[ARM]     [RUS]     [ENG]

ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՇՐՋԱՆՈՒՄ ԻՆՉՊԵՍ ԽՈՒՍԱՓԵԼ ՍԻՐՏ-ԱՆՈԹԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՐՈՒՄԻՑ

Հայաստանի առողջապահության նախարարության գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը կիսվել է խորհուրդներով, թե ինչպես խուսափել սիրտ-անոթային հիվանդությունների առաջացումից ու սրումից գարնանային շրջանում։

 ՙԻնչպես գիտեք, սեզոնային փոփոխությունների ժամանակ, հատկապես գարնան սկզբին, սրվում են սիրտ-անոթային հիվանդությունները, որոնք, դժբախտաբար, Հայաստանում մահացության հիմնական պատճառն են հանդիսանում։ Մահացությունների մոտավորապես կեսը կապված է հենց սիրտ-անոթային հիվանդությունների հետ՚,- ասել է Հ. Հայրապետյանը լրագրողներին։ Նա հավելել է, որ հենց այդ պատճառով այս հիվանդությունների կանխարգելումն ու բուժումը ոչ միայն կարևոր բժշկական, այլև սոցիալական նշանակություն ունեն։  ՙՀիվանդացության մակարդակի նվազեցման համար պետք է ավելի ակտիվ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել։ Խոսքը, մասնավորապես, հիվանդներին ավելի որակյալ բժշկական ծառայություններ մատուցելու մասին է՚,-ասել է Հայրապետյանը։ 

Նրա խոսքով, սիրտ-անոթային հիվանդությունների առաջացումն ու սրումը կանխելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել համալիր կանխարգելիչ միջոցառումներ՝ նվազագույնի հասցնելով կամ բացառելով հիվանդությունների զարգացմանը նպաստող բոլոր գործոնները։

ՙԴա, ամենից առաջ, վերաբերում է մեր ապրելակերպին։ Մեր հասարակության շրջանում պետք է ձևավորվի առողջ կենսաձևի մշակույթ, և համապատասխան ուշադրություն դարձվի սիրտ-անոթային հիվանդությունների ախտանիշներին՚,-ընդգծել է Հայրապետյանը։

Նա նշել է, որ հարկ է առանձնապես ուշադիր լինել զարկերակային ճնշման, արյան մեջ խոլեստերինի մակարդակի հարցում, ինչպես նաև պայքարել ծխելու սովորության դեմ։

ՙԱվելորդ քաշն ու ծխելը նույնպես ազդում են սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման վրա։ Կան գործոններ, որոնք կախված չեն մեզանից, օրինակ՝ ժառանգականությունը։ Այդուհանդերձ, կան մի շարք գործոններ, որոնց վրա մենք կարող ենք ազդել, դա ծխելուց հրաժարվելն է, արյան մեջ խոլեստերինի և արյան ճնշման նորմալ մակարդակի պահպանումը, ավելորդ քաշից ձերբազատվելը։ Այս ամենը մենք ինքներս պետք է վերահսկենք՚,-նշել է Հայրապետյանը։

Նրա խոսքով, Հայաստանում ձևավորված չէ առողջ ապրելակերպի մշակույթ։ ՙՕրինակ, Եվրոպայում ծխելու հետ կապված լուրջ սահմանափակումներ կան, մեզ մոտ դա բացակայում է։ Բացի այդ, խանութներում սննդամթերք ընտրելիս մենք ուշադրություն չենք դարձնում դրանց բաղադրությանը, ինչն ընդունված է եվրոպական երկրներում՚,-հավելել է բժիշկը։ 

                                                                                                                  ՙՆՈՎՈՍՏԻ ԱՐՄԵՆԻԱ՚