ԳԹԱՍՐՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՐԵԿՑԱՆՔԻ ԿԵՆԴԱՆԻ ՕՐԻՆԱԿ
ՙԱվրորայի՚ առաջին մրցանակակիրն ԱրՊՀ-ում էր
Մայիսի 23-ին Արցախի պետական համալսարանի դահլիճում բուհի ուսանողադասախոսական կազմը հյուրընկալել էր ՙԱվրորա՚ միջազգային մարդասիրական մրցանակի առաջին դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեին: Պատվավոր հյուրի գլխավորած պատվիրակությանն ուղեկցում էին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, հիշյալ մարդասիրական նախաձեռնության ծրագրերի ղեկավար Արման Ջիլավյանը: Մինչ հանդիպումը հյուրերը ծաղիկներ են խոնարհել Արցախյան ազատամարտում նահատակված ուսանողների հիշատակին կառուցված հուշաքարին:
Ողջունելով հյուրին` ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը բարձր է գնահատել Բարանկիցեի ծավալած գործունեությունը, անդրադարձել վերջինիս կողմից հիմնված Maison Shalom (ՙԽաղաղության տուն՚) բարեգործական կազմակերպության կողմից կյանքի կոչված մարդասիրական ծրագրերին: Բուհի ղեկավարն իր խոսքում Մ. Բարանկիցեի կյանքը մարդկանց օգնելու մեծ առաքելություն է որակել, հիշեցնելով, որ նա իր գործունեությամբ հարազատ երկրի՝ Կենտրոնական Աֆրիկայում գտնվող Բուրունդիի Հանրապետությունում բռնկված քաղաքացիական պատերազմի տարիներին հազարավոր մարդկանց, այդ թվում՝ 30 հազար երեխայի կյանք է փրկել: Այսօր էլ նրա հիմնադրած հիվանդանոցում բուժվում են բազմաթիվ կարիքավոր մարդիկ: ՙԱյդպիսիք լույս, հավատ և սեր են սփռում իրենց շուրջը, նրանց հետ շփումներն առաջին հերթին յուրատեսակ դաս են մեզ բոլորիս և հատկապես ուսանողության համար՚,-նշել է Մ. Մինասյանը և համոզմունք հայտնել, որ Բարանկիցեն իր կյանքով և գործունեությամբ գթասրտության և կարեկցանքի կենդանի օրինակ է, դժվար պահերին՝ հույսի շող:
Հյուրերին ողջունել է նաև Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Ն. Աղաբալյանը: Նա մանրամասնել է, որ հիշյալ մրցանակը շնորհվում է Հայոց մեծ եղեռնը վերապրածների անունից՝ ի երախտագիտություն նրանց, ովքեր փրկության ձեռք են մեկնել հայ ժողովրդին: Ամենամյա մրցանակն ստեղծվել է մարդկության ուշադրությունը եւս մեկ անգամ ուղղելու աշխարհում այսօր տեղի ունեցող աղետներին ու ոճրագործություններին, մեծարելու մերօրյա հերոսներին, ովքեր անձնվիրաբար օգնում են կարիքավորներին: Անդրադառնալով ՙԱվրորայի՚ ստեղծման նախապատմությանը, նախարարը հիշեցրել է« որ ՙԱվրորա՚ մրցանակը ՙ100 կյանք՚ նախաձեռնության բաղադրիչներից մեկն է և հիմնադրվել է հայ բարերարներ Ռուբեն Վարդանյանի, Նուբար Աֆեյանի և Վարդան Գրեգորյանի կողմից:
Այդ ձեռնարկումով նախաձեռնության համահիմնադիրները նպատակ են հետապնդում գնահատել և արժանին հատուցել բոլոր նրանց, ովքեր մարդկային կյանքեր փրկելու առաքելություն են իրականացնում ամբողջ աշխարհում: ՙՀայոց մեծ եղեռնից հարյուր տարի անց այսպիսին է հայերիս պատասխանը ցեղասպանությունից մազապուրծ հայրենակիցներին ձեռք մեկնած այլազգի մարդասերներին՚,-նշել է Ն. Աղաբալյանը և հիշեցրել, որ հաշված օրեր անց Երևանում կամփոփվեն այս տարվա մրցանակաբաշխության արդյունքները, ու հայտնի կդառնա երկրորդ դափնեկրի անունը: Մրցանակաբաշխության հանձնաժողովում ընդգրկված են ճանաչված գործիչներ, և նրանց անկախ գնահատականներով է որոշվում, թե ով է արժանանալու այդ մրցանակին: Ն. Աղաբալյանը Մ. Բարանկիցեի` անդրանիկ մրցանաբաշխության դափնեկիր ընտրվելը պատահական չի համարում, քանի որ իր ամբողջ կյանքում վտանգելով սեփական կյանքը` նա փրկում է մարդկանց` նրանց տալով գոյատևելու եւ բարօրության հասնելու հնարավորություն: Ընտրող հանձնաժողովը կարեւորել է նրա գործունեության բացառիկ նշանակությունը` որբերի ու փախստականների փրկությանն ուղղված նրա ջանքերը:
Մ. Բարանկիցեն Հայաստան է այցելել սպասվող նոր մրցանակաբաշխության առիթով և դրան նախորդող օրերին ցանկություն է հայտնել լինել Արցախում: Ն. Աղաբալյանն արցախցիների անունից շնորհակալություն հայտնեց այցի համար և շեշտեց, որ Արցախում շատ լավ գիտեն, թե ինչ է նշանակում օգնության ձեռք մեկնել մարդկանց, ովքեր, թվում է, կորցրել են արդեն վերջին հույսը: ՙՄենք անցել ենք նման փորձությունների միջով, արժանապատվորեն հաղթահարել անկարելի թվացող փորձություններն ու ցավը: Այժմ Դուք Ձեր փորձով մեր երիտասարդներին կպատմեք, թե ինչպես պետք է հաղթել դժվարությունները՚,- ասել է նա: Նախարարը հայտնեց նաև, որ հյուրերից մեկն առաջարկություն է հնչեցրել կազմակերպել այն բոլոր երիտասարդների այցն Արցախ, ովքեր պատերազմի պատճառով ստիպված են եղել լքել իրենց հայրենիքը` այստեղ հասկանալու և համոզվելու համար, որ պետք է մնալ հայրենիքում և պետք է փորձել դիմագրավել ցանկացած դժվարության:
Միջոցառման ընթացքում ներկաների համար նաև մրցանակակրի գործունեության մասին պատմող ֆիլմ ցուցադրվեց:
ՙԱվրորա՚ նախաձեռնության ներկայացուցիչ Արման Ջիլավյանն անդրադարձել է մարդասիրական մրցանակի ստեղծման շարժառիթներին, ներկայացրել կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունները, որոնք առավելապես կապված են Հայոց ցեղասպանության հետ: Նա նշել է, որ այդ մրցանակը միտված է հավասարապես ե՜ւ անցյալին, ե՜ւ ապագային՝ երախտիք հայտնելով անցյալում ինքնազոհաբերության օրինակների հեղինակներին եւ միաժամանակ աջակցելով մարդասիրական քայլերը: Մրցանակը ճանապարհ է հարթում՝ օգնելու եւ ֆինանսապես աջակցելու ապագայում խիզախության եւ կարեկցանքի դրսեւորումներին:
Մարգարիտ Բարանկիցեն իր խոսքում ուղերձ է փոխանցել ՙԱվրորայի՚ հիմնադիրներին, ասելով, որ ինքը հիացած է նրանց գործերով: Նա ուսանողներին է ներկայացրել իր կյանքի պատմությունը, նշել, որ իր համար միշտ որպես կենդանի ուղենիշ է ծառայել մայրը, ով ժամանակին դստերը խորհուրդ էր տվել մոմ լինել խավարի մեջ: Մարդասիրական իր գործունեությունը Բարանկիցեն սկսել է տասնվեց տարեկանից՝ որդեգրելով անօթևան առաջին մանուկներին: Քսանչորս տարեկանից մասնագիտությամբ ուսուցչուհի Բարանկիցեն կարողացել է նաև կրթարան հիմնել:
Մրցանակակիրը համոզված է, որ աշխարհը վերափոխելու միակ զենքը կրթությունն է: Իսկ բարությունը կարող է երջանկացնել բոլորին: ՙԵս հիացած եմ ձեր երկրով, մշակույթով և երիտասարդությամբ։ Երբ դու ունես կարեկցանք, քեզ ոչինչ չի կարող կանգնեցնել: Ես ձեր ծնողների նման մեկ նպատակ եմ միայն ունեցել` ազատ ու երջանիկ տեսնել իմ հայրենիքը: Նույնիսկ եթե ոչինչ չունենք, մենք կարող ենք պարգևել խինդ ու քնքշանք` անկախ ազգությունից և էթնիկ պատկանելությունից՚,-ասել է նա:
Հանդիպման վերջում ԱրՊՀ ռեկտոր Մ. Մինասյանը Մարգարիտ Բարանկիցեին ծաղիկներ և խորհրդանշական հուշանվերներ է հանձնել:
Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ