Logo
Print this page

ՀԱՆԴԻՍԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԲԱՑՎԵՑ ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆԱԿԱՆ ԴԻՍՊԱՆՍԵՐԻ ՆՈՐ ՇԵՆՔԸ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ

Հայաստան՚ համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանի աջակցությամբ, ֆրանսահայ բարերար Ռիշար Օհաննիսյանի հովանավորությամբ և Արցախի կառավարության համաֆինանսավորմամբ Ստեփանակերտում կառուցվել է ուռուցքաբանական դիսպանսերի նոր շենք։

Ապրիլի 2-ին տեղի ունեցավ կառույցի բացման  արարողությունը։ Ներկա էին ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը, երկրի բարձրաստիճան պաշտոնյաներ, բարերարներ, հյուրեր, առողջապահության ոլորտի ներկայացուցիչներ։ 

Ստեփանակերտի ուռուցքաբանական դիսպանսերը գործում է նախորդ դարի 60-ական թվականներից։ Այստեղ տարեկան բուժում են ստանում շուրջ 850 քաղաքացիներ։ Սակայն ժամանակի ընթացքում շենքն աստիճանաբար հայտնվեց անմխիթար վիճակում: Եվ ահա արդիական ուռուցքաբանական դիսպանսեր ունենալու բոլորիս երազանքը վերջապես իրականություն դարձավ։ Այդ առթիվ ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը, խորին շնորհակալություն հայտնելով բարերարներին` նշանակալի ներդրման համար, նշեց, որ նորակառույց շենքն իր տեղակայվածությամբ և պայմաններով ռազմավարական մեծ նշանակություն կունենա առողջապահական ոլորտի գործունեության ծրագրերում։ ՙՆոր ուռուցքաբանական դիսպանսերի առկայությունը մեր պետության հերթական քայլն է համակարգի զարգացման, այդ ուղղությամբ երկրի իշխանությունների հռչակած և հետևողականորեն կյանքի կոչված բարեփոխումների քաղաքականության իրականացման ճանապարհին,- նշեց Կ. Աթայանը։ -Համակարգի յուրաքանչյուր մի բարեփոխում քայլ է մեր պետականության հզորացման և պահպանման գործում։ Որպես առողջապահության ոլորտի պատասխանատու՝ վստահեցնում եմ բոլորին, որ մենք մեր հերթին կջանանք շենքային պայմաններին համապատասխան բարձրորակ բժշկական սպասարկում ապահովել  բնակչությանը՚: Նախարարի համոզմամբ` առաջիկայում համատեղ ու հետևողական աշխատանքների շնորհիվ ուռուցքաբանական դիսպանսերի շենքը կհամալրվի անհրաժեշտ բուժսարքավորումներով, կարճ ժամանակաընթացքում իր գործունեությամբ կդառնա ժամանակակից բուժհիմնարկ։ 

ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի համոզմունքով՝ նվիրատվություն անելը  ծառայություն է հայրենիքին։ Իսկ նման ժամանակակից բուժհաստատության կառուցումը և բուժսպասարկման նոր որակը լուրջ մրցակցություն կունենան։ Այդ գործում ջանք ու եռանդ չեն խնայել հայրենիքից հեռու, բայց հայրենիքի հոգսերով ապրող բարերարները։ Նրանց համար հայրենիքին կապվելու հիմնական օղակը նաև ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամն է, որի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանին Արցախում լավ են ճանաչում։ Նրա միջնորդությամբ բազում հայորդիներ ներդրումներ են անում Հայաստանի և Արցախի բարգավաճման ու հզորացման համար։ ՙԻրականացված բարեգործական ծրագրերը նպատակ ունեն նաև զարգացնել Ֆրանսիայի և Արցախի միջև համագործակցության կապերը։ Մենք ոչ միայն հայ ենք, այլև եվրոպացի։ Իսկ Արցախը քաղաքացիական և քաղաքակրթական իմաստով եվրոպական երկիր է։ Ու մենք որպես եվրոպացիներ կանգնած ենք ձեր կողքին և ջանք ու եռանդ չենք խնայի այս հողը շենացնելու, հզորացնելու համար։ Այս հիվանդանոցն էլ պիտի աշխատի Ֆրանսիայի բժիշկների հետ միասին՚,-շնորհավորանքի իր խոսքում ասաց Պ. Թերզյանը։ 

Ուռուցքաբանական նորակառույց կենտրոնը կրում է Վարդան և Գոհարիգ Օհաննիսյանների անունը, որոնց որդու՝ Ռիշար Օհաննիսյանի հովանավորությամբ է կառուցվել շենքը։ Առաջին անգամ լինելով Հայաստանում և Արցախում՝ Ռ. Օհաննիսյանն անչափ հուզված էր։ Նա անսահման երջանիկ է, որ տարիներ առաջ ունեցած իր մտահղացումները վերջապես ի կատար ածվեցին։ Տեղեկանալով ուռուցքաբանականի հին շենքի վատթարագույն վիճակի և ոչ արդիական բուժսպասարկման եղանակների մասին՝  Ռ. Օհաննիսյանը կենսական խիստ անհրաժեշտություն համարեց նոր շենքի կառուցումը։ Պետրոս Թերզյանի օգնությամբ և ուղղորդմամբ նա կարողացավ իրագործել այս մտահղացումը։ Ողջամիտ ու տրամաբանական համարվեց, որ նոր կառույցը ստորգետնյա անցումով կապվի Հանրապետական բժշկական կենտրոնի հետ, զբաղեցնելով ընդհանուր 2 հազար 520 քառ.մ մակերես: Դիսպանսերը նախատեսված է 35 հիվանդի համար։ Այստեղ կիրականացվեն ուռուցքաբանության մեջ ընդունված արդի բուժական և ախտորոշիչ բոլոր միջամտությունները, բացառությամբ ճառագայթային բուժումի: ՙԱյսօր իր դռներն է բացում մի հիվանդանոց, որն ինքնին հանրային ծառայության խորհրդանիշ և սոցիալական պաշտպանության հենասյուն է հանդիսանում,-ասաց Ռ. Օհաննիսյանը։ -Մենք վերապրում ենք հիասքանչ պահեր, երբ մեր երկիրը զարգանում, հզորանում է ու բարելավում մեր ժողովրդի կյանքը։ Փափագում եմ շատ բարիքներ անել մեր երկրում, իրագործել բարգավաճման նոր գաղափարներ։ Ամբողջ սրտով ցանկանում եմ, որ այլևս չլինեն հակամարտություններ, պատերազմներ ու զոհեր։ Շատ հուզված ու շոյված եմ, որ այսօր` մորս մահվան 23-րդ և հայրիկիս ննջելու 68-րդ տարում, կանգնած եմ այս սրբազան հողում, Արցախի Հանրապետության Նախագահի  կողքին...՚: Նշենք նաև, որ նույն օրը ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը ՙԵրախտագիտութուն՚ մեդալով պարգևատրել է  Ռ. Օհաննիսյանին՝ ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի ծրագրերի գործում ունեցած նշանակալի ավանդի համար։ 

Ուռուցքաբանական դիսպանսերի գործադիր տնօրեն Արմեն Հայրիյանն իր և բուժանձնակազմի անունից  լավագույն բարեմաղթանքներ հղեց բարերարներին ազգանվեր ծրագրի իրագործման համար։ Կազմավորման օրվանից ի վեր ուռուցքաբանական դիսպանսերի հին կառույցը  երկու մասնաշենքերում հնարավորինս հարմարեցվել է հիվանդանոցային պահանջներին, որտեղ, սակայն,  բացակայում էին նվազագույն սանիտարական պայմանները։ Ա. Հայրիյանի պարզաբանմամբ՝ չարորակ ուռուցքներով հիվանդներն արդեն իսկ լինելով հոգեպես ճնշված, նման պայմաններում բուժում ստանալիս էլ ավելի էին ընկճվում, ինչն էլ, բնականաբար,  բացասաբար էր անդրադառնում նրանց ապաքինմանը։ Նորմալ պայմաններով ուռուքցաբանական դիսպանսեր ունենալու խնդիրը դեռևս խորհրդային տարիներին էր քննարկվել, որը, սակայն, իր լուծումը ստացավ 2017թ։ ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի հանձնարարությամբ և բարերարների աջակցությամբ 2015թ. մեկնարկել է կառույցի շինարարությունը։ ՙԱյսօր, ապրիլի 2-ին, հարգելով ուղիղ մեկ տարի առաջ հայրենիքի ազատության համար նահատակված մեր հերոսների հիշատակը, միաժամանակ ականատեսն ենք վերջապես իրականություն դարձած արցախցիներիս տասնամյակների երազանքին՝ ունենալ բժշկագիտության պահանջներին համահունչ ժամանակակից ուռուցքաբանական կենտրոն։ Սրա իրագործումը ևս վկայում է հայի  անկոտրում կամքի մասին։ Մենք պարտավորվում ենք մեր առջև դրված խնդիրը լուծել ի շահ մեր ժողովրդի առողջության պահպանման՚,-նշեց Ա. Հայրիյանը։ Նա շնորհակալություն հայտնեց բոլոր աջակցողներին և ՙՀայ-մեդ՚ ֆրանսիական կազմակերպության նախագահ, արցախցիների վաղեմի բարեկամ Ժան Միշելին, ով աջակցել է դիսպանսերի երկու բժիշկների վերապատրաստմանը Ֆրանսիայում։ 

Ուռուցքաբանականի նորակառույց կենտրոնի բացման արարողությանը` ժապավենը կտրելու պատվին արժանացան Ռիշար Օհաննիսյանը, Պետրոս Թերզյանը, Արցախի առողջապահության նախարար Կարինե Աթայանը։ Իսկ Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի Ստեփանակերտի Ս. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ տեր Մինաս քահանա Մովսիսյանը կատարեց շենքի օծման արարողությունը։ 

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.