[ARM]     [RUS]     [ENG]

ՙԴԱՍԱՎԱՆԴԵԼՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀԱՃՈՒՅՔ ԷՐ՚

Սվետլանա Դավթյան։ Ծնվել է 1937թ. ապրիլի 7-ին։ 1954թ. ավարտել է Ստեփանակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցը, ապա 1959թ.` Բաքվի Լենինի անվան մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի, գրականության և պատմության բաժինը։

Աշխատել է Ստեփանակերտի գիշերօթիկ և թիվ 9 դպրոցներում, ապա թիվ 1 միջնակարգում՝ որպես ուսուցիչ, հետո ուսմասվար և տնօրեն մինչև 1994թ.։ Շուրջ 50 տարվա մանկավարժական աշխատանքին զուգահեռ միշտ վարել է հասարակական ակտիվ գործունեություն։ 2006թ.-ից աշխատում է Արցախի ժողովրդավարական կուսակցության քաղաքային խորհրդում՝ որպես նախագահի տեղակալ։ 2005թ. արժանացել է ԼՂՀ վաստակավոր մանկավարժի, 2011-ին` Ստեփանակերտի պատվավոր քաղաքացի կոչումների։ 20-րդ դարի Արցախի լավագույն մանկավարժ է։ 

Ստորև ներկայացնում ենք մեր հարցազրույցը վաստակավոր մանկավարժի հետ։   -Մեր զրույցը սկսենք Ձեր երազանքներից...

-Իմ մանկությունը խաթարվել է Մեծ Հայրենականի պատճառով։ Խորքերից եկող հուշը հորս մայրն էր, այան. չորս տարեկան էի`  չէի կարող կռահել նրա տարիքը: Երկու որդիները ռազմաճակատում էին,  փեսան էլ, աղջկա տղան էլ։ Մեր տան դիմաց, մայթին, ծառի տակ քարին նստում էր, և թե ինչ էր մրմնջում, չեմ հիշում, բայց աչքիս առաջ են նրա արցունքները... Հետո եմ հասկացել նրա հոգու ցավը։ Այայի ամուսինը ծառայում էր Դերբենտում։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զորակոչվել է ռուսական բանակ, զոհվել Արևմտյան Հայաստանում՝ 1918թ.։ Հայրս պատմում էր, որ նա թաղված է հայկական եկեղեցու բակում: Հայրս այն ժամանակ 9 տարեկան է եղել։ Այան տառապած կնոջ կերպար է իմ հուշերում. նա ապրել է ուրիշի համար հաց թխելով, լվացք անելով։ Տարիներ հետո եմ հասկացել տատիս մորմոքը։ Այայի ընտանիքը երկու զոհ է տվել Մեծ Հայրենականին։ Վշտին չդիմանալով՝ մահացել է 1943¬ին, դեռ պատերազմը չավարտված։ Վեց տարեկան էի, բայց հիշում եմ դժվարությունները։

Դժվարությունը՝ դժվարություն, բայց երկու քույրեր էինք, և սիրով էինք շրջապատված։ Մայրս միջնակարգ կրթությամբ, բայց շատ ընթերցասեր էր, հայրս բարձրագույնն ավարտել է Մոսկվայում, սովորել է Լումումբայի անվան համալսարանում, որը կուսակցական¬քաղաքական գործիչներ էր պատրաստում։ Մասնակցել է Մեծ Հայրենականին` Ղրիմի, Ստալինգրադի ազատագրմանը։ Երկար տարիներ պաշտոնավարել է կուսակցական և տնտեսական մարմիններում։  Պատերազմից հետո, երբ հայրս տուն եկավ, ես 9 տարեկան էի՝ նրան չճանաչեցի։ Հորս վերադարձից հետո սկսվեցին իմ երջանիկ օրերը. ընտանիքի կյանքը նորմալ հունի մեջ մտավ։ Մեր տանը շատ գրքեր կային` հայերեն, ռուսերեն։ 4-5 տարեկանից բակում երեխաներով հավաքվում էինք և դպրոց¬դպրոց խաղում, հորս գրքերից ջոկում էի շքեղները, տանում-ցուցադրում էի։ Ինձնից մեծեր էլ կային, բայց, չգիտես ինչու, ես էի ՙուսուցիչ՚ խաղում։ Գրքերն ինձ  հրապուրում էին։ Մինչև հիմա հիվանդ եմ... ընթերցանության։ Պատանեկության տարիներին ռոմանտիկ երազանք ունեի՝ իրավաբան դառնալ։ Երևի հորս ջիղն էր մեջս շարժվում։ Բաքվի մեր բարեկամներն ինձ կողմնորոշեցին ընդունվել Բաքվի Լենինի անվան մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական բաժինը։ Ես հրաշալի ուսուցիչներ եմ ունեցել դպրոցում, և գրեթե գերազանց գնահատականներով ընդունվել եմ։

-Ձեր աշխատանքային մկրտությունը։

-Աշխատել եմ Ստեփանակերտի գիշերօթիկ դպրոցում։ Ընտրել եմ դաստիարակի հաստիքը, այն պայմանով, որ հաջորդ տարի դասաժամեր տան։ Տարվա ընթացքում փոխարինել եմ բացակա ուսուցիչներին, աչքի ընկել, Սարգիս Արամյանն անմիջապես նկատել է։ Երկրորդ տարում ես դասավանդել եմ հայոց լեզու և գրականություն։ Ի դեպ, դպրոցը օրինակելի էր հանրապետական մասշտաբով։ Ուսուցչական կազմը և՜ լավ մասնագետներ էին, և՜ դաստիարակներ, որոնք առանձնակի պատասխանատվության զգացումով էին մոտենում իրենց գործին։ Կոլեկտիվն ինձ շատ բան է տվել։ 

-Մանկավարժի մասնագիտության մեջ ի՞նչ հատկանիշներ եք կարևորում։

-58 տարվա աշխատանքային կենսագրություն, որից 49-ը նվիրել եմ մանկավարժական գործունեությանը, որպես հիմնական աշխատանք, որին ծառայել եմ սրտանց ու հոգով և ամենայն պատասխանատվությամբ։ Չնայած այդ տարիներից 20-ը եղել է վարչարարական աշխատանք՝ ուսմասվար, տնօրեն, բայց ես բավականություն եմ ստացել ուսուցչի կատարած իմ աշխատանքից։ Դասավանդելն ինձ համար գերագույն հաճույք էր: Իմ գործում կարևորել եմ առաջին հերթին ուսուցչի մասնագիտական պատրաստվածությունը և  աշակերտի՝ որպես ուսուցչի անմիջական օբյեկտի, նկատմամբ ազնիվ ու հոգատար վերաբերմունքը։ Ես նրանց ընդունում էի այնպիսին, ինչպիսին նրանք կային։ Աշխատում էի նրանց մեջ հնարավորինս դաստիարակել առաջին հերթին մարդու, քանի որ նա մեր ապագա քաղաքացին է դառնալու։ Օգտագործելով գրականության դասի ընձեռած լայն հնարավորությունները` երեխաների մեջ ձգտել եմ սերմանել բարոյական վեհ գծեր՝ հայրենասիրություն, մարդասիրություն, ազնվություն և սեր մեր ազգային արժեքների հանդեպ, չանտեսելով նաև աշխատանքի հանդեպ սերը, քանի որ ամեն ինչի հասնում են աշխատանքի շնորհիվ։ Կյանքը ցույց տվեց, որ դա ինձ հաջողվել է, և ես երջանիկ եմ, որ իմ սաները, թե՜ պատերազմի տարիներին, թե՜ այսօրվա խաղաղ պայմաններում, իրենց արժանի ներդրումն են բերել և բերում են կյանքի ամենատարբեր բնագավառներում։ Այսօր նրանցից շատերն ուսուցիչներ են և աշխատում են հանրապետության տարբեր դպրոցներում, շատերն էլ մասնագետներ են (բժիշկ, տնտեսագետ, ճարտարագետ և այլն): Բայց ամենակարևորն այն է, որ նրանք դարձել են պիտանի մարդիկ։ 

-Ուսուցչի մասնագիտությունը կոչո՞ւմ է, թե՞ արհեստ։ 

-Ուսուցչի մասնագիտությունը նախ կոչում է, հետո այն  դառնում է արհեստ։ Իսկ եթե այն քո նախասիրությունն է, դառնում է կարևոր գործոն։ Իմ աշխատանքում մի ՙթուլություն՚ ունեմ՝ դա անչափ սերն է երեխաների նկատմամբ։ Բայց երբեք նրանց  ցույց չեմ  տվել, աշխատել եմ լինել օբյեկտիվ ու անաչառ։ 

-Դուք նաև երկար տարիներ պաշտոնավարել եք...

-Երբ ինձ նշանակեցին թիվ 1 դպրոցի ուսումնական մասի վարիչ, տատանվում էի համաձայնել, քանի որ ես  այս նույն դպրոցի շրջանավարտն էի, որտեղ աշխատում էին ինձ դասավանդած ուսուցիչներ, ովքեր այն ժամանակվա լավագույն, ճանաչված, հեղինակություն վայելող մանկավարժներ էին, որոնց հանդեպ մեծ  հարգանք ունեի, և ես ինձ նրանց սանն էի համարում, նրանցից շատ բան էի սովորել։ Հետո մտավախությունս տեղի տվեց, քանի որ հենց սկզբից ինձ սիրով  ընդունեցին։ Իմիջիայլոց, այն  տարիներին թիվ 1-ը քաղաքի ամենամեծ  դպրոցն էր թե՜ մանկավարժների, թե՜ աշակերտների քանակով։ Ես աշխատում էի՝ հիշելով նրանց գործունեությունը, աշխատանքի փորձը, աշխատում էի նմանվել նրանց։ Իմ պաշտոնավարման տարիներին, մանկավարժական կոլեկտիվի շնորհիվ, դպրոցը  համարվել է լավագույններից՝ թե՜ գիտելիքների և թե՜  կարգապահության տեսակետից։ 

-Դուք խորհրդային դպրոցի կարկառուն ներկայացուցիչներից եք։ Աշխատել եք նաև անկախության տարիներին։ Խոսենք կրթական ոլորտների առավելությունների  ու բացերի մասին։ 

-Չնայած հասարակարգի փոփոխությանը, իմ կարծիքով, դպրոցի խնդիրը մնացել է նույնը՝ դաստիարակել հայրենիքին նվիրված, ազնիվ, բարոյական քաղաքացիներ։ Անցած տարիներին դժվարություններ շատ կային. շենքային պայմաններ, սոցիալական խնդիրներ, ծրագրային  փոփոխություններ, դասագրքերի պակաս։ Բարեբախտաբար, այս շրջանը երկար չտևեց,  դժվարությունները հաղթահարվեցին... 

-Ձեր խորհուրդները երիտասարդ ուսուցիչներին։ 

-Ես սիրում եմ երիտասարդությանը։ Աշխատելու տարիներին նրանք միշտ իմ ուշադրության կենտրոնում են եղել,  աշխատել եմ օգնել նրանց թե՜ մասնագիտական, թե՜  մանկավարժական հարցերում։ Ես խորհուրդ եմ տալիս սիրել երեխաներին, դասավանդվող  առարկան և մշտապես  համալրել գիտելիքները։ Ուրախ եմ, որ իմ սաները, ովքեր աշխատել են ինձ հետ, այսօր դարձել են ճանաչված  մանկավարժներ։ 

-Հավանաբար, հեշտ չէր համակերպվել դպրոց-դասարան չմտնելու որոշման հետ։ 

-Պատերազմը խաթարեց մեր բնականոն կյանքը. որպես մանկավարժ և մարդ, ծանր էի տանում սաներիս կորուստը... 1994-ին հրաժարվեցի վարչարարական աշխատանքից, բայց  շարունակել եմ աշխատել որպես ուսուցիչ թիվ 1 դպրոցում,  իսկ թոշակի անցնելուց հետո  8 տարի՝ ՙէրուդիտ՚ ռուսական մասնավոր դպրոցում։ Ինձ համար,  բնականաբար, դժվար էր աշխատանքից կտրվելը, քանի որ աշխատանքիս զուգահեռ միշտ կատարել եմ  նաև հասարակական գործունեություն։ 2005-ից Արցախի ժողովրդավարական  կուսակցության անդամ եմ և մինչ այսօր կատարում եմ ինձ հանձնարարված  հասարակական գործը։ 

-Եթե ճանապարհը կրկին անցնելու հնարավորություն ունենայիք, ի՞նչը կսրբագրեիք։ 

-Ես գտնում եմ, որ իմ կյանքը ճիշտ եմ ապրել։  Եթե նորից սկսեի, նույն ճանապարհը կանցնեի։ Գոհ եմ այնքանով, որ թե՜ ընտանիքում և թե՜ աշխատանքում ես կարողացել եմ կայանալ, կարողացել եմ  ինքնադրսևորվել, և գոհ եմ, որ  իմ աշխատանքը գնահատվել է։ 

Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ