Logo
Print this page

ՀԵՐՈՍԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Բացվող յուրաքանչյուր խաղաղ օրվա համար մենք պարտական ենք մեր հերոսներին։ Այս գիտակցությունը մեծի ու փոքրի մեջ է։ Այս գիտակցմամբ դաստիարակում ենք մեր երեխաներին դեռևս վաղ մանկության տարիքում։ Ու հենց դա է հիմքն այն վերաբերմունքի, որ հասարակությունն ունի իր հերոս զավակների հանդեպ։

 Մոնթե Մելքոնյանն (Ավո) այն հայորդիներից է, ով, չնայած ֆիզիկական բացակայությանը, Մարտունիում ներկա է բոլոր միջոցառումներին։ Հրամանատարի խոսքերն ու նրա մասին պատումները մարդկայինի ու ազնվության, բարության, նվիրումի, հայրենասիրության լավագույն վկաներն են։ Ամեն մարտունեցու մեջ մաս կա լեգենդար հրամանատարից, յուրաքանչյուր նորածնի հետ վերածնվում ու հավերժանում է նա։ 

Մոնթեն նահատակվել է 1993 թ. հունիսի 12-ին` ադրբեջանական զրահամեքենայի կրակոցից, երբ մարտական ընկերների հետ մարտի ժամանակ մտել է Աղդամի շրջանի Մարզիլի գյուղ։ 

Ռազմական մասնագիտական բարձր հմտություններ ու կարողություններ ցուցաբերելու շնորհիվ Մոնթե Մելքոնյանը 1992թ.-ին ստանձնում է Մարտունու պաշտպանական շրջանի շտաբի պետի պարտականությունը։ Այստեղ կարճ ժամանակում նա իր բնավորությամբ և մարտական կարողություններով կարողանում է գրավել ողջ բնակչության սերն ու հարգանքը, դառնում մի մարդ, հրամանատար, ում  հավատում և վստահում են, ում հետ էին պայմանավորում իրենց ապահովությունը։ Ու հենց նրա ղեկավարությամբ Մարտունին դարձավ Արցախի ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը, դարձավ անառիկ ամրոց։ Մոնթեն իր մարտիկների հետ կարողացավ անսասան պահել ոչ միայն Մարտունու շրջանը, այլև մասնակցեց հանրապետության տարածքի այլ բնակավայրերի համար մղված ազատագրական մարտերին։ Եվ ահա 1993թ. մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ շրջանից մեկնած զորախումբն իր ներդրումը  բերեց  Քարվաճառի ազատագրմանը։ Իսկ հունիսը դարձավ Մոնթեի համար ճակատագրական... 

Մարտունեցին Մոնթեի զոհվելուց հետո իր սրբավայրերին ավելացրեց ևս մեկը` Ավոյի արձանը, որին այցի է գալիս  բոլոր տոն և կարևոր օրերին, իր խոնարհումը բերելով նրան։ 

24 տարի անց էլ  հունիսի 12-ին Մարտունին սգում ու իր խոնարհումն է բերում հրամանատարի հիշատակին։ Առավոտից մի խումբ մարտական ընկերների, հյուրերի հետ շրջվարչակազմի ղեկավար Կարեն Թովմասյանը մեկնեց հրամանատարի նահատակվելու վայր` Մարզիլու, որտեղ կանգնեցված խաչքարի պատվանդանին ծաղիկներ խոնարհվեցին։ Հարգանքի ու խոնարհումի արարողությունը շարունակվեց Ազատության հրապարակում` Մոնթեի արձանի մոտ, որին միացան շրջկենտրոնի բնակչությունը, հ.1 մանկապարտեզի սանիկները։ Վերջիններս ներկաներին հուզեցին իրենց թոթով խոսքով, որ երդումի պես էր հնչում փոքրիկների շուրթերից։  

Նշենք նաև, որ այդ նույն չարաբաստիկ օրը նահատակվեց նաև հետախուզության պետ Ռաջ Մարտիրոսյանը (Սարիբեկը) և վիրավորվեց վարորդ Կոմիտաս Ավանեսյանը։ 

Հարգանքի և հիշատակի արարողությանը մասնակից յուրաքանչյուր ոք փաստեց իր ներկայությամբ, որ ինչքան էլ գումարվեն տարիները, մեր հիշողությունը միշտ թարմ կմնա։

Կարինե ԴԱԴԱՄՅԱՆ

ք. Մարտունի

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.