[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՆՈՒՆ ՄԱՏԱՂ ՍԵՐՆԴԻ ԳԵՂԱԳԻՏԱԿԱՆ ՃԱՇԱԿԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ

Ազգային-ազատագրական պայքարն արցախահայությանն այնքա՛ն երազած անկախություն բերեց` նոր հնարավորություններ ստեղծելով հայկական երկու հանրապետությունների միջև հոգևոր ու մշակութային մերձեցման համար:

Անկախացումից անմիջապես հետո երկրում իրականացվող կրթական ու սոցիալական բարեփոխումների, տնտեսական ու քաղաքական բազում խնդիրների լուծման շրջանակներում առանձնահատուկ ուշադրություն հատկացվեց մշակութային կյանքի զարգացմանը: Կրթամշակութային ոլորտում իրականացվող հսկայածավալ աշխատանքները, այստեղ գործող օջախների նկատմամբ ցուցաբերվող մշտական հոգատարությունը, լայն թափ առած դպրոցաշինությունը խոսում են պետության կողմից նշված բնագավառներին ֆինանսական մեծ աջակցություն ցուցաբերելու օգտին:

Այս համատեքստում տեղին է առանձնացնել Ստեփանակերտի մանակապատանեկան ստեղծագործության կենտրոնի գործունեությունը, կառույց, որն արդեն ավելի քան քառորդ դար Արցախում իրականացնում է գեղեցիկը տեսնող-զգացող, գեղեցիկով ապրող մանուկների ձեւավորման հայապահպան առաքելություն:

Այդ տարիներից յուրաքանչյուրը խորհրդանշում է Կենտրոնի կենսունակությունն ու ապագային հավատով նայելու միտումները. ապացույցը բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկրի վկայագրերն են, առաջին կարգի դիպլոմներն ու պատվոգրերը, մեդալներն ու գովասանագրերը:

Մեր այցելության պահին Կենտրոնի 100 խմբակներում ընդգրկված 1300 սաներն ստանում էին անվճար դասեր գեղեցիկը ոչ միայն ընկալելու, զգալու, այլև գնահատելու և գեղագիտական արժեքներ ստեղծելու ուղղությամբ: Ուսուցիչների խոսքերով` Կենտրոն հաճախելու առաջին իսկ օրերից նրանք դրսևորում են շրջապատող միջավայրի գեղեցկությանը, բնությանը, երաժշտությանն արձագանքելու յուրահատկություն, ձգտելով ստեղծագործել` երգել, պարել, նկարել, ասեղնագործել և այլն: Նրանցից շատերն արդեն զգում են իրենց դերակատարությունն արվեստի և մշակույթի բնագավառներում Արցախում ձևավորված ավանդույթների պահպանման ու զարգացման, նոր տնտեսական հարաբերություններին համապատասխանեցման գործում:

Տնօրեն Վիլեն Միքայելյանի խոսքով` Կենտրոնը լուրջ խնդիրներ չունի, միշտ գտնվում է պետության ուշադրության առանցքում:  2015թ.-ին Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության օժանդակությամբ Կենտրոնի ՙՄռակած՚ երգչախումբը հնարավորություն ունեցավ մասնակցելու Իսպանիայի Բարսելոնա քաղաքում անցկացված ՙՁայնի հարստություն՚ երգչախմբային երգեցողության միջազգային մրցույթ-փառատոնին և արժանանալու Գրան-պրի մրցանակին:

Կարուձևի խմբի ուսուցչուհի Ռուզաննա Առուստամյանի խոսքով` խումբ են հաճախում 5-17 տարեկան երեխաներ (շաբաթական երկու օր),  դասընթացներին զուգահեռ մասնակցում են նաև նկարչության պարապմունքներին: Խմբի մասնակիցները տարին երկու անգամ հանձնում են ստուգարք: Կենտրոնն է հիմնականում տրամադրում կտորներն ու մյուս անհրաժեշտ պարագաները: Խմբում  հիմնականում աղջիկներ են: 

12 տարեկան Նանան արդեն 3 տարի հաճախում է կարուձևի խմբակ և ունի արդեն իսկ իր մոդելավորած շրջազգեստները, իսկ 8 տարեկան Անին համոզված է, որ կունենա նորաձեւության սեփական արհեստանոց: Խմբի ամենափոքրը` Եվան, զգուշությամբ հանելով թելերն ու մկրատները, հպարտությամբ պատմում է, որ քրոջ տիկնիկի համար` որպես տոնական նվեր, կարել է շրջազգեստ: 

Ռ. Առուստամյանի հավաստմամբ` կարուձևի և մոդելավորման դասընթացներն ավարտած մի քանի շրջանավարտներ արդեն իսկ ունեն իրենց սեփական նորաձևության արվեստանոցը: Շատերը նախընտրում են նույնիսկ երեկույթներին կրել իրենց մոդելավորած զգեստները:  Վերջերս խումբը նվեր է ստացել նոր կարի մեքենա, որն ավելի դյուրին է դարձնում նրանց աշխատանքը:

Հետադարձ հայացք ձգելով Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի անցած ուղուն, ամենայն համոզվածությամբ կարելի է ասել, որ մշակութային արժեքների կերտման այս յուրօրինակ  դարբնոցն իր գործունեությամբ հետագայում ևս կշարունակի նպաստել պատանիների ու աղջիկների ճիշտ դաստիարակությանը, արդարացնել հասարակության սպասելիքները:

Մշակութային կյանքի խնդիրներով մտահոգ յուրաքանչյուր ոք բարձր է գնահատում այս և Արցախում գործող մյուս նմանատիպ կրթօջախների գործունեությունը մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության, նրանց գեղագիտական ճաշակի ձևավորման, մանուկների և պատանիների շրջանում արվեստի բարոյական ներուժի իրացման գործում:

Լարա ՍԵՎՈՒՄՅԱՆ