[ARM]     [RUS]     [ENG]

ԱՍԿԵՐԱՆԻ ԲԵՐԴԸ ԱԿՏԻՎ ԶԲՈՍԱՇՐՋԱՎԱՅՐ ԴԱՌՆԱԼՈՒ ՀԱՅՏ Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ

Մինչեւ տարեվերջ Ասկերանի բերդի` Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին հարող հատվածը ներկայանալու է նոր տեսքով:

18-րդ դարում կառուցված բերդի այդ հատվածը ոչ միայն վերականգնվելու, բարեկարգվելու է, այլեւ ավելի մատչելի է դառնալու զբոսաշրջիկների համար: Ծրագիրը պետական բյուջեից է ֆինանսավորվում, աշխատանքներն արդեն մեկնարկել են:

Մարտի առաջին օրերից Ասկերանի բերդն ակտիվ շինհարթակի է վերածվել: Ճանապարհամերձ տարածքը ցանկապատվել է, ինչն էլ  անցորդների աչքից թաքցրել է շինարարական եռուզեռը: ՙԱսկերան-Ստեփանակերտ մայրուղին է: Վերականգնվում են բերդի՝ ճանապարհից աջ ու ահյակ ընկած հատվածները՚,- պատմում ու նախագծի վրա ցույց է տալիս Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Արման Գրիգորյանը:

Ասկերանի բերդը 18-րդ դարում է կառուցվել: Մինչեւ նախորդ դարի սկիզբն էլ շարունակել է մեծ դեր ունենալ Արցախի պաշտպանական համակարգում: Մեր օրերում նրա պատմական արժեքն ու զբոսաշրջային ներուժն են մեծ: Բայց այն անհրապույր ու անխնամ էր: Ազատամարտի տարիներին նաեւ պայթյուններից էր վնասվել: Հարավահայաց աշտարակի մի մասն էր փլվել: Աշտարակի վերին հատվածում դեռ պահպանվում են 90-ականների պատերազմի հրթիռի բեկորների հետքերը: Շարունակությունն էլ  ժամանակն ու եղանակն են ապահովել: Վերականգնման ծրագիրը 2016թ. սկսվեց: ՙՆախորդ տարի նախագծման աշխատանքներն ենք կատարել, այս տարվա մարտի սկզբից բուն շինարարությունն է սկսվել՚,- մանրամասնում է Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետը:

  Պարսպին առկա ճեղքերն են փակվում, քանդված հատվածները բարձրացվում, հրակնատները վերականգնվում: Երրորդ հարկը՝ հրակնատների հարթակը, ամբողջությամբ սալապատվելու է: ՙԱյս տարվա նախագծով նախատեսված է հիմնականում հարավ-արեւելյան պարսպի եւ երկու աշտարակների վերականգնումը՚,- տարվա անելիքներն է ամբողջացնում վերականգնողական աշխատանքներն իրականացնող  ՙՌեսպամ՚ ՍՊԸ աշխղեկ Արման Գաբրիելյանը: Շաղախի համար ոչ թե ցեմենտ, այլ կիր է օգտագործվում: Որպես շինաքար էլ ծառայում են պարիսպներից թափված եւ շրջակա տարածքից հավաքված քարերը: Այնպես որ պարիսպների հին ու վերականգնված հատվածների սահմանը միայն շինարարը գիտի: ՙՍա հին հատվածն է, այս մեկը՝ մի քանի օր առաջ շարվածը: Տարբերություն գրեթե չի զգացվում,- հնի ու նորի տարբերությունը միայն աշխղեկի ցույց տալուց հետո է նկատվում:- Երկու-երեք ամիս անց ընդհանրապես տարբերությունը չի զգացվելու՚,- վստահեցնում է Արման Գաբրիելյանը: Իջնելու եւ բարձրանալու հետ կապված դժվարությունները շինարարների համար են: Իսկ զբոսաշրջիկների համար, վերականգնումից հետո, Ասկերանի բերդը լինելու է հարմարավետ եւ ապահով: Վերին հարթակի եզրով երկաթե բազրիք է լինելու, իսկ իջնելու եւ բարձրանալու համար՝ հարմարավետ երկաթե աստիճաններ: Ընդ որում, աստիճաններով կկահավորվեն նաեւ աշտարակները: Հարմարավետությունն այս դեպքում կարեւոր պայման է: Վերականգնված հատվածը նախատեսվում է  ակտիվ օգտագործել. որպես թանգարան, թե մեկ այլ նպատակով՝ դեռ քննարկվում է:

Ասկերանի բերդի վերականգնողական աշխատանքներն իրականացվում են Արցախի պետբյուջեի միջոցներով: 51 միլիոն դրամ գնահատված այս փուլի աշխատանքները կավարտվեն մինչեւ տարեվերջ: Միաժամանակ կսկսվեն նախագծային աշխատանքները՝ հուշարձանն ամբողջությամբ վերանորոգելու նպատակով: ՙ2017-ին վերականգնողական աշխատանքների շարունակության նախագիծն էլ կպատվիրենք,- թեման մասամբ է գաղտնազերծում Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետը:- Սակայն դեռ պարզ չէ՝ կպատվիրենք ամբողջական վերականգնման աշխատանքների նախագիծը, թե՞ կբաժանենք մի քանի փուլի՚:

Նորայր  ՀՈՎՍԵՓՅԱՆ