ՙԿՈՒԶԵՆԱՅԻ, ՈՐ ՀԱՅ ՄԱՅՐԵՐՆ ԻՐԵՆՑ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՊԱԳԱՆ ՄԻԱՅՆ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ՏԵՍՆԵԻՆ՚

Մարդու վաստակն ավելի շատ չափվում է ոչ այնքան նրա նյութական կարողությամբ, որքան հասարակությանը մատուցած հանրօգուտ ծառայությամբ։

 Մեր զրուցակիցն, անտարակույս, վաղուց է վաստակել այդ բարի ու նվիրական անունը, իր հայրենակիցներին հոգատար ու անմնացորդ ծառայելու պատիվը։ Նա՝ Նազիկ Նալբանդյանը, պատկանում է կանանց այն տեսակին, ում մասին ասում են՝ տղամարդ կին է…1991թ. օգոստոսին հատկապես իր ջանքերով պահպանվեց 1988-ին Շուշիից տեղահանված՝ Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը։

Եվ մի տեսակ հպարտությամբ ես լցվում ու թևավորվում կանացի  այսպիսի կերպարներից, ովքեր իրենց գործերով նվիրում ու հարգանք են սփռում շրջապատում, ապրած կյանքով գեղեցկացնում հայոց հինավուրց ու նորօրյա աշխարհը։

Մեր զրուցակիցը ԼՂՀ վաստակավոր մանկավարժ, ՙՂարաբաղի կանանց ասոցիացիա՚ ՀԿ նախագահ Նազիկ ՆԱԼԲԱՆԴՅԱՆՆ Է։  

- Տիկին Նալբանդյան, մոտենում է Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձը։ Դուք մեկն եք բերդաքաղաքի այն բնակիչներից, ովքեր Արցախյան շարժման սկզբնափուլում բռնագաղթել են՝ թողնելով հարազատ օջախը։  Շուշին հայաթափվեց...Մեզ հայտնի է, որ այն ժամանակ ԼՂ տեղական մարմինները փորձել են լուծարել Շուշիի դպրոցը, բայց, շնորհիվ Ձեր վճռականության ու ջանքերի՝ կրթօջախը պահպանվեց... 

-62-ամյա մաքառումների պատմություն ունի Շուշիի  Խ. Աբովյանի անվան կրթօջախը։ Ադրբեջանի հայահալած քաղաքականության պայմաններում  այն կարողացել է պահպանել իր ինքնությունն ու տվել է հարյուրավոր լավագույն շրջանավարտներ։ Քաղաքի հայաթափումից հետո էլ, մինչև նրա ազատագրումը, որպես ինքնուրույն միավոր գործել է Ստեփանակերտի հ. 5 դպրոցում: Եվ դա, հիրավի, թող որ անհամեստություն չհամարվի, շնորհիվ իմ ջանքերի և կոլեկտիվի աջակցության։ Այն ժամանակ մարզգործկոմի նախագահը Լեոնարդ Պետրոսյանն էր, նա օգնեց, որպեսզի դպրոցը չփակվի։ Մեզ այդ հարցում աջակցեց նաև ՙԽորհրդային Ղարաբաղ՚ թերթի խմբագրությունը։ Մեզ օգնեցին նրանք, ովքեր համաձայն չէին մեր պատմությունը մեր իսկ ձեռքերով ոչնչացնելուն և, փառք Աստծո, որոշում կայացնողներն իրենց մեջ ուժ գտան բեկանելու այն։

-Շուշիի ազատագրմանը բոլորս էինք սպասում, նրա բնակիչները՝ առավել ևս։ 1992թ. հոկտեմբերին այդ կրթօջախով էլ դրվեց Շուշիի վերածնման առաջին հիմնաքարը։ Խոստովանենք՝ հետպատերազմյան դպրոցը ոտքի կանգնեցնելն ու հայրենիքի համար արժանի հերթափոխ կրթելն ու  դաստիարակելը պատասխանատու գործ էր, և Դուք այն ծանր տարիներին Ձեր ուսերին վերցրիք այդ պատվաբեր առաքելությունը։ Ովքե՞ր էին Ձեր աջակիցները։

-Հիրավի, դպրոցը, որի աբովյանական պատմության էջն սկսվում է 1955 թվականից, հեշտ ու հանգիստ ճանապարհ չի անցել, բազում փորձությունների ու դժվարությունների ենթարկվելով` հաստատակամորեն շարունակել է իր առաքելությունը…

Այն նաև փորձուսուցման հենակետ էր Շուշիի Ա. Խաչատրյանի անվան պետական հումանիտար քոլեջի համար, որտեղ ուսանողները մանկավարժական մկրտության առաջին քայլերն են արել… Փառք ու պատիվ դպրոցի ոչ միայն իմ տնօրինության օրոք աշխատած, այլ նաև բոլոր ժամանակների մանկավարժական գործի նվիրյալներին, ովքեր անտրտունջ հաղթահարել են ինչպես օբյեկտիվ, այնպես էլ արհեստական դժվարություններն ու խոչընդոտները, մաքառել են, մարտնչել՝  իրենց վաստակի արժանի հետագիծը թողնելով կրթօջախի տարեգրության էջերում… Երախտիքի են արժանի կոլեկտիվի այն հայրենասեր մանկավարժները, որոնք, հաղթահարելով ժամանակի ոչ բարենպաստ պայմանները, պարտքի ու պատասխանատվության բարձր զգացումով արել են ամեն ինչ` մեր լեզուն անաղարտ պահելու համար` հավատարիմ մնալով մեծ լուսավորիչ Աբովյանի պատգամին. ՙԱզգը պահողը լեզուն և հավատն է՚…

Այո, այդ կրթօջախով էլ դրվեց հաղթանակած Շուշիի առաջին հիմնաքարը` մոխիրներից հարություն առնող քաղաքում ավետելով զարթոնքի ու վերածնության կանչը…

 Եվ հպարտությամբ ուզում եմ արձանագրել, որ Շուշիի հաղթանակը հաղթանակ էր նաև պարտվողի սեփական բարդույթի նկատմամբ: Փառք Աստծո` մենք վերջապես ձերբազատվեցինք զոհի, աղերսողի կեցվածքից և սեփական ուժերով պաշտպանեցինք անկախ գոյության մեր իրավունքը:

-Ձեր գործունեությունը միայն դպրոցով չի սահմանափակվել, միշտ արձագանքել եք հասարակական կյանքում տեղի ունեցող փոփոխություններին և իրադարձություններին։ Հատկապես Շարժման սկզբնափուլում բազմաթիվ նամակներ ու հեռագրեր եք հղել ԽՄԿԿ Կենտկոմին և ՙԺամանակ՚ ինֆորմացիոն ծրագրին։ Ո՞րն էր նպատակը։

- 1961 թվականից ապրելով Շուշիում և այն համարելով իմ երկրորդ ծննդավայրը՝ մշտապես մտահոգված եմ նրա ներկայով և ապագայով: Ոչ միայն Շուշին, այլև Արցախը բարգավաճ և հայեցի տեսնելու նպատակով  Շուշիի հայ բնակչության անունից նամակներ հղելով խորհրդային բարձրագույն մարմիններին՝ փորձել եմ մեր ժողովրդի արդարացի պահանջը ներկայացնել, հույս ունենալով շարժել նրանց գութը և այդ ձևով նպաստել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։ Ի՛նչ իմանայինք, որ ԽՍՀՄ-ի պես հզոր պետությունը ստի  ու կեղծիքի վրա էր կառուցված...

- Առջևում Ապրիլի 7-ն է, գեղեցիկ սեռին վերաբերող ևս մեկ տոն։ Դարեր ի վեր հայ կինը եղել է ՙկախյալ՚. տան տղամարդու խոսքն է եղել վճռորոշ և վերջնական՝ նույնիսկ կնոջը, երեխաներին վերաբերող հարցերում, ինչը չէիր ասի այսօր։   Ո՞րն է, ըստ Ձեզ, կնոջ համար երջանկությունը...

- Հարաբերական հասկացություն է։ Կուզենայի, որ ամեն կին իր կամեցած երջանկության մի մասը գոնե ունենար, որ բոլոր հայ մայրերն իրենց երեխաների ապագան մեր երկրում տեսնեին։ Մայրական աղոթքով ու օրհնանքով է սկսվում ամեն մի նախաձեռնություն, ու նրանով են ոչ միայն չափվում, այլև զարգանում ու տարածվում բարին, լավն ու գեղեցիկը։ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ շնորհավորում եմ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին, մաղթում նրանց կանացի հմայք ու գեղեցկություն։ Եղեք սիրված ու միշտ ժպտացեք։ 

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ