[ARM]     [RUS]     [ENG]

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ ԻՐ ՇՈՒՇԻՆ ՈՒՆԻ...

Արդեն քառորդ դար է` անդրադառնում եմ Շուշիի ռազմագործողությանը, գրում ու վերապրում այդ, հիրավի, պատմական օրերի անցուդարձերը...

Շուրջ  երեք հազար (գրոհող և օժանդակ ուժերի հետ միասին) մասնակիցներից յուրաքանչյուրն ունի Շուշիի իր պատմությունը, իր Շուշին: Շուշի, որ առաջին հերթին ոգու հաղթանակ էր, հետո միայն զենքի ու մարդկային գործոնի։ Անսպառ է Շուշիի ազատագրման թեման, բացառիկ  ու  զարմանալի են մեր տղաների սխրագործությունները։ Այս անգամ  Շուշիի (և ոչ միայն) անցքերին ու իրադարձություններին փորձենք նայել  մայոր Հրայր ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ աչքերով...

ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

1992-ին էր, տակավին նորաթուխ ազատամարտիկ Հրայր Բաղդասարյանը գաղափարական համոզմունքների պատճառով անջատվեց ՙՑեղակրոն՚ կազմակերպությունից և անդամագրվեց հայրենի գյուղի՝ Շոշի վաշտին (գործում էր երջանկահիշատակ Արգամ Հարությունյանի հրամանատարությամբ)։ Մասնակցեց Նաբիլարի դիվերսիային, որի  նպատակն էր ազերական կրակակետի վերածված Շուշին  զրկել  ջրից ու հոսանքից։ Նաբիլարին  հաջորդեց Ղուշչուլարի ազատագրումը, որից հետո մասնակցեց  Ասկերանի պաշտպանությանը, իսկ  Ստեփանակերտից խորհրդային  զորամիավորման հեռանալուց հետո, մարտ  ամսին, Հրայրը մեկ միավոր զրահափոխադրիչ հասցրեց գյուղ։ Դեռևս Կուբայի Հանրապետությունում ծառայելու տարիներից նա ծանոթ էր  այդ  զրահատեխնիկայի գաղտնիքներին և հաջողությամբ տեղ հասցրեց այն, որը հետագայում պետք է օգտագործվեր Շուշիի կրակակետերը ճնշելու համար։ Որոշ ժամանակ անց միավոր ՀՄՄ էլ տեղափոխեց Շոշի վաշտ: 

Շուշիի ազատագրումն արդեն օրակարգում  էր,  շրջակա բնակավայրերը գիշերուտիվ ռմբակոծվում էին. ամեն օր` ավերածություններ, մարդկային կորուստներ։ Շուշիի վրա հարձակումը նախատեսված էր մայիսի սկզբին, սակայն անսպասելի  տեղացած ձյունը հետաձգեց ծրագիրը։ 

 

ՙՀԱՐՍԱՆԻՔԸ ԼԵՌՆԵՐՈՒՄ՚

Մայիսի 8-ին մեկնարկեց  պատմության մեջ նախադեպը չունեցող Շուշիի ազատագրման ռազմագործողությունը։  Շոշի վաշտից ընտրյալներն հիսուն հոգի էին, իսկ ցանկացողները` շատ: 

-Մեզանից յուրաքանչյուրի համար մեծ պատիվ էր ռազմագործողության մեջ ընդգրկվելը,- վերհիշում է Հրայր Բաղդասարյանը,- մեր տղաներից 40-ը գնում էին ավտոբազայի ուղղությամբ, իսկ տասը  հոգի, Արգամ Հարությունյանի գլխավորությամբ, գնացինք Հարամջուր տեղանքի ուղղությամբ, Աշոտ Բեկորից դեպի ձախ էինք ընթանում։ Կտրուկ զառիթափ էր, բարդ մի տեղանք, մեզ հետ էին նաև երեսուն հոգի մահապարտների ջոկատից։ Մայիսի 7-ի  լույս 8-ի գիշերը ժամը 2-ին  շարժվեցինք Ձախլիկ խութից դեպի վերև, լուսաբացին ակացիաների մոտ շղթա կապեցինք։ Այդ ամբողջ ընթացքում մեր  հրետանին աշխատում էր, օգնելով տղաների առաջխաղացմանը։  Լուսադեմին  նրանք  կրակելով հաղթահարում էին Շուշիի բարձունքը: 

Հակառակորդի ասկյարները, օգտվելով դիրքային առավելությունից, կրկին հայտնվեցին պարսպի վրա, կրակի տակ առնելով մեր ազատամարտիկներին,  ովքեր մագլցում էին  զառիթափն ի վեր։ Տեղանքն անչափ բարդ էր, տղաները հայտնվել էին ուղիղ նշանառության տակ, ոչ  խրամատ կար, ոչ էլ պաշտպանվելու այլ միջոց։ Թփերի ու քարերի հետևում  պատսպարվելով` փորձում էին սողեսող մոտենալ պարսպին, Կարեն Ջալավյանն արդեն մի քանի հոգու հետ  պարսպի տակ էր,  այնքան մոտիկ հակառակորդին, որ ազերիները  նռնակը ոչ թե նետում, այլ ուղիղ վերևից ներքև  գցում էին մեր տղաների վրա։ Հիվանդանոցի կողմից տղաների  վրա սկսեց աշխատել գնդացիրը, կրակում էին նաև աշտարակներից։ Հրայրը պատսպարվեց մի մեծ քարի հետևում, գնդացիրը նրան այլևս չէր  սպառնում, իսկ  աշտարակներից կրակողները,  վախենալով խոցվելուց, կրակում ու իսկույն թաքնվում էին։ 

Շուշիի ազատագրումից քառորդ  դար անց էլ Հրայրը հուզմունքով է հիշում այդ օրն ու պահը. 

աշտարակի կողմից արձակված կրակոցից համադասարանցի Իսահակ Աբրահամյանը ձեռքից վիրավորվում է, իսկ մի քանի վայրկյան անց գնդացրորդը նրան այս անգամ  էլ ոտքից է վիրավորում։ Հասնելով ընկերոջը, Հրայրը ռետինե լարանով կապում  վերքերը (մայրը բուժքույր էր և նա, քիչ  թե շատ, գիտեր ինչ անել նման դեպքերում)։  Այսպես ժամեր շարունակ Հրայրը կռվում  է և  հսկում ընկերոջը, մերթընդմերթ բացելով ու կրկին կապելով վերքի լարանը։ Կրակի հեղեղ էր թափվում: Բարեբախտաբար, ազատամարտիկներից մեկը՝ Սամվել  անունով, նկատում է  տղաներին  և ճնշելով հակառակորդին` անվնաս մոտենում նրանց։ Հենց Սամվելի  օգնությամբ էլ վիրավոր Իսահակին մեծ դժվարությամբ հանում են կրակի գոտուց: Այդ ընթացքում Իսահակը երրորդ անգամ է վիրավորվում։ Տղաները մեծ դժվարությամբ, սողալով, հասնում են մինչև ակացիաները, որտեղ նրանց սպասում էին պատգարակով փրկարարները։

Մայիսի 9-ի առավոտյան Շուշիի կողմից արդեն լուրջ դիմադրություն չկար, քաղաքում հատուկենտ մարդիկ կային։ Առաջինը նրանք ոտք են դնում Ղազանչեցոց եկեղեցի, այն լիքն էր ՙԳրադ՚¬ի  հրթիռներով։ Տասը օր անց հերթը հասավ Բերդաձորի ենթաշրջանի գյուղերի ազատագրմանը...

 

ՇՈՒՇԻ-ԼԱՉԻՆԻՑ ՄԻՆՉԵՎ ԶԻՆԱԴԱԴԱՐ

 

Հրայրին իր վաշտով տեղափոխում են Դահրազ¬Աղբուլաղի ուղղություն, որտեղ իրադրությունն իրոք  կրիտիկական էր։ Եթե հակառակորդն իր հեռահար թնդանոթներն ու մյուս տեխնիկան տեղադրեր բարձունքում, ապա  Ստեփանակերտն օրնիբուն կհայտնվեր հարվածի տակ։ Չորս ամիս շարունակ տղաները պաշտպանում էին այդ բարձունքը, որից հետո սեպտեմբերի 5-ին նրանք ազատագրեցին միանգամից չորս գյուղ՝ Դահրազ, Աղբուլաղ, Ավդալ, Գյուլափլու։ Այդ ընթացքում նրանք արդեն ընդգրկվել էին Չորրորդ պաշտպանական շրջանի առաջին գումարտակի կազմում (հրամանատար` Վիլեն Սաֆարյան)։

Հրայրն ափսոսանքով է հիշում, որ չկարողացավ մասնակցել Աղդամի կրակակետերի լռեցմանը, մեկ օր առաջ վիրավորվել էր Փոլադլու գյուղի մոտակայքում ականի բեկորից։ Հոսպիտալում  պառկած տեղեկանում է, որ իր մարտական ընկերներից՝ Էրիկ Ավանեսյանն ու Ալբերտ Մարգարյանը զոհվել են, իսկ Կարեն Ջալավյանը` վիրավորվել... Ճակատագրի դառը հեգնանքով, հուլիսի 23-ին Էրիկը զոհվում է, իսկ նրան հողին են հանձնում հուլիսի 25-ին` ծննդյան օրը, երբ նա ընդամենը 18 տարեկան էր։ Մեկ ամիս հոսպիտալում բուժվելուց հետո Հրայրը կրկին վերադառնում է շարք։ Մասնակցում է Կուսապատի, Հեռուստաաշտարակի, Պուշկին յալի, Մեծ Շենի, Մոխրաթաղի ազատագրման ու պաշտպանական մարտերին։ Այդտեղից նրանց տեղափոխում են Հորադիզի ուղղություն։ Մասնակցում են Քյանդ¬Հորադիզի մարտերին և զինադադարը դիմավորում Աղդամի պաշտպանական դիրքերում։ Զինադադարից հետո Հրայրին տեղափոխում են Արշավիր Ղարամյանի հրամանատարությամբ գործող գումարտակ` որպես դասակի հրամանատար։ 

Ամբողջ պատերազմին նա մասնակցել է սպայի կարգավիճակով, լեյտենանտի կոչման արժանացել է 1992թ. հոկտեմբերի 10-ին։ 1995թ. հոկտեմբերին, ընտանեկան հանգամանքներով պայմանավորված, զորացրվել է։ 2003 թվականից նա կրկին ծառայության է վերադառնում, այս անգամ  արդեն ռազմամարզական վարժարան... Դասակի, վաշտի հրամանատար, մինչև զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ մայորի զինվորական կոչումով։ 

Անբասիր ծառայության համար մայոր Բաղդասարյանն արժանացել է ՙԱրիության համար՚, ՙՄարտական ծառայություն՚, ՙԱնբասիր ծառայության համար՚ (առաջին, երկրորդ, երրորդ աստիճանի), ՙԾովակալ Իսահակով՚ և մի շարք այլ մեդալներով:

-Գոհ եմ ու հպարտ, որ ինձ բախտ է վիճակվել լինել այն սերնդի ներկայացուցիչներից, ովքեր հաղթական բեկում մտցրին հայ ժողովրդի պատմության մեջ։ Եվ ամենակարևորը, ես և իմ սերնդակիցները միշտ պատրաստ ենք վտանգի ժամին  կանգնել առաջնագծում, անկախ տարիքից ու հանգամանքներից: Հայրենասիրությունն էլ հավատքի պես է, ոչ¬ոք չի կարող քեզ կողոպտել, այն քո ներսում միշտ կա, ներկա է։

Հպարտությունը կրկնապատկվում ու քառապատկվում է, երբ տեսնում ենք, որ մեր օրինակով դաստիարակված սերունդը գերազանցում է մեզ։ Մեր մարտական ընկերների թափած արյունը պարտադրում է ապրել զգաստ, զգոն ու պատրաստ ցանկացած անակնկալի։ 

Հայրենասիրության բանաձևը ըստ Հրայր Բաղդասարյանի`  սերն է հայրենիքի և նրանում ապրող մարդու հանդեպ։ Հարգանքն ու պատկառանքն այդ հողում ննջող զինվորի հիշատակի առջև, և այդ ամենը վտանգի պահին կյանքի գնով պաշտպանելու պատրաստակամությունը։

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ