[ARM]     [RUS]     [ENG]

ԱՆԿԵՂԾՈՒԹՅԱՆ ՊԱՀԵՐ

Ի՞նչ զգացումներ ունեն դպրոցն ավարտելու կապակցությամբ: Ի՞նչ են տանում դպրոցից: Ո՞ւր են տանում իրենց երազանքները. մի խումբ շրջանավարտներին ուղղված մեր այս հարցմանը ստացանք հետևյալ պատասխանները. 

 Մարգարիտ ՄԱՐԳԱՐՅԱՆ, Շահումյանի շրջանի Նոր Վերինշենի միջնակարգ դպրոց.

 -Ահա և վերջ: Տասներկու երկարուձիգ տարիներ հետո թախիծն ու ուրախությունը միախառնվել են: Դասարանը, նստարանը, մեր սիրելի  ուսուցիչները, դասընկերները` որպես անմոռանալի հիշողություն կմնան իմ հոգու ամենանվիրական անկյունում:   

Դպրոցական տարիներն իմ կյանքի ամենաուրախ,  ջերմությամբ լի տարիներն էին, որոնց հրաժեշտ եմ տալիս` չմոռանալու զգացումով համակված:

Դպրոցն այն տունն է, ուր ձևավորվեցի որպես մարդ: Սովորեցի կյանքում գնահատել գեղեցիկն ու ազնիվը, արժևորել հայրենիքը, ուսումը, և ինչու չէ` մարդ արարածին: Դպրոցը մի լուսավոր օղակ է իմ հիշողության մեջ, ուր չկա ոչ մի մռայլ ու սև կետ: Դպրոցն ինձ ուժ տվեց, որպեսզի ամուր ու վստահ կանգնեմ նոր կյանքի ճանապարհին:

Հաճախ եմ ՙնավարկում՚ իմ երազանքների փոքրիկ նավակով կյանքի մեծ ու փոթորկուն օվկիանոսում: Ամեն կերպ փորձում եմ ինձ համար հարթել կյանքի ողորկ ու անխոչընդոտ ուղի:                                              

Իմ երազանքներն ինձ տանում են մի աշխարհ, ուր վեր է խոյանում մեծ ու լուսավոր մի դպրոց` լի աշակերտներով, իսկ ես, որպես ուսուցիչ, մատյանը ձեռքիս մտնում եմ դասարան և ժպիտով ասում. ՙԲարի լույս, սիրելիներս՚:

Գոռ ՍԱՐԳՍՅԱՆ, Բերձորի Վահան Թեքեյանի անվան հ. 1 միջնակարգ դպրոց. 

-Ուրախ եմ,  որ ավարտում եմ դպրոցը, մտնում եմ նոր կյանք: Շուտով բանակ եմ զորակոչվելու` ծառայողական պարտքս տալու հայրենիքիս: Օգտվելով առիթից` ուզում իմ երախտագիտությունը  հայտնել ուսուցիչներիս, ուզում եմ, որ նրանք  մեզ  միշտ  բարի հիշեն, հավատան, որ իրենց տված գիտելիքները, ինչպես նաև խորհուրդները  մենք անպայման կօգտագործենք` ի նպաստ  հայրենիքի բարգավաճման:

Դպրոցից տանում եմ միայն ու միայն լավ հիշողություններ, կայուն գիտելիքներ, հետաքրքիր ու նվիրական պահեր:

Ինչպես բոլորը, ես ևս ունեմ երազանք:  Նախ և առաջ ուզում եմ, որ երկրիս սահմանները խաղաղ  լինեն, որ հարուստ պետություն դառնանք: Ուզում եմ գյուղատնտեսության բնագավառի լավ մասնագետ դառնալ, ես էլ իմ ավանդն ունենամ նրա զարգացման գործում:

Շողեր ՍԱՐԳՍՅԱՆ, Ստեփանակերտի հ. 11 ավագ դպրոց.

-Ուրախ եմ, ակնկալում եմ կյանքի նոր` ավելի հետաքրքիր փուլ: Դպրոցից հետո ազատության սահմանները լայնանում են: Ուրախ եմ, որ շուտով կունենամ այդ նոր ազատությունը, բայց չգիտեմ` ինչպես այն կարող եմ շահավետ օգտագործել: 12 տարիների ընթացքում հասցնում ես սիրել, գնահատել, ատել անընդունելին, վատը: Գիտակցում եմ ինձ սպասող դժվարությունները, և փոքր¬ինչ անվստահությամբ եմ մտածում, թե ինչ կլինի վաղը, մյուս օրը։

Չեմ կարող ասել, որ այսօր ունեցած  գիտելիքներս ինձ բավարարում են: Սակայն ավագ դպրոցը տվեց կյանքի անմոռանալի դասեր: Հասկացա, որ ինչքան էլ սովորեմ,  միշտ կարիք կունենամ նորը սովորելու: Դպրոցն է ստեղծում  պայմաններ ու միջավայր, որպեսզի ինքդ սովորես սեփական կարծիքդ պաշտպանելու, ուրիշների տեսակետը հարգելու, ավելի համբերատար և պատասխանատու լինելու,  դիմացինիդ հարգելու ձևը: Շնորհիվ դպրոցի` արդեն ունեմ դիմադրողականություն գալիք դժվարությունների հանդեպ:  

Երազանքներս դեպի թուղթն ու գրիչն են ինձ տանում: Թուղթն անկեղծություն է սիրում: Իսկ լավագույն մասնագիտությունն անկեղծ ու ճշմարտապահ լինելու համար լրագրությունն է: Ուզում եմ ունենալ վստահելի զենք՝ հասարակության կյանքը բարելավելու համար: Տվյալ  պարագայում դա կարող է լինել միայն գրիչը:  

Հուսով եմ` ուսուցիչներս շուտով կտեսնեն իրենց նվիրվածության ու չարչարանքի արդյունքները: Շնորհակալ եմ դպրոցիս, ուսուցիչներիս, դասընկերներիս`  դժվար ու բերկրալի պահերն ինձ հետ կիսելու համար: Երախտագիտության ամենաջերմ խոսքերը պիտի ասեմ ծնողներիս: Իմ դպրոցական կյանքի յուրաքանչյուր օրը նրանք ապրել են ինձ հետ միասին: Բոլոր դժվարություններն անհնարին կլիներ հաղթահարել առանց հարազատներիս օգնության: Եվ շնորհավորում  եմ բոլոր շրջանավարտներին: 

     

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ