[ARM]     [RUS]     [ENG]

ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ

Օրերս Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի ունեցավ ՙԱզգ-ընտանիք-բանակ՚ թեմայով բանավեճ, որը նախաձեռնել էին ԼՂՀ ՙՄայրություն՚ հասարակական կազմակերպությունն ու ԼՂՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհուրդը։

Մասնակցում էին Պաշտպանության բանակի, հասարակական և երիտասարդական կազմակերպությունների  ներկայացուցիչներ, հանրակրթական դպրոցների, ռազմական ուսումնական հաստատությունների պատասխանատուներ, աշակերտներ ու կուրսանտներ, ազատամարտիկներ, մտավորականներ։ 

Կլոր սեղանի աշխատանքը համակարգում էր ՙՄայրություն՚ ՀԿ նախագահ Հասմիկ  Միքայելյանը։ Բացման խոսքում նա ասաց, որ թեման հոգեհարազատ է բոլորին,  այն համընդգրկուն է, և անհրաժեշտ է, որ քննարկման մասնակիցները խոսեն ըստ էության և խնդիրների մասին բարձրաձայնեն հակիրճ ձևակերպումներով, որպեսզի շատերն  արտահայտվելու հնարավորություն ունենան։ Նա ներկաներին հորդորեց լինել ակտիվ, բաց և ամենակարևորը՝ կառուցողական։ ՙՈ՞րն է մեր դերն  ընտանիքում, երկրում և, վերջապես, բանակին սատարելու գործում. փորձենք այս և մի շարք այլ հարցերի պատասխանը գտնել առողջ ու կառուցողական քննարկումների միջոցով։ Խնդիրներ շատ ունենք, ասելիք ևս, բայց անելիքներն առավել շատ են,¬ նշեց Հ. Միքայելյանը։¬ Քննադատել ու բողոքել կարելի է անվերջ, բայց ինքներս նաև պիտի լինենք նախաձեռնող և, ամուր կանգնելով մեր ընտանիքների, ազգի, մեր պետության ու բանակի կողքին, օգնենք ու սատարենք նրան և խնդիրներին լուծում տանք համատեղ ջանքերով։ Միայն դժգոհելով  գործն առաջ չես տանի, խնդիրների  լուծման համար  համախմբվել է պետք՚։ 

Պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու Մհեր Հարությունյանն  իր խոսքում կարևորեց  թեմայի ընտրությունը և ներկայացրեց  ՙԱզգ-բանակ՚ հայեցակարգի իր տեսլականը՝  ռազմական բաղադրիչներով հանդերձ։ Ըստ Մ. Հարությունյանի` ՀՀ պաշտպանական գերատեսչության  ղեկավարը հռչակեց ՙԱզգ-բանակ՚ գաղափարը, որը մի նոր մակարդակ ու երևույթ է մեր կյանքում, երկու հայկական պետությունների առօրյայում։ 

Մ. Հարությունյանը խոսեց այն բազում մարտահրավերների մասին, որոնք ծառացած են մեր ժողովրդի  առջև, և որոնց լուծման  ուղղությամբ հասարակությունը միշտ պատրաստակամ է, սակայն կան մի շարք խնդիրներ, որոնց լուծումը պահանջում է համազգային ջանքեր, համազգային աջակցություն։ Ազգային բանակ ունենալու, կերտելու մեր ժողովրդի վաղեմի երազանքն իրականություն է դարձել։ Մեր բանակն առաջնորդվում է ազգային գաղափարներով, մենք բոլորս այդ բանակի  մասնիկն ենք և մեր հնարավորությունների, կարողությունների չափով պետք է նպաստենք  բանակի  բոլոր խնդիրների լուծմանը։ 

Ստեփանակերտի Ք. Իվանյանի անվան  ռազմամարզական վարժարանի պետ  փոխգնդապետ Վահրամ Հակոբյանի  կարծիքով` Արցախի Հանրապետությունը  գրեթե չի տարբերվում հին Սպարտայից, որտեղ երբ երեխան սովորում էր ինքնուրույն  գդալ բռնել, ձեռքը սուր էին տալիս, որ  սովորի պաշտպանել ու պաշտպանվել, երևույթը մեզ համար էլ դարձել է կենսակերպ։ 

Վ. Հակոբյանն անդրադարձավ ռազմահայրենասիրական դաստիարակությանը, որը պետք է սկսել երեխայի ծննդյան օրվանից և շարունակել քայլ առ քայլ ու նպատակաուղղված։ 

Բանակը, նրա բնորոշմամբ, կայացած կառույց է, բոլոր  ստորաբաժանումները գործում են հստակ: Նրա կարծիքով` անհրաժեշտ է զարգացնել և մի նոր մակարդակի հասցնել  գյուղատնտեսությունն ու արդյունաբերությունը, ամրացնել բանակի  թիկունքը։ Նա անդրադարձավ նաև ռազմամարզական վարժարանի գործունեությանը, տարվող նպատակային աշխատանքներին, որոնք իրականացվում են՝ աչքի առաջ ունենալով բանակը պատրաստ, արհեստավարժ կադրերով ապահովելու գործընթացը։ Ինչ վերաբերում է հասարակությանը, ապա վարժարանի պետը հպարտ է առողջ հասարակությամբ, որն ամեն  ինչ անում է զինվորի հոգսը թեթևացնելու, մարտական խնդրի կատարմանը նպաստելու համար։ 

Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ազգային  փոքրամասնությունների և կրոնի հարցերի  բաժնի պետ Աշոտ Սարգսյանը  բարձրաձայնեց հասարակությանը  հուզող այն մտահոգությունների մասին, որոնք առնչվում են կրոնական աղանդավորների  ակտիվությանը, Արցախում կրոնի վիճակին ու հիմնախնդիրներին։ Նա խոսեց հոգևոր իշխանությունից, որի մասին ոչ մի ուսումնական հաստատությունում չեն խոսում, խնդիրը  չի ուսուցանվում։ Անդրադարձավ նաև Արցախում ծխական խորհուրդների  բացակայությանը (բացառությամբ 3 համայնքի), բանակում գնդերեցների  կարևորությանն ու նրանց գործունեությանը, ներկաների ուշադրությունը հրավիրեց այն հզոր կառույցի վրա, որի անունն է Հայ Առաքելական եկեղեցի։ 

Ա. Սարգսյանն անդրադարձավ նաև  քրիստոնեական  հավատքի վրա հիմնված ամուր հայկական  ընտանիքներ ստեղծելու  խնդիրներին։  

Պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ, ԱրՊՀ պրոռեկտոր  Վիտյա Յարամիշյանը դրական գնահատեց քննարկումներին երիտասարդ սերնդի ակտիվ մասնակցությունը։ Նրա խոսքով, ունենալով անկախության սերունդ և օր օրի  նոր նվաճումներ ձեռք բերելով հանդերձ, այնուամենայնիվ,  ինչ-որ տեղ  վճռականությունը  բազմապատկելու, որոշումներում ավելի հետևողական  ու ավելի վճռական լինելու անհրաժեշտություն ունենք։ Վ. Յարամիշյանի բնորոշմամբ`  վտանգի պահին ժողովուրդը բացառիկ ունակություններ դրսևորեց, տեր կանգնեց  խնդրին, պատասխանեց մարտահրավերին։ Այդ ամենից ելնելով՝  անհրաժեշտ է վճիռներ կայացնելիս  օպերատիվության աստիճանը մեծացնել։ Բանախոսի  կարծիքով՝ կան ակնհայտ խնդիրներ, տեսանելի են  նաև լուծման  տարբերակները և մի փոքր   իներտություն կա պատկան մարմինների  գործելաոճում։  Յուրաքանչյուր  փոքրիկ բացթողում ի վերջո մանրուքից  վերածվում-դառնում է խանգարիչ գործոն ու հանգամանք։ Մեր ազգն ու ժողովուրդը  բավարար չափով  ինտելեկտ ու ռեսուրս  ունեն, որպեսզի ելք գտնեն դժվարին իրավիճակներից։ 

Բանավեճի ու մտքերի փոխանակման ընթացքում ներկաները կիսվեցին օրախնդիր մտահոգություններով.  ինչ անել, որ ՙԱզգ-ընտանիք-բանակ՚  եռոտանին ամուր լինի, ինչպե՞ս օգնել  սպաներին ու նրանց ընտանիքներին, ի՞նչ միջոցներով  և ինչպե՞ս սատարել  առաջնագծում կանգնած զինվորներին։ Ներկաների ուշադրությունը հրավիրվեց այն խնդիրների վրա,  որոնք դեռևս  առկա են հասարակության  շրջանում, մասնավորապես, անհրաժեշտ է զգույշ լինել, երբ  խոսքը վերաբերում է բանակին, նամանավանդ համացանցում չքննարկել այն  դեպքերն ու դիպվածները, որից  անտեղյակ են, և որը կարող է  վտանգել զինվորի կյանքը։ Անհրաժեշտ է անվերջ բողոքելու  ու նվնվալու փոխարեն միջոցներ  գտնել և առաջին քարը դնել սեփական նախաձեռնությամբ։ Ի վերջո, բանակը  սնուցող երակը հասարակությունն է։ Բանակը  հայելի է, որի մեջ  հասարակությունը տեսնում է իր դեմքը։  Ապրիլյան պատերազմը շատ թերություններ ու խնդիրներ բացահայտեց, որոնց լուծումը, ըստ բանավեճի մասնակիցների,  գտնելու ենք միասնական, համատեղ ուժերով ու ջանքերով։ 

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ