Logo
Print this page

ՀՈՂԻ ԳԻՆԸ

Արցախի Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավանքի գյուղական համայնքը կազմված է 3 գյուղերից՝ Ծիծեռնավանք, Մելիքաշեն ու Տանձուտ։ Աղավնո գետի հովտի այս բնակավայրերում ևս կարելի է զբաղվել հողագործությամբ և ստեղծել բարիք։ 

 Ծիծեռնավանքում՝ հայոց հնադարյան համանուն վանքի Սուրբ Գևորգ տաճարի հարևանությամբ է բնակվում Թումաս Զաքարյանի բազմազավակ ընտանիքը։ Նախիջևանից է եկել ու վերահայացած հայրենիքի առաջին բնակիչներից է Թումասը, ում 7 զավակներից շատերը ծնվել են Ծիծեռնավանքում և դարձել այս երկրի իսկական տերը։ Բազմազավակ ընտանիքի համար ԱՀ կառավարության օժանդակությամբ բնակարան է կառուցվել։ Այստեղ հաստատվելու առաջին տարիներից սկսած՝ իրենց ընտանիքին հատկացված հողատարածքում պարզ ջերմոցներ հիմնեցին և տարբեր բանջարաբոստանային մշակաբույսերի սածիլներ են արտադրում։ 

Ապրիլի կեսերին աշխատանքային այցով Ծիծեռնավանքում էի, համայնքի ղեկավար Սիմոն Հարությունյանի ուղեկցությամբ այցելեցի Թումասի այգին, որտեղ 10-ից ավելի պոլիէթիլենային թաղանթով ստեղծված ջերմոցների տակ նոր-նոր ծիլ էին տվել սածիլները: Ողջ ընտանիքով աշխատում էին՝ քաղհանում, ջրում։ Թումասը տեղեկացրեց, որ հիմնականում մշակում են լոլիկի, սմբուկի, պղպեղի, կաղամբի, ռեհանի և այլ բույսերի սածիլներ։ Տարիների ընթացքում աշխատանքը տվել է իր արդյունքը, նույն աշխատանքով են զբաղված ընտանիքով։ Բերքի իրացման խնդիր չունեն։ Բացի սածիլներ վաճառելուց, բերքն են շուկա հանում։ Որոշել են նաև մեծ ու հիմնական ջերմոց կառուցել՝ ավելի շատ բանջարեղեն մշակելու նպատակով։ 

5 որդի և 2 դուստր ունեն Թումաս և Մարինե Զաքարյանները։ Երրորդ որդին՝ Հուսիկը, այժմ Հայոց բանակի զինվոր է, սահմանն է հսկում, որ ծնողները հանգիստ բարիք ստեղծեն: Անցած տարվա ապրիլին նրանց երկու որդիները՝ Գարիկն ու Տարոնը, շրջանի 200-ից ավելի կամավորականների հետ սահման հասան ու թիկունք դարձան առաջնագծի զինվորներին։ Որդիներից Վրեժն արտագնա աշխատանքի էր մեկնել Ռուսաստան, սակայն շուտով հետ է գալու, որ օգնի ծնողներին ու եղբայրներին։ 

Վերջերս դարձյալ այցելեցի Զաքարյաններին. արդեն սածիլները պատրաստ են վաճառքի։ Դարձյալ ընտանիքով հողամասում էին։ Ավագ որդին՝ Գարիկը, և կրտսերը՝ Պարգևը, ով դեռ դպրոցական է, մոր հետ սածիլներ էին հանում, Թումասը բերքը շուկա էր տարել։ Շտապում էին հողի աշխատավորները, որ մյուս օրվա շուկայի համար սածիլ հանեն։ Դժվար ու ծանր աշխատանք է, սակայն արդար ու տունը պահող։ Շատերը դժգոհում են, որ գործ չկա գյուղում, մեկնում են արտագնա աշխատանքի, հաճախ խաբված ու դատարկաձեռն տուն վերադառնում։ Իսկ ահա Զաքարյանները գտել են երկրում ապրելու ու աշխատելու ձևը և չեն դժգոհում։ Գարիկը տեղեկացրեց, որ արտադրանքը հիմնականում իրացվում է  Գորիսում, երբեմն՝ Կապանում ու Ստեփանակերտում, որոշակի քանակ էլ վաճառվում է տեղում ու Բերձորում։ Դուստրերից Արուսը սովորում է 9-րդ դասարանում, իսկ Լիլիթը՝ երրորդ։ Նրանք էլ իրենց չափով էին օգնում աշխատանքում։ 

Հրաժեշտ տվեցի մեր՝ հայրենանվեր աշխատանքով զբաղվող ընտանիքին՝ հավատով, որ հողը մշտապես վարձահատույց է լինելու իրեն քրտնաթոր աշխատանքով մշակող հայրենակիցներին։ 

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

ք. Բերձոր

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.