Logo
Print this page

ՆՐԱՆՔ ԻՐԵՆՑ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՏԱՐՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ՀԵՏՄԱՀՈՒ

Չնայած ամառային արձակուրդին`  Ստեփանակերտի Հ. Բալասանյանի անվան հ. 5 հիմնական դպրոցն օրերս բազմամարդ էր. կազմակերպված  հուշ-ցերեկույթը նվիրված էր  ապրիլյան քառօրյա պատերազմում անմահացած հայորդի, դպրոցի շրջանավարտ Ռուդիկ Մովսիսյանի հիշատակին, նախնական զինվորական պատրաստության դասասենյակն  անվանակոչելու և նրա ծննդյան տարեդարձին:

Ներկա էին հերոսի հարազատները, զինակից ընկերները, հյուրեր: 

 ՆԶՊ դասասենյակի բացման պատիվը տրվեց հերոսի դուստրերին` Տաթև և Էլեն Մովսիսյաններին:

Դպրոցի զինղեկ մայոր Արսեն Հարությունյանը նշեց, որ ռազմագիտության կաբինետը մատաղ սերնդին  ռազմական գիտելիքներ տալու հետ մեկտեղ  կներարկի  քաջության, հայրենասիրության դասեր, քանզի Ռուդիկ Մովսիսյանի կենդանի ոգին միշտ կթևածի կրթօջախում։

Աշակերտների ուժերով միջոցառումը  բացվեց կրթօջախի մանկապատանեկան աշխատանքների գծով դպրոցի փոխտնօրեն Մարինե Խաչատրյանի խոսքով: Ներկաները վերստին ապրեցին 2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի  գիշերվա  ծանր հիշողությունն ու հպարտությունը՝ մեր հերոս դիրքապահների կողմից մինչև ատամները զինված հրոսակախմբերին արժանի հակահարված տալու համար: Մեր զինվորների, սպաների խիզախության ու անձնազոհության, հայ ժողովրդի միասնական կամքի շնորհիվ հնարավոր եղավ կասեցնել թշնամու ահաբեկչական գործողությունները: Բազում հայորդիներ իրենց մատաղ կյանքը տվեցին հայրենիքի պաշտպանության գործին` հավատարիմ մնալով ՙՄահ իմացյալ անմահություն է՚ կարգախոսին: Նման քաջակորով տղաներից էր Ռուդիկ Մովսիսյանը: 

Ծնվել է 1976թ. հունիսի 10-ին Ստեփանակերտում: 1993թ. ավարտել է քաղաքի հ. 5 միջնակարգ դպրոցը:  1994թ. զորակոչվել է ԼՂՀ ՊԲ: 1996թ. սովորել է Կիրովականի գնդային ուսումնական  կենտրոնում: 1996-2014թթ. ծառայել է  ՊԲ հետախուզական գումարտակում, եղել է դասակի, ապա վաշտի  հրամանատար, ինժեներական ծառայության պետ:  2014-2016թթ. ծառայել է Մարտակերտի 5-րդ պաշտպանական շրջանում` որպես իրային ծառայության պետ: Մասնակցել է մի շարք մարտական գործողությունների Մատաղիսի, Մարտակերտի, Աղդամի ուղղություններում, արժանացել ՙԼավագույն վաշտի հրամանատար՚ կոչման, ուներ  մայորի կոչում: Նա ընկավ ապրիլի 4-ին`  հակառակորդի անօդաչու  սարքի պայթյունից առաջացած բեկորային վնասվածքներից: Պարգևատրվել է ՙԱնբասիր ծառայության համար՚, ՙՀայրենիքին մատուցած ծառայությունների համար՚ ՀՀ  մեդալներով, իսկ հետմահու`  ԱՀ և ՀՀ  ՙԱրիության համար՚ և ՙՄարտական ծառայություն՚ մեդալներով: 

Փոխտնօրենը տեղեկացրեց, որ մայիսի 6-ին  դպրոցի ուսուցիչներից և աշակերտներից կազմված խումբը` տնօրենի գլխավորությամբ, եղել է  Մարտակերտի 5-րդ պաշտպանական շրջանում` մոտիկից ծանոթանալու այն զորամասին, որտեղ իր հայրենասիրական  առաքելությունն էր կատարում մերօրյա հերոսը: Այնտեղ թևածում էր  ապրիլյան պատերազմում անմահացած  կապիտան Արմենակ Ուրֆանյանի, կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանի, շարքային Քյարամ Սլոյանի, Անդրանիկ Զորաբյանի, Գևորգ Մղդեսյանի, լեյտենանտ Տիգրան Պողոսյանի,  մայոր Ռուդիկ Մովսիսյանի ոգին: Երեխաները տեսան  քաջորդիներին  նվիրված խաչքարը: Զինակոչիկներն այստեղ երդում են տալիս, ծանոթանում  նրանց հերոսական  պահվածքին: ՙՄեր հպարտությունը կրկնապատկվեց, որովհետև հայրենասիրական ոգով դեռ կշարունակեն դաստիարակվել զինվորներ թե՜ հայոց ազգային բանակում, թե՜ դպրոցականներ` հայոց ազգային դպրոցում՚,-ասաց Մ. Խաչատրյանը:        

Աշակերտներն իրենց ելույթներում երդվեցին նմանվել այդ քաջակորով տղաներին, որոնք մեկ օրում դարձան իրական  հերոսներ: 

Դպրոցականներն այցելել են նաև մայոր Ռ. Մովսիսյանի  ընտանիքի անդամներին, փորձել ավելին իմանալ նրա մասին: Մոր խոսքով՝ քանի որ որդին   հետախույզ էր, իր ծառայության մասին ոչինչ չէր պատմում` ասելով,  որ դա ռազմական գաղտնիք է: Ռուդիկը կյանքով լեցուն, երգով ու ծիծաղով ապրող անձնավորություն էր: Նա շատ ծնողասեր,  բարեկամասեր էր։  Այնքան էր ներծծված զինվորական կյանքով, որ տանն էլ զինվորին հատուկ կարգապահություն  ու ճշտապահություն էր սահմանել: ՙԿարո՞ղ է մենք էլ քո զինվորներն ենք՚,-կատակով ասում էին տնեցիները: Չնայած կորստյան ցավին` մայրը հպարտ է, որ որդին կյանքը նվիրել է հայրենիքին:

 Կինը ևս հպարտությամբ էր պատմում սիրելի ամուսնու մասին: Զոհվելուց  մեկուկես ժամ առաջ նրանք  հեռախոսազրույց են ունեցել: Ռուդիկը բոլորին ասել էր. ՙԵթե մենք այստեղ ենք, դուք վախենալու ոչինչ չունեք՚: 

Դուստրերից Էլենն այս տարի ավարտել է 12-րդ դասարանը: Անչափ հուզիչ էր նրա խոսքը հուշ-ցերեկույթին: ՙՀա՜յր իմ սիրելի, այսօր դու ամենուր ես` և՜ մեր հայրենիքի սահմաններում,   և՜ բոլոր դպրոցներում, աշխարհով մեկ սփռված յուրաքանչյուր հայի հոգում: Այսօր արցունքների միջից հայտարարում եմ` հպարտ եմ  և ուրախ, որ դուստրն եմ հայոց աշխարհի հերոս մայոր Ռուդիկ Մովսիսյանի՚:  

Իրենց սրտի խոսքն ասացին նաև քաջորդու դասղեկ Լիդիա Հայրապետյանը, զինակից ընկեր Արմեն Կարապետյանը: Վերջինս հայտարարեց, որ  ՀՀ ՊՆ-ի հրամանով  Ռուդիկին շնորհվել է ՙՊատվավոր հետախույզ՚-ի կոչում, որը քաջորդու ընտանիքին հանձնեց զինակից  մայոր Վրեժ Ավանեսյանը:

Միջոցառմանը ներկա էր ՀՀ Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության նախագահ Ռոման Բալայանը` մի խումբ  անդամներով: Նրա խոսքով` իրենք այդտեղ են ՀՀ նախագահ, Գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի ՙՄենք ձեզ հետ ենք՚ ծրագրի շրջանակում, և Մովսիսյանների   ընտանիքին հանձնեց  ՀՀ ՊՆ ՙՀայրենիքի պաշտպանության համար՚ մեդալը:   

5-րդ  պաշտպանական շրջանի սերժանտական խորհրդի նախագահ ավագ սերժանտ Վահե Քոթանյանն էլ իր խոսքում նշեց, որ հպարտ է, որ ծառայում է ապրիլյան պատերազմում  մեծ  պատիվ ու անուն ձեռք բերած զորամասում, և իրենք պատասխանատու են ոչ միայն  ապագայի, այլև  արժանավոր զավակների հիշատակի առաջ: 

Հուշ-ցերեկույթը եզրափակեց դպրոցի տնօրեն Վանիկ Ղազարյանը, ով անուն առ անուն հիշատակեց դպրոցի բոլոր զոհված շրջանավարտներին, որոնց շարքը Փառքի սրահում,  ցավոք, համալրեց մայոր Ռուդիկ Մովսիսյանը: 

Այս նվիրյալներն  իրենց   առաքելությունը  շարունակում են  նաև այսօր` վերադառնալով դպրոց և միշտ ներկա լինելով  մատաղ սերնդին հայրենասիրական  ոգով դաստիարակելու հավերժ գործընթացին։ 

 

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.