[ARM]     [RUS]     [ENG]

ՄՈՒՏՆ Ի ՎԻՐԱՊՆ Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ

Հայ Առաքելական Եկեղեցին ապրիլի 1-ին նշում է Ս. Գրիգոր Լուսավորչի`   Խոր վիրապ գցվելու` Մուտն ի Վիրապն տոնը:

Այն շարժական տոն է, որը, ըստ Հայ Եկեղեցու տոնացույցի, նշվում է Մեծ պահքի 6-րդ կիրակիի նախորդ շաբաթ օրը։ Տոնը կատարվում է ի հիշատակություն Խոր Վիրապում Ս. Գրիգոր Լուսավորչի կրած բազմամյա ծանր զրկանքների ու չարչարանքների։  

Պատմագրական ու վարքագրական աղբյուրների համաձայն` Ս. Գրիգոր Լուսավորիչը որդին էր Անակ Պարթև իշխանի, որը, սպանելով հայոց Խոսրով Արշակունի թագավորին, ինքը ևս սպանվում է հայ իշխանների կողմից։ Որդին՝ Գրիգորը, մեծանում և կրթություն է ստանում Կեսարիայում՝ դաստիարակվելով որպես բարեպաշտ քրիստոնյա։ Հետագայում դառնում է Խոսրով արքայի որդու՝ Տրդատ թագավորի արքունի դիվանապետը։ Շուտով, սակայն, բացահայտելով Գրիգորի` քրիստոնյա, ապա նաև` արքայասպան Անակի որդին լինելու փաստը, Տրդատ արքան տարատեսակ ծանրագույն կտտանքների է ենթարկում նրան, այնուհետև նետում  Խոր Վիրապի ստորգետնյա զնդանը` դատապարտելով դաժան մահվան։  

Խոր Վիրապում կրած 13 տարիների չարչարանքներից հետո Ս. Գրիգոր Լուսավորչը, դուրս գալով ստորգետնյա զնդանից, Քրիստոսի Ավետարանի լույսն է տարածում Հայոց աշխարհում, և նրա քարոզչության ու գործունեության շնորհիվ Հայաստանը դառնում է քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակած առաջին երկիրը:

Հայ Առաքելական Եկեղեցին Լուսավորչին նվիրված երեք տոն ունի` Մուտն ի Վիրապն, Ելն ի Վիրապեն և Գյուտ նշխարաց:

Ս. Գրիգոր Լուսավորիչը համաքրիստոնեական սուրբ է, և նրան նվիրված տոներ ունեն նաև քրիստոնյա մյուս բոլոր ավանդական եկեղեցիները։ 

Ս. Գրիգոր Լուսավորչին նվիրած իր ներբողում Ընդհանրական Եկեղեցու հռչակավոր հայրապետերից Ս. Հովհան Ոսկեբերանը գրում է. ՙՀիշե՜ք և նրա համբերությունը խոր վիրապի մեջ, որքա՞ն էր նեղություններով դառնացած.... Իսկ ո՞վ կարող է խոսքով պատմել երանելու անսահման ճգնության մասին, կամ՝ օրինակով ցույց տալ նրա անտանելի նեղությունը։ Որ ապրում էր իժերի և քարբերի մեջ, որտեղ ո՜չ զրուցակից կար, ո՜չ վշտակցող բարեկամ, ո՜չ օգնական, ո՜չ մխիթարող և ո՜չ ծառայող։ Այլ համբերում էր մեծ ժուժկալությամբ, իբրև կենդանի դրված գերեզմանի մեջ, անտուն, մերկ, այնքան ժամանակ, գիշեր-ցերեկ, ամռան շոգին եւ ձմռան սառնամանիքին։ Քանզի այս մարդը մոտ էր Աստծուն…՚։

 

Տ. Ներսես քահանա ԱՍՐՅԱՆ

Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի տեղեկատվական համակարգի տնօրեն