Logo
Print this page

ՀԱՅԿԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՇԽԱՐՀԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՕՏԱՐԱԶԳԻ ԵՐԱԽՏԱՎՈՐՆԵՐԸ

 

 

 

ՀՀ ՙՊատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն՚ ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ 2017թ. ընթացքում կկազմակերպվեն մի շարք հետաքրքիր ցուցահանդեսներ:

ՙԶվարթնոց՚ պատմամշակութային արգելոց-թանգարանում կբացվի ՙՕտարները հայ  ճարտարապետության մասին՚ ցուցադրությունը: Կներկայացվեն հայկական հոյակերտ ճարտարապետական կառույցներից պահպանված մասունքներն ու այդ հուշարձաններն  ուսումնասիրած յոթ հայտնի երախտավորների հայանպաստ գործունեությունը, ովքեր ուսումնասիրել  ու  աշխարհին են ներկայացրել մեր ճարտարապետական գոհարները: 

Այդ երախտավորներից է ֆրանսիացի  ճանապարհորդ  Ժան Շարդենը, ով 1671թ. օգոստոսին  ճանապարհվել է դեպի Արևելք` Կոստանդնուպոլսից Սև ծովով` Վրաստան, ապա` Արևելյան Հայաստան և Իրան (1672-1673թթ.)։ Նրան ուղեկցող նկարիչ Ժոզեֆ Գրելոն  այդ ընթացքում արժեքավոր նկարներ է ստեղծել, այդ թվում` Էջմիածնի և Երևանի մասին, որոնք հետագայում արտատպվել են որպես գրավյուրներ՝ փորագրանկարներ: Էջմիածին կատարած այցելությունից հետո ֆրանսիացի ճանապարհորդն իր ուղեգրություններում գրում է. ՙԵրևանից երեք մղոն հեռավորության վրա է գտնվում երեք եկեղեցիների նշանավոր վանքը՝ հայ քրիստոնյաների Սրբության սրբոցը, եթե ես համարձակվեմ այսպես կոչել այն, որին նրանք վերաբերվում են առանձնակի բարեպաշտությամբ՚: Այդ ճանապարհորդության մասին պատմող ուշագրավ տեղեկություններով հարուստ, ինչպես նաև Գրելոյի՝ պատմական մեծ արժեք ներկայացնող փորագրանկարներով գիրքը ֆրանսերենով տպագրվեց 1686թ. Լոնդոնում։ Գրքի լրացված և ամբողջական տարբերակը լույս տեսավ 1711թ.` Ամստերդամում: Այն ռուսերեն թարգմանվեց և հրատարակվեց 1902թ.` Թիֆլիսում` Մ. Մարտիրոսյանցի տպարանում։

Իր հայանպաստ գործունեությամբ աչքի է ընկել ֆրանսիացի բժիշկ և արվեստաբան Ժան-Միշել Թիերին։ Նա  ծնվել է 1916թ. Ֆրանսիայում. մասնագիտական կրթությունը ստացել է Փարիզում, որտեղ ավարտել է նաև հայկական կաթոլիկ ինստիտուտը: Ժ. Թիերին ուսումնասիրել է բյուզանդական և հայկական արվեստը։ Եղել է հայագիտական հետազոտությունների միջազգային ասոցիացիայի անդամ։ 1977-1989թթ. Փարիզում` Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների պետական ինստիտուտում դասավանդել է հայկական մշակույթ և արվեստ։ 1989թ. Նյու Յորքում հրատարակված ՙՀայկական արվեստ՚ գրքի համահեղինակն է, գրել է բազմաթիվ գիտական հոդվածներ հայկական արվեստի, հատկապես ճարտարապետության վերաբերյալ: 2000թ. Թիերին գրել է ՙՀայաստանը միջնադարում՚, իսկ 2005թ.` ՙՀայկական հուշարձանները Բարձր Հայքում՚ գրքերը։ 

ԻՏԱԼԱՑԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ ՊԱՈԼՈ ԿՈՒՆԵՈՅԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՆՎԻՐՈՒՄԸ

Իտալացի ճարտարապետ, արվեստաբան, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Պաոլո Կունեոն  ծնվել է 1936 թ. Հռոմում։ 1962-ին ավարտել է Հռոմի համալսարանի ճարտարագիտական ֆակուլտետը։ Հիշյալ համալսարանի արվեստի, գրականության և փիլիսոփայության ֆակուլտետում 1966թ. հիմնադրված Հայ միջնադարյան ճարտարապետության բաժնի անդամ է։ Պրոֆեսոր Կունեոն 1965թ. սկսած կազմակերպել է բազմաթիվ գիտարշավներ ինչպես Հայաստանի Հանրապետություն, այնպես էլ Արևմտյան Հայաստան, ուսումնասիրել է Թուրքիայի տարածքի հայ մասնագետների համար անմատչելի հայկական հուշարձանները և իր հավաքած բոլոր նյութերը սիրով տրամադրել հայ գիտնականներին։ Պ. Կունեոն այնքան էր տպավորված Անիի ճարտարապետությամբ, որ Հռոմի համալսարանում իր վարած ճարտարապետության պատմության դասընթացում ներառել է նաև հայկական ճարտարապետությանը վերաբերվող բաժին և իտալացի ապագա ճարտարապետներին ծանոթացրել հայկական բազմադարյան մշակույթի կարևորագույն ճյուղի` շինարարական արվեստի նվաճումներին։ 1970թ. Կունեոն աշխարհի գիտական հանրության ուշադրությունը սևեռեց պատմական Հայաստանի մայրաքաղաք Անիի հուշարձաններին, կոչ անելով դրանց պահպանման ու  վերանորոգման համար ստեղծել միջազգային կենտրոն։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ՙՄոնումենտում՚ հանդեսում 1970թ. լույս տեսած ՙԱնի քաղաքի ավերակները՚ (ՙLes ruines de la Ville d՝Ani՚) աշխատությունում նա առաջարկում է Անին դարձնել գիտահետազոտական և տուրիստական միջազգային կենտրոն։

Պաոլո Կունեոյի հեղինակած գրքերից են բացառիկ գիտական արժեք ներկայացնող ՙԱնիի՝ միջնադարյան Հայաստանի ճարտարապետական դպրոցը՚ մենագրությունը (Հռոմ, 1977թ.), Արևմտյան Հայաստանում առաջին անգամ իր իսկ ուսումնասիրած հուշարձանների` Թուղի, Փաշվանքի  5-րդ դարի բազիլիկներին և Հոգեաց վանքի  համալիրին նվիրված ուսումնասիրությունը (Հռոմ, 1979թ.), համահեղինակ է ՙԱնի՚ (Միլան, 1984թ.) և ՙՂարաբաղ՚ (Միլան, 1988թ.) գրքերի։

Հայկական ճարտարապետության վերաբերյալ նա գրել է բազմաթիվ  աշխատություններ: 1988թ. հրատարակել է ՙՀայկական ճարտարապետությունը 4-19-րդ դարերում՚ շուրջ 1000 էջանոց երկհատոր աշխատությունը։ Գիրքը տալիս է հայկական միջնադարյան ճարտարապետության համապատկերը` գիտականորեն ճշգրիտ մեկնաբանություններով։ Այս աշխատության համար Կունեոն արժանացել է Թորոս Թորամանյանի անվան մրցանակի, որը նրան հանդիսավոր կերպով հանձնվել է 1990թ. մայիսին` Զվարթնոցում։ Իսկ հայկական մշակույթին նվիրված իր երեսնամյա բեղմնավոր գիտական աշխատանքի և այդ բնագավառում ներդրած պատկառելի ավանդի համար Պաոլո Կունեոն 1994թ. ընտրվել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ։

Պարբերաբար ՙԶվարթնոցում՚ կներկայացվեն նաև արվեստի ավստրիացի պատմաբան, պրոֆեսոր Յոզեֆ Ստրժիգովսկու, ռուս հնագետ, արվեստագետ, պատմական գիտությունների դոկտոր Անատոլի Յակոբսոնի, ճարտարապետության պատմաբան, արվեստագիտության դոկտոր ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Նիկոլայ  Տոկարսկու,  իտալացի ճարտարապետ, արվեստի պատմաբան և պրոֆեսոր Ադրիանո Ալպագո Նովելոյի հայանպաստ գիտահետազոտական, պատմական աշխատությունները:

 

Պատրաստեց 

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆԸ

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.