ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ` ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱ
ԱՀ և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների միջև կնքված համագործակցության շրջանակներում մեր հանրապետությունում առաջին անգամ իրականացվել է աշխատաշուկայի ուսումնասիրություն, որի նախնական արդյունքները ներկայացվեցին հունիսի 30-ին` ծրագրի շնորհանդեսով:
Միջոցառմանը ներկա էին ԱՀ սոցապ նախարար Սամվել Ավանեսյանը, էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը, ԱՎԾ ղեկավար Կարեն Ներսիսյանը, ինչպես նաև ՀՀ սոցապ նախարարության պատվիրակությունը: Ներկայացնելով ՀՀ գործընկեր նախարարության Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի հետ համատեղ իրականացված ՙԼՂՀ գործատուների հիմնախնդիրների վերհանում և լուծումների առաջադրում՚ հետազոտության նպատակներն ու խնդիրները` գերատեսչության աշխատանքի և զբաղվածության գործակալության պետ Համլետ Պետրոսյանը նշեց, որ հետազոտական աշխատանքներն ընթացել են երկու նախարարների անմիջական վերահսկողության պայմաններում: Աշխատաշուկայի ուսումնասիրություններում ընդգրկվել է հանրապետությունում գործունեություն իրականացնող 423 գործատու, որը կազմում է գրանցված գործատուների ընդհանուր թվի ավելի քան 18 տոկոսը: Ծրագրում ներառվել են տնտեսության տարբեր ճյուղերն ու հանրապետության բոլոր շրջանները ներկայացնող գործատուներ: Ոսումնասիրության նախնական փուլում գործատուների հետ հանդիպումների արդյունքում կազմվել է 60 հարցից կազմված հարցաշար, որի համար հիմք են ընդունվել կազմակերպությունների` վերջին մի քանի տարիներն ընդգրկող ժամանակահատվածի հիմնական գործունեությունը, հանդիպող դժվարությունները, հետագա անելիքների մասին նրանց պատկերացումներն ու կանխատեսումները: Իրականացված հետազոտությունը հանգամանալից ներկայացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի ազգային ինստիտուտի փոխտնօրեն Գառնիկ Նալբանդյանը:
Անդրադառնալով աշխատաշուկայի ուսումնասիրության նոր եղանակին, ԱՀ սոցապ նախարար Ս. Ավանեսյանը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում նշեց, որ ծրագիրը փորձ է` վերհանելու գործատուների խնդիրները, այդ ուղղությամբ առաջարկելու որոշակի լուծումներ և նպաստելու վերջիններիս կողմից նոր աշխատատեղերի ստեղծմանը: Նա հավելել է, որ իրենց նպատակը մնում է նույնը` բարձրացնել զբաղվածության մակարդակը, նվազեցնել գործազուրկների թիվը: Ծրագրի մեկնարկը ողջունեցին նաև ՀՀ սոցապ նախարարի գլխավոր խորհրդական Թադևոս Ավետիսյանը և Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրեն Արման Սարգսյանը:
Իրականացված վերլուծության մասին առավել մանրամասն կներկայացվի թերթի առաջիկա համարներից մեկում:
Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ