[ARM]     [RUS]     [ENG]

ՙԱՐԱՅԻԿ՚ ՋՈԿԱՏԻ ԱՆՑԱԾ ՀԱՐՈՒՍՏ ՄԱՐՏԱԿԱՆ ՈՒՂԻՆ

 

 

 

Օրերս Ճարտարի մշակույթի տանը տեղի ունեցավ ՙԱրայիկ՚ ջոկատի ստեղծման  25-ամյակին նվիրված միջոցառում:

Նպատակն էր հարգանքի տուրք մատուցել ջոկատի զոհված ազատամարտիկների հիշատակին, միասին վերապրել այն դաժան ու հերոսական պահերը, զգալ միասնական ոգու ուժը, ոգեշնչվել և փոքր-ինչ ջերմացնել մայրերի, այրիների սրտերը՝ համոզված լինելով, որ օրվա խորհուրդն արձագանք կգտնի այսօրվա երիտասարդների սրտերում, օրինակ կծառայի ապագա երկրապահի դաստիարակման գործում: Կազմակերպիչն էր ՙԱրայիկ՚ ջոկատի հրամանատար, Աֆղանստանի պատերազմի մասնակից, այժմ Շուշիի շրջանի դատախազ Վահրամ Ղահրամանյանը, ում աջակցել է Ճարտարի մշակույթի տան ղեկավարությունը:

Ըստ Վահրամ Ղահրամանյանի՝ Շուշիի ազատագրումից հետո, երբ մայրաքաղաքից հեռացվել էր անմիջական վտանգը, առաջ եկավ  գյուղերի պաշտպանության խնդիրը, մասնավորապես, հայրենի  Ճարտարի, ինչի  կապակցությամբ գյուղը  պահող տղաները  հատուկ ջոկատ կազմավորելու առաջարկ են ստացել: 1992թ. մայիսի 14-ին ստեղծվեց ՙԱրայիկ՚ հատուկ ջոկատը, որը հայրենի գյուղի պաշտպանությունից զատ ուներ նաև այլ խնդիրներ. թշնամու թիկունքում և դիրքերում հետախուզական–դիվերսիոն գործողություններ իրականացնել, արագ արձագանքել այլ  ստորաբաժանումների: Ջոկատի ստեղծումն ուներ նաև մեկ  այլ կարևոր նպատակ՝ բարձրացնել մարդկանց ոգին, հույս և հավատ ներշնչել, հիշեցնել, որ իրենց հպարտ պապերը երբեք չեն ընկրկել ո՜չ թշնամու բիրտ ուժի, ո՜չ քանակային, ո՜չ զինատեսակների գերազանցության առջև: Առանց վարանելու հրամանատար ընտրեցին Վահրամին: ՙԻսկ ինչո՞ւ  հենց ես պիտի վերցնեի այդ պատասխանատվությունը: Անշուշտ, հաշվի առնվեց Աֆղանստանի պատերազմում հետախույզի իմ փորձը, որն արդեն դրել էի ի նպաստ Արցախյան գոյամարտի. մասնակցել եմ էդիլլուի ենթաշրջանի գյուղերի պաշտպանությանը, Կոմանդոսի անմիջական ենթակայության տակ գործող դիվերսիոն-հետախուզական վաշտի կազմում՝ Կրկժանի, ՙ26՚-ի դիրքի, Լեսնոյեի, Խոջալուի ազատագրմանը, որտեղ և ծանր վիրավորվել եմ ու երկար ժամանակ  ապաքինվել: Հենց որ սկսեցի քայլել, հիմնադիր հավաք հրավիրեցի՚,-վերհիշում է Վահրամ Ղահրամանյանը: Նա  անդրադարձավ  նաև շատերին հետաքրքրող ՙԱրայիկ՚ անվանմանը: Պարզվեց, որ Արայիկը Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող էր՝ իր համագյուղացին: Շատ կիրթ ու խարիզմատիկ անձնավորություն էր և իր շուրջն էր համախմբել ղարաբաղցիներին՝ քարոզելով հետ դառնալ և պաշտպանել հայրենիքը: Ցավոք, նա զոհվեց պայքարի  սկզբնափուլում և չհասցրեց իր ունակությունները  լիարժեք ի ցույց դնել: Ի հիշատակ այդ գաղափարակիր ու քաջ ընկերոջ՝ ջոկատը կոչվեց Արայիկ Ավանեսյանի անունով:

Ջոկատում հավաքագրելու պահանջները շատ խիստ էին՝ ֆիզիկական լավ պատրաստությունը պարտադիր պայման էր, ամուսնացած չլինելը՝ նույնպես, կար նաև տարիքային ցենզ: ՙՀիմնադիր հավաքում ելույթ ունեցա ու ասացի, որ սա մահու-կենաց կռիվ է, ովքեր պատրաստ են  կյանքը զոհաբերել հանուն հայրենիքի, կարող են կամավորագրվել: Խիստ զգուշացվեց, որ վիրավոր կամ զոհված ընկերոջը մարտի դաշտում թողնել չկա, ցանկացած գնով նրանք պետք է դուրս բերվեն: Բացառվեց նաև թշնամուն գերի հանձնվելը: Փաստորեն ստեղծվում էր մահապարտների ջոկատ, իսկ ավելի շուտ՝ ընդունելով Լեոնիդ Ազգալդյանի գաղափարախոսությունը՝ հաղթող ու ապրող մարտիկների ջոկատ՚,- պատմում է հրամանատարը:  Ու  չնայած այդ խիստ պայմաններին, ջոկատ մտնել ցանկացողները, թվում էր, անվերջ են: Անգամ մարդ էին ուղարկում՝ բարեխոսելու համար, որ անդամագրվեին ջոկատում: Ջոկատի մարտիկների 60-70 %-ն ըմբշամարտիկներ էին՝ գյուղում գործող մարզադպրոցի սաներ: 

Սկզբնական փուլում ջոկատում ընդգրկված էին նաև տղաներ Երևանից ու Աբովյանից:

Մարտական մկրտությունը ջոկատը ստացել է 1992թ. հունիսի 28-ին՝ Ճարտարի պաշտպանական մարտի օրը, երբ ազերիները նախատեսել էին գյուղի գրոհը: Մինչ բուն հարձակումը գյուղը լուսադեմին ենթարկվեց ահավոր հրետակոծության՝ արձակվեց  ՙԳրադի՚ մոտ 1000  արկ, ընդ որում՝ բլուրների վրա. թշնամին համոզված էր, որ գյուղացիները խուճապի կենթարկվեն, ինքն էլ զրահատեխնիկայի օգնությամբ գյուղը հանգիստ կվերցնի: Երբ ստացավ արժանի հակահարված, սկսեց արկեր արձակել գյուղի վրա: Պարզ էր, որ հարձակում էր սպասվում, հայտարարվեց մարտական տագնապ, և 10 րոպեից տղաները պատրաստ էին մարտի: Մի քանի ուղղությամբ, այդ թվում նաև՝ Ալաբալիի, ընթացան կռիվներ, և թշնամին հետ շպրտվեց՝ ունենալով բազմաթիվ կորուստներ: Քիչ, բայց, այնուամենայնիվ, կորուստներ կային և՜ բնակչության, և՜ տղաների շարքերում: Երեկոյան ժամը 5-6¬ի կողմերը թշնամին  նահանջեց: Ազերիների գրոհի ժամանակ հաշվարկվել էր 26 զրահատեխնիկա, որից 18-ը՝ տանկեր  (մի մասը շարժվել էր Մաճկալաշենի ու Կարմիր Շուկայի ուղղությամբ): Չնայած ազերիների մի քանի անգամ գերազանցող զոհերի թվին, պարզ էր, որ նրանց ներուժը բավական էր նոր գրոհի համար: Եվ հրամանատարը որոշում կայացրեց գիշերվա ժամը 2-ին գրոհել թշնամու դիրքերը։ Հաջողված մարտերից ոգևորված, բոլոր տղաները ցանկացան մասնակցել հարձակմանը: Հետախուզության գնաց ամենափորձառու մարտիկը՝ հրամանատարը: Հաշվարկը ճիշտ էր, ազերիները խուճապի ենթարկվեցին և ջախջախվեցին, գյուղի համար կարևոր դիրքերն էլ հետ վերցվեցին: Սակայն վիրավորվում է հրամանատարը, զոհվում են Լեռնիկ Տոնյանը, ևս  մեկ մարտիկ և 5 խաղաղ բնակիչ։  Ազերիները մարտադաշտում թողեցին  մինչև 40 դիակ,  3 գերի, մի քանի խփված զրահատեխնիկա, 3 տանկ էլ հնարավոր եղավ հետագայում վերանորոգել և օգտագործել: Վիրավորվելուց հետո Վահրամն  ապաքինվեց և կրկին ստանձնեց հրամանատարությունը:

Ջոկատը տարբեր ուղղություններում մասնակցել է երեք տասնյակից ավելի մարտական գործողությունների եւ  փայլուն կերպով  կատարել իր առջև դրված մարտական առաջադրանքները։  Այդպես երկու անգամ մարտի բռնվեցին քանակապես իրենց գերազանցող ՙԳորշ գայլերի՚ հետ։ Երկու ընդհարումների ժամանակ էլ  թշնամու ՙէլիտար՚ խումբը գլխովին ջախջախվեց՝ առաջին անգամ Ուրյան լեռան մարտում տալով վեց զոհ և նույնքան վիրավոր, ինչից հետո նրանք ուղղակի ճողոպրեցին: Վահրամ Ղահրամանյանը մեծ գոհունակությամբ է հիշում այդ մարտը, երբ փայլուն հաղթանակից հետո, տեսնելով սպանվածների տարբերանշանները, ենթագիտակցությամբ զգաց, որ պետք է նրանց հողին հանձնել: Չնայած տղաների դիմադրությանը, նրանց, այնուամենայնիվ, թաղեցին:  Հետագայում այդ  6 դիակները փոխանակվեցին 6 կենդանի ազատամարտիկների հետ: ՙԳորշ գայլերի՚ հետ հաջորդ հանդիպումը եղավ Գևորգավանի տեղամասում, որտեղ տղաները նրանց կրկին ստիպեցին փախուստի դիմել՝ տիրանալով վերջիններիս  կողմից թողնված զենք-զինամթերքին ու զինտեխնիկային: Մոնթե Մելքոնյանը հիացած էր տղաների խիզախությամբ, հատկապես Լեռնիկ Սարգսյանի, ով տանկային համազարկից հետո մնացել էր հողի տակ, դուրս եկել տղաների օգնությամբ, կողմնորոշվել, միանգամից մտել մարտի մեջ և լրիվությամբ խափանել հակառակորդի տանկային գրոհը: Լեգենդար  հրամանատարն անձամբ շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին` փայլուն հաղթանակի համար: Շատ կարճ ժամկետում ՙԱրայիկ՚ ջոկատը ձեռք բերեց անպարտելիների համբավ:

Վահրամի կրկին ծանր վիրավորվելուց հետո արդեն գումարտակի վերածված ստորաբաժանումը ղեկավարում էր Հովիկ Ջիվանյանը, մի մարտիկ, ով միայնակ գրոհել և գրավել էր թշնամու ամրացված բարձունքը: Նա ևս ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետի նվիրյալներից էր, ով կիսատ էր թողել ուսումը: Հետո Հովիկին փոխարինեց Սևակ Ղուկասյանը՝  ուսանող ԵՊՀ բանասիրության ֆակուլտետից, ով հետագայում ավարտեց Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան` մշտապես աչքի ընկնելով իր համակողմանի գիտելիքներով:

Իր անցած ողջ ուղու ընթացքում ջոկատն ութ զոհ տվեց, ևս հինգն իրենց մահկանացուն կնքեցին զինադադարից հետո: Անդրանիկ Ղահրամանյանը (հետմահու) ու Հովիկ Ջիվանյանը արժանացան ՙՄարտական խաչ՚ առաջին աստիճանի, Հովիկ Առստամյանը (հետմահու), Սևակ Ղուկասյանը և Կարեն Շաքարյանը՝ ՙՄարտական խաչ՚ երկրորդ աստիճանի շքանշանի: Տղաներից շատերը պարգևատրվեցին տարբեր մեդալներով:

Հատկանշենք, որ հիշատակման միջոցառումն սկսվեց Ճարտարի եղբայրական գերեզմանին ծաղիկների խոնարհումով, շարունակվեց Մշակույթի տանը, որտեղ  զոհվածներին հետմահու պարգևատրեցին ՀՀ-ի երկրապահ կամավորական միության հուշամեդալներով: Զոհվածները, ինչպես նաև կենդանի մնացած ազատամարտիկներից Արսեն Աբրահամյանը, արժանացան ՙՄայրական երախտագիտություն՚ մեդալի, որոնք անձամբ հանձնեց ՙՄայրություն՚ կազմակերպության նախագահ Հասմիկ Միքայելյանը: Հուզված էին բոլորը, հատկապես դահլիճում գտնվող հարազատները: Հուզումնալից էր նաև մշակութային մասը, որը կազմակերպել էր Ճարտարի մշակույթի տան տնօրինությունը:

Միջոցառման մասնակիցները վերհիշեցին քաջարի տղաների մարտական ուղին, սխրագործությունները։ ՙԶոհվածների հարազատների առջև ես ինձ միշտ պարտական եմ զգում: Այս միջոցառման նպատակն էր հուսադրել զոհվածների հարազատներին ու կրկին փաստել, որ  ոչ ոք և ոչինչ չի մոռացվել: Գոհունակության արցունքով լցված մայրերի աչքերն ինքնին խոսուն էին: Հասկացա, որ միջոցառումը հասավ իր նպատակին՚,- ասաց Վահրամը:

Էմմա ԲԱԼԱՅԱՆ