և եթե շղթան ճիշտ է կազմված` խնդիրներ չեն ծագում։ Անհրաժեշտ է կադրային ճիշտ քաղաքականություն վարել։ Ապրիլյան թերությունները շտկվում են թե՜ բանակում, թե՜ գործադիր ու օրենսդիր թևերում։ Ինքս հոկտեմբեր ամսից օրենսդրական նախաձեռնության համահեղինակ եմ։ Փորձում ենք  զինապարտության մասին օրենքում փոփոխություն մտցնել։ Աշխատում ենք զորահավաքային ռեսուրսի հետ կապված բացթողումները շտկել։ Թեկուզ մի փոքր ուշացրել ենք, բայց ուրախ եմ, որ իշխանության բոլոր թևերով եկել են այն եզրակացության, որ արվածը ճիշտ քայլ է։ Բանակի հետ համատեղ քննարկումներ ենք անցկացրել, ներկայացրել ենք գործադիրին, սպասում ենք նրա  եզրակացությանը։ Խնդիրը նրանում է, որ զորակոչը պիտի հայտարարի կառավարությունը, իսկ նոր օրենսդրությամբ` արդեն նախագահը։ Արական սեռի բոլոր զինապարտները տարվա մեջ մի որոշակի ժամանակահատված պարտադիր պիտի ծառայեն բանակում։ Օր օրի մեր աչքի առաջ շատ բան է փոխվում թե՜ մարտավարության, թե՜ ռազմական տեխնիկայի ձեռքբերման առումով։ Հինգ, տասը տարի առաջ ծառայած տղամարդիկ պետք է ծանոթանան բանակի նորամուծություններին։ Յուրաքանչյուր զինապարտ, ծառայելով ամրակցված զորամասում, քաջատեղյակ կլինի նորույթներին ու նորամուծություններին, ինժեներական կառուցապատման փոփոխություններին, և եթե, ասենք, գիշերով նրա ներկայությունն այնտեղ անհրաժեշտ լինի, նա փակ աչքերով կկողմնորոշվի` ինչ անել և ինչպես անել։ Սա առաջին հերթին ամրապնդում է բանակի մարտունակությունը, երկրորդ հերթին` ապահովում ենք զինվորների անվտանգությունը, երրորդ, ոչ պակաս կարևոր հանգամանքն այն է, որ բանակ ենք ներմուծում արդարության տարրեր։ Իդեալական արդարություն չի լինում, բայց արդարության տարրերը պիտի գործեն բոլոր բնագավառներում։ Եթե դա առկա է, ապրելն ու գործելը դառնում է դյուրին։ Առաջիկա նիստերից մեկում օրենսդրական այդ փոփոխությունը կատարվելու է: Օրենսդրական այլ ակտեր ու փոփոխություններ ևս լինելու են, որով հստակեցվելու են մի շարք հարցեր` կապված բանակի հետ։ Հարցերը շատ են, չեմ ուզում մանրամասնել, հընթացս դրանք օրենսդրական ուժ կստանան, կկարգավորվեն, և շատ մտահոգություններ պատասխան կունենան։ Բոլոր բնագավառներում պետք է պատրաստ լինենք։

-Ի՞նչ է մեզ պակասում ուժեղ լինելու համար։ 

-Նորից նույնն եմ կրկնելու` սեր ու հարգանք միմյանց նկատմամբ և համախմբվածություն:

-Շուշիի ազատագրումից 25 տարի անց ուզում եմ, որ մտորումներով, ապրումներով կիսվեք մեզ հետ... Ի վերջո, մեր Ազատամարտի պատմության մեջ ոսկե տառերով արձանագրված է նաև Ձեր ավանդի մասին. ՙՇուշիի հետախուզությունն իրականացվել է Ռուսլան Իսրայելյանի գլխավորությամբ՚։

-Չեմ ասի, թե ամեն օր, բայց հաճախ եմ մտքերով հետ դառնում դեպի մեր պայքարի ակունքները... Հիշում եմ մեր առաջին գործողությունները, ռուսական բանակի ներկայությունը, մեր առաջին զենքերը, որ այսօր արդեն զավեշտալի են թվում... Մեր առաջին ՙԴեկտյարյով՚ գնդացիրը, որ մեր հույսն էր: Երբ առաջին անգամ պիտի կիրառեինք` ձեն չհանեց. զարմացած իրար էինք նայում: Հետո պարզվեց, որ պահպանակն իջեցված չէ։ Երբ հիշում եմ, թե Շուշիի հետախուզությունն ինչ միջոցներով եմ սկսել, զարմանում եմ իմ միամտության վրա, բայց այդ տարիներին մենք այլ ելք չունեինք։ Ձեռքի տակ ո՜չ գիշերային տեսասարքեր ենք ունեցել, ո՜չ հեռադիտակներ, դպրոցներից հավաքել էի բոլոր աստղադիտակները, և դրանով էինք դիտարկումներ կատարում։ Ստեփանակերտի կրթության բաժնի վարիչը Համլետ Ասրյանն էր, գնացել, խնդրել եմ, ընդառաջել է, վերցրել ենք ու, օղակաձև շարելով, հետևել թուրքերի շարժին (դե դրանք էլ, գիտե՜ք, գլխիվայր են ցույց տալիս)։ Հիշելու այնքա՛ն բան կա... Այդ ժամանակ բոլոր հրամանատարներն առջևից էին գնում, կանոնավոր բանակի մասին երազել անգամ չէինք կարող, ջոկատներով էինք, թաղի տղաներով, ու ամոթ էր, որ հրամանատարն առջևից չգնա։ Մեր տղաների էնտուզիազմի վրա հենվելն ու օպերացիա իրականացնելն առնվազն խենթություն էր, բայց մենք գնացինք դրան։ Հիշո՞ւմ ես` Կոմանդոսն ինչ էր ասում հարցազրույցներից մեկում. ՙՋոկատների հրամանատարներն ինձ ստիպում էին ազատագրել Շուշին՚։ Իսկ մեկ այլ առիթով ասել էր. ՙԵս կատարել եմ հայ ժողովրդի կամքը՚։ Դա ճշմարտություն է. մենք անընդհատ ասում էինք այդ մասին ու սպասում պատմական այդ օրվան։ Եթե չեմ սխալվում՝ 2003 թվականին էր, մեր արտգործնախարարությունից զանգեցին, թե Կանադայից մի գնդապետ է եկել,  ուզում է խոսել ձեզ հետ։ Տեսել էր Շուշին և պնդում էր, որ ինքը չի հավատում, թե հնարավոր էր Շուշին գրավել։ Երկու թարգմանիչների հետ բարձրացանք Շուշի, ու ճանապարհին պատմում էի` ինչ ենք արել, ինչպես ենք արել, ու երբ հասանք տանկ¬հուշարձանի մոտ, պատմեցի, որ այստեղ առաջինը ոտք ենք դրել ես ու իմ հետախույզները, ու երբ վերևից նայում էինք` ասացի, որ իմ տղաներով խորհրդային բանակի զինանոցում առկա ռազմամթերք ունենալու դեպքում երկու ամիս կդիմակայեի, իսկ նրանք մեր ճնշմանը դիմացել են ընդամենը երկու օր։ Գնդապետը զննող հայացքով ինձ նայեց ու թե. ՙՀիմա եմ հասկանում, թե ոնց եք հաղթել՚։  Ես գտնում եմ, որ մենք հաղթել ենք Աստծո օգնությամբ։ Մեր տղաներին Աստված զորավոր ուժ է տվել։ Եվ չմոռանանք ամենակարեւորը. որ մեր դիմացինը, մեր հակառակորդը ադրբեջանցին է եղել։ Մենք հաղթել ենք, դա վաղուց արդեն իրողություն է, Շուշին այլևս հայկական է և միշտ պիտի մնա հայկական։ Շուշին պիտի դառնա մեր մշակութային մայրաքաղաքը, այդ առումով արդեն շոշափելի արդյունքներ կան։ Շուշին պետք է լինի հատուկ ուշադրության կենտրոնում, այն, իմ կարծիքով, տեղական նշանակության քաղաք չէ, այլ` տարածաշրջանային նշանակության, և այն պիտի զարգանա, ունենա իր ուրույն դեմքն ու դիմագիծը, այն պիտի հանդիսանա յուրաքանչյուր հայի հպարտությունն ու դառնա նրա հոգածության առարկան։

Հիշում եմ` 90-ականներին էր. գիշերով գնացել ենք առաջադրանքը կատարել, լուսադեմին տուն եմ հասել ֆիդայական հագուկապով, մեկ էլ լսում եմ տարեց հարևանիս` Ռաֆիկի ձայնը. ՙՌուսլան, բարի լույս, այդ որտեղի՞ց ես գալիս՚: Գործից` ասում եմ: Ռաֆիկը  գլուխն օրորել է ու թե` ՙՄոռացել ես, որ տանը երեք քյորփա երեխա ունես՚։ Չեմ մոռացել` ասացի, հենց նրանց համար էլ այս ժամին եմ գործից գալիս։ Ես գտնում եմ, որ մեր ընտրած ճանապարհը ճիշտ է եղել, ճակատագիրն այդ առաքելության համար մեզ է ընտրել: Հիմա էլ մեր զավակներն են առաջին գծում, տա Աստված, որ գոնե մեր թոռ ու ծոռները նույն խնդրի առաջ չկանգնեն: Գտնում եմ, որ գաղտնիքը մեր ուժեղ լինելու մեջ է, ուժեղի հետ հաշվի են նստում, իսկ թույլին միայն խղճում են, ու ոչ ոք չի հարգում, իսկ մեր ուժը նախևառաջ մեր միասնության մեջ է:

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.