[ARM]     [RUS]     [ENG]

ԻՆՉՊԵՍ ԷԻՆ ՀՈԼՈՔՈՍԹԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՅԵՐԸ ՓՐԿՈՒՄ ՀՐԵԱՆԵՐԻՆ

Հոլոքոսթի տարիներին հրեաներին փրկողների թվում նաև հայեր կային, որոնցից շատերը դարասկզբին Հայոց ցեղասպանությունը վերապրածներ էին։

 ՚Ազգերի առաքյալըՙ պատվավոր կոչում է, որը շնորհում է Իսրայելի ողջակիզման և հերոսացման Յադ Վաշեմ ինստիտուտ-թանգարանը՝ հանձնելով մեդալ և պատվո հավաստագիր։ Ազգերի առաքյալները Եվրոպայի նացիստական շրջափակման տարիներին հրեաներին փրկող ոչ հրեաներն են։

Հայտնի ցեղասպանագետ Յաիր Աուրոնը վստահ է, որ հայերը տոկոսային հարաբերակցությամբ, հաշվի առնելով փոքրաքանակ ժողովուրդ լինելը, գերմանական օկուպացիայի տարիներին ավելի շատ հրեա են փրկել, քան ցանկացած այլ ժողովուրդ։

Գերմանական բռնազավթման տարիներին հայերի կողմից հրեաների փրկության թեմային է նվիրված Յաիր Աուրոնի ՚Փրկիչներ ու մարտիկներՙ գիրքը, որում, մասնավորապես, շեշտը դրվում է այն հանգամանքի վրա, թե ինչպես էին ցեղասպանություն վերապրած երկու ժողովուրդներն օգնում միմյանց։

Աուրոնը վստահ է, որ անիմաստ է վիճել, թե ում ցավն է ավելի խորը, հարկավոր է հաշտվել ու պահպանել ընդհանուր հիշողությունը՝ կարևորելով այն, որ ՚մարդիկ փրկում էին մարդկանցՙ։

ՙՄԵՆՔ  ԼՈԿ ՄԵՐ ՊԱՐՏՔՆ ԵՆՔ ԿԱՏԱՐԵԼ՚

Հայերն են փրկել նաև Օդեսայում երկու երեխայի հետ բնակվող հրեա Իոսիֆ և Շուրա-Ռիվկա Հասիններին։ Նրանք բարեկամական հարաբերություններ ունեին բոլոր հարևանների հետ, հատկապես հայ Փերուզա Բաղդասարյանի և նրա որդու՝ Սարգսի հետ։ Դեռ պատերազմից առաջ Փերուզա Օսկիյան¬Բաղդասարյանի ամուսինը ՙժողովրդի թշնամի՚ էր հայտարարվել Խորհրդային իշխանությունների կողմից և արտաքսվել Ղազախստան։

1941-ի ամռանը, երբ նացիստական Գերմանիան արդեն պատերազմում էր խորհրդային Միության դեմ, հաշմանդամ Իոսիֆ Հասինը դեռ հրաժարվում էր հավատալ գերմանացիների վայրագությունների մասին լուրերին, և որոշեց մնալ քաղաքում։

1941-ի հոկտեմբերի 16-ին ռումինական զորքերը գրավեցին Օդեսան, անմիջապես սկսվեցին հրեաների հալածանքները։ Իսկ երբ պայթեցվեց ռումինական զինվորական պարեկապահակային շենքը, քաղաքի հրեաների ձերբակալությունները զանգվածային դարձան։ Ձերբակալվածների թվում էր նաև Հասինը կնոջ հետ։ Փերուզան իր մոտ տարավ Հասինների երեխաներին, հոգ էր տանում նրանց մասին, իսկ շուրջկալների ժամանակ թաքցնում էր նրանց տան ձեղնահարկում։ Փերուզան և նրա որդին նաև պարբերաբար սնունդ էին տանում Հասիններին՝ բանտարկության ընթացքում։

Մեկ ամիս անց Հասիններին ազատ են արձակել։ Հրեաների մեծ մասն արդեն սպանվել էր, իսկ նրանց, ովքեր ողջ էին մնացել, պետք է արտաքսեին Դոմանյովի շրջան, որտեղ պահվում էին շատ ծանր պայմաններում։ Շատերն այնտեղ մահացան։ Հասինների հարևաններից շատերը կարեկցում էին նրանց աղետալի վիճակին և ջանում էին օգնել ինչով կարող են։ Բոլորը, բացի դռնապանից, որի դուստրն ուզում էր նրանց բնակարանը զբաղեցնել։ Հենց որ Հասինների տան մոտակայքում ռումինացիներ կամ գերմանացիներ էին հայտնվում, դռնապանն անմիջապես հայտնում էր, թե այդ տանը հրեա բնակիչներ կան։ Խուզարկությունների ժամանակ Հասինները միշտ երեխաներին ուղարկում էին Բաղդասարյանների մոտ։ Չնայած իր պատանի տարիքին, Սարգիսը շատ ակտիվ էր օգնում մորը հրեաներին փրկելու գործում։

1942-ի հունվարի 11-ին Օդեսայի բոլոր հրեաներին հրահանգվեց վերաբնակվել գետտո՝ Սլոբոդկայի շրջանում։ Հասկանալով, որ դռնապանը կհայտնի նրանց մասին, եթե իրենք չկատարեն հրահանգը, Հասինները տեղափոխվեցին գետտո։ Նրանք ստիպված էին իրենց ունեցվածքը վաճառել սնունդ հայթայթելու համար։ Իսկ երբ արդեն բան չմնաց վաճառելու, Հասինների դուստրը՝ Ռոզան, գաղտնի հեռացավ գետտոյից և եկավ նախկին հարևանուհու՝ Փերուզա Բաղդասարյանի մոտ օգնություն խնդրելու։

1942-ի ապրիլին Իոսիֆ Հասինին ձերբակալում են ոսկի պահելու կեղծ մեղադրանքով, նա մահանում է կտտանքներից։ Մեկ ամիս անց Շուրա-Ռիվկային արտաքսում են երեխաների հետ Դոմանյովի շրջանի Կառլովկա բնակավայրը։ Նրանց հաջողվում է վերապրել ծանրագույն պայմաններում։ 1944-ի մարտին նրանք վերադառնում են ազատագրված Օդեսա։ Նրանց տունն ավերակների էր վերածվել, և Հասինները մի քանի ամիս ապրեցին Բաղդասարյանների տանը, մինչև այլ կացարան գտան։ Հետպատերազմյան շրջանում ընտանիքները շատ մտերիմ էին։

Հասինները ցանկանում էին, որ Բաղդասարյաններին շնորհվի ՙԱզգերի առաքյալներ՚ կոչումը, սակայն Փերուզան և նրա որդին կտրականապես հրաժարվում էին՝ ասելով, որ միայն իրենց պարտքն են կատարել։

Փերուզան մահացավ 1998-ին, Սարգիսը՝ 2001-ին։ Եվ դրանից հետո միայն Հասինները կարողացան խնդրագիր ներկայացնել նրանց այդ բարձր կոչումը շնորհելու համար։

Հետաքրքրական է նաև Գրիգոր Թաշչյանի և նրա ապագա կնոջ՝ Պրանի պատմությունը, որոնք երկուսն էլ ենթարկվել են հալածանքների ու հետապնդումների Հայոց ցեղասպանության տարիներին։ Զոհերի թվում էին նաև Պրանի առաջին ամուսինը, նրա երկու երեխաներն ու գրեթե բոլոր հարազատները։ Այդ ողբերգությունն անուրանալի հետք էր թողել Գրիգորի և Պրանի հիշողության մեջ։

Գրիգորն և Պրանը ծանոթանում են Ղրիմում, որտեղ երկուսն էլ հանգամանքների բերումով հայտնվել էին պատերազմից առաջ։ Ծանոթությունից քիչ անց նրանք ամուսնանում են։ Թաշչյաններից ոչ հեռու ապրում էր Ստեպան Կուչերենկոյի բազմազավակ ընտանիքը։ Նրա դուստրերից մեկը՝ Եվգենյան, ամուսնացած էր հրեա Դավիթ Գոլբերգի հետ։

Գոլբերգը քաղաքում հայտնի մարդ էր՝ շախմատի գծով սպորտի վաստակավոր վարպետ, ղեկավարում էր շախմատի ակումբը։ Երբ սկսվեց Մեծ Հայրենականը, նրան զորակոչեցին Կարմիր բանակ։ Այն մասին, որ նա զոհվել է, նրա կինն ու երեխաները՝ Անատոլին (1935թ. ծն.) և Մարգարիտան (1938թ. ծն.), շատ ավելի ուշ իմացան։ Իսկ մինչ Ղրիմի օկուպացիան նրանք շարունակում էին ապրել Դավթի ծնողների տանը։ 1941-ի նոյեմբերի 1-ին գերմանացիները գրավեցին Սիմֆերոպոլը։ Երբ հայտնվեցին հրեաների դեմ ուղղված հրահանգները, տարեց Գոլբերգները հարսին ու թոռներին խորհուրդ տվեցին տեղափոխվել նրա ուկրաինացի ծնողների մոտ։ 1941-ի նոյեմբերի կեսին Եվգենյան տեղափոխվեց ծնողների մոտ։ Մեկ տանիքի տակ ապրում էին Եվգենյայի ծնողները, նրա կրտսեր եղբայրներն ու քույրերը և ամուսնացած քույրն իր ընտանիքի հետ։ Դեկտեմբերի 9-ին սկսվեց Սիմֆերոպոլի հրեաների զանգվածային գնդակահարությունը, որի ժամանակ զոհվեցին Եվգենյայի ամուսնու ծնողները։

Ապա սկսեցին հետապնդել նրանց, ում հաջողվել էր թաքնվել գնդակահարությունների ժամանակ, ինչպես նաև խառն ամուսնություններից ծնված երեխաներին։ Արդեն վտանգավոր էր դառնում մնալ ուկրաինացի հարազատների տանը։ Այն ժամանակ Եվգենյայի քրոջ ամուսինը խնդրում է նրան տանել երեխաներին, քանի որ նրանց ներկայությունը վտանգում էր ամբողջ ընտանիքի կյանքը։

Երջանիկ պատահականությամբ նա փողոցում հանդիպում է ծնողների հարևանուհուն՝ հայուհի Պրան Թաշչյանին։ Երեխաներին՝ Տոլիկին և Ռիտային, գաղտնի տանում են հարևանների մոտ, իսկ նրանց մայրը շարունակում է մնալ ծնողների տանը։ Պրանն ու նրա ամուսինը՝ Գրիգորը, և դեռահաս երեխաները՝ Հասմիկն ու Տիգրանը, հոգ էին տանում 7-ամյա Տոլյայի և 4-ամյա Ռիտայի մասին՝ դրանով իսկ փրկելով նրանց կյանքը։

Երբ երեխաները նկատում էին գերմանացիներին, որոնք հաճախ շուրջկալներ էին կազմակերպում, նրանք գալիս էին ծնողների մոտ և զգուշացնում վտանգի մասին. Ռիտային և Տոլիկին թաքցնում էին ապահով տեղերում՝ ձեղնահարկում, նկուղում։ Այդպես 2 տարի անցավ։ Սիմֆերոպոլն ազատագրվեց ֆաշիստներից 1944-ի ապրիլի 13-ին։

Երբ քաղաք վերադարձան խորհրդային զորքերը, Թաշչյանները, որպես հայեր, արտաքսվեցին Սիբիր, Կեմերովոյի շրջան։ 1947-ին Գրիգորն ու նրա երեխաները փախան։ Նրանց հաջողվեց հասնել Հայաստան, սակայն  2 տարի անց նրանց կրկին ձերբակալեցին և նորից ուղարկեցին Կեմերովոյի շրջան։

1956-ին Թաշչյանները արդարացվեցին, սակայն Ղրիմ վերադառնալ նրանց թույլ չտվեցին։ Համապատասխան մարմինները Գրիգորին պարտադրեցին գրություն գրել այն մասին, որ նա չի պահանջի իր սեփական տունը։ Գրիգորը համաձայնեց դա անել միայն ներքին գործերի նկուղներում 5 օր անցկացնելուց հետո։ Այդ բոլոր տարիներին վերապրածները կապ էին պահպանում իրենց փրկիչների հետ։ Ընտանիքների հարաբերությունները հանգամանքներից ամուր եղան ու շարունակվեցին նաև պատերազմից հետո։

ՙԱզգերի առաքյալները՚ կոչմանն է արժանացել 22 հայ։