ԿՈԴԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ՝ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ

Փոստային կապը հեռահաղորդակցության ու կապի այն միջոցներից է, որը տարիների ընթացքում չի կորցրել իր արդիականությունը՝ չնայած կապի նոր ձևերի ի հայտ գալուն և զարգացմանը։

Փոստային կապի ազգային օպերատորը ԼՂՀ-ում ՙԱրցախփոստ՚ ՓԲԸ-ն է։ Ինչպե՞ս է աշխատում, ի՞նչ խնդիրներ, դժվարություններ, զարգացման հեռանկարներ ունի այն. այս ամենը՝ ՙԱրցախփոստ՚ ընկերության գործադիր տնօրեն Գարիկ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ հարցազրույցում։ 

-Պարոն Գրիգորյան, օրերս մասնագիտական տոնի առթիվ ոլորտում ունեցած ներդրումների համար Դուք պարգևատրվեցիք  ԱՀ էկոնոմիկայի նախարարության Ոսկե մեդալով, ինչի առթիվ շնորհավորում ենք։ 

-Շնորհակալություն։ 

-Տարեցտարի կապի նոր միջոցներ են ի հայտ գալիս, որոնք  ծառայությունների շուկայում փոստային կապի համար փաստորեն մրցակիցներ են հանդիսանում։ Դա չի՞ դժվարացնում ընկերության՝ որպես  կապի  մի ձևի օպերատորի, աշխատանքը։ Կարողանո՞ւմ եք մրցակցել։ 

-Հաշվի առնելով փոստային ոչ ավանդական ծառայություններում օր օրի  արձանագրվող բացասական միտումները, մեր ընկերությանը մնում է ֆինանսական նոր ռեսուրսներ որոնել հենց ավանդական փոստային ծառայությունների բնագավառում։

Ուրախալի է նշել, որ տարեցտարի աճում է ավանդական փոստային ծառայություններից օգտվողների թիվը, բնականաբար, նաև մեր հանրապետությունից արտերկիր առաքվող և ստացվող փոստային առաքանու՝ նամակների և ծանրոցների ծավալները։ Այս բնագավառում ընկերության եկամուտները աճել են 3,7 տոկոսով։ Արցախցիներն անմասն չեն նաև էլեկտրոնային առևտրից, ինչը ևս  շահավետ է փոստային կապի    օպերատորի համար.  եթե 2015թ. մենք  տասնյակ երկրներից ստացել, մշակել և տրամադրել էինք  26 հազար 400 փաթեթ և ծանրոց, ապա  2016-ին այդ թիվը հասել է 45 հազար 200-ի։ Սրա կողքին պիտի արձանագրել, որ տարեցտարի անկման միտում է արձանագրվում փոստային ծառայության մեկ այլ՝ հեռագրերի ընդունման և առաքման բնագավառում։ Մուտքերի նվազման պատճառը պայմանավորված է նախևառաջ տեղեկատվական տեխնոլոգիաների հետևողական զարգացմամբ, էլեկտրոնային փոստային ցանցի համապարփակ  ընդլայնմամբ։ 2016թ. արցախցիների հասցեով ստացված և արտերկիր ուղղարկված հեռագրերի դիմաց ստացել ենք ընդամենը 796 հազար դրամ գումար՝ 2015 թվականի համեմատությամբ 11 տոկոսով պակաս։

-Ի՞նչ ծառայություններ է Արցախի քաղաքացիներին մատուցում ՙԱրցախփոստը՚։

 Այդ ծառայություններից ստացված գումարները ընկերության  միա՞կ եկամուտն են, թե՞ պետբյուջեից ևս ֆինանսավորում ունեք։ 

-Պետական ֆինանսավորում մենք չունենք։ ՙԱրցախփոստ՚ ՓԲԸ-ն տնտհաշվարկային  կազմակերպություն է. եկամուտները գոյանում են մատուցած ծառայությունների հաշվին։ 2016թ. մեր հասույթը կազմել է 329մլն  դրամ։ Հասույթի հիմնական աղբյուր են հանդիսանում թոշակների, նպաստների և սոցիալական այլ հատուցումների վճարումներից ստացված գումարները։  Ընկերության եկամուտների մեջ երկրորդ խոշոր հոդվածը մնում է վճարահաշվարկային ծառայությունների մատուցումից ստացված հասույթը։ Չնայած հանրապետությունում գործող առևտրային բանկերի կողմից մրցակցությանը, այնուամենայնիվ, ընկերությունում 2016թ. աճել են սպառված բնական գազի և էլեկտրաէներգիայի վճարների հավաքագրման ծավալները։ Ֆիքսված և բջջային հեռախոսների վարձավճարների հավաքագրման ծավալները վերջին երկու տարիներին նվազել են։ Եկամուտներ են ապահովվում  նաև կոմունալ՝ կենցաղային և այլ ծառայություններից՝ կադաստրի, պետավտոտեսչության և ոստիկանության անձնագրային բաժինների հենակետերից,  կոմունալ վճարների հավաքագրման միջնորդավճարներից։ 

-Արցախում գործող տնտհաշվարկային կազմակերպությունների մեծ մասն աշխատում է վնասով, և հաճախ պետությունից փոխհատուցում է տրամադրվում։ Դուք շահույթո՞վ, թե՞ վնասով եք աշխատում։

-2016թ. մենք եզրափակել ենք առանց պարտքերի՝ չունենալով հարկային և վարկային չկատարած պարտավորություններ, բայց, քանի որ ՙԱրցախփոստը՚ փոստային կապի միակ օպերատորն է Արցախում, այնուամենայնիվ, պետական աջակցություն ակնկալում ենք։ Մեր եկամուտները, ինչպես արդեն նշեցի, գոյանում են ծառայությունների մատուցումից, իսկ այդ ծառայությունների պատվիրատուների մեծ մասը պետական կառույցներն են։ Ընկերության ֆինանսատնտեսական ցուցանիշներն ավելի բարձր կլինեին, եթե Քաշաթաղի մասնաճյուղում տարեկան ավելի քան 10 մլն վնաս չարձանագրվեր: Այդ շրջանն, ինչպես հայտնի է, ունի իր առանձնահատկությունները և հատուկ մոտեցում է պահանջում: Մենք բազմիցս բարձրացրել ենք այդ վնասի սուբսիդավորման հարցը:

-Քանի՞ աշխատող ունի ՙԱրցախփոստը՚։ Հաջողվո՞ւմ է առկա կադրային ռեսուրսով արդյունավետ աշխատանք կազմակերպել։ 

-Անցյալ տարվա տվյալներով՝ աշխատողների հիմնական թիվը  237 մարդ է, միջին աշխատավարձը՝ 76 հազար դրամ։ Ընկերության անցյալ տարվա ծախսերը կազմել են 289մլն 761 հազ. դրամ։ Դրանց ավելի քան 81 տոկոսը աշխատավարձի ֆոնդն է։ Մի քանի տարի առաջ ստիպված եղանք գնալ ընկերության հաստիքացուցակի օպտիմալացման, կատարվեցին կրճատումներ ծախսային հոդվածներում։ 

-Ուրիշ ի՞նչ խնդիրներ ունի ընկերությունը, և Դուք, որպես նրա  գործադիր տնօրեն, ինչպե՞ս եք տեսնում դրանց լուծումը։ 

-Ցավոք, անցյալ տարվանից սկսած՝ ամսեամիս նկատելի նվազում ենք արձանագրում ընկերության մուտքերի հիմնական հոդվածում։ Պատճառն այն է, որ թոշակների վճարմանն անցյալ տարի  առաջին անգամ մասնակից է դարձել ՙԱրցախբանկը՚. ամսվա կտրվածքով քարտային համակարգով բանկի կողմից բնակչությանը վճարվել է մոտ 80մլն դրամ գումար, իսկ դա նշանակում է, որ մեր ընկերության եկամուտները մեկ ամսում նվազել են 960 հազար դրամով։ Կապված թոշակների վճարման գրաֆիկներում պարբերաբար արձանագրվող բացասական տեղաշարժերին, պրոբլեմ է ծագել ընկերության ավտոտրանսպորտային միջոցների պահպանման ծախսերը պլանավորված   մակարդակում պահելու մեջ։ Եթե նախկինում գյուղական բնակավայրեր թոշակների տեղափոխումն իրականացվում էր 4-5 ուղերթով, ապա այսօր դրանց անկայուն ֆինանսավորման պատճառով ուղերթների թիվը գրեթե  կրկնապատկվել է։ Իսկ դա ընկերությանը բերում է վառելիքի հավելյալ ծախս, ավտոմեքենաների չպլանավորված նորոգումներ։ 

Ամենաշատ մտահոգող հարցերից մեկը ավտոտրանսպորտային հավաքակայանի տեխնիկական վիճակն է, որը չի թարմացվում արդեն 6 տարի։ Ավտոտրանսպորտային միջոցների մի մասը հատել է շահագործման 15 տարվա ժամկետը։ Մյուս կարևոր հարցերից մեկը ընկերության հաշվեկշռում գտնվող շենք-շինությունների պահպանման հարցն է. նրանց մեծ մասը վերանորոգման կարիք ունի։ Սպասարկման սրահների վերակառուցումն ու ժամանակակից տեխնիկական հագեցվածությունը կօժանդակեն նոր ծառայությունների ձևավորմանը, գուցե նաև՝ կոմունալ կենցաղային վարձավճարների հավաքագրման բազայի ընդլայնմանը։ 

-Արցախում փոստային կապի ծառայությունների զարգացման ի՞նչ հեռանկարներ կան, ՙԱրցախփոստն՚ ի վիճակի՞ է լուծելու իր առջև դրված խնդիրները և կապի այդ ոլորտը զարգացման նոր մակարդակի բարձրացնելու։ 

-Տարիների ընթացքում  ընկերությունը  վստահելի գործընկերոջ անուն է ձեռք բերել հանրապետությունում գործող հայաստանյան առևտրային բանկերի մոտ։ ՙՀայբիզնեսբանկի՚, ՙԱրարատբանկի՚ և ՙԿոնվերսբանկի՚ հետ ունենք համագործակցության պայմանագրեր, որոնց համաձայն մեր ընկերությունն իրականացնում է բանկերի արժույթի և արտարժույթի փոխադրումներ հանրապետության տարածքում։ Անցյալ տարի ինկասացիոն ծառայությունից ստացել ենք մոտ 3մլն դրամ շահույթ: Համապատասխան եկամուտներ ապահովելու դեպքում նպատակ ունենք ձեռք բերել ինկասացիոն մեքենա՝ այդ ծառայությունների որակը բարելավելու համար։ ՙՀայփոստի՚ հետ բանակցություններ ենք տանում Գորիս-Ստեփանակերտ-Գորիս փոստափոխադրման ուղերթները դարձնել երեքանգամյա, ներկայումս գործող երկուսի փոխարեն, ինչը դրականորեն կազդի փոստի՝ արտերկիր առաքումների ժամկետների կրճատման վրա։ Ուրախությամբ պիտի արձանագրեմ, որ տարիների համառ և հետևողական աշխատանքի արդյունքում միջազգային փոստափոխադրման քարտեզում այսօր արդեն հայտնվել է Արցախի Հանրապետության տարածքը։ Աշխարհի ցանկացած կետից դեպի Արցախ և այստեղից աշխարհի ցանկացած երկիր ուղարկվող փոստային առաքանու հետագծին այսուհետ հնարավոր կլինի հետևել մեզ մոտ կոդավորման համակարգի ներդրման շնորհիվ։ Սա ՙԱրցախփոստի՚՝ միջազգային ասպարեզ դուրս գալու և միջազգային ընկերակցության հետ լիիրավ անդամի իրավունքներով համագործակցելու հերթական նվաճումն է։ 

Զարգացման մեծ հեռանկարներ կան ֆիլատելիայի   բնագավառում։ Հաշվի առնելով, որ փոստային վճարման պետական նշանները՝ նամականիշները, նաև արտացոլում են պետության անկախությունը և կոչված են խթանելու հետաքրքրությունը մեր երկրի նկատմամբ, հանդիսանալով Արցախի հիշարժան տարեթվերին նվիրված միջոցառումների ու մշակութային ժառանգության քարոզչության միջոց, ընկերությունում աշխատանքենր են տարվում դրանց  թողարկման ավելացման, տեսականու հարստացման, արտերկրում ապրող ֆիլատելիստների ֆինանսական ներգրավվածության ապահովման ուղղությամբ։ Անցյալ տարի թողարկել ենք 14 անուն նամականիշ՝ 221 հազար ընդհանուր տպաքանակով և մեկ գեղաթերթիկ՝  7000 տպաքանակով։  Ճիշտ է, ապրիլյան դեպքերից հետո տուրիստների հոսքի նվազումը բացասաբար է անդրադարձել  դրանց վաճառքի վրա։ Հանրապետության հռչակման 25-ամյակին նվիրված նամականիշների մարումն ու շրջանառության մեջ դնելը տեղի են ունեցել հենց սեպտեմբերի 2-ին՝ ԱՀ և ՀՀ բարձրաստիճան ղեկավարության անմիջական մասնակցությամբ։ Արցախի նամականիշների, գեղաթերթիկների, նամականիշների թեմատիկ հավաքածուների, բուկլետների վաճառքի ծավալն անցյալ տարի կազմել է 21մլն դրամ: Հպարտությամբ ենք նշում, որ տարեցտարի նամականիշներն իրենց բազմազանությամբ, պրոֆեսիոնալ դիզայներական աշխատանքի շնորհիվ մեծ տարածում և հեղինակություն են ձեռք բերում աշխարհում, հայտնվում ամենահեղինակավոր ամսագրերի էջերում և ֆիլատելիայի բնագավառում մասնագիտացած կայքէջերում, դրանով իսկ նպաստելով Արցախի ճանաչմանը։ Ամենաթարմ օրինակներից մեկն այն է, որ Ամերիկայի ֆիլատելիստական ընկերակցությունը, որն ունի 30 հազար անդամ և իր ամենամսյա ՙAmerican Philatelist՚  հանդեսի էջերից մեկը սովորաբար նվիրում է փոստի համաշխարհային միության անդամ որևէ երկրի, այդ երկրի ֆիլատելիստական արտադրանքին, 2017թ. մարտ ամսվա համարում բացառության կարգով ընդարձակ հոդված է տպագրել ԱՀ¬ի և նրա փոստի ազգային օպերատորի՝ ՙԱրցախփոստ՚ ընկերության ֆիլատելիայի բնագավառում պրոֆեսիոնալ գործունեության մասին։ 

Սրբուհի ՎԱՆՅԱՆ