[ARM]     [RUS]     [ENG]

Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ՍԱՐԴԱՐԱՇԵՆԻՆ

Չնայած  ոչ պատերազմ-ոչ խաղաղություն իրավիճակին՝ մեր երկիրը ծաղկում ու բարգավաճում է։ 

 Մեծ ուշադրություն է դարձվում սահմանամերձ գյուղերին, բուժվում են պատերազմից ստացած վերքերը, մարդկանց մեջ հույս է արթնանում։ 

Ես հիշում եմ. անցյալ դարի 90-ականների պատերազմի տարիներին ռազմավարական մեծ նշանակություն ուներ մեր գյուղը՝ Սարդարաշենը։ Եթե թշնամին կարողանար գրավել այն, նրա նշանառության տակ կլիներ և՜ Ստեփանակերտը, և՜ գրեթե ամբողջ Ասկերանի շրջանը։ 

Այն դժնդակ օրերին ամբողջ Սարդարաշենն էր ոտքի կանգնել։ Նրան օգնության էին եկել արտերկրում ապրող սարդարաշենցիներ (նրանց թվում և իմ որդին)։ Ամբողջ գյուղը գիշեր-ցերեկ հերթապահում էր։ Նույնիսկ դպրոցի նախկին 80-ամյա տնօրեն, Մեծ Հայրենականի վետերան Սերգեյ Գրիգորյանը, որն ուներ որսորդական հրացան, համառորեն գնում էր երիտասարդների հետ, երբ լուրեր էին տարածվում, թե հարձակում է սպասվում Աղդամի կողմից։ Նրա ներկայությունից ոգևորվում էին տղաները, որովհետև բոլորն էլ եղել են Սերգեյ Գրիգորյանի աշակերտները։ 

Սարդարաշենը շատ զոհեր տվեց, բայց գյուղը մնաց կանգուն։ 

Պատերազմից հետո, ցավոք, իրավիճակը փոխվեց։ Նախկին ծաղկուն գյուղն սկսեց դատարկվել։ Մարդիկ  աշխատանք  չունեն, գյուղի  ճանապարհները աստիճանաբար շարքից դուրս  էին գալիս։ Երիտասարդները, ելք չտեսնելով,  մեկնում էին հայրենի գյուղից` աշխատանք փնտրելով այլ վայրերում։ 

Խորհրդային շրջանի Սարդարաշենն ամենահարուստ գրադարանն ուներ, ուներ բարձրակարգ ուսուցիչներ։ Դպրոցը հպարտանում էր իր խելացի ու գրագետ աշակերտներով։ 

Այժմ Սարդարաշենը գրեթե դատարկվել է, դպրոցը  հազիվ է ՙշնչում՚ աշակերտների պակասի պատճառով։ Գյուղում հատուկենտ մարդիկ են երևում, այն էլ հիմնականում ծերեր։ Չկա նախկին Սարդարաշենը, և հույս էլ չկա, որ 10 տարուց հետո այնտեղ մարդ կմնա։ 

Ես թոշակառու եմ, Սարդարաշենի նախկին բնակիչ։ Վերջերս մեկնեցի հայրենի գյուղ, որի հետ շատ  նվիրական  ու սրբազան կապեր կան։ 

Սրտի ցավով տեսա, որ գյուղի գերեզմանոցը մեծանում, իսկ  գյուղը փոքրանում ու դատարկվում է...

Ցավալի իրողություն:

Զեմֆիրա ՄՈՒՐԱԴՅԱՆ-ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

ք. Երևան