[ARM]     [RUS]     [ENG]

ՊԱՐԳԵՎՆԵՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

Ավանդաբար հունիսի 21-ը Հայաստանում և Արցախում նշվում է որպես Բուժաշխատողի օր։ Մասնագիտական տոնի առթիվ  Արցախի Հանրապետության առողջապահության համակարգի մի խումբ բուժաշխատողներ արժանացան պատվոգրերի և  ԱՀ վարչապետի հուշամեդալի։

Հունիսի 21-ին կառավարության շենքում կայացած հանդիսավոր միջոցառմանը ներկա էին ԱՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը, ոլորտի պատասխանատուներ։ 

Շնորհավորելով համակարգի բոլոր աշխատողներին մասնագիտական տոնի առթիվ՝ Կ. Աթայանը նշեց, որ բժշկի մասնագիտությունն ամենամարդասիրականներից մեկն է, որն էլ պահանջում է անմնացորդ նվիրում, մեծահոգություն։ ՙԲժշկի մասնագիտությունը մեզանում գնահատվում է առանձնակի, և դուք վայելում եք հասարակության հարգանքն ու շնորհակալ վերաբերմունքը։ Տոնական այս օրն էլ լրացուցիչ առիթ է, որ ձեզ գնահատանքի խոսքեր ուղղելով՝ մեկ անգամ ևս արժևորեն բուժաշխատողի դերն ու  նշանակությունը, քանզի ձեր նվիրված աշխատանքի, մասնագիտական բարձր պատրաստվածության ու հոգատար վերաբերմունքի շնորհիվ մարդկանց վերադարձնում եք ամենաանգինը՝ առողջությունը, հաճախ՝ նաև կյանքը՚,- շեշտեց նախարարը։ Նրա խոսքով՝ ԱՀ առողջապահության ոլորտում տարեցտարի իրականացվող բարեփոխումները վկայում են, որ համակարգը եղել ու մնում է երկրի իշխանությունների ուշադրության կենտրոնում։ Կառուցվում և շահագործման են հանձնվում նորանոր բուժհաստատություններ, որոնք էլ համալրվում են ժամանակակից սարքավորումներով ու անհրաժեշտ այլ պարագաներով։ Փորձառու բուժաշխատողների շարքերն աստիճանաբար համալրում են երիտասարդ մասնագետներ, ովքեր էլ իրենց հերթին տիրապետում են բժշկական նորագույն տեխնոլոգիաներին։

 Այս ամենին զուգահեռ ոլորտի առջև ծառացած խնդիրների լուծման և համակարգի արդյունավետության մակարդակը բարձրացնելու համար նախարարությունն իրականացնում է զանազան աշխատանքներ։ Այդ առումով ներդրվում են  արդի տեխնոլոգիաներ՝ բուժսպասարկման որակը բարձրացնելու և բուժօգնությունը մատչելի դարձնելու նպատակով։ Առանձին աշխատանքներ են տարվում ոլորտում որակյալ կադրեր վերապատրաստելու ուղղությամբ։ Պարբերաբար հրավիրվում են հայաստանյան և արտերկրի մասնագետներ, ովքեր տեղում իրականացնում են բազմապիսի բուժսպասարկման և մասնագիտական օգնության ծրագրեր։ Կ. Աթայանը վստահություն հայտնեց, որ առաջիկայում ևս համատեղ ու հետևողական աշխատանքի շնորհիվ կշարունակվի համակարգի զարգացման գործընթացը։ Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ, նախարարը պարգևատրեց ոլորտի մի խումբ աշխատակիցների։ 

Բուժաշխատողի օրվա կապակցությամբ և առողջապահության բնագավառում մասնագիտական կարողությունների դրսևորման ու ձեռք բերած հաջողությունների համար Կ. Աթայանը ԱՀ վարչապետի հուշամեդալ հանձնեց առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Առաքելյանին, կենսաթոշակառու Բորիս Թորոսյանին ու ՙՄոր և մանկան առողջության պահպանման կենտրոն՚ ՓԲԸ տնօրենի ամբուլատոր բուժօգնության գծով տեղակալ Էդուարդ Ղահրամանյանին։ 

ԱՀ վարչապետի համապատասխան որոշմամբ պատվոգրեր հանձնվեցին ՙՀոգեթմրաբանական դիսպանսեր՚ ՓԲԸ հոգեբույժ Հակոբ Հակոբյանին, նախարարության աշխատակազմի վիճակագրական վերլուծական բաժնի վարիչ Ագապի Հայրունուն, ՙՀանրապետական բժշկական կենտրոն՚ ՓԲԸ վիրաբույժ Էդուարդ Սարգսյանին  և Շահումյանի շրջանի ՙՔարվաճառի շրջանային բուժմիավորում՚ ՊՈԱԿ-ի մանկաբույժ Ստյոպա Սարգսյանին։ Պարգևատրվողները շնորհակալություն հայտնեցին իրենց աշխատանքի գնահատման համար և գործընկերներին մաղթեցին  առավել մեծ  հաջողություններ ու ձեռքբերումներ ունենալ այս  պատասխանատու գործում։

 Քարվաճառի շրջանային բուժմիավորման մանկաբույժ Ս. Սարգսյանն իր հերթին մաղթեց, որ առողջապահության բնագավառի բոլոր աշխատողները լինեն հնարավորինս համբերատար, որովհետև մեր ազգաբնակչությունը հայտնվել է սոցիալ-տնտեսական և հոգեբանական դժվարին պայմաններում։ Ս. Սարգսյանը 2000թ.-ից ի վեր աշխատում է Քարվաճառի բուժհաստատությունում։ Հիվանդանոցի շենքը սկզբնական շրջանում տեղակայված էր ընդամենը մի սենյակում, դժվար ու մութ տարիներ են անցկացրել, մոմի ու լամպի լույսի տակ կատարել մասնագիտական իրենց պարտականությունները։ ՙՎերջին 15 տարվա ընթացքում մեր շրջանը բավականին մեծ առաջընթաց ունեցավ սոցիալ-տնտեսական և առողջապահության  բնագավառներում։ Այժմ աշխատում ենք բարվոք  պայմաններում և առանձին շնորհակալություն ենք հայտնում  նախարարության աշխատակազմին, ինչպես նաև  Ստեփանակերտի բուժհաստատությունների անձնակազմերին, ովքեր ցանկացած պարագայում ու հնարավորության սահմաններում միշտ աջակցել են մեր բուժմիավորմանը՚,- ասաց Ս. Սարգսյանը։ 

Մասնագիտական գործունեության նկատմամբ ունեցած բարեխիղճ վերաբերմունքի համար ԼՂՀ առողջապահության նախարարի պատվոգրերով խրախուսվեցին Ստեփանակերտի և շրջանային բուժմիավորումների մի խումբ աշխատակիցներ։ 

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ