Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՅՍՏԵՂ ԱՄԵՆ ԻՆՉ ՀՈԳԵՊԱՐԱՐ Է, ԱՌԻՆՔՆՈՂ, ՈՒՍՈՒՑԱՆՈՂ

Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման գործում մեծ նշանակություն ունեն ճամբարները:

Այս յուրօրինակ դարբնոցներում երեխաների մոտ ամրապնդվում են հայրենասիրության, ընկերասիրության գաղափարները, ընդլայնվում է աշխարհայացքը, նրանք սովորում են գնահատել գեղեցիկը, լավն ու բարին: 

Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպումը մշտապես գտնվել է Մարտունու շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի ուշադրության կենտրոնում: Ինչպես տեղեկացանք բաժնի գլխավոր մասնագետ Կարինե Գևորգյանից, շրջանում ճամբարների մեկնարկը տրվել է հունիսի 19-ին: Սոցիալական առանձին խմբերի` ԼՂՀ պաշտպանության ժամանակ զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 10-13 տարեկան 39 երեխա ամառային հանգիստն անց է կացրել ՀՀ Հանքավանի ՙՀասմիկ՚ մանկական առողջարանային ճամբարում: Մարտունու խմբի պատասխանատու էդուարդ Զաքարյանը շնորհակալություն է հայտնում ճամբարի կազմակերպիչներին և նշում, որ այն ընթացել է հաջող ու հետաքրքիր: Ճամբարականների առօրյան հագեցած էր ֆիզլիցքով, տաղավարներում երգի, պարի, ասմունքի միջոցառումներով ու դասերով, խաղերով, արշավներով: Կազմակերպվել է արշավ դեպի Հասմիկ սար և Արտավազդավանք, որի ժամանակ դպրոցականները ծանոթացել են մեր պատմամշակութային արժեքներին: Ճամբարներում ամեն ինչ հոգեպարար է, առինքնող, ուսուցանող, ասում են երեխաները:

Հուլիսի 3-9-ը շրջանի 10-15 տարեկան 90 երեխա մասնակցել է ՀՀ Գեղարքունիքի մարզում գտնվող ՙԵրկրապահ՚ ուսումնամարզական և հանգստի համալիրում կազմակերպված ՙԵռասերունդ երկրապահ՚ ուսումնամարզական ճամբարին: Եռասերունդ երկրապահների ճամբարային հավաքները` ՙՊատանի երկրապահ՚ ակումբի սաների և ՙԵրիտասարդ երկրապահ՚ կառույցի ներկայացուցիչների ուսումնամարզական դասընթացները և ավագ սերնդի երկրապահների հանգստի կազմակերպումն անց էր կացվում ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի աջակցությամբ: Դասընթացներում ներգրավված էին մասնագետներ բոլոր գործընկեր կառույցներից, այդ թվում` Հայ Առաքելական եկեղեցու սպասավորներ, իսկ ճամբարային հավաքում ընդգրկվել են եռասերունդ երկրապահներ Երևանի բոլոր վարչական շրջաններից, հանրապետության բոլոր մարզերից, Արցախի բոլոր շրջաններից, սփյուռքից: Մարտունու թիմի պատասխանատուներից մեկը` Արամ Խաչատրյանը, գոհ է ճամբարի կազմակերպվածությունից և կարգապահությունից: Ինչպես տեղեկացրեց նա, օրվա ծրագիրն իր մեջ ներառում էր առավոտյան և երեկոյան անվանականչեր, առավոտյան ֆիզլիցք, նախաճաշ, ճաշ, հետճաշյա հանգիստ, ընթրիք, դասեր ռազմական տեղագրությունից, կրակային ու շարային պատրաստությունից, ինչպես նաև արիության դասեր: Կազմակերպվել են մշակութային միջոցառումներ, մարզական մրցություններ: Մարտունու և Հայաստանի մարզերից ներկայացած թիմերի միջև անցկացված մրցություններում Մարտունու թիմը 1-ին տեղ գրավեց կրակային պատրաստությունից, ձգումներ պտտաձողի վրա մարզաձևից, 2-րդ տեղ` ինտելեկտուալ խաղ-մրցույթում, որի համար Մարտունու թիմը  ճամբարի կազմակերպիչների կողմից պարգևատրվեց պատվոգրերով:  Ա. Խաչատրյանի խոսքով` մեր դպրոցականներն ունեցել են դրական ապրումներով լի ուսումնամարզական հանգիստ, որովհետև ճամբարի ղեկավարներն առանձնահատուկ ուշադիր էին Արցախի դպրոցականների հանդեպ: Մարտունու թիմից Սյուզաննա Սարգսյանը, Քրիստինե Քարամյանը և Աննա Բալայանն իրենց ծննդյան օրերի կապակցությամբ նվերներ ստացան ճամբարի ղեկավարների կողմից: 

Հուլիսի 3-ից մինչև օգոստոսի 10-ը  3 փուլով (յուրաքանչյուր փուլում` 5 երեխա, 10-օրյա ժամկետով) անցկացվելու է ՙՀայորդիներ՚ սկաուտական 8-րդ բանակումը, որը կազմակերպվելու է փուլ առ փուլ` տարբեր տարիքային խմբերի պատանիների ու երիտասարդների համար: Առաջին հերթափոխն ուղարկված է, այն կազմակերպվում է Շուշի քաղաքի ՙՀայորդիներ՚ երիտասարդական ճամբարի տարածքում, դաշտային պայմաններում, կրում է վրանային բնույթ:

Կ. Գևորգյանի խոսքով` երկրորդ տարին է, ինչ դպրոցականների ամառային հանգիստը կազմակերպվում է Ծաղկաձորի ՙՏիրամայր Հայաստանի՚ ճամբարում, որի նպատակը երեխաներին պատերազմական գոտուց հեռացնելն ու նրանց համար հանգիստ միջավայր ապահովելն է: Ճամբարը շրջանում կմեկնարկի հուլիսի 30-ին և կտևի մինչև օգոստոսի 13-ը, որում առաջին հերթին ընդգրկվելու է երկկողմանի, միակողմանի ծնողազուրկ և չափազանց կարիքավոր  8-13 տարեկան 19 դպրոցական: 

ԼՂՀ ԿԳՍ նախարարության կողմից ամենամյա ավանդույթ է դարձել Հունաստանի Անո-Սիրոս կղզում արցախցի դպրոցականների հանգստի կազմակերպումը: Օգոստոսի 22-ից մինչև սեպտեմբերի 7-ն անցկացվելու է տարվա  ճամբարը: Նախապատվությունը տրվում է զոհված ազատամարտիկների և սոցիալապես անապահով ընտանիքների շնորհաշատ երեխաներին։ Ծրագրում ընդգրկվելու է Արցախի հանրակրթական դպրոցների 23 երեխա: Մարտունու շրջանից ընդգրկվելու է երկու զոհված  ընտանիքի երեխա (10-15 տարեկան)` մեկ ջոկատավարի ուղեկցությամբ:

Արմինե ԴԱՆԻԵԼՅԱՆ

ք. Մարտունի