[ARM]     [RUS]     [ENG]

ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ԺԱՌԱՆԳԱՎՈՐԱՑ ՎԱՐԺԱՐԱՆԸ

Երուսաղեմում` Հին քաղաքի Հայկական թաղամասում Է գտնվում  ժառանգավորաց վարժարանը: Նրա մասին Արցախից եկած ուխտավորներին պատմեց  վարժարանի  տեսուչ Տեր Թեոդորոս ԶԱՔԱՐՅԱՆԸ։

 Հայր Թեոդորոսը նախ որոշ տեղեկություններ հաղորդեց  Հին քաղաքի մասին: Այն    բաժանված է չորս մասի` հայկական, քրիստոնեական, մահմեդական, հրեական: Հայկական թաղամասը նրա մեկ հինգերորդ մասն է` 20 հա տարածք: Հայկական ներկայությունը Երուսաղեմում շատ վաղ ժամանակներից է`  Քրիստոսի ծննդից առաջ, երբ  Հռոմեական կայսրությունն իր տիրապետության տակ առավ Սուրբ  երկիրը: Պատմիչն ասում է, որ երբ Քրիստոսի ծննդից առաջ 60թ.հռոմեական բանակում ծառայող հայկական լեգիոնը մտավ  Սուրբ երկիր, տեղակայվեց քաղաքի արևմտյան պարսպի տակ: Դա հայկական ամենահին  գրավոր փաստն է, և  այդ փողոցը կոչվում էր Հայկական դեռ Քրիստոսի  ծննդից առաջ` հեթանոսական շրջանում: Եվ հավանական է, որ այդտեղ միայն հայ զինվորներ չէին, կային նաև հայ խանութպաններ, վաճառականներ: Այսինքն` արդեն այդ ժամանակներից  հայկական  ներկայությունը կար Սուրբ երկրում: Հայերն  այդտեղ կազմակերպված միավոր էին դեռ մինչև քրիստոնեությունը  պետական կրոն ընդունելը: Որպես հոգևոր միավոր` հայկական  ներկայությունը Երուսաղեմում թվագրվում է 154 թվականից: Քրիստոնեական առաջին հիշատակությունն այդ թվականից է: Տ. Թեոդորոսի վկայությամբ` այդ վկայությունը  օտարներինն է,  առաջին պատմական փաստը՝ որպես  եպիսկոպոսական  իշխանություն: Իսկ եպիսկոպոսը  եկեղեցու բարձրագույն իշխանությունն է: Այսինքն՝ արդեն 2-րդ դարում, երբ դեռ պետականորեն քրիստոնյա չէինք, հայերն արդեն  կազմակերպված եկեղեցի էին Սուրբ երկրում, և ոչ միայն ուխտավորներ էին գալիս և վանականներ`  աղոթելու, այլ գոյություն ուներ  եպիսկոպոսական  իշխանություն: Իսկ հայերի պետական դարձից հետո նրանց ներկայությունն այստեղ բավականին հաստատվեց և արդեն 4-րդ դարից սկսած, երբ կառուցեցին Սուրբ Հարության տաճարը,  հայերն ունեցան  ծանրակշիռ դիրք Սուրբ երկրում: Կոնստանդիանոսի կառուցած այդ  տաճարի շինությանն իր նպաստը բերեց մեր Տրդատ թագավորը:

Հայերի պատմական ներկայությունն այստեղ  բավականին ամուր հիմքերի վրա է: Միջին դարերում Սուրբ երկրում կային հայկական 72 վանքեր, եկեղեցիներ: Ցավոք, մահմեդական արշավանքների ժամանակ դրանց մի մասն անհետացել է: Այսօր այդտեղ ունենք 12 վանք և եկեղեցի`  ներառյալ սրբավայրերը, որոնք  պատկանում են հայ եկեղեցուն, հայոց պատրիարքությանը: 

Ժառանգավորաց վարժարանը Սուրբ երկրի հայոց  հոգևոր դպրանոցն է: Այն կրոնական գիշերօթիկ ուսումնական հաստատություն է, հիմնվել է 1843թ., ավելի վաղ, քան Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, որը հիմնադրվել է 1869թ.: Շենքը  մի քանի անգամ  տեղափոխվել է, և  վերջինը՝ 1975թ. է   կառուցվել: Նոր շենքը կառուցվել է Ալեք և Մարի Մանուկյանների հովանավորությամբ: Խորհրդային  70 տարիներին, երբ Էջմիածնի Գևորգյան ճեմարանը չէր գործում, փակված  էր, Երուսաղեմի  Ժառանգավորաց վարժարանն էր հոգևորականներ պատրաստում  Հայաստանի  համար: Հետո էլ արդեն Սփյուռքն էր աճել, եկեղեցիներ էին կառուցվում Եվրոպայում, ԱՄՆ-ում, արաբական աշխարհում: Հայաստանից չէին կարող հոգևորականներ գնալ:  Միակ աղբյուրն  այդ տարիներին, որ  հոգևորականներ էր մատակարարում, Ժառանգավորաց վարժարանն էր: Եվ այդ 70 տարիներին այստեղից էին հոգևորականներ գնում ծառայելու: Այսօր կան եպիսկոպոսներ, թեմի առաջնորդներ, վարդապետներ, քահանաներ, որոնք այս վարժարանի շրջանավարտներ են և ծառայում են տարբեր երկրներում` Հարավային Ամերիկայում, Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում: Վերջին 25 տարիներին ուսանողության գերակշիռ մասը գալիս է  Հայաստանից: Երբ  Խորհրդային Միությունը փլուզվեց,  կարծես նաև փրկություն եղավ այս հաստատության համար, քանի որ մինչ այդ արաբական աշխարհից էին ուսանողները գալիս, բայց   քաղաքական պատճառներով այլևս չէին կարողանում, նաև Թուրքիայից չէին կարողանում գալ: Եվ վարժարանը գրեթե փակման  վտանգի  առաջ էր կանգնած:  Այսօր վարժարարանի ուսանողների  90 տոկոսից ավելին  Հայաստանից են: Արդեն Հայաստանից  հոգևորական շրջանավարտներ ունի: 1995թ. առաջին  ձեռնադրված խմբի մեջ էր Հայր Թեոդորոս Զաքարյանը` մեր զրուցակիցը,  ով  արմատներով Արցախից է` Կուսապատ գյուղից: Եվ դրանից հետո սկսեցին  Հայաստանից  հոգևորականներ այստեղ ձեռնադրվել: Նրանցից մեկն էլ այսօր  ծառայում է  Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում: Վերջին տարիներին վարժարանն ունեցել է ուսանողներ նաև  Արևմտյան Հայաստանի կրոնափոխ, թուրքախոս և  մահմեդականացած ընտանիքներից: Նրանք գիտեն, որ հայ են և  երեխաներին ուզում են իրենց արմատներին, իրենց կրոնին վերադարձնել: Եկան այստեղ, մկրտվեցին, հայկական անուններ ստացան, սովորեցին, ավարտեցին և որպես հոգևորականներ այժմ ծառայում են Թուրքիայում: 

Վարժարանն ունի երկու բաժին` երկրորդական և Ընծայարան: Ուսանողները 8 տարի սովորելուց հետո պատրաստ են հոգևորական դառնալու` սարկավագի աստիճանով: Ավարտելուց հետո  դիմում են և  որևէ թեմում կարիք լինելու դեպքում գնում են այնտեղ  ծառայության: Հայաստանի քաղաքացիները պետք է վերադառնան Հայաստան, 2 տարի բանակում ծառայությունը կատարեն` որպես սարկավագ: 

Պատմության ընթացքում Ժառանգավորաց վարժարանը կատարել և շարունակում է ի  կատար ածել  իր հիմնադիրների և երախտավորների նպատակները:

Հեշտ չէ հոգևորական լինել հրեաների երկրում: Նրանք ինչպես Քրիստոսին չեն ընդունում, այնպես էլ չեն սիրում հայերին:  Հրեաներին դուր չի գալիս, որ հայերը մեծ ներկայություն,  հոգևոր մեծ արտոնություններ  ունեն այդտեղ, և ամեն ինչ անում են, որ նրանք թողնեն, հեռանան, լքեն իրենց սրբավայրերը: Բայց  Ժառանգավորաց վարժարանի սաները (անունն ինքը հուշում է, որ  գալիս են ժառանգելու մեր հոգևոր արժեքները) մեր հոգևոր սպասավորների հետ միասին պատվով և արժանապատվությամբ  են կրում  իրենց խաչը, ամուր  պահում հոգևոր մեր սահմանները, այսպես եզրափակեց իր խոսքը Տ. Թեոդորոսը:  

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Սեփանակերտ¬

Երուսաղեմ¬Ստեփանակերտ