Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ՙՆՐԱՆՑ ՍՐԲԱԶԱՆ ՇԻՐԻՄՆԵՐԻՑ Է ԲԱՐՁՐԱՆՈՒՄ ՀԱՅՐԵՆԻՔԸ՚

Անցած շաբաթ Ասկերանի շրջվարչակազմի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ` նվիրված արցախյան ազատամարտի նվիրյալ Գարիկ  Մելքումյանի ծննդյան 45-ամյակին։

 ՙՄարտական խաչ՚ երկրորդ աստիճանի շքանշանի ասպետի հիշատակին նվիրված միջոցառումն սկսվեց մեր երկրի պետական օրհներգով։ Ներկաները մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգեցին Հայրենիքի նվիրյալների անմար հիշատակը։

Միջոցառմանը ներկա էին ԱՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, ԱԺ պատգամավոր Արզիկ Մխիթարյանը, ՊԲ հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ Վարդան Բալայանը, զոհված ազատամարտիկի հարազատներ, մարտական ընկերներ։

Գարիկ Մելքումյանը ծնվել է 1972 թ. հունիսի 14-ին, Ասկերանում։ Հաճախել է տեղի միջնակարգ դպրոցը՝ ուսումնառության տարիներին ցուցաբերելով բարձր առաջադիմություն։ Այդ էր փաստում նրա դասղեկ Ռոմելա Մոսյանը, ով մայրական ջերմ գորովանքով է հիշում իր սաներին, որոնց մեջ առանձնանում էր Գարիկը՝ միշտ ժպտադեմ, հավասարակշռված, ընկերասեր, պատրաստակամ ամեն րոպե օգնության ձեռք մեկնելու։ Նա ակտիվորեն մասնակցում էր դպրոցում կազմակերպվող մարզական և ռազմական միջոցառումներին, գրավում առաջնակարգ տեղեր։ Դասղեկի համար անչափ դժվար էր անցյալ ժամանակով խոսել իր սիրելի աշակերտի մասին, ով Հայրենիքին սպառնացող վտանգի ժամանակ անվարան զինվորագրվեց նրա փրկության վեհ գործին։

 Միջնակարգից հետո Գարիկն ընդունվեց Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթ ֆակուլտետի ընդհանուր տեխնիկական առարկաների բաժինը։ Դա 1989 թվականն էր, երբ ամբողջ երկրամասում թափ էր առել Արցախյան շարժումը։ 

Գարիկի ուսանողական տարիների մասին իր հուշերը ներկայացրեց նրա դասախոս, ԱՀ Աժ պատգամավոր Արզիկ Մխիթարյանը, ապա ընդգծեց. Գարիկի նման նվիրյալների ապրած կյանքը դաս ու դասագիրք պետք է հանդիսանա մատաղ սերնդի համար: 

Գարիկ Մելքումյանը մասնակցել է Խրամորթ և Փառուխ գյուղերի պաշտպանության գործին, Խոջալուի և Աղդամի կրակակետերի վնասազերծմանը։ Իր հավատարիմ զինակից ընկեր  Ավետիք Հայրապետյանի հետ միասին հայտնվում էր ծայրամասային գյուղերում։ Կարճ ժամանակամիջոցում նրանց արդեն ճանաչում էին Հադրութի շրջանի մի շարք բնակավայրերում։ Ու նրանց ներկայությունը հույս ու հավատ էր ներշնչում տեղացիներին։ Գնալով իրադրությունը փոխվում էր նաև Ասկերանում։ Հարազատ ծննդավայրը կարճ ժամանակամիջոցում հայտնվում է թշնամու ուղիղ նշանառության տակ։ Իսկ Գարիկի ընտանիքը առաջիններից մեկն իր վրա զգաց թշնամու նկրտումները։ Գարիկի հայրը՝ Սամվել Մելքումյանը, 1988-ի փետրվարի 22-ին իր ընկերների հետ թշնամու՝ Ասկերանի վրա հարձակվելու մասին լուրն առնելուն պես,  Խրամորթից շտապում է շրջկենտրոն ու Աղդամի մատույցներում հանդիպում թշնամու խառնամբոխին։ Միայն երջանիկ պատահականությամբ խումբը փրկվեց մահվան ճիրաններից։ Այդ օրերին էլ Գարիկն անվարան միացավ ծննդավայրի պաշտպաններին։ Հմուտ հրամանատար Վիտալի Բալասանյանի գլխավորությամբ նրանք կարողացան մինչև բաղձալի հաղթանակն անառիկ պահել երկրորդ, չորրորդ և ՙՈւղտի մեջք՚ կոչվող ռազմավարական խոշոր նշանակության պահակակետերը։

Կարճ ժամանակահատվածում՝ 1993 թվականին, Գարիկը դարձավ դասակի, իսկ 1995 թվականին` վաշտի հրամանատար։ 1996 թվականին նշանակվեց վաշտի հրամանատարի տեղակալ, իսկ որոշ ժամանակ անց՝ գումարտակի հրամանատար։ 1997թ. կապիտան Գարիկ Մելքումյանը պարգևատրվել է ՙԱրիության համար՚ մեդալով։ 

1998թ. դեկտեմբերի 29-ին դժբախտ պատահարն ընդհատեց ուժերի ծաղկուն շրջանն ապրող երիտասարդ ու խոստումնալից հրամանատարի կյանքը: Գարիկ Մելքումյանը հետմահու պարգևատրվել է ՙՄարտական խաչ՚ երկրորդ աստիճանի շքանշանով։ 

1997թ. Գարիկն ամուսնացավ Արևիկի հետ։ Ու այսօր Գարիկն ապրում է իր միակ դստեր՝ Գոհարի մեջ։ Իսկ Ասկերանի Ն զորամասի վաշտերից մեկը կրում է Գարիկ Մելքումյանի անունը։ Եվ ամեն օր անվանականչին հնչում է Հայրենիքի նվիրյալ Գարիկ Մելքումյանի անունը։

Արցախի ազատամարտիկների միության աշխատակազմի ղեկավար Էդվարդ Խաչատրյանը ԱԱՄ նախագահ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի անունից երախտագիտություն հայտնեց Գարիկ Մելքումյանի հարազատներին՝ հայրենանվեր ու քաջարի զավակ դաստիարակելու համար։ Միության անունից Էդվարդ Խաչատրյանը նվեր հանձնեց Ռոզա մայրիկին։ 

Հուշ-ցերեկույթի ժամանակ ներկաները դիտեցին Գարիկ Մելքումյանի կյանքին ու զինվորական ծառայությանը նվիրված տեսաֆիլմ, որտեղ նրա մարտական ընկերներ Արթուր Հարությունյանն ու Թելման Գաբրիելյանը խորը կսկիծով էին խոսում մարտական ընկերոջ` Գարիկ Մելքումյանի մասին։ 

Ն զորամասի զինվորներն ու Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտները հանդես եկան հայրենասիրական բանաստեղծությունների ու երգերի գեղեցիկ կատարումներով։ Անչափ ազդեցիկ էր զինվորների երգը. այն նաև  երդում էր` շարունակել և ավարտին հասցնել զոհված տղաների կիսատ թողած գործը…

Այո, ժամանակն ի զորու չէ մոռացության մատնելու Հայրենիքի նվիրյալների սխրագործությունները, քանզի հանուն ազատ ու անկախ Հայրենիք ունենալու վեհ գաղափարի իրագործման ելած մարտիկների հիշատակն անմար է։ Գարիկ Մելքումյանն այն անհատականություններից էր, ով իր ապրած կարճ, սակայն իմաստալից կյանքով ապացուցել է, որ հայրենիքն ու հայրենասիրությունը զուտ խոսքեր չեն, այլև բացարձակ արժեքներ։ Ու ինչպես Գարեգին Նժդեհը կասեր` ՙՆրանց սրբազան շիրիմներից է բարձրանում Հայրենիքը՚: 

 

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ք. Ասկերան