[ARM]     [RUS]     [ENG]

ՍԵՄԻՆԱՐՆԵՐ՝ ՆՎԻՐՎԱԾ ՄԻԱՎ ՎԱՐԱԿԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆԸ

ՀՀ ՙՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն՚ ՊՈԱԿ-ի աշխատակիցներն օրերս Արցախում կազմակերպեցին սեմինարներ ՄԻԱՎ (մարդու իմունային անբավարարության վիրուս)  վարակի կանխարգելման և դրան առնչվող թեմաների շուրջ։

Ապրիլի 25-26-ը ԱՀ առողջապահության նախարարության հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկական բաժանմունքում և համաճարակաբանության և հիգիենայի կենտրոնում զուգահեռաբար բժիշկների շրջանում իրականացվեցին սեմինար-վարժանքներ՝ ՄԻԱՎ-ի հետազոտությունների ընդլայնման և վարակի կանխարգելման համար մասնագիտական հմտությունների զարգացման նպատակով։ Ծրագրի երկրորդ մասը կկայանա ապրիլի 27-28-ին՝ հանրապետության մանկավարժների շրջանում, որպեսզի առողջ ապրելակերպի քարոզչության շրջանակներում դեռահասներին պարզաբանեն ՄԻԱՎ-ի վարակման ուղիներն  ու հետևանքները։

Ծրագիրն իրականացրել են ՀՀ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի համաճարակաբանական հսկողության բաժնի բժիշկ-համաճարակաբաններ Էդուարդ Հովհաննիսյանը,  Վարդան Արզաքանյանը, բժշկական օգնության և սպասարկման բաժնի բժիշկ-վարակաբան Հայկուհի Այվազյանը և լաբորատոր ախտորոշման բաժնի մանրէաբանության, վիրուսաբանության և գենետիկայի լաբորատորիայի բժիշկ-լաբորանտ Արշակ Պետրոսյանը։ 

Ծրագիրը ներառում է չորս սեմինար-վարժանք։ Երկու սեմինար նախատեսված է բժիշկների, մեկական՝   ռազմական բժիշկների և մանկավարժների համար։ Թեմաները ներկայացնում էին Վարդան Արզաքանյանը և Էդուարդ Հովհաննիսյանը։ Բացի սեմինարներից, մասնագետները դիսպանսեր հսկողության շրջանակներում ցուցաբերեցին անհրաժեշտ բժշկական, գործնական և մեթոդական օգնություն, իրականացրին հիվանդների ընդունելություն, խորհրդվատություններ, տրամադրեցին նոր դեղորայք, ինչպես նաև տարբեր օպտիկական խտություն ունեցող արյան շիճուկների ստուգիչ նմուշներ։ Բժիշկներն անդրադարձան նաև լաբորատոր հետազոտությունների ռազմավարությունների և ալգորիթմների մշակմանը, ինչպես նաև ներկայումս աշխարհում, Հայաստանում և Արցախում առկա ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վիճակագրական տվյալներին։ Մասնագետները Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոնում ուսումնասիրեցին լաբորատոր հետազոտությունների սարքավորումների որակը, արյան նմուշների հավաքագրման, մշակման և տեղափոխման գործընթացը։ Սեմինարի թեմաները վերաբերում էին ՄԻԱՎ վարակի ծագման նախապայմաններին, մարդու իմունային համակարգի վրա վերջինիս ներգործությանը, վարակի փոխանցման ուղիներին և գործոններին, ինչպես նաև հիվանդության կանխարգելման հիմնական մոտեցումներին։ Հիմնականում ներկայացվեցին ՄԻԱՎ վարակի կլինիկական ընթացքը, լաբորատոր ախտորոշումը, հետազոտության չափանիշները, արյան պահպանմանը և տեղափոխմանը ներկայացվող պահանջները։ Մանկավարժների համար նախատեսված սեմինարների թեման հիմնականում վերաբերում է դեռահասների շրջանում վարակի կանխարգելման աշխատանքների հիմնական սկզբունքներին, ուղղություններին։ Թեմաների առնչությամբ ցուցադրվեցին նաև ֆիլմեր։ 

Վարդան Արզաքանյանի պարզաբանմամբ՝ սեմինարները նպատակ ունեն Արցախի բժիշկների շրջանում ոչ միայն ներկայացնել ՄԻԱՎ վարակին առնչվող խնդիրները, ոլորտի վերջին նորույթները, կանխարգելման և բուժման նոր ձևերը, այլև ցուցաբերել գործնական օգնություն։ Այս միջոցառումների նպատակը ոչ միայն վարակը հայտնաբերելն է, այլև կանխարգելելը։ ՙՄեր նպատակը ոչ միայն ՄԻԱՎ-ը հայտնաբերելը կամ  բուժման վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություններ հաղորդելն է, այլ որ մարդիկ նաև  չվախենան, չխուսափեն և չսահմանափակվեն նման հիվանդների հետ շփումներից։ Քաղաքացիները պետք է տեղեկացված լինեն վարակի փոխանցման ուղիների մասին, որպեսզի հնարավորինս զերծ մնան հիվանդությունից՚,- ասաց Վ. Արզաքանյանը։ 

Ընդհանրապես ՄԻԱՎ-ը հիվանդություն է, որով վարակը պայմանավորված է հիմնականում անհատի վարքագծով և կենսակերպով։ Ոչ անվտանգ վարքագիծը՝ թմրամիջոցների գործածումը, պատահական զուգընկերների հետ սեռական հարաբերությունները կարող են դառնալ ՄԻԱՎ-ով վարակվելու պատճառ։ Մասնագետների խնդիրն էր մեկ անգամ ևս  բնակչությանը տեղեկացնել կանխարգելման ուղիների, վարակվելու հավանականության գործոնների վերաբերյալ։ Վարակը փոխանցվում է ներերակային ճանապարհով, թմրամիջոցներ օգտագործելիս, վարակված արյան փոխներարկման հետևանքով։ Բացի դրանից, վարակված կանայք կարող են վիրուսը փոխանցել իրենց երեխաներին հղիության ընթացքում, ծննդաբերության ժամանակ և կրծքով կերակրելիս։ Վտանգավոր է նաև չախտազերծված գործիքներով դաջվածքներ կատարելը, մարմնի տարբեր մասերի դակումը, ուրիշի անձնական հիգիենայի պարագաների (ածելի, ատամի խոզանակ) օգտագործումը։ Վ. Արզաքանյանի կարծիքով՝ բուժհիմնարկներում վարակվելու հավանականությունը շատ քիչ է, որովհետև հնարավորինս պահպանվում են անհրաժեշտ նորմերը։ Այդ ամենին զուգահեռ մասնագետները նշեցին, որ սովորական կենցաղային ճանապարհով վարակը չի փոխանցվում։ Առանց վախենալու մարդ կարող է սեղմել ծանոթ կամ անծանոթ մարդու ձեռքը, գրկախառնվել, տրանսպորտում բռնել բռնակներից և այլն։ ՄԻԱՎ-ը չի փոխանցվում նաև հազի, փռշտոցի, մոծակի կծելու միջոցով։ Այսինքն՝ հիվանդ մարդու հետ նույն սենյակում ապրելով, կենցաղային շփումների միջոցով հնարավոր չէ վարակվել ՄԻԱՎ-ով։ Վարակի ռիսկային գործոն է հանդիսանում միգրացիան՝ արտերկիր մեկնելու հանգամանքը։ Եվ ըստ մասնագետների՝ ՌԴ-ում ՄԻԱՎ-ով վարակվելու հավանականությունը 5 անգամ ավելի մեծ է, քան ՀՀ-ում։ Վերլուծելով ՄԻԱՎ-ի վիճակագրական տվյալները, հայաստանյան մասնագետները նշեցին, որ մեր տարածաշրջանում վարակի ընդգրկվածության աստիճանը համեմատաբար բարվոք է։ Բայց դա չի նշանակում, որ կանխարգելիչ աշխատանքները պետք է թուլացնել, այլ հակառակը՝ պետք է  ջանալ, որ հիվանդության տարածվածության մակարդակն էլ ավելի իջնի, ինչպես, օրինակ, սկանդինավյան երկրներում, որտեղ վիճակագրությունը նվազագույն շեմին է հասնում։

 Բժիշկ-համաճարակաբանները սեմինարների ընթացքում անդրադարձան ՄԻԱՎ վարակի ախտորոշման և բուժօգնության ողջ գործընթացին, որն իրականացվում է անվճար։ Հիվանդության դեմ չկա պատվաստանյութ, ուստի կանխարգելումն ունի կարևոր նշանակություն։ Բուժումը հասանելի է բոլորին, պարզապես մարդիկ պետք է զգոն լինեն, պահպանեն կանխարգելման կանոնները, իսկ վարակի առկայության դեպքում հետևեն բժշկի խորհուրդներին։ 

 

 

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ