[ARM]     [RUS]     [ENG]

ՙԱՐՑԱԽ ԷՅՐ ՖԵՍՏԸ՚` ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ

Անցած շաբաթ ՙՅելլ Էքսթրիմ Պարկ՚ նախագիծն  Արցախի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ Ստեփանակերտի օդանավակայանում անցկացրեց ՙԱրցախ Էյր Ֆեստ՚ (Artshakh Air Fest)  առաջին օդային փառատոնը մեր հանրապետությունում, որի մասնակիցները հնարավորություն ունեցան Ստեփանակերտի օդանավակայանից կատարել զբոսաշրջային թռիչքներ երկտեղանի ինքնաթիռով, պարապլանով և օդապարիկով:   

 Լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանն ասաց, որ  նման միջոցառումների նպատակը  զբոսաշրջության խթանումն է. աշխարհը պիտի իմանա, որ մեզ մոտ, չնայած սահմանին կատարվող միջադեպերին, կյանքն ընթանում է բնականոն հունով, բացի պատմամշակութային տուրիզմից այստեղ կա նաև արկածային տուրիզմի զարգացման, զվարճանալու  հնարավորություն:  ՙԱյս փառատոնով Արցախը ներկայանում է արկածային տուրիզմի նոր հնարավորությամբ: Ինչպես նաև  նպատակ ունենք  բարձրացնել մեր թեթև ավիացիայի ներուժի վերաբերյալ հասարակության իրազեկվածության մակարդակը։ Նման միջոցառումների շնորհիվ զարգանում է նաև իրադարձային զբոսաշրջությունն Արցախում, ինչը խթանում է երկիր զբոսաշրջիկների հոսքի ավելացմանը՚,-ասաց նա։ Լրագրողների հարցին,  թե՝ այս միջոցառումը հնարավո՞ր է, որ օդանավակայանի  գործարկման նախահիմքը դառնա,  Ս. Շահվերդյանը  պատասխանեց. Ստեփանակերտի օդանավակայանը գործում է նաև այսօր, իրականցվում է ուղղաթիռային կապ, գործում է փոքր ավիացիան: Այլ հարց է, որ մեծ ավիացիան առայժմ չի աշխատում: Փոխնախարարը համոզմունք  հայտնեց, որ  առաջիկայում այդ հարցը ևս կստանա իր լուծումը: 

Խոսելով ՙԱրցախ Էյր Ֆեստի՚ մասին՝ ՙՅելլ Էքսթրիմ Պարկ՚ նախագծի հեղինակ, համահիմնադիր Տիգրան Չիբուխչյանն այն միանշանակ համարում է կայացած՝ տեսնելով թե՜ հյուրերի, թե՜ արցախցիների ոգևորությունը: Տիգրան Չիբուխչյանը նաև նշեց, որ փառատոնն ունեցել է սպասվածից ավելի մեծ թվով մասնակիցներ ինչպես Հայաստանից, այնպես էլ տարբեր երկրներից: 

Անդրադառնալով  փառատոնի նպատակներին՝ Տ. Չիբուխչյանը հավելեց, որ այն  ՙՅելլ Էքսթրիմ Պարկի՚՝  Արցախում գործունեության առաջին քայլերն են, և  վստահ են` դրանք շարունակական են լինելու և ավելի են ընդլայնվելու: ՙԿան  բազմաթիվ գաղափարներ, որոնք դեռ քննարկման փուլում են: Իսկ այս և նմանատիպ այլ  նախաձեռնությունների իրականացման միջոցով ցանկանում ենք ներկայացնել և օգտագործել Արցախի զբոսաշրջային, թեթև ավիացիայի և հետաքրքիր բիզնես-նախագծերի իրականացման ներուժը: Մեր  նպատակն է ցույց տալ, որ Արցախում կյանքն ակտիվ է: Դրա վկայությունն է Արցախի ժողովրդի գրկաբաց ընդունելությունը՚,- ասաց նա:  

Փառատոնին ներկա էին պետական կառույցների, մշակույթի և արվեստի ոլորտի, բիզնեսի և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, զբոսաշրջիկներ Հայաստանից, տարբեր երկրներից:  

ՙԱրցախ Էյր Ֆեստի՚ մասնակիցներին իրենց կատարումներով ողջունեցին ՙՇուշվա բենդ՚, ՙՆեմրա՚,  ՙPuzzle’s 5 peaces՚ խմբերը:  

Նշենք, որ ՙՅելլ Էքսթրիմ Պարկ՚ նախագիծը 2015 թվականից իրականացնում է ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր՝ ձգտելով դառնալ տարածաշրջանում տուրիզմի խոշոր կենտրոն: Նախագիծը նպատակ ունի Հայաստանում, հիմա` նաև  Արցախում, զարգացնել արկածային զբոսաշրջությունը, ստեղծել նոր աշխատատեղեր, ակտիվացնել հասարակական կյանքը և խթանել առողջ ապրելակերպը: 

ՙՅելլ Էքսթրիմ Պարկ՚  նախագիծը մեկնարկել է Տավուշի մարզից՝  զիփլայնով (ճոպանասահք),  իսկ այժմ ակտիվ հանգիստ նախընտրողներին առաջարկում է նաև պարագլայդինգ (թռիչք պարապլանով), ռոփպարկ, փեյնթբոլ (հրաձգություն ներկերով), ձիով արշավներ, արտաճանապարհային տուրեր և այլն: Ընդլայնելով գործունեության աշխարհագրությունը՝ ՙՅելլ Էքսթրիմ Պարկ՚-ը 2017թ. մայիս ամսից Ստեփանակերտի օդանավակայանի հետ համատեղ երկտեղանի մարդատար ինքնաթիռներով սկսեց իրականացնել Ստեփանակերտ-Շուշի հետադարձ ուղղությամբ առանց կանգառի (non-stop) զբոսաշրջային թռիչքներ, որոնք ստացան ՙԱզատ թռիչք Ազատ Արցախում՚ անվանումը: 

Տեղեկացանք, որ փառատոնի  բոլոր՝ ավելի քան 600 տոմսերը, սպառվել են:

 Սրբուհի ՎԱՆՅԱՆ