[ARM]     [RUS]     [ENG]

ԿՆՔՎԵՑ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

ՀՀ և  ԼՂՀ առողջապահության նախարարությունների համագործակցությունը տարբեր ձևաչափերով նոր հեռանկարներ է ուրվագծում։

Ապրիլի 15-ին երկու հայկական հանրապետությունների առողջապահության նախարարներ Լևոն Ալթունյանի և Կարինե Աթայանի միջև կնքվեց փոխըմբռնման հերթական հուշագիրը։ Փաստաթղթի ստորագրմանը ներկա էին նաև ՀՀ ՙԱրաբկիր՚ բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արա Բաբլոյանը, Արցախի առողջապահության համակարգի պատասխանատուներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ։ 

ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը բարձր գնահատեց երկու նախարարությունների սերտ համագործակցությունը, կարևորեց նման վստահելի և ամուր թիկունքի առկայությունը։ Դա դրսևորվեց հատկապես ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ, երբ արցախցի բժիշկների հետ միասին Ստեփանակերտում և առաջնագծում օր ու գիշեր աշխատում էին հայաստանյան գործընկերները։  

Համագործակցության շրջանակներում կնքված փոխըմբռնման հերթական  հուշագրով Արցախի Հանրապետությունում բնածին հիպոթիրեոզի  (վահանագեղձի ֆունկցիայի բնածին կամ ձեռքբերովի՝  վնասվածքից կամ վարակիչ հիվանդություններից հետո թուլացմամբ պայմանավորված ներզատական հիվանդություն է) վաղ հայտնաբերման և բուժական միջոցառումների պատշաճ կազմակերպման նպատակով կիրականացվի նորածնային սկրինինգ։

Հիպոթիրեոզի դեպքում երեխաների հոգեկան զարգացումը կասեցվում է, աճը` դանդաղում: 

Թիրեոիդային հորմոններով ժամանակին սկսված բուժումը կարող է ապահովել երեխայի ֆիզիկական և հոգեկան բնականոն զարգացումը: Մեծահասակների հիպոթիրեոզի բուժմամբ կանխվում է հիվանդության հետագա խորացումը և վերականգնվում աշխատունակությունը, սակայն դա չի բացառում մշտական բժշկական հսկողության անհրաժեշտությունը:

Քանի որ ԼՂՀ առողջապահության նախարարության 2017թ. բյուջեով ծրագրված չէին բնածին հիպոթիրեոզի սկրինինգի իրականացման ծախսերը, ՙԱրաբկիր՚ բժշկական համալիրի` երեխաների և դեռահասների առողջության  ինստիտուտը ստանձնեց ծրագրի իրականացման այս տարվա բոլոր ծախսերը։ 

ՀՀ առողջապահության նախարար Լ. Ալթունյանն իր հերթին կարևորեց նման ծրագրի իրականացումը, նաև այն հանգամանքը, որ ՙԱրաբկիր՚ բժշկական կենտրոնը մինչև տարվա վերջ անվճար կանցկացնի նշված հիվանդության վաղ հայտնաբերման հետազոտությունները։ Կնքված հուշագրով պաշտոնապես վավերացվեց նշված կառույցի հետ ձեռքբերված պայմանավորվածությունը։ Այս տարվա հունիսի 1-ից ՙԱրաբկիր՚ բժշկական կենտրոնը մեկնարկ կտա վերոնշյալ ծրագրին։ Կենտրոնի գործադիր տնօրեն Ա. Բաբլոյանի խոսքով՝ դեռևս 2010թ. երազում էին, որ Արցախում հնարավորություն ընձեռվեր այդ ծրագիրն իրականացնելու համար։ Ներկայում ԼՂՀ-ում գրանցված է շուրջ 100 հիվանդ, ովքեր  տառապում են խոր մտավոր հետամնացությամբ և դրան հարակից ախտորոշումներով։ Նշված ծրագիրը հնարավորություն կտա նորածնային շրջանում հայտնաբերել արատները և կատարել բուժական անհրաժեշտ միջոցառումներ։ Հետազոտությունները կկազմակերպվեն փուլ առ փուլ։ Իսկ արդեն 2018 թվականին բնածին հիպոթիրեոզի սկրինինգի ծրագիրը կշարունակվի ԼՂՀ ԱՆ բյուջեի միջոցներով։ 

 

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ