Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՙԲԺԻՇԿՆԵՐ՚` ԱՌԱՆՑ ԴԻՊԼՈՄՆԵՐԻ

Գաղտնիք չէ, որ մեր հանրապետության գյուղական բնակավայրերի բնակիչների բազմաթիվ հոգսերի ու խնդիրների շարքում միշտ էլ առաջնային տեղ է գրավել բուժսպասարկման անբավարար վիճակը կամ էլ դրանց բացակայությունը:

Այս խնդիրն առավել ցայտուն է արտահայտված հատկապես շրջկենտրոններից հեռու գտնվող համայնքներում, որտեղ տարեցներն ավելի մեծ թիվ են կազմում, ովքեր, բնականաբար, ավելի հաճախակի են բժշկի կարիք զգում: 

Թերևս իրավիճակը շտկելուն էր նպատակաուղղված անգամ ամենափոքրաթիվ բնակչություն ունեցող գյուղերում բուժկետեր պահելու որոշումը, սակայն այսօր պնդել, որ դրանով խնդիրը փոքրիշատե լուծվել է, չի կարելի:

Որպես կանոն, գյուղերում առաջնային բուժօգնություն տրամադրելու պատասխանատվությունն ստանձնած բուժաշխատողը միջին մասնագիտական կրթություն ունի, բացի այդ, չի կարելի ասել, որ նա ապահովված է  հիվանդին առաջին բուժօգնություն տրամադրելու համար բավարար քանակի դեղորայքով:

Վերջին տարիներին համայնքներում կտրուկ աճել են շրջիկ` հիմնականում Հայաստանից ժամանած, ՙբժիշկների՚ այցելությունները: Վերջիններս սովորաբար նախօրոք կապվում են  գյուղապետերի հետ, ներկայանում որպես պրակտիկ բազմապրոֆիլ բժիշկներ, այնուհետև, եթե գյուղապետը համաձայնում է ընդունել նրանց,  նախօրոք կազմակերպում են նաև  հիվանդների հեռակա հերթագրում: Որպես կանոն, հիվանդների պակաս այդ այցելությունների ընթացքում չի դիտվում (ո՞վ գիտի, թե մեկ էլ երբ որևէ  բժիշկ իր ոտքով գյուղ կհասնի):

Այսօրինակ մի այցելություն էլ կազմակերպվել է վերջերս: Գագիկ Աղալյան անուն-ազգանունով գործարարը մի խումբ ՙբուժաշխատողների՚ հետ սեպտեմբերին ՙհամակարգչային հետազոտություն՚ է իրականացրել  Հադրութի շրջանի մի շարք գյուղերի բուժկետերում:  Ինչ-որ սարք միացնելով հիվանդների ձեռքին` նրանք գնահատել են վերջիններիս առողջական վիճակը, հայտնաբերել հիվանդություններ: Բուժզննման արժեքը կազմել է 7 հազար դրամ (նշենք, որ անգամ երևանյան մի շարք բժշկական կենտրոններում առաջնային խորհրդատվությունն իրականացվում է անվճար),  իսկ եթե հիվանդը համաձայնել է նաև նրանց առաջարկած վիտամինները գնել, ապա, բնականաբար, գումարն ավելի է մեծացել: Հետազոտություն իրականացնողներից  մեկը հիվանդների մոտ հեռախոսահամար էր թողել` նշանակված դեղամիջոցները ձեռքբերելու հարցում օգնելու համար: Մեզ հետ հեռախոսազրույցի ընթացքում Լիլիա անունով բուժաշխատողը մանրամասնեց, որ իրենք առաջին անգամ չեն բուժծառայություններ մատուցում Արցախի գյուղերում, շեշտելով, որ այդ ընթացքում եղել են նաև անվճար այցելություններ: Երբ մենք խնդրեցինք մանրամասնել, թե որ բուժհաստատությունն են ներկայացնում և կոնկրետ ինչ մասնագետներ են, մեր զրուցակիցը խորհուրդ տվեց դիմել իրենց տնօրենին` Գ. Աղալյանին: Վերջինիս հետ ևս մեզ հաջողվեց զրուցել հեռախոսով: Նա կտրուկ հրաժարվեց իրենց ծառայությունները բուժհետազոտություններ որակել, ասելով, որ իրականացվել է խորհրդատվական գործունեություն, որի նպատակը բիոհավելումների վաճառքն է: Նրա խոսքով՝ խումբը ներկայացնում է ռուս-ֆրանսիական ՙVision՚ ընկերությունը, որի պաշտոնական ներկայացուցիչը ՀՀ-ում ՙՎիժն սննդային հավելումներ՚ ընկերությունն է: Ընկերությունն զբաղվում է  կենսաբանական ակտիվ հավելումների տարածմամբ, ինչն օրենքով արգելված չէ, ավելին,  սննդային հավելումներն այսօր վաճառվում են հայաստանյան  գրեթե բոլոր սուպերմարկետներում:

Գ. Աղալյանը բավականին կոշտ ձևով շեշտեց նաև, որ իր ՙԳագիկ Աղալյան՚ ԱՁ-ն գրանցված է ԱՀ հարկային մարմնում և որևէ անօրինական գործունեությամբ երբևէ չի զբաղվել: Մեր դիտարկմանը, որ բացի հավելումների վաճառքի փորձից, գյուղերում  նրանք իրականացրել են նաև վճարովի հետազոտություններ, իսկ նման ծառայության համար անհրաժեշտ է ունենալ ԱՀ Առողջապահության նախարարության կողմից տրամադրված համապատասխան լիցենզիա, Գ. Աղալյանը համաձայնեց մասնակի` նշելով, որ վերջերս ինքը եղել է Առողջապահության նախարարությունում, առաջարկել համագործակցել իր ընկերության հետ, սակայն մերժում է ստացել և առայժմ բավարարվում է միայն բնական հավելումների առք ու վաճառքով: Մեր զրուցակցի  բացատրություններից կարելի է ենթադրել, որ հետազոտություն իրականացնողների դերում հանդես են եկել ընկերության դիստրիբյուտորները: Նշենք, որ ԱՀ հարկային մարմնում  վերոհիշյալ ընկերությունը գրանցված է որպես առևտուր իրականացնող ԱՁ: Ըստ Գ. Աղալյանի` նախորդ տարում ՀՀ Առողջապահության նախարարությունը գրանցման է ենթարկել իրենց հավելումների ցանկի որոշ տեսակներ: 

Քանի որ հիվանդների իրավունքների պաշտպանությունը նաև  Առողջապահության նախարարության կարեւորագույն խնդիրներից է, կատարվածին գնահատական տալու և մեզ հետաքրքրող հարցերի շուրջ պարզաբանումներ տալու խնդրանքով դիմեցինք ԱՆ: Գերատեսչության իրավաբանական և լիցենզավորման բաժնի պետ Լուսինե Հովհաննիսյանը նշեց, որ ոլորտում լիցենզավորումը պարտադիր դարձնելը հենց վերոնշյալ նպատակն ունի՝ հիվանդների իրավունքների պաշտպանությանը նպաստելը: ՙՄենք վստահաբար կարող ենք ասել, որ ներկայում  բժշկական կրթություն չունեցող անձը որևէ  հնարավորություն չունի ստանալու բժշկական օգնության եւ սպասարկման լիցենզիա: Համապատասխան կրթություն, որակավորում չունեցող անձինք չեն կարող օրինական ճանապարհով զբաղվել բժշկական ծառայությունների մատուցմամբ՚,-մանրամասնել է նա: Ըստ գործունեության տեսակների՝ լիցենզավորում իրականացվում է ՙդեղերի արտադրություն, դեղերի առևտուր, դեղաբույսերի առևտուր, դեղատնային գործունեություն,  կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացում, գենետիկ ինժեներիայի գործունեություն՚ ցանկին համապատասխան: Լ. Հովհաննիսյանը նաև նշեց, որ վերջին տարիներին սննդամթերքի շուկայում ակտիվորեն առաջ են մղվում բազմազան ու բազմաթիվ կենսաբանական ակտիվ  հավելումներ: Չնայած դրանք հանդիսանում են սահմանային արտադրանք սննդամթերքի և դեղերի միջև, այնուամենայնիվ, վաճառվում են առևտրի կետերում՝ սննդի հետ, իսկ  վաճառքն ու տարածումը կարգավորվում է ՙՍննդամթերքի անվտանգության մասին՚ օրենքով:  

Ինչ վերաբերում է ինքնակոչ բժիշկների այցելություններին, որոնք օգտվում են մարդկանց տեղեկացվածության պակասից և գումարներ վերցնում, ապա, ըստ  ԱՆ  ներկայացուցչի, ստեղծված իրավիճակում  կարելի է միայն հանրապետության բնակիչներին խորհուրդ տալ խուսափել շրջիկ բժիշկների ծառայություններից օգտվելուց: Մեր զրուցակցի հավաստմամբ՝ նախարարությունը մշտապես  քարոզչական աշխատանքներ է իրականացնում,  որպեսզի առողջության հետ կապված խնդիրների դեպքում հիվանդները դիմեն միայն իսկական մասնագետների:

Ինքնակոչ բժիշկների հերթական շրջագայությունից հետո հիվանդներից ոչ ոք չի դիմել քննչական մարմիններին՝ տուժող ճանաչվելու համար:  Արցախյան պատերազմում որդի կորցրած Մ. Հակոբյանն էլ կատակով ասաց, որ գոհ է, քանի որ ՙբժիշկների՚ այցից հետո իր վիճակը չի վատթարացել: Իսկ վճարված գումարն էլ համարում է, որ կորցրել է:

Այս պատմության համար  ճշգրիտ վերնագիր կարող էր դառնալ ռուս դասականի հանրահայտ տողը՝ ՙՍա շատ ծիծաղելի կլիներ, եթե այսքան տխուր չլիներ՚...

Այն, որ այսօր  հասարակ առևտուրն ու բժշկությունը նույնացնել փորձող և այդ ճանապարհին ջանք ու միջոց չխնայող գործարարը կարող է բազմաթիվ անտեղյակ մարդկանց թյուրիմացության մեջ գցել, խոսում է գյուղերում  բուժօգնության կազմակերպման ոչ այնքան հուսադրող իրավիճակի մասին:  

Ցավալի է նաև, որ մինչ իրենց կոչմանը հավատարիմ մասնագետները մարդկանց բուժում են առանց սահմանների, սննդային անիմաստ հավելումների գովազդի և առևտրի գործով զբաղվող անհատները փորձում են բժշկությամբ զբաղվել անգամ առանց դիպլոմների:

 

Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ