[ARM]     [RUS]     [ENG]

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԱՐԵՎՈՐ ՊԱՅՄԱՆ

Արցախի տնտեսության զարգացման գործում զբոսաշրջության դերի ու կարևորության մասին մեկ անգամ չի նշվել:

Այն, որ Արցախը յուրահատուկ է և բավականին գրավիչ զբոսաշրջիկների համար, մեր երկրից ստացած տպավորություններն իրենց նյութերում, բլոգներում ներկայացնում են Արցախ այցելած հազարավոր զբոսաշրջիկներ: 

ՙՊատմության և մշակույթի  անշարժ  հուշարձանների և պատմական միջավայրերի պահպանման և օգտագործման  մասին՚ ԼՂՀ օրենքով մեծ լիազորություններ է հատկացվում հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում   ինքնակառավարման մարմիններին, որոնք պետք է սահմանված կարգով կազմեն բնակավայրերի պատմամշակույթային հիմնավորման նախագծերը, աջակցեն պետական սեփականություն համարվող և չօգտագործվող հուշարձանների պահպանությանը, սահմանված կարգով կազմակերպեն  պետական  նշանակության  հուշարձանների ամրակայման, նորոգման, վերանորոգման, վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքները: Նման աշխանանքներ իրականացվել են շրջանի համարյա բոլոր համայնքներում:

ԼՂՀ կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութի շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին՚ որոշմամբ հաստատվել է Հադրութի շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը, որոնց թիվը հասնում է 160-ի: Այն իր մեջ ներառում է  եկեղեցիներ, ամրոցներ, գերեզմանատներ, կամուրջներ, Ազոխի քարանձավը, գյուղատեղեր, խաչքարեր, սրբատեղեր, Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձաններ, տապանաքարեր, աղբյուրներ, դամբարաններ, բնակատեղեր և այլն:  Այս  ամենը պայմաններ են ստեղծում շրջանի համայնքներում զարգացնելու զբոսաշրջությունը: Վերջին ժամանակներում ԼՂՀ կառավարությունը լուրջ ուշադրություն է դարձնում հուշարձանների վերականգնման խնդիրներին: Դրա վառ օրինակը Տողի մելիքական ապարանքի Մելիք Եգանի ընդունարանի և գլխատան  մասի վերականգնողական աշխատանքներն են: Վերաշարվել են գլխատան պատերը և բուխարիկի ու երկու խորշերի անկյունաքարերը: Ընդունարանում կատարվել է տանիքի  քիվերի  տեղադրում: Վերականգնողական աշխատանքներ են կատարվել Գտչավանքի վրա, սակայն դրանք դեռևս ավարտին չեն հասցվել:  Վերանորոգման աշխատանքներ են իրականացվել նաև  Քյուրաթաղի, Կարմրակուճի, Բանաձորի, Ծամձորի, Հին Թաղերի  համայնքներում առկա եկեղեցիների վրա: Լրիվությամբ վերանորոգվել է Դիզափայտի Կատարո եկեղեցին: Առաքելի համայնքի բռնագաղթի ենթարկված Քարագլուխ գյուղում  արմատներով քարագլխեցի ճարտարապետ Մաքսիմ Աթայանցի հովանավորությամբ կառուցվել է եկեղեցի:  Զբոսաշրջության զարգացումն ապահովելը միայն համապատասխան գերատեսչության խնդիրը չէ: Այդ հարցում շատ կարևոր է համագործակցել  տեղական կառույցների հետ: Տեղական նշանակության ճանապարհների բարեկարգ վիճակը, որակյալ հյուրանոցների առկայությունը և տրամադրումը հնարավորություն են տալիս,  որպեսզի  զբոսաշրջիկները չկրեն ինչ¬որ ռիսկեր:

Հադրութի շրջանում զբոսաշրջության զարգացման լայն հեռանկարներ կան: Ազոխի քարանձավը, Տողի մելիքական ապարանքը, Գտչավանքը,  Կատարո եկեղեցին, Տումի գյուղում գտնվող Գոռոզ բերդը, Գագիկ թագավորի գերեզմանը, Յոթը դռնի վանքը. սրանք  այն հուշարձաններն են, որ մշտապես  ձգում են զբոսաշրջիկներին։ Շրջանի հարավային թևում դեպի Արաքսի հովիտ տանող տարածքներում առկա պատմամշակութային հուշարձանները ևս  զբոսաշրջիկների համար մեծ հետաքրքրություն կներկայացնեն։ Այսօր յուրաքանչյուր համայնքի ղեկավար պետք է շահագրգռված լինի զարգացնելու զբոսաշրջությունը, որն իր հերթին համայնքի համար եկամտի մի աղբյուր է, նոր աշխատատեղերի բացում, ինչը նպաստում է համայնքի, ինչպես նաև շրջանի զարգացմանն ու բարգավաճմանը:

Էդիկ  ԴԱՎԹՅԱՆ

ք. Հադրութ