[ARM]     [RUS]     [ENG]

ԲՆԱԿԱՐԱՆԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ՝ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ

Արցախում ծնելիության և բազմազավակության խթանման ծրագրերի շրջանակներում շարունակվում է 6 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքների համար առանձնատների կառուցումը: Համաձայն վիճակագրական տվյալների, այս ծրագիրը տարեցտարի  իր դրական ազդեցությունն է ունենում երկրի ժողովրդագրական վիճակի վրա:

 Ըստ վարչական տարածքների՝ այսօրվա դրությամբ Ասկերանի շրջանում ընթացքի մեջ են 4 առանձնատների կառուցման աշխատանքները (ծրագրով նախատեսված է կառուցել ևս 8-ը): Մարտակերտի շրջանում ընթացքում է 11 բնակարանի կառուցում, ծրագրի համաձայն պետք է կառուցվի ևս 10 առանձնատուն: Մարտունու շրջանում շարունակվում է 5-ի և նախատեսված է ևս 4-ի կառուցումը: Հադրութում շարունակվում է 5 բնակարանի շինարարությունը, ևս 2-ի կառուցումը կսկսվի առաջիկայում:

Շուշիի շրջանում առայժմ նախատեսված է 1 բնակարանի կառուցում: Շահումյանի շրջանում ընթանում են 6 առանձնատների շինարարական աշխատանքները, նախատեսված է կառուցել ևս մեկը: Քաշաթաղում կառուցման փուլում է 12, պետական ծրագրով նախատեսված է կառուցել ևս 10 առանձնատուն:

Կառուցմանը զուգահեռ պետությունն իրականացնում է նաև բնակարանների գնում և տրամադրում բազմազավակ ընտանիքներին:

Բնակարանաշինության պետական ծրագրի հետ միասին կյանքի է կոչվում ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի 5 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքների համար բնակարանների կառուցման ծրագիրը: Ներկայում 16 տուն արդեն հանձնվել է շահառուներին, 15-ը կառուցման փուլում է: 

Նշենք, որ բարեգործական հիմունքներով ու Արցախի կառավարության համաֆինանսավորմամբ բնակարանաշինության հաջողված ծրագրեր են իրականացվել Աղավնո (Արիավան) բնակավայրում, Նոր Կիլիկիա թաղամասում և Իշխանաձոր համայնքում, որոնք իրենց հերթին նպաստել են մեր երկրի ժողովրդագրության դինամիկ աճին:

ՙԱԱ՚