[ARM]     [RUS]     [ENG]

ԶԵՓՅՈՒՌԱԿԱՆՆԵՐԸ ԿՐԿԻՆ ՙԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՅԳՈՒՄ՚

Անցած շաբաթ ՙԶեփյուռ՚ բնապահպանական հասարակական կազմակերպության ներկայացուցիչները հերթական անգամ այցելեցին Ասկերանի շրջանի Պատարա գյուղի շրջակայքում հիմնած ՙԵրիտասարդական այգին՚։ Այն ստեղծվել է դեռևս 2010 թվականին, երբ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի և Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի անմիջական մասնակցությամբ, ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ, ինչպես նաև պետական այրերի ու բազմաթիվ երիտասարդների հետ համատեղ տնկվեցին շուրջ 200 պտղատու ծառեր։ 

 Այգին հիմնադրելուց հետո, զեփյուռականները պարբերաբար այցելում են տարածք և կատարում անհրաժեշտ աշխատանքներ։ Ծրագիրը նպատակ ուներ նաև համախմբել Պատարա գյուղի երիտասարդներին, որպեսզի վերջիններս ստանձնեն այգու վերջնական խնամքն ու պատասխանատվությունը։ Ուստի ամեն տարի ՙԶեփյուռ՚ կազմակերպության ակտիվիստները նախաձեռնում են այցելել նշված համայնք և տեղի երիտասարդների հետ խնամում ծառերը։ Ակտիվ զեփյուռական Մարիետա Թումասյանն իր պարտքն է համարում ամեն անգամ լինել այգում, որովհետև անձամբ մասնակցել էր ծրագրի մեկնարկին և իր ձեռքով տնկել պտղատու ծառեր։ Նա և մյուս մասնակիցները  մտադիր էին հետագայում ծառերի հասուն բերքը տրամադրել գիշերօթիկ  հաստատություններին։ Տարեցտարի կազմակերպությունը համալրում են նոր զեփյուռականներ, ովքեր նույնպես մեծ սիրով ու պատասխանատվությամբ մասնակցում են կառույցի ծրագրերին, որոնցից մեկն էլ Պատարայի այգու խնամքն է։ Այս անգամ նրանք համատեղ այգու տարածքը մաքրեցին մոլախոտերից, փխրեցրին ծառերը, բարեկարգեցին շրջապատը և ցանեցին հակամոլախոտային նյութեր։ Աշխատանքներին միացել են Պատարայի երիտասարդները։ Զեփյուռականները մեկ անգամ ևս հորդորեցին նրանց, որ ուշադիր լինեն ծառերի նկատմամբ և պարբերաբար խնամք տանեն այգում։ Չէ՞ որ նրանք են ստանձնել այգու հետագա պահպանությունը։ 

Աշխատանքի ընթացքում և վերջում զեփյուռականների ու համայնքի երիտասարդների միջև կայացան ջերմ զրույցներ, քննարկումներ բնապահպանական և այլ հարցերի շուրջ։

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ