[ARM]     [RUS]     [ENG]

Մեզ գրում են

ԳՐԵԹԵ ՄԻ ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔ

 Մարդկային ուրախությունների շարքում բնակարանամուտը թերևս առաջնային դիրքերում է։ Դա կարող ենք հաստատել նաև մենք՝ 1984 թվականի փետրվար-մարտ ամիսներին նախկին մարզկենտրոն Ստեփանակերտի Հեքիմյան փողոցի 11 շենքի (հայտնի է որպես շտապօգնության կայանի շենք) բնակիչներս։  Ուրախությունն այնքան մեծ էր, որ չտեսնելուն էինք տալիս շինարարական մեծուփոքր թերությունները, այն ակնկալիքով, որ արդեն բնակիչներիս կողմից ձեռնարկված վերանորոգման աշխատանքներից հետո այդ թերությունները  կվերացվեն։ Այդպես էլ եղավ։ Եվ բնակարանային օրդերները ստանալուց հետո 72-բնակարանոց այդ շենքը վերածվեց հսկա մի շինհարթակի (այնպես, ինչպես մյուս բոլո՛ր-բոլոր նորակառույց շենքերում)։ Ապա իրար հաջորդեցին բնակարանամուտի տոնախմ(բ)ությունները։ Ի՛նչ իմանայինք, որ ամիսներ անց այդ ուրախությունից հետք անգամ չի մնալու։

Պատճա՞ռն եք հարցնում։ Մենք կասեինք` պատճառները։ Նախ՝ շենքի ենթակառուցվածքները (սանհանգույցը և այլն) չդիմացան ջրագծերի, կոյուղագծերի շահագործմանը. հենց 1984-ի ամռանը նկուղային հարկը լցվեց կեղտաջրերով, այնպես լցվեց, որ բնակիչներիս հարայ-հրոցների վրա շենք հասած տարբեր շինվերանորոգման-մոնտաժման բրիգադները չկարողացան թափանցել նկուղ ու սուսիկ-փուսիկ հեռացան՝ մարդկանց թողնելով հետագա փորձություններին դեմ հանդիման։ 

Երբ ամառն իր լիարժեք իրավունքների մեջ մտավ, նկուղը վերածվեց ակվատեռարիումի. այստեղ անարգել սկսեցին բազմանալ տարբեր տեսակի զեռուններ։ Բայց ամենասարսափելին մոծակների պարսերն էին. այս աննշան թևավորները մարդկանց հալածում էին թե՜ բնակարանում, թե՜ բակում։ Ու դա` տասնամյակներ շարունակ:

Բակն էլ ի՞նչ. մի քանի ամիս հետո ասֆալտի շերտերը փշուր-փշուր եղան, ու կարճ ժամանակում ասֆալտ կոչվածը վերածվեց փոշու։ Չար լեզուներն ասում էին, որ ասֆալտի շաղախի մեջ ձյութը չնչին տոկոս էր կազմում...

Եվ այս վիճակում՝ ուղիղ 33 տարի։ Կարելի է ասել՝ մի ամբողջ կյանք։ Գարնանային վերջին հեղեղումների ժամանակ շենքի բակում այնպիսի լճեր էին առաջանում, որ տարածքից դուրս գալու համար նավակների հայթայթման խնդիր առաջացավ։ Իսկ բողոքները, ինչպես առատության եղջյուրից, թափվում էին քաղաքապետարանի, իրավասու  գերատեսչությունների վրա, բայց...որևէ կոնկրետ արձագանք այդպես էլ չէր նկատվում։

 Լա՜վ, ընթերցող, չչարաշահենք համբերությունդ. մի քանի օր առաջ մի խումբ մարդիկ եկան ու երկար ժամանակ ՙտնտղում էին՚ մեր բակը։ Հարցրինք՝ ովքե՞ր եք։ Ասացին՝ ուզում ենք ձեր բակը կարգի բերել։ Կատակներդ թողեք, ասացինք, ավելի քան 30 տարիների ընթացքում մի քանի անգամ իբր նորոգումներ են իրականացրել, բայց որոշ ժամանակ անց կրկին վերականգնվել է նախկին ՙմակարդակը՚։ Մեր թերահավատությունը հաջորդ օրը ամրապնդվեց. վերանորոգողները չեկան, նրանք, կարծես, մոռացել էին մեզ։ Բայց մյուս օրը վաղ առավոտյան տեխնիկայի հզոր հռնդյունից բոլորս պատշգամբ վազեցինք։ Հսկա մեր բակի տարբեր հատվածներում աշխատում էին թրթուրավոր ու անթրթուր  տրակտորներ, ժամանակակից բուլդոզերներ։ Հետո խիճ ու ավազ բերին...Իսկ մենք՝ մեր 30 տարիների հիասթափությանը գերի, թերահավատորեն էինք նայում այդ ամենին։ ՙՋանը՛մ, այս ամենը սուտ է, կթողնեն-կգնան՚ ասում էինք։

Հիմա արդեն բարեկարգման վերջին փուլն է. ասֆալտապատում են մեր բազմաչարչար բակը. առաջին՝ կոպիտ շերտին հաջորդում է երկրորդը՝ ավելի նուրբը։

Ու կամա՛ց-կամաց թերահավատությունը նահանջում է, նրան փոխարինելու են գալիս երախտիքի խոսքերը. ապրե՛ն ՙՎերածնունդ՚ ՍՊԸ-ի (ղեկավար՝ Ա. Սաֆարյան) տղաները, բոլոր նրանք, ովքեր մեր երեք տասնամյակի  երազանքը դարձրին իրականություն։ Վերջապես մենք էլ զգացինք, որ աճող-բարգավաճող, քաղաքացուն թիկունք կանգնող երկիր ունենք, երկիր, որի մի ՙձեռքին՚ զենքն է, մյուսին՝ շինարարի մուրճը...

 

Հեքիմյան 11 շենքի մի խումբ բնակիչներ