Logo
Print this page

ԱՐՑԱԽՅԱՆ ԵՌՕՐՅԱ ՄԱՐԱԹՈՆԸ՝ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ ԱՐԿԱԾՆԵՐԻ ՍԻՐԱՀԱՐՆԵՐԻՆ

Զբոսաշրջության ակտիվ տարեշրջանին ընդառաջ` Արցախը հանդես է գալիս նոր առաջարկով, որը կհետաքրքրի արկածների սիրահարներին: Ոտքով` Արցախի հյուսիսից հասնել մինչեւ հարավային սահմանները:

Ոչ թե պատահական, այլ մասնագետների գծած ու փորձված արահետներով: Երթուղին արդեն անուն ունի` ՙՃանապարհ Թրեյլ՚: Ընդ որում, արահետը գրավիչ է ոչ միայն ներառված հայտնի բնական ու պատմական հուշարձաններով, այլ նաեւ նրանով, որ անցնելու է բազմաթիվ բնակավայրերով` արշավորդներին հնարավորություն տալով շփվել Արցախի բնակչության հետ: ՙՃանապարհ Թրեյլ՚-ը հանրահռչակելու առաքելությամբ առաջինն այդ արահետով անցել է միջազգային ճանաչում ունեցող, ուլտրամարաթոնի ամենահայտնի կին ներկայացուցիչը` Թելմա Ղազարյանը: Հունիսի 8-10-ը նա անցկացրել է բառիս ուղիղ իմաստով` վազքի մեջ, Վարդենիս-Հադրութ ճանապարհին:

Փոքրամարմին, անխոնջ հայուհի Թելմա Ղազարյանը կարող է անփոփոխ տեմպով ժամեր շարունակ վազել շատ թե քիչ հարմար ճանապարհներով եւ վայրի բնության մեջ հազիվ նկատելի կածաններով: Ուլտրամարաթոնի ամենահայտնի կին-ներկայացուցիչը ոչ թե հարյուրավոր, այլ հազարավոր կիլոմետրեր է բառիս ուղղակի իմաստով ոտքի տակ տվել տասնյակ երկրներում: Հայրենիքում առաջին անգամ է վազում: Իր իսկ խոսքով՝ տարբերությունն զգացել է առաջին իսկ մղոններից: ՙԱյլ վայրերում վազելիս պարզապես պլանին էի հետեւում՝ այսօր պետք է վազեմ այսքան մղոն, վաղը՝ այսքան: Այստեղ ուրիշ զգացողություն է: Վազում եմ, ու ամեն մղոնի հետ հուզմունքս ավելանում է: Զգում եմ, որ իմ հողն է: Այս վերջին 37-38 մղոնն իմ մեջ ամեն ինչ շրջեց՚,- զգացնումքները չթաքցրեց Թելման՝ Վարդենիսից դուրս գալուց մի քանի ժամ անց՝ Քարվաճառում կարճատեւ կանգառի ժամանակ։ 

Շահումյանի շրջանում Թելմային դիմավորողների թվում նաեւ շրջանի պատասխանատուներն էին: Զրույցը կարճ տեւեց: Բժշկական զննությունից Թելման հրաժարվեց. ամեն ինչ կարգին է: Հաջորդ կանգառը նախատեսված չէր, բայց անխուսափելի էր. վերինշենցի փոքրիկները լսել էին ճանաչված մարզուհու մոտենալու լուրն ու եկել էին դիմավորելու: Իրանում ծնված եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ապրած հայուհու համար հայրենիքի հետ առաջին ծանոթությունը հուզիչ էր: Տպավորությունները հետագա այցերի ծրագրի համար են հող պատրաստում: ՙԻնձ ասել էին, թե սա Շվեյցարիայի նման է, բայց՝ չէ, ավելի գեղեցիկ է, ձեռք չտված,- պատմում, համեմատում է ճանաչված մարզուհին:- Իսկ մարդիկ ուղղակի հրաշք են, ինձ՝ անծանոթիս, հրավիրում են, հյուրասիրում` արի թեյ խմի, մուրաբա փորձի: Ուրիշ ոչ մի տեղ նման բան չես տեսնի: Դա մերն է, հայկականը՚:

Վարդենիս-Քարվաճառ-Հադրութ.  3 օրվա ընթացքում Թելմա Ղազարյանի անցած 283 կմ ճանապարհը խոստանում է ավելի մեծ ու հավակնոտ ծրագրի առաջին քայլը դառնալ: Նպատակը` Արցախը ոչ միայն ճանաչելի, այլեւ հարմարավետ դարձնել մարաթոնային սպորտի սիրահարների համար: Խոսքը ՙՃանապարհ Թրեյլ՚-ի մասին է: Ավելի քան 280-կիլոմետրանոց արշավային արահետի գծանշումն ու կահավորումը նախաձեռնողը ՙՀայ լեռնագնացների ընկերակցություն՚-ն է: Թելմա Ղազարյանի վազքը ծրագրի յուրօրինակ շնորհանդեսն է: ՙՙՃանապարհ Թրեյլ՚-ը մի երկար արահետ է` Վարդենիսից Հադրութ: Մի մասը սարքված, մի մասը` դեռ ոչ: Ուզում ենք այն ավելի լավ ներկայացնել, որ Հայաստանում եւ Արցախում էկոտուրիզմը զարգանա՚,- մանրամասնում է Հայ լեռնագնացների ընկերակցության ներկայացուցիչ Ռոբերտ Ասարյանը: 

ՙՊատճառը, որ այսօր այստեղ եմ, դրամահավաքն է, որ կարողանանք արահետը կահավորել: Որ օտարներն էլ կարողանան գալ, վայելել այս ամենը: Միակը չպետք է լինեմ, որ տեսնում եմ այս ամենը՚,- ընդգծեց Թելմա Ղազարյանը: 

ՙՃանապարհ Թրեյլ՚-ը ավելի հին պատմություն ունի: 2005-ին նախագծվել է, 2006-ից գործում է: Անգամ մի մասը հասցրել են կահավորել: ՙԿահավորել՝ այսինքն գծանշել, վահանակներ տեղադրել, ճամբարների համար տեղեր նախապատրաստել, նախանշել: Այդ ամենը արված է հիմնականում Ստեփանակերտից հարավ ընկած հատվածում՚,- պատմում է ԱՀ ԷՆ զբոսաշրջության վարչության ծրագրերի կառավարիչ Արտակ Գրիգորյանը: ՙՃանապարհ Թրեյլ՚-ը մինչ այդ էլ որոշակի շրջանակներում ճանաչված էր: Նախաձեռնության նպատակը Արցախի զբոսաշրջային ներուժը նաեւ արկածային տուրիզմի սիրահարներին ներկայացնելն է: ՙԱնհատ զբոսաշրջիկներ մինչ այդ էլ անցել են այս երթուղով: Ցանկանում ենք այդ ամենն ավելի լայն լսարանի համար ներկայացնել, ավելի կազմակերպված բնույթ տալ արշավներին՚,- շարունակեց Արտակ Գրիգորյանը:

Վարդենիսից մեկնարկի երկրորդ օրվա ավարտին Թելման Ստեփանակերտ է հասել: Մայրաքաղաքի մատույցներում նրան դիմավորել են Արցախի թեթեւ աթլետիկայի ֆեդերացիայի ներկայացուցիչները եւ պատանի մարզիկները: Օրվա վազքուղու այս հատվածը, որը Ստեփանակերտի կենտրոնական փողոցով էր անցնում, Թելման բազմամարդ խմբի ուղեկցությամբ է վազել: 

Օրվա վերջին կանգառը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում էր: Թելմային դիմավորել է Էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Շահվերդյանը` ծաղկեփնջով: Նա քաջատեղյակ է ոչ միայն երթուղու ողջ երկայնքով սփռված զբոսաշրջավայրերին, այլեւ գիտի, թե բարեկարգման, կահավորման ինչ աշխատանքներ են սպասվում մոտ ապագայում: ՙԱյս արահետը բազմաթիվ բնակավայրերով է անցնում, բազմաթիվ բնական ու պատմաճարտարապետական հուշարձաններ ներառում՝ Դադիվանքը, Գանձասարը, Ստեփանակերտը, Շուշին, Ազոխը: Եվ դա դեռ բոլորը չէ: Երթուղին այնպես է կազմված, որ արշավորդները կանգառները կամ բնակավայրերում, կամ բնակավայրերի շրջակայքում կազմակերպեն, որպեսզի շփվեն բնակչության հետ,- ծրագրի մանրամասներին անդրադադարձավ Սերգեյ Շահվերդյանը: -Նախապատրաստական որոշակի աշխատանքներ արդեն արված են: Թելմայի վազքը, այսպես ասած, երկրորդ փուլի մեկնարկը կարող ենք համարել՚:

Երկրորդ փուլի մեկնարկը դեռ նոր է ազդարարվում, սակայն հետաքրքրվողներ արդեն կան: ՙԹելմայից տեղեկացել ենք, որ իր ընկերներից շատերն են ցանկություն հայտնել գալ, անցնել այս արահետով՚,- ասաց Հայ լեռնագնացների ընկերակցության ներկայացուցիչ Ռոբերտ Ասարյանը:

Հայ լեռնագնացների ընկերակցությունը նպատակ ունի մարաթոնի շնորհիվ հավաքված գումարներն ուղղել ՙՃանապարհ Թրեյլ՚-ի բարեկարգմանն ու ցուցանակներով կահավորմանը` այն դարձնելով ոչ միայն ճանաչելի, այլեւ հարմարավետ` հաջորդ արշավորդների համար: Իր առանձին խորհրդանիշերով` ՙՃանապարհ Թրեյլը՚ ավելի մեծ ծրագրի մի մասն է: Այն կազմելու է Վրաստանից Իրան ձգվող արշավային արահետի բաղկացուցիչը:

Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.