[ARM]     [RUS]     [ENG]

ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԿԼԻՆԵՆ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ

Ընթացիկ տարում իրականացվելիք ծրագրերի ու անելիքների մասին է հարցազրույցը Ստեփանակերտի քաղաքապետի առաջին տեղակալ Սուրեն ԹԱՄՐԱԶՅԱՆԻ հետ:

 -Պարոն Թամրազյան, ավարտին է մոտենում 2017թ. առաջին եռամսյակը: Կարծում ենք` հստակեցված են մայրաքաղաքի բարեկարգման ծրագրերը: 

-Անշուշտ, այս տարվա ծրագրերն արդեն հստակեցված են, և պետք է ասել, որ դրանք հիմնականում 2016թ. այն ծրագրերն են, որոնք ապրիլյան պատերազմի պատճառով չեն իրագործվել, քանի որ դրանց համար նախատեսված գումարները ծախսվել են այդ պահին շատ ավելի հրատապ ծրագրի` բազմաբնակարան շենքերի նկուղների մաքրման, աստիճանների նորոգման, դռների տեղադրման վրա, որպեսզի բնակչությունը պատերազմի հավանական վերսկսման դեպքում պատսպարվելու տեղ ունենա: Անցյալ տարվանից 2017թ.-ը տեղափոխված կարևոր ծրագրերից են մայրաքաղաքի բարձրահարկ շենքերի վերելակների կապիտալ վերանորոգումը, արդիականացումը: Տարեցտարի դրանց սպասարկումը բարդանում է, պատճառն ակնհայտ է` բարոյապես մաշվածությունը: Այս տարի նախատեսված է Ազատամարտիկների փողոցի 9-հարկանի շենքի վերելակը փոխել ու տեղադրել ավելի արդիականը: Դա պիլոտային ծրագիր է, որը, հաջողությամբ իրագործելու դեպքում, կկիրառվի նաև մյուս բարձրահարկ շենքերում: Նախագծա-նախահաշվային փաստաթղթերը կազմված են, մասնագիտական կազմակերպության հետ պայմանավորվածությունը կա, նախատեսված է ամռանն ավարտին հասցնել: Բարեկարգման մյուս  ծրագիրը կապված է բազմաբնակարան հին շենքերի ճակատային մասերի վերանորոգման, պատշգամբների ամրապնդման հետ: Նման շենքերն ընդգրկված են համապատասխան ցուցակում, առաջնահերթությունն էլ կորոշվի ստեղծված հանձնաժողովի կողմից` հաշվի առնելով շենքի վիճակը, կենտրոնական փողոցներում  գտնվելու հանգամանքը: Օրախնդրային է նաև ծայրամասային փողոցների ճանապարհների բարելավման հարցը: Նախատեսված է մոտ 30 կմ ճանապարհ կոպճապատել: Մասնակիորեն կվերանորոգվեն մայթերը, այսինքն` կասֆալտապատվեն անանցանելի մասերը: Շարունակվելու է բազմաբնակարան շենքերի նկուղների մաքրման, մուտքերի և աստիճանների նորոգման ծրագիրը: Այս տարի կկառուցվի ևս 4-5 խաղահրապարակ: Շարունակական բնույթ է կրում մայրաքաղաքի արտաքին լուսավորման ծրագրի իրականացումը: Պետք է նշել, որ այս հարցի լուծումը միշտ չէ, որ մեզանից է կախված լինում: Մասնավորապես, արտաքին լուսավորման խնդիր կա նորակառույց Արեշ թաղամասում, որը չի ստացվում լուծել, քանի որ այդ թաղամասն սպասարկող էլեկտրական ենթակայանի հզորությունը չի բավականացնում նոր սարքերի տեղադրման համար:

-Մայրաքաղաքում բազում փողոցների բնակիչներ ամեն տարի մեծ ակնկալիքով սպասում են, որ վերջապես կասֆալտապատվեն իրենց թաղամասի ճանապարհները, բակերը: Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ:

-Քաղաքապետարանի համապատասխան հանձնաժողովի կողմից կազմված է այդ փողոցների և բակերի (ըստ առաջնահերթության) ցուցակը և ներկայացված ԼՂՀ քաղաքաշինության նախարարություն, քանի որ նման կապիտալ շինարարությունն իրականացվում է ոչ քաղաքապետարանի միջոցներով: Մեր տվյալներով, այս տարի ֆինանսական սուղ պայմանների հետևանքով փողոցների ասֆալտապատում չի սպասվում: Բայց մի քանի փողոցների բակեր կասֆալտապատվեն:

-Շուրջօրյա ջրամատակարարման խնդրի լուծումից հետո օրակարգային է մայրաքաղաքի կոյուղագծերի ու ջրահեռացման նոր համացանցի կառուցումը: Այս տարի կմեկնարկի՞ նշված ծրագիրը:

-Նախ նշեմ, որ շուրջօրյա ջրամատակարարման ծրագիրը վերջնականապես կավարտենք այս տարի. Աջափնյակ թաղամասում արդեն ընթանում է ՕԿՋ-ների կապիտալ շինարարությունը: Կրկժանի վերջնամասի փոքր հատվածի շուրջօրյա ջրամատակարարման խնդիրն էլ կլուծվի համայնքային եկամուտների շնորհիվ:

Ինչ վերաբերում է կոյուղագծերի ու ջրահեռացման նոր համակարգի կառուցմանը, արդեն մի քանի տարի է, ինչ պատրաստ են նախագծա-նախահաշվային փաստաթղթերը, բայց ծրագրի իրականացումն ավելի մեծ ֆինանսներ է պահանջում, քան շուրջօրյա ջրամատակարարումը: Գուցե հովանավոր հայտնվի, այդ դեպքում ծրագիրն ավելի շուտ կյանքի կկոչվի: Սակայն նորոգման, ինչպես նաև առաջին անհրաժեշտության աշխատանքները կատարվում են: Այդ առումով հարկ է նշել մայրաքաղաքի մի քանի կարևոր հատվածներում նոր կոլեկտորների տեղադրման հարցը, ինչի շնորհիվ բավականին բարելավվել է ընդհանուր վիճակը:

-Մեր ունեցած տեղեկությունների համաձայն` Ստեփանակերտի քաղաքապետարանը ներքաղաքային տրանսպորտային հարցերի լուծումները համակարգում է ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության տրանսպորտային տեսչության հետ: Օրախնդրային էր վահանակների տեղադրումը կանգառներում, որտեղ նշված կլինեին երթուղիների չվացուցակները: Կա՞ առաջխաղացում այդ հարցում:

-Տրանսպորտային ոլորտում ծագող խնդիրների լուծումները հանգում են դժվար լուծելի իրավիճակի` պայմանավորված այն բանով, որ չկա մրցութային դաշտ: Երկու սպասարկող կազմակերպություններն էլ օգտվում են այդ պահից և հայտարարված մրցույթին ներկայանում  առանց դրված պահանջների լրիվ բավարարման, ինչի պատճառով հետաձգվում է մրցույթը: Այս տարի ամռանը բոլոր երթուղիների համար հայտարարված է մրցույթ: Մինչ այդ պետք է գտնենք նման իրավիճակից դուրս գալու ելքը:

-Կարծում եմ` հրատապ է մայրաքաղաքի գլխավոր հատակագծի նոր նախագծի մշակումը, որը պետք է կյանքի կոչվեր Ստեփանակերտի և Երևանի քաղաքապետարանների համագործակցության ծրագրի շրջանակներում: Ի՞նչ փուլում է այն գտնվում:

- Ուսումնասիրված և, առաջարկություններով հանդերձ, գլխավոր հատակագծի նախագծա-նախահաշվային առաջադրանքը հաստատված է ավագանու կողմից, համապատասխան գրությամբ փոխանցված ԼՂՀ քաղաքաշինության նախարարություն: ՀՀ քաղաքաշինության նախարարության ՙՀայնախագիծ՚ ԲԲԸ-ն է ստանձնել է գլխավոր հատակագծի նախագծի մշակումը: Վերջերս ճարտարապետության բաժնի պետը գործուղվել էր Երևան և տեղեկացել, որ առաջադրանքը հավանության է արժանացել ՙՀայնախագիծ՚ ԲԲԸ-ի կողմից, արվել են համապատասխան հաշվարկներ` անհրաժեշտ գումարի չափը պարզելու համար: Տեղեկությունն անհրաժեշտ ֆինանսների վերաբերյալ ուղարկված է ՀՀ քաղաքաշինության նախարարություն, սպասում են պատասխանի:

-Համագործակցության ծրագրի շրջանակներում տարվա սկզբին Երևանից ներկայացուցչական պատվիրակություն եկավ Ստեփանակերտ, որի անդամներն այցելեցին տարբեր հիմնարկ-ձեռնարկություններ` ծանոթանալու առկա խնդիրներին, խոստացան որոշ հարցերի լուծումներ: 

-Այդ պատվիրակության այցը պայմանավորված էր նրանով, որ տարբեր մասնագետներ պետք է տեղում ծանոթանային առկա խնդիրներին, որոնց հիման վրա պետք է մշակվեին 2017թ. համագործակցության ծրագրերը: Արդեն կա պայմանավորվածություն կրթության, սպորտի, մշակույթի ոլորտներում: Մասնավորապես, կկազմակերպվեն դպրոցահասակ երեխաների ճանաչողական երկկողմանի այցեր: Կխրախուսվեն ուսման մեջ հաջողակները, կհոգանք նաև սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների հոգսերը: Կա պայմանավորվածություն առողջապահության ոլորտում. այդ համակարգի մասնագետները կատարելագործման կգործուղվեն Երևան, իսկ Երևանի մասնագետները, ինչպես արդեն տեղի է ունենում, գործնական այցելություններով կլինեն Ստեփանակերտում: 

-Ստեփանակերտցիները տպավորված են 2016-ին անցկացված մշակութային ծրագրերով, որոնց շարունակությունը ցանկալի կլիներ նաև այս տարի: Նախատեսվա՞ծ են մշակութային նմանատիպ ծրագրեր:

-Դեռևս հստակ է Մհեր Մկրտչյանի անվան թատրոնի ղեկավարության հետ պայմանավորվածությունը` հանդես գալ Ստեփանակերտում, այն էլ մի քանի ներկայացումներով: Պետք է ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության հետ պայմանավորվենք, թե որ օրերին է հարմար նշյալ թատրոնի այցը: Ի դեպ, օգտվելով առիթից, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախարար Նարինե Աղաբալյանին` 2016-ի մշակութային միջոցառումներին աջակցության համար: Համոզված եմ, որ մշակութային այլ ծրագրեր ևս կիրականացնենք  ընթացիկ տարում:

Էմմա ԲԱԼԱՅԱՆ