ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԳԻՇԵՐԸ ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏՈՒՄ
Թանգարանային գիշերը ոչ միայն միջոց է մշակութային գիտելիքներ ձեռք բերելու, դրանք հարստացնելու համար, այլև ընկերներով, ընտանիքներով հաճելի ժամանց անցկացնելու գեղեցիկ առիթ:
Նման ձևով անցկացվեց Թանգարանային գիշերը Տիգրանակերտում, որը նախաձեռնել էր ԱՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչությունը: Համանուն պատմամշակութային արգելոցի տարածքում գործում է հնագիտական թանգարան, որն այսօր ամենաշատ այցելուներ ունեցող մշակութային օջախն է: Թանգարանային գիշերվան մասնակցելու համար մարդիկ տեղեկացվել էին ԱՀ էկոնոմիկայի նախարարության կայքէջից, և, ոլորտի մասնագետներից բացի, ներկա էին նաև այցելուներ Ստեփանակերտից և մոտակա գյուղերից:Ներկաները նախ լսեցին ՙՊատմական միջավայրի պահպանության ծառայություն՚ ՊՈԱԿ-ի գիտական գծով փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Նժդեհ Երանյանի բացատրությունները Տիգրանակերտի հնագիտական թանգարանի նորացված ցուցադրությունների մասին: Երիտասարդ հնագետի ուղեկցությամբ խումբը մտավ այն սրահը, որտեղ ներկայացված են Խաչենագետի հովտի մ. թ. ա. 1-ին հազարամյակի մշակույթը և հատկապես վերջին տարիներին արված պեղումների արդյունքները:
Այդտեղ ներկայացված են Մարտակերտի շրջանի Նոր Հայկաջուր գյուղի 2015թ., Նոր Կարմիրավան գյուղի 2016թ. պեղումների արդյունքները, Խաչենագետի հովտի տարբեր հատվածներից բերված որոշ գտածոներ:
Հնագետի բացատրությամբ` Նոր Հայկաջուրի պեղումների ժամանակ բացվել է մ.թ.ա. 9-8-րդ դարերին թվագրվող, հավանաբար, իշխանական վերնախավի որևէ ներկայացուցչի թաղում: Նա ավելի հանգամանալից կանգ առավ Նոր Կարմիրավան գյուղի պեղումների արդյունքների վրա:
2016թ. հոկտեմբեր ամսին Մարտակերտի շրջանի բնակիչներից մեկը Նոր Կարմիրավանի տարածքում նկատել է մի քանի մարդակերպ կոթողներ: Այդ մասին տեղյակ է պահել համապատասխան ծառայությանը, և արագ կերպով սկսվել են պեղումները: Դրանք իրականացրել է նույն ինքը` Ն. Երանյանը՝ պատմաբան Համլետ Պետրոսյանի ղեկավարությամբ: Նրա կողմից հետազոտական աշխատանքների ընթացքում վավերացվել է մարդակերպ 7 կոթող, որոնք ցուցադրված են թանգարանում և ներկայացնում են մ. թ. ա. 9-7-րդ դարերով թվագրվող մշակույթը: Դրանք երկայնական ուղղաձիգ սալեր են, որոնք հորիզոնական ակոսների միջոցով բաժանվում են պայմանական երեք մասերի. ստորին, որը հողի մեջ էր, միջին հատվածը, որն իրանն էր ներկայացնում, և վերին մաս՝ գլուխը։ Կոթողների մի մասի հակառակ կողմում պատկերված է դաշույն` պատյանի մեջ: Բոլոր այդ շուրջ 30 կոթողները հայտնաբերվել են Արցախի տափաստանը լեռնաշխարհին կապող հատվածում` ձգվելով մոտ 30-40 կմ, և շատ լավ ներկայացնում են Արցախի տափաստանային շրջանի մշակույթը։ Ներկայումս այդ կոթողների մի մասը գտնվում է բաց դաշտում` հայտնաբերման վայրում, մի քանիսը` Մարտակերտի պատմաերկրագիտական թանգարանում, մի մասը դեռ խորհրդային տարիներից տեղափոխվել է Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարան:
Ինչո՞վ են հետաքրքիր Նոր Կարմիրավանում կատարված պեղումները: Հնագետի խոսքով` նրանով, որ նախկինում հայտնի շուրջ 20 կոթողներից որևէ մեկը հնագիտորեն չէր վավերացվել իր կանգնեցման նախնական վայրում, կան մի քանիսի մասին տեղեկություններ, թե ինչ պայմաններում են հայտնաբերվել: Նոր Կարմիրավանի կոթողների նման կուտակումը մեկ վայրում, ինչպես նաև լանդշաֆտը հուշում են, որ կոթողները գտնվում են իրենց կանգնեցման կամ գուցե պատրաստման նախնական վայրում: Պեղումներն անավարտ են, բայց արշավախումբը հույս ունի, որ այս տարի կշարունակվեն:
Ն. Երանյանը նաև տեղեկացրեց, որ այդ կոթողների հայտնաբերումից հետո շրջակայքում հետախուզական աշխատանքներ կատարելու ընթացքում մոտակայքում` կոթողների կուտակման հիմնական վայրից մոտ 200 մ դեպի հյուսիս փորված ջրանցքի հատակում, հայտնաբերվել է 7-5րդ դարերով թվագրվող սափոր: Արշավախումբը տեղում պեղումներ է իրականացրել և գտել մ. թ. ա. 8-6-րդ դարերով թվագրվող՝ թաղման ծեսին ուղեկցող 18 անոթ։
Հնագետի պարզաբանմամբ` ընդհանրապես մարդակերպ կոթողներ հայկական շրջաններում տարբեր ժամանակներում հանդիպում են։ Արցախյան կոթողները ներկայացնում են մի առանձին խումբ, որին բնորոշ են քանդակման նույն տեխնիկան, նույն պատկերագրությունը: ՙՇատ հետաքրքիր մի նկատառում. խորհրդային տարիներին գո՞ւցե պատահմամբ, գո՞ւցե միտումնավոր, Արցախը դուրս էր մնացել հետազոտական դաշտից, բայց նոր ժամանակներում ի հայտ եկած այդ փաստերը նորություն են բերում առհասարակ Առաջավոր Ասիայի բրոնզ-երկաթե դարի մշակույթի համատեքստում և նշվում որպես այդ կարևորագույն ճանապարհի մի մասը՚,-ասաց հնագետը:
Նոր Կարմիրավանի հետազոտություններն այս փուլում ավարտվել են։ Հնագետի համոզմամբ` Նոր Կարմիրավանի պեղումները Տիգրանակերտի շրջակայքի հետազոտությունների մաս են կազմում։
Գիշերային էքսկուրսիայի մասնակիցներին կազմակերպիչները հրավիրեցին Արքայական աղբյուրների մոտ `թեյախմության, ինչպես և՝ Նարեկացի արվեստի միության սաների համերգին:
Մինչև կեսգիշեր մասնակիցներն ըմբոշխնում էին տարածքի վայրի բուսականության և արգելոցի ներսում մշակված գեղեցիկ ծաղիկների զգլխիչ բույրը: Խարույկը, Արքայական աղբյուրների համով ջրով պատրաստված թեյն ակամայից պարուրում էին բանաստեղծական ՙԳիշերն անուշ է, գիշերն հեշտագին՚ ռոմանտիկ զգացումներով, բայց գերիշխողն, այնուամենայնիվ, պատմական միջավայրի ազդեցության զգացողությունն է, Տիգրան Մեծի հզորության ընկալումը: