[ARM]     [RUS]     [ENG]

ՙՁԳՏՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԱՐՄԱՏՆԵՐԸ ԽՈՐԱՑՆԵԼ ՄԱՅՐ ՀՈՂՈՒՄ՚

Շուշիի շրջանի Հինշեն գյուղն ունի 185 բնակիչ՝ 60 տնտեսությամբ։  Բնակավայրում առկա պատմամշակութային հուշարձաններից հատկանշական են Սբ. Աստվածածին եկեղեցին և ՙՓուլեն գլուխ՚ իջևանատունը։

 Արցախյան շարժման սկզբնափուլում՝ մինչ Շուշիի ազատագրումը, Բերդաձորի ենթաշրջանի բնակչությունը բռնագաղթեց (ենթաշրջանի չորս գյուղերն էլ շրջապատված էին ադրբեջանական բնակավայրերով)։ Գոյամարտի պատմության մեջ առանձնակի տեղ ունի Բերդաձորի պաշտպանությունը։ Տարածքի պաշտպանությունը ղեկավարում էր Հինշեն գյուղի բնակիչ Առնո Մկրտչյանը, ում անունով էլ այսօր կոչվում է գյուղի դպրոցը։ Բերդաքաղաքի ազատագրմանը հաջորդեց շրջանի բնակավայրերի ազատագրումը, և բնիկ տեղացիները, այդ թվում նաև հինշենցիները, վերադարձան իրենց հայրենի ոստանը։ Համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանի խոսքով՝ վերադարձել են ոչ բոլորը, եղել են նաև օտար ափերում հայրենիք փնտրողներ։ Նմանների թիվը, բարեբախտաբար, մեծ չէր։ Գյուղը մասամբ էր ավերվել. ազերի հրոսակները մի տարի ապրել էին հայկական օջախներում և միայն մի քանի տուն էր հրդեհվել։  Այս տարի մայիսի 18-ին նշվեց Հին շենի ազատագրման 25-ամյակը։ Նշվեց մեծ ու փոքրով, երկրի իշխանավորով, հայրենիքի զինվորով։ Ս. Սարգսյանի հավաստմամբ՝ անկախ ամեն ինչից, համայնքի բնակչությունն ամեն տարի նշում է բնակավայրի ազատագրման օրը։ ՙԵս բոլորին ասում եմ, որ մեզ՝ հինշենցիներիս համար, ոչ թե եռատոն, այլ քառատոն է նշվում մայիսին,- ասում է համայնքի ղեկավարը։- Ամեն տարի այդ օրը հավաքվում, մեր ուժերով գեղեցիկ միջոցառում ենք կազմակերպում, հիշում ենք մեր նահատակ տղաներին, ովքեր իրենց կյանքը չխնայեցին հանուն հայրենի հողի, հանուն մեր երեխաների ազատության և անկախության՚։ 

Ս. Սարգսյանը Հինշենի համայնքը ղեկավարում է 2006 թվականից։ Նա մասնակցել է Արցախի ազատագրման համար մղված մարտական գործողություններին, հատկապես Քարվաճառի, Զանգելանի, Կուբաթլուի, Մարտակերտի ազատագրմանը։ Նախկին ազատամարտիկն այսօր լծված է հայրենիքի շենացման գործին։ 

Հինշենցիների մոտ առ այսօր էլ բարձր է հայրենասիրության ոգին այնպես, ինչպես 1990-ականներին էր։ Դրա մասին է վկայում ապրիլյան քառօրյա պատերազմին նրանց ակտիվ մասնակցությունը. մասնակցել են ոչ միայն երիտասարդներն ու զինապարտները, այլև հիսունն անց տղամարդիկ՝ կամավորության սկզբունքով։ Բացի այդ, համայնքի բնակչությունն իր համեստ ներդրումն ունեցավ և  300.000 դրամ փոխանցեց Արցախի կառավարության կողմից այդ օրերին բացված հաշվեհամարին։ Ըստ համայնքի ղեկավարի՝ անգամ թոշակառուներն են մասնակցել՝ առնվազն 3 հազար դրամ տրամադրելով իրենց չնչին եկամտից։ 

Անցյալ տարի Թալիշից տեղահանված հինգ ընտանիք է վերաբնակեցվել Հինշենում։ Գյուղի անմարդաբնակ տներից 5-ը վերանորոգվել և տրամադրվել է նրանց։ 

2016թ. համայնքում գրանցվել է 3 ծնունդ, իսկ 2017-ին՝ 5-ը։ ՙՄենք ուրախանում ենք յուրաքանչյուր ծննդով։ Բացի թալիշցիներից, վերաբնակիչներ ունենք Հայաստանից։ 2016-ին ընդունեցինք մի երիտասարդ ընտանիքի, նոր ծնված երեխաներից մեկն էլ այդ ընտանիքից է։ Չամուսնացած երիտասարդներ ունենք՝ 5-6 հոգի, դրա համար էլ եմ մտահոգվում՝  հատկապես լսելով նրանց պատճառաբանությունները՚,- ցավով է փաստում համայնքի ղեկավարը։ 

Հինշենն ունի գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, գործում է դպրոցը (հիմնական), որն ունի 18 աշակերտ և  8 ուսուցիչ։ Կրթօջախն ապահովված է մասնագետներով։ Առաջին դասարանում  2 աշակերտ է սովորում, իսկ նախադպրոցական տարիքի 18 երեխա կա համայնքում։ Ազատամարտիկների միության ֆինանսավորմամբ Հինշենում համայնքային կենտրոն է կառուցվում, այդ նպատակին Միության կողմից 170 մլն դրամ է հատկացվել։ Կենտրոնի 1-ին հարկում կտեղակայվեն գյուղապետարանը, բուժկետը, կգործի առևտրի կետ, իսկ 2-րդ հարկը կծառայի որպես հանդիսությունների սրահ՝ իր հարմարավետ պայմաններով։ Նախատեսվում է մինչև Սեպտեմբերի 2-ը՝ ԼՂՀ հռչակման օրը, շահագործման հանձնել համայնքային կենտրոնը։ Բնակչության մի զգալի մասն ընդգրկված է վերջինիս շինարարական աշխատանքներում, ինչը նույնպես ողջունելի է։ 

Ինչպես հատուկ է Արցախի գյուղական բնակավայրերին՝ Հինշենում բնակչությունն զբաղվում է հողագործությամբ և անասնապահությամբ։  96 հա սեփականաշնորհված վարելահող ունեն, որոնց մեծ մասին փաստացի տիրություն չի արվում։ Այդ անմշակ հողատարածքները թփակալել են։ Այս տարի 15 հա-ն մաքրվել և պետական ծրագրի շրջանակներում ցանվել է կորնգան՝ կերային բազա ստեղծելու նպատակով։ Վարելահողերը նպատակային չօգտագործելու պատճառը, ինչպես ասաց համայնքի ղեկավարը, թե՜ դիզվառելիքի պակասն է, և թե՜ բնակավայրի աշխարհագրական դիրքը։ 2017-ի բերքի տակ ցանքս չի կատարվել, անցյալ տարի գոնե մի 20 հա արվել էր։ Բնակչությունը հույսեր է կապում կառավարության կողմից տարվող քաղաքականության հետ, որի նպատակը վարկավորման  ծրագրով գյուղատնտեսությունը զարգացնելն է։ Անցյալ տարի պետության կողմից համայնքին անհատույց տրամադրվել է 70 թթենի։ Ինչ վերաբերում է գյուղտեխնիկային՝ իրավիճակը վատ չէ, ինչը հնարավորություն է տալիս ոչ միայն ժամանակին և որակով կազմակերպել խոտհարքի աշխատանքները, այլև հարևան համայնքներին օգնել  նմանատիպ գործերում։ 

Համայնքում առկա է 200 գլուխ խոշոր և 300 գլուխ մանր եղջերավոր անասուն։ Արտադրված կաթնամթերքն ու մսամթերքը բավարարում է իրենց, ու դեռ մի բան էլ ավելի. մայրաքաղաքում ապրող հարազատներին էլ են բաժին հանում։ Անցյալ տարի խնոցու փառատոն էր կազմակերպվել, ինչը ողջունելի երևույթ է։ Համայնքի բնակիչներին հնարավորություն ընձեռվեց իրացնել իրենց արտադրանքը։ 

Բնակչության հիմնական զբաղմունքը, կարելի է ասել, մեղվաբուծությունն է։  Մեղրի իրացմամբ հինշենցիները կարողանում են լուծել հանապազօրյա հացի խնդիրը, ինչպես նաև այլ կենցաղային խնդիրներ։ Գյուղապետի խոսքով՝ բնակչության 60-70 տոկոսը զբաղվում է այդ գործով։ Համայնքում 1500 մեղվափեթակ կա։ ՙՀինշենի մեղրն ամենալավն ու որակյալն է տարածաշրջանում,- հպարտությամբ ասաց Ս. Սարգսյանը։- Ընդհանրապես շուկայում գին որոշողը Բերդաձորի մեղրն է։ Մեր մեղրի համբավը հասել է Եվրոպա, արտասահմանից են գալիս ու տանում այն։ Մենք ապրելու մեր ձևը գտել ենք և ոչ ոքից ոչ մի բան չենք պահանջում, մեր ապրուստից չենք դժգոհում՚։ Նրա հավաստմամբ՝ համայնքում մեղվաբուծությունը կարելի է էլ ավելի զարգացնել, քանզի տեղանքը նպաստավոր է դրա համար։

Հինշենը չունի մանկապարտեզ, բայց դրա կարիքն արդեն զգացվում է։ Խնդրո առարկայի վերաբերյալ համայնքի ղեկավարն իր ծրագիրն է մշակել. նպատակ ունի հին խանութը վերանորոգել համայնքի ուժերով և այն դարձնել մանկանց  օջախ։ Պետական ծրագրով դա հնարավոր չէ, որովհետև երեխաների թիվը քիչ է, պարզաբանում է նա։ 

Մարզամշակութային միջոցառումների առումով համայնքը կարծես պակաս չի զգում։ Եթե ուրիշ տեղերից ոչ միշտ, ապա Շուշիի մշակույթի տան ժողգործիքների համույթը հաճախ է հյուրընկալվում այստեղ։  2016-ին ասմունքի փառատոնում Հինշենը զբաղեցրել է 3-րդ տեղը։ Որոշակի գումար է տրամադրել ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը, ինչը ոգևորել է երեխաներին։

Համայնքում լուծում պահանջող միակ խնդիրը ջրամբարի կառուցումն է։ Ըստ գյուղապետի՝ ջուր կա, բայց որպեսզի այն կարողանան բաշխել բնակչությանը՝ հասցնելով նրացից յուրաքանչյուրի բակը, անհրաժեշտ է այն հավաքել մի տեղ։ Հարցը բարձրացվել է կառավարությունում, սպասում են լուծմանը։ Այսօրվա դրությամբ բնակիչները ջրից օգտվում են տարերայնորեն, անհամաչափ։

Խոստովանենք՝ մեր օրերում լավատես, ամեն ինչից գոհ համայնքի ղեկավարի հանդիպելը դժվար է։ Սամվել Սարգսյանն այդ եզակիցներից է։ Մեր տարակուսանքին ու դրանից բխող հարցին՝ մի՞թե  համայնքը չունի լուրջ խնդիրներ, նա պատասխանեց. ՙՉե՞ք հավատում։ Բայց մենք իրոք խնդիրներ չունենք. գյուղը գազիֆիկացված է, էլեկտրական հոսանքը կա, վերջերս էլ շտապ օգնության ՙՈւԱԶ՚ մակնիշի մեքենա է տրամադրվել մեզ։ Ասվածը թող չընկալվի երկրի կառավարությանը գովաբանելու կամ խնդիրների մասին բարձրաձայնելուց խուսափելու ձև։ Պարզապես յուրաքանչյուր խնդիր լուծում ենք տեղում, իսկ հարկ եղած դեպքում այն ներկայացնում ենք իշխանություններին։ Մենք ուշադրության պակաս չունենք, Շուշիի շրջվարչակազմը  6,15մլն դրամ արժողությամբ շինանյութ է տրամադրել 14 ընտանիքի՝ տների տանիքները վերանորոգելու նպատակով։ Վերանորոգվել են դաշտամիջյան, ներհամայնքային և միջհամայնքային ճանապարհները։ Խնոցու փառատոնի ժամանակ բարեկարգվել է մայրաքաղաքի հետ կապող հիմնական ճանապարհը, և մենք ձգտում ենք այն պահել լավ վիճակում: Փողոցային լուսավորության համար 2016թ. հատկացվել է 140 հազար դրամ, որն էլ օգտագործել ենք նպատակային՝  ձեռք բերելով  5 լուսամփոփ և էլեկտրական լարեր։ Ամեն մի բնակչի խնդրին ու առաջարկին ունկնդիր ենք լինում, փորձում լուծում տալ համայնքի ուժերով։ Գյուղական բնակավայրերում, հատկապես ծայրամասային, պետք է բոլորը մի ընտանիքի պես ապրեն, մեկը մյուսի հոգս ու ցավով տառապեն։ Իսկ համայնքի ղեկավարից այդ առումով շատ բան է կախված...Ես ինձ մեր ժողովրդի ծառան եմ համարում ու իմ հարազատ ծննդավայրից մեկ այլ տեղ գնալու նպատակ չունեմ։ Չենք բավարարվում ձեռք բերածով: Ձգտում ենք մեր արմատները խորացնել մայր հողում։ Ու միայն ես չեմ այդպես մտածում, Հինշենում բոլորն են այդ մտքին՚,- զրույցը եզրափակեց Սամվել Սարգսյանը։ 

 

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ