[ARM]     [RUS]     [ENG]

ՙՈՐՏԵՂ ԷԼ ԱՇԽԱՏԵԼ ԵՄ, ՁԳՏԵԼ ԵՄ ՍԻՐՏ ՈՒ ՀՈԳԻ ԴՆԵԼ ԱՅԴ ՈԼՈՐՏՈՒՄ՚

Հարցազրույց ԼՂՀ ԱԺ պատգամավոր Արմո ԾԱՏՐՅԱՆԻ հետ

 Լրացավ Արցախյան շարժման առաջամարտիկ, ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմո Մարդիի ԾԱՏՐՅԱՆԻ ծննդյան 70-ամյակը։ Թվում է՝ այսօր նա իրավունք ունի հպարտանալու իր ապրած տարիների ձեռքբերումներով: Իր համեստ ու արժանապատիվ պահվածքով նա հայի այն տեսակն է, ով անխոնջ ու լուռ աշխատում է՝ իր ներաշխարհում զգալով ազգային ու համամարդկային արժեքները պահպանելու և գնահատելու կարևորությունը:

Ծնվել է 1947թ. մարտի 25-ին՝ Ասկերանի շրջանի Խնապատ գյուղում։ 1965թ. արծաթե մեդալով ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտի կաթի և կաթնամթերքների տեխնոլոգիայի ֆակուլտետը։ Բարձրագույնն ավարտելով՝ աշխատանքի է անցել ԼՂԻՄ կաթի կոմբինատում՝ սկզբում որպես ինժեներ-մեխանիկ, այնուհետև  (խոհրդային բանակի շարքերում ծառայությունն ավարտելուց հետո)՝ ինժեներ-տեխնոլոգ, իսկ 1976-1980թթ.՝ գլխավոր ինժեներ։ 1980-1991թթ. եղել է նույն կոմբինատի տնօրենը։ Այդ ընթացքում ընտրվել է Ժ/դ մարզխորհրդի պատգամավոր, ԽՄԿԿ Ստեփանակերտի քաղաքային կոմիտեի պլենումի, բյուրոյի անդամ։ Արցախյան շարժման սկզբնափուլում՝ 1988թ., ընտրվել է ՙԿռունկ՚ կոմիտեի անդամ, ապա՝ Տնօրենների խորհրդի նախագահի տեղակալ, իսկ 1989-1991թթ.՝ Տնօրենների խորհրդի նախագահ։ 1991թ. հոկտեմբերին նշանակվել է ԼՂՀ ագրոարդյունաբերական համալիրի կոմիտեի նախագահ, գործկոմի նախագահի տեղակալ։ 1992-1994թթ. եղել է ԼՂՀ Նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, ԼՂՀ գյուղատնտեսության և պարենամթերքների նախարար, իսկ 1994-1997թթ.՝ Պաշտպանության պետական կոմիտեի Ասկերանի շրջանի լիազոր-ներկայացուցչի տեղակալ։ 1997-2001թթ. աշխատել է ԼՂՀ գյուղատնտեսության նախարարի, իսկ 2001-2005թթ. Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի պաշտոններում։ 2005թ. նշանակվել է ԼՂՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարար, 2007-2009թթ.՝ ԼՂՀ փոխվարչապետ, գյուղատնտեսության նախարար։ 2009-2011թթ. շարունակել է զբաղեցնել  ԼՂՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնը։ 2011թ. նշանակվել է ԼՂՀ կառավարության աշխատակազմի, ԼՂՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետ, 2012-2013թթ.՝ ՙԱրցախ կաթ՚ ՓԲԸ տնօրեն։ 2013թ. կրկին նշանակվել է ԼՂՀ կառավարության աշխատակազմի, ԼՂՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետ։ 2015թ. մայիսի 3-ի խորհրդարանական ընտրություններում մեծամասնական ընտրակարգով ընտրվել է 6-րդ գումարման ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր թիվ 11 ընտրատարածքից։ Խորհրդարանի ՙԺողովրդավարություն՚ խմբակցության անդամ է։ 

Աշխատանքային գործունեության ընթացքում պարգևատրվել է ԼՂՀ ՙԳրիգոր Լուսավորիչ՚, ՙՄեսրոպ Մաշտոց՚ շքանշաններով, ՙՄխիթար Գոշ՚ և ՙՄայրական երախտագիտություն՚ մեդալներով,ՀՀ ՙԱնանիա Շիրակացի՚ մեդալով։ ԱԺԿ կենտրոնական խորհրդի անդամ է։        

Ստորև ներկայացնում ենք Ա. Ծատրյանի հետ հարցազրույցը։

-Պարոն Ծատրյան, ՙԱզատ Արցախ՚ թերթի կոլեկտիվի անունից թույլ տվեք շնորհավորել Ձեզ՝ հոբելյանի առթիվ։ Ձեր անցած ճանապարհը պատիվ կբերեր յուրաքանչյուրին։ Սկսենք, սակայն, մանկությունից. ինչպիսի՞ն էր այն։

-Ես ընտանիքի վերջին՝ չորրորդ զավակն եմ, մեկ քույր և երեք եղբայր էինք, բայց դա դեռևս չի նշանակում, թե ես ազատված եմ եղել տղաներին վերաբերող բոլոր տեսակի գործերից։  Հայրս մեխանիզատոր էր, և գուցե դա էլ է նպաստել, որ մանկուց սիրեմ հողը, հողի հետ աշխատելը։ Դրա հետ միասին՝ անտառից ցախ էինք բերում, խոտ էինք հնձում և նմանատիպ գյուղատնտեսական աշխատանքներ կատարում։ Ինչպես բոլոր երեխաները՝ դպրոցական տարիներից սիրել եմ սպորտը, հատկապես ֆուտբոլը, վոլեյբոլը։ Ասեմ նաև, որ այդ ամենի հետ միասին լավ էինք սովորում, ուսման առումով ձգտում էինք մեկս մյուսից հետ չմնալ, մեր ժամանակներում միջակությունը պատվաբեր չէր։ Այսքանով հանդերձ՝ այն տարիներին ինչպես ես, այնպես էլ իմ գրեթե բոլոր հասակակիցները, անհոգ մանկություն ենք ունեցել։ 

Աշխատանքային մկրտությունս ստացել եմ կաթի կոմբինատում՝ հետագայում հասնելով  տնօրենի պաշտոնին։ Իմ ղեկավարած տարիներին գործարանը միշտ էլ եղել է առաջատարների շարքում. չկար եռամսյակ, որ փոխանցիկ դրոշ չստանայինք, թե՜ որակի և թե՜ արտադրության քանակի առումով միշտ խրախուսվում էինք քաղաքային, մարզային և հանրապետական իշխանությունների կողմից։ Իսկ 1983 թվականին՝ արտադրողականության բարձր ցուցանիշների համար արժանացել ենք ԽՍՀՄ կաթի և մսի արդյունաբերության նախարարության 1-ին կարգի դիպլոմի։

- Ձեր գործունեությանն անդրադառնալիս՝ անհնարին է շրջանցել Արցախյան ազգային-ազատագրական պայքարը. 1988-ին, երբ սկսվեց Շարժումը, Դուք առաջամարտիկների շարքում էիք։ Ինչպե՞ս  հայտնվեցիք մեր գոյապայքարի հորձանուտում։

-Ես միշտ էլ ասել եմ, որ Արցախյան շարժումն սկսվել է ոչ թե 1988-ին, այլ ավելի վաղ։ Ադրբեջանական Հանրապետության ձևավորումից հետո Ղարաբաղում գործող Ազգային խորհուրդը բազմիցս բարձրացրել է Հայաստանի հետ վերամիավորման հարցը, բայց միշտ էլ գործընթացը հաջողության չի հասել։ Դեռևս իմ ուսանողական տարիներին՝ 1967թ. Բերդաշենում տեղի ունեցած հայտնի դեպքերից հետո (խոսքը վերաբերում է ազերի ելուզակի կողմից հայ երեխայի սպանությանը), Հայաստանում սովորող ուսանողներն ու պրոֆեսորադասախոսական կազմը ստորագրահավաք կազմակերպեցին և դիմում հղեցին ԽՍՀՄ Կենտկոմ, Գերագույն խորհուրդ, բայց ոչինչ չստացվեց։ Եկավ 1988-ը։ Այս անգամ արդեն ժողովուրդը բռունցքվեց, բազմահազարանոց խաղաղ ցույցեր կազմակերպվեցին։ Պատվիրակություններ ուղարկվեցին Մոսկվա՝ առաջին ձեռքից Կրեմլին իրազեկելու Արցախի ժողովրդի արդար պահանջի մասին։ Երբ բանագնացների 3-րդ խումբը վերադարձավ Մոսկվայից, ու ժողովուրդը հրապարակում հավաքված քննարկում էր այցի մանրամասներն ու արդյունքները (1988-ի փետրվարի 16-ին էր), երջանկահիշատակ Արմեն Հակոբյանը (քանդակագործ), ով նույնպես եղել է այդ պատվիրակության կազմում, ամբիոնից ասաց, որ անհրաժեշտ է մարզխորհրդի արտահերթ նիստ հրավիրել և հարցը դնել օրակարգում։ Ապա, դիմելով հանրահավաքի մասնակիցներիս, ասաց. ՙԿա՞ այստեղ մարզխորհրդի պատգամավոր, եթե կա՝ թող բարձրանա և հանդես գա նիստ հրավիրելու առաջարկով՚։ Ես, որ մարզխորհրդի պատգամավոր էի, բարձրացա տրիբունա և հայտարարեցի, որ փետրվարի 18-ին հրավիրվում է արտահերթ նիստ։ Հաջորդ օրը  մարզգործկոմի նախագահի տեղակալ Շմավոն Պետրոսյանն ինձ և բանագնացների խմբի անդամներին  հրավիրեց իր մոտ և բացատրեց, որ միայն մեկ հոգու պահանջով արտահերթ նիստ չի գումարվում, նիստը հրավիրվում է գործադիր կոմիտեի կամ պատգամավորների առնվազն 1/3-ի պահանջով։ Այդպես էլ արվեց. 67 պատգամավորներից դիմումներ հավաքեցինք, և նիստի օր նշանակվեց փետրվարի 20-ը։ Մարզխորհրդի ապարատի աշխատողներից այդ օրը ոչ ոք այնտեղ չկար, ներկա-բացակա անողը ես էի, իսկ դեպի գյուղական բնակավայրեր տանող ճանապարհները փակ էին, և պատգամավորները շրջաններից մեծ դժվարությամբ էին հասնում Ստեփանակերտ. մի մասը մեքենաների թափքերում թաքնված, մի մասն էլ ոտքով կտրելով ահագին կիլոմետրեր։ Քվորումն ապահովելուց հետո՝ 111 պատգամավորի մասնակցությամբ, կայացավ նիստը։ Մինչ այդ Բաքվից ժամանած Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Բաղիրովն ու կուսակցության ԼՂԻՄ մարզկոմի առաջին քարտուղար Կևորկովը, ԽՄԿԿ Կոմկուսի տեսուչ Յաշինը մի քանի ժամ գտնվում էին մարզգործկոմի շենքում, փորձում խանգարել ու համոզել մեզ, որ նիստի գումարմամբ հարց չի լուծվելու, որ առաջիկայում ազգամիջյան հարցերի վերաբերյալ պլենում է լինելու և այլն։ Բայց նրանց լսողն ո՞վ էր… 

Այդպես ես հայտնվեցի Շարժման հորձանուտում։ Հետագայում ՙԿռունկ՚ կոմիտեի անդամ դարձա, հետո՝ Տնօրենների խորհրդի նախագահի տեղակալ, այնուհետև՝ նախագահ։ 

-Պարոն Ծատրյան, Արցախյան հիմնախնդիրն իր վերջնական լուծումը դեռ չի ստացել, և այսօր էլ Դուք շարունակում եք Ձեր հասարակական-քաղաքական գործունեությունը։ Շարժումն սկսեցինք մայր Հայաստանի հետ վերամիավորման պահանջով, բայց 1991-ին մեկ այլ որոշում կայացրինք՝ հռչակելով անկախ ԼՂՀ։ Ըստ Ձեզ՝ որքանո՞վ էր ճիշտ մեր այս ընտրությունը։

-Եթե անկեղծ լինենք՝ թե՜ այն ժամանակ, և թե՜ հիմա իմ տեսակետը չի փոխվել։ Այսինքն՝ ես կողմնակից եմ Հայաստանի հետ վերամիավորման գաղափարին։ Ի վերջո՝ մենք մի ազգ ենք, մի ժողովուրդ  և, կարծում եմ, վերջնական արդյունքում այդպես է լինելու։ Բայց ասեմ, որ 1991-ին մենք ստիպված ենք գնացել այդ քայլին. երբ փլուզվեց Խորհրդային Միության պես հզոր պետությունը, նրա կազմում գտնվող նախկին երկրներն սկսեցին իրենց որպես ինքնուրույն  հանրապետություններ հռչակել։ Իսկ մեզ համար դա վտանգավոր էր։  Մյուս կողմից՝ այդ քայլը դեռևս մեզ հուշել էր  Անդրեյ Սախարովը, ով Ղարաբաղյան հիմնախնդրի կապակցությամբ դիմելով Գորբաչովին՝ ասել էր. իսկ ինչո՞ւ 15 միութենական հանրապետություն, թող լինեն 53-ը։ Այսինքն՝ բոլոր ինքնավար հանրապետություններն ու ինքնավար մարզերը, ըստ Սախարովի, կարող են հռչակվել առանձին հանրապետություններ։ ՙՀնարավորություն տվեք այդ երկրներին զարգանալու,-ասել է ակադեմիկոսը,- և թող կոչվի ոչ թե ԽՍՀՄ, այլ թեկուզ՝ ԱՊՀ՚։ 

Մյուս կողմից՝ ԽՍՀՄ Սահմանադրության համաձայն, եթե որևէ երկիր դուրս էր գալիս միութենական կազմից, ապա տվյալ հանրապետության կազմում գտնվող ինքնավար հանրապետությունը, մարզը կամ օկրուգը իրավունք ունեին առանձնանալու և ինքնուրույն հանրապետություն կազմելու։ Այսինքն՝ այն, ինչ արել ենք՝  մեր բոլոր գործողությունները համապատասխանել են օրենքի տառին։ Պարզապես մեր հարևաններն ու Կենտրոնը դեմ են դուրս եկել մեր արդար պահանջին։ 

-Դուք աշխատել եք տարբեր պաշտոններում, և ամենից շատ, թերևս, առնչվել եք գյուղատնտեսության ոլորտին։ Այնուամենայնիվ՝ ո՞ր բնագավառն էր Ձեզ առավել հոգեհարազատ։

- Կարելի է ասել՝ բոլորը։ Որտեղ էլ աշխատել եմ՝ ձգտել եմ սիրտ ու հոգի ներդնել, առավելագույն հնարավորություններս ու գիտելիքներս  օգտագործել տվյալ բնագավառի զարգացման համար։ Անշուշտ, կաթի կոմբինատում աշխատելն ինձ համար դյուրին էր, քանի որ այդ ոլորտի մասնագետն էի, ավելի լավ էի պատկերացնում այն և տիրապետում էի ամեն մի չնչին մանրուքի։ Հետո, երբ նշանակվեցի ԼՂԻՄ ագրոարդի նախագահ, սկզբում մի քիչ դժվարանում էի, որովհետև ինձ համար նոր բնագավառ էր։ Ճիշտ է, ես մոտ էի գյուղատնտեսության ոլորտին, բայց այն տարիներին դժվար էր աշխատելը՝ պայմանավորված մի շարք օբյեկտիվ հանգամանքներով։ Ասեմ նաև. այն, ինչ չեմ իմացել, ինչին չեմ տիրապետել՝ չեմ զլացել ու չեմ ամաչել՝ հարցրել, լսել եմ իմ մասնագետ գործընկերների խորհուրդները և որոշ բաներ էլ այդպես եմ յուրացրել։ Ինչպես ընդունված է ասել՝ դար ապրիր, դար սովորիր։ Այդպես եղել է հատկապես գյուղնախարարությունում աշխատելու տարիներին, որովհետև այնտեղ զուտ մասնագիտական գիտելիքներ են անհրաժեշտ։

- Յոթ տասնյակ տարիների բարձունքից երբ հետադարձ հայացք եք ձգում՝ ինչ եք զգում, գո՞հ եք Ձեր արած-թողածից, թե՞ դեռ անելիքներ, անկատար երազանքներ  ունեք։

- Իհարկե, մարդ երբեք իր արածով չի բավարարվում։ Որքան ապրում ենք՝ ձգտում ենք արածին մի բան էլ ավելացնել։ Մեր երկիրը ծանր ժամանակներ է ապրել, եղել են տարիներ, երբ հանրապետության համար ընդամենը 300-400 լիտր դիզվառելիք էինք ստանում և դա բաժանում էինք տնտեսություններին՝ նրանց տալով ընդամենը մի քանի լիտր։ Մինչև Շուշիի ազատագրումը, մինչև  ՙԿյանքի ճանապարհի՚ բացումը՝ շատ ծանր է եղել դրությունը՝ ժողովրդին պահելու առումով։ Բոլորդ  էլ գիտեք, որ հաց չկար, ալյուր չկար։ Մի դեպք հիշեմ. մի օր գնացի ԼՂՀ գործկոմի նախագահ Լեոնարդ Պետրոսյանի մոտ և ասացի՝ մի ճար արեք, ժողովուրդը սոված է, հաց չկա։ Ասաց՝ գնա Պոլյանիչկոյից հաց ուզի… Իսկ ես հակադարձեցի. նրա մոտ երբեք չեմ գնա։ 1988-1990 թվականներին լավ բերք էինք ստացել ու չէինք մթերել, ինչպես դա անում էինք այն ժամանակ՝ հանձնելով Աղդամի ու Եվլախի հացամթերման կետերին։ Մեր ստացած բերքն ամբարել էինք պահեստներում, և շնորհիվ դրա, ինչպես նաև՝ շնորհիվ Մարտունու շրջանի հզոր տնտեսությունների՝ Ճարտարի, Սոսի, Գիշու, Բերդաշենի, կարողացանք մինչև Լաչինի միջանցքի բացումը պահել ժողովրդին։ Երբ 1992թ. մայիսի 9-ին ազատագրեցինք Շուշին, հիշում եմ, մեկ գիշերվա ընթացքում այնտեղից 300 տոննա ալյուր տեղափոխվեց Ստեփանակերտ։ Եվ մինչ այդ շնչին հասնող 1 կիլոգրամի փոխարեն սկսեցինք յուրաքանչյուրին տալ 5 կգ ալյուր։ Փառք Աստծո, այսօր մեր երկիրը հացառատ է, միսը, կաթնամթերքը` լիուլի։ Երկրի ղեկավարությունը ձգտում է օրեցօր բարելավել, բարձրացնել բնակչության կենսամակարդակը։ Մեր ժողովուրդն արժանի է լավ ապրելու, և ինչ էլ անենք այս երկրի, այս ժողովրդի համար՝ դարձյալ քիչ է։ 

Ինչ վերաբերում է անկատար իղձերին կամ ցանկություններին. անկախ տարիքից մարդ միշտ էլ ունենում է երազանքներ։ Եթե չես երազում, ուրեմն լիարժեք չես  ապրում։ Հիմնականում իրականացել են իմ նպատակն ու ցանկությունները, իհարկե, հաշվի առնելով, որ եղել եմ հասարակ գյուղացու երեխա ու հասել եմ որոշակի հաջողությունների։ Դրանք նվիրվածության, ազնվության, աշխատասիրության արդյունքում ձեռքբերված հաջողություններ են։ Այսինքն՝ անհնարին ոչինչ չեմ երազել։ Եվ շնորհակալ եմ իմ շրջապատին, իմ ղեկավարներին, իմ ընկերներին ու  ընտանիքին, որ միշտ գնահատել են իմ կատարածը։ Նրանցից միայն բարի խորհուրդներ եմ լսել։

- Ի դեպ՝ գնահատման մասին.  Դուք պետության կողմից Ձեզ գնահատվա՞ծ եք համարում:

- Անշուշտ։ Պետական բարձր պարգևներն արդեն իսկ վկայում են այդ մասին։ Այս առումով շնորհակալ եմ Արցախի Հանրապետության ղեկավարությանը։

- Ձեզ երջանիկ համարո՞ւմ եք։

- Մի առիթով ինձ այդ հարցը տվել են, ու ես այսպես եմ պատասխանել. լիարժեք երջանիկ կլինեմ այն դեպքում, երբ իմ շրջապատում բոլորը երջանիկ լինեն։ Այսօր էլ նույնն եմ ասում՝ հաշվի առնելով պատերազմական իրավիճակը և դրանով պայմանավորված՝ մյուս հանգամանքները։ Բայց երջանկությունը հարաբերական հասկացություն է։ Եթե անկեղծ լինենք, իհարկե, երջանիկ եմ, ունեմ հրաշալի ընտանիք՝ երկու զավակ, չորս թոռ, որոնցով ուրախ եմ ու հպարտ։ Եվ առավել շատ՝ հպարտ եմ իմ ժողովրդով։

-  Ձեր կյանքում եղե՞լ են սխալներ, որ կուզենայիք սրբագրել՝ ամեն ինչ նորից սկսվելու դեպքում։

- Մարդ սխալական է։ Կատարյալ ու անթերի մարդ չկա։ Բայց, կարծում եմ, թույլ չեմ տվել այնպիսի սխալներ, որոնց համար այսօր պիտի զղջամ։ Պետական մտածելակերպի, ազգի շահի տեսանկյունից, կարծում եմ, կոպիտ սխալներ թույլ չեմ տվել. միշտ եղել եմ իմ ժողովրդի հետ, նրա կողքին։   

- Ի՞նչ եք կարծում՝ որքանո՞վ ենք  մոտ Արցախի միջազգայնորեն ճանաչմանը։  

- Համոզված եմ, որ աշխարհը մի օր կճանաչի Արցախի Հանրապետությունը, պարզապես գործընթացը ձգձգվում է։ Ինչո՞ւ կարելի է Կոսովոն ճանաչել, իսկ Արցախը՝ ոչ... Բայց, կրկնում եմ, ես համոզված եմ, որ գալու է այդ ժամանակը, և ճանաչելու են մեր անկախությունը։ Ամենակարևորը՝ մեզ այսօր անհրաժեշտ է զարգանալ, հատկապես՝ տնտեսության առումով։ Հզոր տնտեսություն ունենալու դեպքում մեզ հետ կարող են հաշվի նստել։ Մենք այդ ճանապարհին ենք։

 

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ