Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՎ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԹՐՈՄԲՈԶՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ

 

 

 

ԱՀ առողջապահության նախարարության, Անեսթեզիոլոգների և ինտենսիվ թերապևտների հայկական միության հետ համատեղ սեպտեմբերի 22-23-ը Հանրապետական բժշկական կենտրոնում կազմակերպվեց ՙԹրոմբոզների կանխարգելման ժամանակակից մոտեցումները՚ թեմայով գիտաժողով։

Դրան զուգահեռ, ԱՀ ԱՆ մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում և մաշկավեներոլոգիական դիսպանսերում կազմակերպվեցին դասընթացներ ոլորտի կարևորագույն խնդիրների վերաբերյալ։ Այս ընթացքում Հանրապետական բժշկական կենտրոնում և վերոնշյալ բուժհաստատություններում իրականացվեց ՙԲաց դռների օր՚, որի շրջանակներում ՀՀ ՙԻզմիրլյան՚ բժշկական կենտրոնից ժամանած օրթոպեդ-վնասվածքաբան, ընդհանուր վիրաբույժ, ուրոլոգ, պրոկտոլոգ, գաստրոէնթերոլոգ, քիթ-կոկորդ-ականջաբան, նյարդաբան, էնդոկրինոլոգ, թոքաբան, գինեկոլոգ, մաշկաբան, համակարգչային տոմոգրաֆիստ և սոնոգրաֆիստ մասնագետների կողմից անվճար կատարվեցին հիվանդների խորհրդատվություններ, հետազոտություններ և վիրահատություններ։ Ծրագրին աջակցել է ՙՍանոֆի՚ ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը։Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում կազմակերպված դասընթացները վերաբերում էին մանկաբարձության և գինեկոլոգիայի ոլորտում թրոմբոզների կանխարգելման և դրանց հետ առնչվող խնդիրներին։ Կենտրոնի տնօրեն Վարդգես Օսիպովը հանդես եկավ ՙՄագնեզիումային բուժումը հղիության ընթացքում՚ թեմայով, իսկ  Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի դոցենտ, ՙՇենգավիթ՚ բժշկական կենտրոնի անզգայացման և ինտենսիվ թերապիայի ծառայության ղեկավար, բ.գ. թ. Աշոտ Ամրոյանը ներկայացավ ՙԹրոմբոէմբոլիկ բարդությունների կանխարգելումը գինեկոլոգիական և մանկաբարձական միջամտությունների ժամանակ՚ դասախոսությամբ։ Նրա պարզաբանմամբ՝ թրոմբոէմբոլիկ բարդությունները հղի կանանց շրջանում, բնական ծննդաբերության և կեսարյան հատումների ժամանակ բավականին տարածված են, և դրանց հետևանքով մահացությունը բարձր տոկոս է կազմում։ Այս թեման ամբողջ աշխարհում արդիական է, ուստի նման դասընթացների միջոցով ծրագրի կազմակերպիչները նպատակ ունեին բարձրացնել տեղի բժշկական ծառայությունների բուժանձնակազմերի գիտելիքները, ինչպես նաև ներկայացնել ոլորտի վերջին նորությունները, բուժման ժամանակակից մեթոդները, մինչ- և հետվիրահատական, ծննդաբերական շրջանում օգտագործվող հակաթրոմբոէմբոլիկ նյութերը։ Ա. Ամրոյանի խոսքով՝ Արցախում այդ խնդիրների առումով վիճակագրությունը բավականին լավ է, և տեղի մասնագետներն էլ ունեն համապատասխան գիտելիքներ, պրակտիկ ունակություններ։ 

Դասընթացների ժամանակ զեկուցողները ներկայացրին համաշխարհային բժշկագիտության փորձի գիտական նորությունները, մոտեցումները։ ՀՀ ԱՆ պրոֆ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի հեմոֆիլիայի կենտրոնի ղեկավար, բ. գ. թ.  Հեղինե Խաչատրյանն անդրադարձավ ՙՀղիությունն առանց թրոմբոզների վտանգի՚ թեմային։ Ընդհանուր առմամբ այս դասընթացներին մասնակցեցին ավելի քան 40 մասնագետներ, ովքեր էլ իրենց հերթին բարցրացրին հետաքրքրող հարցեր, համատեղ քննարկեցին առանձին դեպքեր։ 

Հանրապետական բժշկական կենտրոնում կայացած ՙԹրոմբոզների կանխարգելման հիմունքները վիրաբուժությունում և ինտենսիվ թերապիայում՚ թեմայով գիտաժողովը ողջունեց բուժհաստատության տնօրեն Կարեն Բազյանը։ Նա կարևորեց նման դասընթացների և բուժօգնության համատեղ կազմակերպումը ու կարծիք հայտնեց, որ քննարկվող թեմաները և ոլորտի վերջին նորություններն ավելի արդյունավետ կդարձնեն բժիշկների հետագա աշխատանքը։ 

Արդեն երկրորդ անգամ ՙԻզմիրլյան՚ բժշկական կենտրոնը Ստեփանակերտում կազմակերպում է ոչ միայն գիտաժողով, այլև դրան զուգահեռ ՙԲաց դռների օր՚։ Ծրագրի շրջանակներում անցյալ տարի հետազոտվեց ավելի քան 1200 հիվանդ, կատարվեց 4 վիրահատություն։ ԵՊԲՀ վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբոնի վարիչ, ՙԻզմիրլյան՚ բժշկական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանի խոսքով՝ հերթական այցի նպատակն էր Արցախի բնակչությանը ցուցաբերել մասնագիտական խորհրդատվություն, ախտորոշիչ բուժօգնություն։ Այդ նպատակով տեղի մասնագետների հետ կատարվել են համատեղ վիրահատություններ, ինչպես նաև ուսումնական և գիտական փորձի փոխանակում։ ՙԿարևորում եմ մեր համատեղ աշխատանքը, բարձր եմ գնահատում Արցախի բժիշկների փորձը, կարողությունները, որովհետև նրանք հաղթանակած երկրի բժշկական ծառայության ներկայացուցիչներ են, իսկ ինչ վերաբերում է բժշկագիտության զարգացման վերջին նորություններին, մենք սիրով պատրաստ ենք կիսվել նրանց հետ։ Այս տարի պլանավորված է արդեն 7 վիրահատություն, որից 5-ը՝ կոնքազդրային հոդի էնդոպրոթեզավորում, իսկ 2-ը՝ բարդ կոտրվածքների վիրահատություն, որոնք էլ կկատարվեն համատեղ։ Մենք չենք սահմանափակվում այս մի քանի օրերի համատեղ աշխատանքով, որովհետև ժամանակակից տեխնիկական հնարավորությունները բժիշկներին թույլ են տալիս կապվել իրար հետ և քննարկել բարդ դեպքերը, իսկ անհրաժեշտության դեպքում հիվանդին ուղարկել Երևան՚,-նշեց Ա. Չարչյանը։ Պրոֆեսորը դասախոսության ժամանակ անդրադարձավ վնասվածքաբանությունում և օրթոպեդիայում կոնքազդրային հիվանդությունների ժամանակ առաջացող թրոմբոէմբոլիաների կանխարգելմանը։ 

Բացի դրանից, վերջում կազմակերպված կլոր սեղանի շրջանակներում էլ համատեղ քննարկվել են մասնավոր բարդ դեպքերը, փնտրվել ճիշտ լուծումներ։ ԵՊԲՀ հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի վարիչ, բ.գ.թ., պրոֆեսոր Դավիթ Մելքոնյանը հանդես եկավ ՙՑածրամոլեկուլյար հեպարինները և թրոմբականխարգելումը՚ թեմայով դասախոսությամբ։ Նա պարզաբանեց թրոմբոզի առաջացման պատճառները, բարդությունները և հիվանդացության վիճակագրությունը։ Նրա տեղեկատվությամբ՝ ամեն տարի աշխարհում ավելի քան 60 հազար մարդ մահանում է խոր երակների թրոմբոզից։ Ընդ որում, կանայք ավելի հաճախ են տառապում այդ հիվանդությամբ, քան տղամարդիկ։ Դրանով տառապողների մինչև 50%-ը հաճախ չի գիտակցում, որ ունի այդ հիվանդությունը, որովհետև այն հաճախ ընթանում է առանց ախտանշանների։ Այս և նման հարակից մի շարք թեմաներ քննարկվեցին գիտաժողովի ընթացքում։ Իսկ ՙԲաց դռների օր՚ ծրագրի շրջանակներում թոքաբան Մարինե Պետրոսյանը խորհրդատվություններից հետո պարզաբանեց, որ մեծ թիվ են կազմում ասթմայով  և թոքերի որոշ քրոնիկ հիվանդություններով տառապողները, ովքեր ունեն մշտական հսկողության կարիք, այսինքն՝ նրանց խնդիրը չի լուծվում մեկ այցի ընթացքում։ Մասնագետները խորհրդատվություններ իրականացնելուց հետո տվյալները փոխանցել են տեղի թերապևտներին, տեղամասային բժիշկներին, ովքեր էլ իրենց հերթին կշարունակեն բուժօգնությունը։ Թոքաբանի հավաստմամբ` բարդ դեպքեր քիչ են եղել։ Բացի հետազոտություններից, Մ. Պետրոսյանը դասախոսություն կարդաց թոքային քրոնիկ հիվանդությունների վերաբերյալ։ Սա արդեն թոքաբանի 3-րդ դասախոսությունն է, որ ամեն անգամ ներկայացնում է Արցախում, որի նպատակն է կիսվել համաշխարհային փորձով, ինչն այսօր արդեն հասանելի է բոլորին։ Նա վերջերս է վերադարձել Միլանում կայացած համաշխարհային գիտաժողովից, որտեղ քննարկված վերջին գիտական մեթոդները փոխանցեց  Արցախի բժիշկներին։ Մ. Պետրոսյանի կարծիքով` եվրոպական և ամերիկյան լավագույն կլինիկաների արդի մեթոդները կարելի է նույնպես տեղում իրականացնել։ Դասախոսությունների ընթացքում առաջատար մասնագետները  ներկայացրին նաև բուժման ընթացքում կիրառվող վերջին սերնդի դեղորայքը։ Կազմակերպիչները հույս հայտնեցին, որ ծրագիրը շարունակական բնույթ կունենա։ 

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ