[ARM]     [RUS]     [ENG]

ԱՄԵՆԱԹԱՆԿՆ ՈՒ ՆՎԻՐԱԿԱՆՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՇՈՒՇԻՆ է

Աֆղանական դաժան պատերազմի թոհուբոհում թրծված մեր տղաներից շատերն առանց երկմտելու զինվորագրվեցին Արցախյան շարժմանն ու պատերազմին։ Դրանցից մեկն էլ Արմեն Գևորգյանն էր։

Արմենն այսօր Աֆղանական պատերազմի ԼՂՀ վետերանների միության աշխատակազմի ղեկավարն է, անհանգիստ, պրպտուն մի անձնավորություն, ով  սիրում է, ինչպես ասում են, միշտ լինել ձիու թամբին։ -Դեռևս պատերազմի նախնական փուլում մեր կազմակերպության  անվան տակ գործում էր գաղտնի աֆղանական ջոկատ,- վերհիշում է Արմենը,- Լենինի  փողոցի (ներկայումս՝ Վ. Սարգսյան փողոց) թիվ 1 հասցեում  ակումբ ենք ունեցել։ Աֆղանական պատերազմի  վետերանների  միությունն էլ ես եմ  ստեղծել 1990 թվականին՝ ջոկատների կազմավորման ժամանակաընթացքում։  Հենց  առաջին վաշտի  կորիզը կազմել են աֆղանական պատերազմին մասնակից  մեր տղաներն՝ իմ գլխավորությամբ։  Պոլյանիչկո-Սաֆոնովյան ժամանակներում  մենք կազմակերպություն ենք ստեղծել և  դրա հիման վրա էլ ջոկատ։ Երբ  մարդիկ դեռևս չգիտեին` ինչ է զենքն ու զինամթերքը, մենք արդեն  մարզվում էինք։ 

Նրանք տարբեր մարտական  գործողություններ էին իրականացնում Շահումյանում, Հադրութում, Ասկերանում։ Մինչ այդ էլ համագործակցել են Ասկոլկայի (Աշոտ Ղուլյան) հետ, մասնակցել մի շարք դիվերսիոն գործողությունների։ Քելբաջարում տեղակայված օմոնականներին օգնություն տանող ադրբեջանական ռազմական  շարասյան վրա հարձակման և նրանց գլխովին  ոչնչացման ժամանակ նույնպես Ասկոլկայի կողքին են եղել, հետախուզությունն անձամբ Արմենն է կատարել։  

-Նորագյուղի հավաքակայանում տղաներին կրակել էինք սովորեցնում։ Բոլորն ուզում էին կռվել, բայց նրանցից շատերը դեռեւս զենք չէին բռնել,-ասում է Արմենը,-ամեն տեղ էլ մեր տղաներից կային և բոլորն էլ այդ գործում մեծ դերակատարություն են ունեցել։ Մեր պատերազմին մասնակից բարձրագույն սպայակազմի մի զգալի մասն աֆղանցիներ էին։ Քաջավանում մեր տղաներից երկուսը գերի են ընկել, ԿԳԲ-ի մի սպայի, փոխգնդապետի կոչումով գերի ենք վերցրել ու փոխանակել մեր տղաների հետ։ 

Շուշիի ռազմագործողությունից առաջ (մինչ այդ մի շաբաթ հետախուզություն ենք իրականացրել), հետևում էինք ողջ շարժին։ Դասակով բազավորվել էինք Շոշ գյուղի տարածքում։  2 ժամը մեկ փոխվում էինք: Տվյալները  հավաքվում էին շտաբում` Կոմանդոսի (Արկադի Տեր-Թադևոսյանի) մոտ։ Որոշ աղբյուրներում գրում են, որ առաջին վաշտը  գնացել է բանտի ուղղությամբ, բայց  դա այդպես չէ, գոնե 25 տարի հետո ասենք ճշմարտությունը... Մի  վաշտն Աշոտի գլխավորությամբ գնացել է բանտի ուղղությամբ, իսկ մյուսն իմ հրամանատարությամբ, 18 հոգով, գնացել է ավտոբազայի, ֆիննական տների ուղղությամբ,  մի 3 հոգի էինք տարիքով, մնացածները 17-18 տարեկան էին, բայց` մեծ ուժի ու ոգու տեր։ Մի ՀՄՄ եկել, մեր տղաների առաջխաղացմանը խոչընդոտում էր, մենք կրակել ենք դրա վրա, որը ճողոպրել է, մենք  դրանով օգնել ենք  Ռուսլան Իսրայելյանի հրամանատարությամբ գործող  հետախույզների առաջխաղացմանը, նրանց հետևից  ավտոբազայի ուղղությամբ  շարժվել ենք նաև մենք։ Հենց հասել ենք  ավտոբազայի մոտ,  կապվել եմ Դաշնակ Ագոյի (Արկադի Կարապետյան) հետ, այդ ժամանակ 2 ուղղաթիռ պտույտներ էին գործում մեր գլխավերևում։ Ներկայիս տանկ-հուշարձանի հարևանությամբ մի փոքրիկ խորտկարան կար, մոտակա ծառի մոտ, մի փոքր  պատսպարվել ենք, ուղղաթիռն սկսել է հրթիռներ արձակել,  գլխիս դրած սաղավարտն է ինձ փրկել, ես կոնտուզիա (ցնցակաթված) եմ ստացել, ոտքից վիրավորվել եմ,  ինձ  պահպանել են նաև ԱԿՄ-ի պահունակներն ու խտացրած կաթի տուփը։  Կողքիս  սզնեքցի Էդիկը  զոհվել է։  Տղաները հասել են ինձ, տեղափոխել շենքի ետևը. դա մայիսի 8-ին էր։ Այդ օրը ևս 3 հոգի մեր տղաներից զոհվել են, այդ վիճակում նրանց ավտոմատներն ուսիս իջել եմ մինչև Շոշ գյուղի մոտակայքում սպասող շտապօգնության մեքենան, վերջինս ինձ տեղափոխել է  մարզկոմի` հոսպիտալի  վերածված նկուղը։ Ավելի ծանր  վիրավորներ կային, ես համեմատաբար լավ էի, վերքերս  փաթաթում են, սրսկումներ կատարում ու  ասում, որ կարող եմ գնալ։ 

Հաջորդ օրն այդպես վիրակապերով էլ կրկին Շուշի եմ բարձրացել։  Այդ օրը ձեռքից վիրավորվում է նաև Ասկոլկան, վիրակապելուց հետո նա ևս կրկին շարք է վերադարձել։ Մենք միշտ ձգտել ենք մեր հրամանատարին հետ պահել, բայց նա ձգտում էր  ամեն տեղ առաջինը լինել։ Մենք  ամեն ինչ անում էինք` նրան հետ պահելու համար, բայց միշտ մնում էր 

անդրդվելի։ 

1-ին վաշտի առաջին դասակը կազմավորված էր հիմնականում ՙաֆղանցիներից՚, ինչ խնդիր էլ որ լինում էր, միշտ հրամանատարը գալիս մեզ հետ խորհրդակցում էր, պատմում էր Արմենն ու անկեղծանում. մեր ազատագրված բնակավայրերից ամենաթանկն ու նվիրականն ինձ համար Շուշին է։ Մենք գնում էինք Շուշիի վրա ու չէինք պատկերացնում, թե ոնց պիտի այն ազատագրենք, բայց  որ պիտի ազատագրվեր բերդաքաղաքը, դա միանշանակ էր, և բոլորիս կամքն ու  ցանկությունն էր։ 

Ո՞նց չվերցնեինք Շուշին` ինչքան էլ որ դժվար լիներ այդ քայլը` պիտի անեինք, հասկանում էինք, որ անհնար է առանց Շուշիին տիրելու հետագա քայլերն իրականացնելը, ու գնացինք առանց երկմտելու և անհնարինը հնարավոր դարձրինք։