[ARM]     [RUS]     [ENG]

2015-Ի ՀԱՄԵՄԱՏ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ԹՎՈՒՄ` ՄԻՆՉԵՎ 30 ՏՈԿՈՍ ԱՃԻ ԱԿՆԿԱԼԻՔ

Զբոսաշրջության ակտիվ տարեշրջանի մեկնարկը ոլորտի պատասխանատուները բարի լուրերով են նշանավորում: Եթե 2016-ին ապրիլյան պատերազմի հետեւանքով Արցախ այցելած արտասահմանցի զբոսաշրջիկների թվում որոշակի նվազում արձանագրվեց, ապա 2017-ին կարող ենք ոչ միայն կորցրածը փոխհատուցել, այլեւ նկատելի աճ ունենալ:

Էկոնոմիկայի նախարարության պատասխանատուները վստահ են. ոչ թե 2016, այլ 2015 թվականի համեմատ 2017-ին Արցախ այցելած միջազգային զբոսաշրջիկների թիվը` նրանք, ովքեր մուտքի արտոնագիր են ստանում, առնվազն 20 տոկոսով ավել կլինի:

Զբոսաշրջային ակտիվ տարեշրջանն Արցախում նոր-նոր է մեկնարկում: Տարվա առաջին եռամսյակը սովորաբար այցերով հարուստ չի լինում: Բայց վիճակագրությունն, ամեն դեպքում, պահվում է: 2017-ի հունվար-մարտին Արցախ է այցելել 1076 զբոսաշրջիկ, նախորդ տարվա 695-ի դիմաց: Աճի տեմպերն ավելի նկատելի են դառնում ապրիլ եւ մայիս ամիսներին: Ըստ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության տվյալների` 2017թ. ապրիլին զբոսաշրջիկների թիվը կազմել է 1196` նախորդ տարվա նույն ամսվա 695-ի փոխարեն, այսինքն` գրանցվել է 42% աճ, իսկ մայիսին զբոսաշրջիկների թիվը կազմել է 2020` նախորդ տարվա նույն ամսվա 909-ի փոխարեն` գրանցելով 222% աճ: 

Սակայն ավելի օբյեկտիվ լինելու համար Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության ծրագրերի կառավարիչ Արտակ Գրիգորյանը համեմատությունը 2017թ. ցուցանիշները ոչ թե 2016-ի, այլ 2015թ. ցուցանիշների հետ է համեմատում: 2016-ը, ապրիլյան պատերազմի պատճառով, դժվար էր զբոսաշրջության համար. ապրիլից հետո միջազգային զբոսաշրջիկների թիվը շոշափելի կերպով նվազել էր: ՙԱյս տարվա թվերը բավական հուսադրող են: Մայիս ամսվա համար ունենք զբոսաշրջիկների թվի մոտ 25 տոկոս աճ: Իսկ 2017-ի առաջին 5 ամիսների կտրվածքով 17 տոկոս է կազմում աճը,- մանրամասնում է Արտակ Գրիգորյանը:- Մեր դիտարկումներով՝ աճի այս միտումը կպահպանվի եւ մինչեւ տարեվերջ կհատի 20-30 տոկոսի սահմանը՚:

Զբոսաշրջիկների ավանդական նախասիրությունները շատ չեն փոխվել: Սակայն նաեւ որոշակի նոր միտումներ կան. մի կողմից նոր զբոսաշրջավայրերի բարեկարգումն ու դրանց հանրահռչակմանն ուղղված ծրագրերն են իրենց դերը կատարել, մյուս կողմից` հանրապետությունում ենթակառուցվածքների բարելավման ծրագրերն են զբոսաշրջության ոլորտում նոր հնարավորություններ բացահայտում, նշում է զբոսաշրջության վարչության ծրագրերի կառավարիչը: ՙԱվանդական ուղղությունները՝ Շուշի, Գանձասար, Տիգրանակերտ, շարունակում են մնալ առաջատարները: Նաեւ Ամարասի ուղղությունն է բավական ակտիվ,-տեղեկացնում է Արտակ Գրիգորյանը:-Դրանց զուգահեռ՝ աստիճանաբար նոր ուղղություններն են հանրահռչակվում: Հարավային երթուղում արդեն իր տեղն ունի Տողի մելիքական ապարանքը՝ շրջակա զբոսաշրջավայրերով: Հյուսիսային երթուղին ակտիվացման նոր հնարավորություն ունի, եւ դրա ազդեցությունն արդեն զգում ենք. խոսքը Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի մասին է: Բարեկարգ ճանապարհն այդ ուղղությամբ այցերի ակտիվացման կարեւոր պայմաններից մեկն է՚:

Այսքանը, այսպես ասած` ավանդական-ճանաչողական զբոսաշրջության մասով: Էկոնոմիկայի նախարարության պատասխանատուները դրան զուգահեռ նոր հնարավորությունների մասին են խոսում: Նոր ծրագրերից մի քանիսն արդեն մեկնարկել են: ՙԱրկածային զբոսաշրջության հնարավորություններն ենք փորձում ներկայացնել: Դրան ուղղված որոշակի քայլեր արդեն հասցրել ենք կատարել: Մասնավորապես, աշխատանքներ ենք տանում ՙՃանապարհ թրեյլ՚ հետիոտն երթուղու հանրահռչակման ուղղությամբ: Դրան էր ուղղված նաեւ Հայ լեռնագնացների միության նախաձեռնությամբ եւ Թելմա Ալթունի մասնակցությամբ վերջերս անցկացված ուլտրամարաթոնը: Քայլեր են արվում նաեւ Ստեփանակերտի օդանավակայանի զբոսաշրջային ներուժն օգտագործելու ուղղությամբ: Մասնավորապես, արդեն իրողություն է Արցախում զբոսաշրջային թռիչքների իրականացումը գերթեթեւ ինքնաթիռներով: Իսկ վերջերս էլ օդանավակայանում ՙՕդային փառատոն՚ կազմակերպեցինք՝ ներգրավելով ոչ միայն փոքր ինքնաթիռը, այլ նաեւ օդապարիկ ու պարապլան՚,- թվարկում է Արտակ Գրիգորյանը եւ վստահեցնում՝ մի շարք ծրագրեր էլ դեռ քննարկման փուլում են: Մեկնարկը կլինի շուտով: 

Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ