[ARM]     [RUS]     [ENG]

ԳՅՈՒՂ, ՈՐՏԵՂ ԱՄԵՆ ԻՆՉ ՀԻՇԵՑՆՈՒՄ Է ՄԵԾ ԲԱՐԵՐԱՐԻՆ

Վանքը Մարտակերտի շրջանի խոշոր ու Արցախի թերևս ամենաբարեկեցիկ գյուղն է: Բնակչությունն զբաղվում է անասնապահությամբ, մեղվաբուծությամբ, ծխախոտագործությամբ։

 Երկրագործությամբ այստեղ միշտ էլ քիչ են զբաղվել. գյուղում զարգացած է եղել արհեստագործությունը,  գործում էին խանութներ՝ դուքաններ, որտեղ էլ արհեստավորները վաճառում էին իրենց ապրանքը, խորհրդային և հետխորհրդային տարիներին աշխատում էր փայտամշակման կոմբինատ,   և, ինչպես համայնքի ղեկավար Անդրեյ ՍԱՐԳՍՅԱՆՆ է նշում,  մարդիկ սովոր են առավոտյան շուտ արթնանալով գնալ աշխատանքի, երեկոյան վերադառնալ տուն՝ իրենց վաստակով: Ինչպես ցանկացած հին գյուղ, Վանքն ունի իրեն հատուկ  մշակույթը, ավանդույթները, ծեսերը: Համայնքի տարածքը  հարուստ է  տեսարժան վայրերով ու պատմական հուշարձաններով: Գյուղի արևմտյան կողմում, բլրի վրա, գտնվում է  մեր ազգային հարստություններից մեկը՝ Գանձասարի վանական համալիրը (13-րդ դարի կառույց, որի պատճառով էլ  առաջացել է գյուղի անունը): Գանձասարը  համաշխարհային մշակույթի գանձարանում  ընդգրկված հայկական հինգ հուշարձաններից իր ներկայացրած արժեքով երրորդն է:  Վանք գյուղի շրջակայքում  է գտնվում Իշխանաբերդը, կամ Խոխանաբերդը, 12-րդ դարից մեզ հասած  Թարխանաբերդը,  13-րդ դարի Դարպասներ պալատ-ամրոցն ու  Պառավաձորի զույգ եկեղեցին, Վաճառ գյուղաքաղաքը (12-13-րդ դդ.), Նատարին բերդը (13-րդ դար), Համամի եղցեն և այլ պատմական հուշարձաններ։

Գյուղն ունի   1567 բնակիչ:  Կա   դպրոց, որտեղ սովորում է   265 աշակերտ և դասավանդում  38 ուսուցիչ, մշակույթի տուն, կամ  ակումբ, տարածաշրջանային հիվանդանոց, ծննդատուն։  Այս գյուղում մեծ հարգանքով ու ակնածանքով են արտաբերում իրենց հայրենակից, բարերար Լևոն Հայրապետյանի անունը, նշելով՝ չլիներ նա,  Վանքն այսօր կնմանվեր հանրապետության շատ գյուղերի, որոնք տասնամյակներ շարունակ չեն զարգանում:  Բարերարի միջոցներով կառուցվեց Գանձասար վանական համալիր տանող նոր ճանապարհը, վերականգնվեց վանական համալիրը, նրա շնորհիվ վանքեցիներն ունեն  ժամանակակից դպրոց` լողավազանով, ֆուտբոլային դաշտով, նոր սարքավորումներով հագեցած ինտերնետ-դասարանով: Այն կրում է Լ. Հայրապետյանի հոր՝ Գուրգեն Հայրապետյանի անունը:  Դպրոցն ապահովված է մասնագետ-ուսուցիչներով` բացառությամբ  անգլերենի։ Այդ հարցը ևս շուտով  կլուծվի: Դպրոցը հանրակրթական է,   տարածաշրջանի այլ՝ Շահմասուր, Գառնաքար, մյուս  մոտիկ գյուղերից էլ, որտեղ դպրոցները  հիմնական են, այստեղ աշակերտներ  են գալիս սովորելու:  Համայնքն ունի  եռահարկ, գեղեցիկ, բոլոր հարմարություններով ժամանակակից  մանկապարտեզ, որի սաներին մանկապարտեզ և տուն փոխադրելու համար տրամադրվել է նաև տրանսպորտային միջոց: Պետք է խոստովանել, որ նման ծառայությունն այսօր հասանելի չէ նույնիսկ մայրաքաղաքի նախադպրոցական տարիքի երեխաներին:   Մանկապարտեզ հաճախում է 80 երեխա, բայց այն ավելի քան 100 երեխայի հաշվարկով է կառուցվել: Գյուղում գործում է արվեստի դպրոց: Ուսուցիչները հիմնականում գալիս են Ստեփանակերտից, իսկ աշակերտները  Խաչենի ենթաշրջանի երեխաներն են: Համայնքում մասնաճյուղ ունի նաև Ղարաբաղ Տելեկոմ ընկերությունը:

Բարերարի միջոցներով կառուցվել են ՙԷկլեկտիկա՚ և ՙԾովին Քար՚ հյուրանոցային համալիրները, ՙՎան Գոգ՚ և ՙԾովին Քար՚ ռեստորանները, ՙԾովին Քար՚ պանդոկը, մի քանի սրճարան, բար, ինտերնետ-ակումբ, ամառային դիսկոտեկ, գազանանոց, հուշանվերների խանութ։ Մի ժամանակ նույնիսկ ձիարշավարան էր գործում: Գյուղի գլխավոր ճանապարհն ասֆալտապատ է, իսկ համայնքի կենտրոնական մասը, որտեղ հետաքրքիր  մի շարք արձաններ և քանդակներ են տեղադրված, բազմաթիվ զբոսաշրջիկների սիրելի զբոսավայրն է: 

Ժամանակակից սարքավորումներով հագեցած նոր հիվանդանոցն ու դեղատունը կառուցվել են  2011թ. փետրվարին: Տեղամասային հիվանդանոցում աշխատում է  26 հոգի: Կա շտապօգնության մեքենա, որն անհրաժեշտության դեպքում սպասարկում է նաև  հարակից գյուղերին։

Համայնքում առայսօր պատմում են գործարար, բարերար Լևոն Հայրապետյանի  նախաձեռնությամբ իրականացված  աննախադեպ ձեռնարկի՝  2008թ. հոկտեմբերի 16 -ին ԼՂՀ-ում  700 զույգի ամուսնության արարողության՝ Մեծ հարսանիքի մասին, երբ զույգերից 200-ը պսակադրվեցին Գանձասար վանքում:

ՙՆմանօրինակ հարսանեկան հանդես նույնիսկ աշխարհի շատ երկրներ չեն տեսել,-ասում է Անյա տատիկը: - Այս հարսանիքը կարելի է  Գինեսի ռեկորդների գրքում գրանցել՚:  150 հազար բնակչություն ունեցող Արցախի համար 700 զույգի ամուսնությունը մեկ օրում իսկապես Մեծ հարսանիք էր, աննախադեպ երևույթ: 

Ստեղծված հարմարությունների շնորհիվ  Վանքում բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում, այդ թվում և ՝ պետական նշանակության: Գյուղը հյուրընկալել է շատ ու շատ հայտնի մարդկանց, քաղաքական այրերի, համաշխարհային աստղերի:

 ՙԱփսոս, Լևոն Գուրգենիչի գործերն այս ձևով չպիտի գնային, թե չէ մեր գյուղի նման գյուղ չէր լինի,- ցավով նշում է Անյա տատիկը ու հետո հպարտությամբ շարունակում,- ՙմեծ՚ մարդիկ էին գալիս  գյուղ, ամեն տարի Վանքում անցկացվում էր  ավանակներով վազքի մրցույթ, աշխուժություն կար...՚: Բարերարի այս նախաձեռնությունն ուրախ ավանդույթ էր դարձել վանքեցիների և հարևան գյուղերի բնակիչների համար: Մասնակցում էին շատերը:  Աշխարհահռչակ երգիչ Ալ Բանոն նույնպես եկել էր մասնակցելու  այս միջոցառմանը:

Անդրեյ Սարգսյանը  Վանքի համայնքի ղեկավար է ընտրվել  2011-ին: Համոզված է, մյուս գյուղերի բնակիչների համեմատ, այստեղ առավել բարեկեցիկ են ապրում։  Գյուղացիների հիմնական եկամուտն ապահովում են զբոսաշրջիկները. տարվա տաք եղանակներին ակտիվ աշխատում են հանգստի գոտիները, որոնք այս տարածքում բավականին շատ են: Ամառվա ընթացքում դա բնակչության մի մասի  եկամուտի հիմնական աղբյուրն է։  Իսկ ովքեր նման հնարավորություն չունեն,  տեղական արտադրանքը՝ կաթ, մածուն, պանիր, մեղր, ժենգյալով  ու թոնրի հաց,  իրացնում են գյուղում կամ մայրաքաղաքում, ապահովում են   գործող ռեստորանների պահանջարկը։  Այստեղ շարունակում է գործել ՙԱթա-Վանք-լես՚ փայտամշակման կոմբինատը, որտեղ մոտ 200 հոգի է  աշխատում։ ՙՄենք շնորհակալ ենք Լ. Հայրապետյանին նրա համար, որ, չնայած իր վիճակն այսօր այնքան էլ լավ չէ, նա ձերբակալված է, բայց գյուղին իր օգնությունը չի դադարեցնում.  ամսական 16-17 մլն դրամ  փոխանցում է գործարանին՚,-ասաց համայնքի ղեկավարը: Գործարանն ունի փայտի և քարի մշակման, վերանորոգման արտադրամասեր։ 

ՙՄթնոլորտը, մյուս գյուղերի համեմատ, լավ է: Կան աշխատատեղեր, արտադրանքն իրացնելու տեղ։ Մշակույթի տուն  կա, որտեղ բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում, գյուղի երիտասարդությունը զբաղվելու, զվարճանալու հնարավորություններից զրկված չէ: Վանք գյուղում նույնիսկ պետական նշանակության որոշ միջոցառումներ են անցկացնում. վերջերս  տոնեցինք Գանձասարի  777-ամյակը,  խաղողօրհնեք եղավ, եկեղեցական տաղավար տոները նշվում են մեծ շուքով, հրավիրվում են  նաև հյուրեր ու զբոսաշրջիկներ արտասահմանից՚,- մեր զրույցի ընթացքում ասաց Ա. Սարգսյանը։  

Թե ինչու երկրագործությամբ քիչ են զբաղվում, գյուղապետը պայմանավորում է լեռնային գոտու առանձնահատկություններով. ՙԳյուղացիները երկրագործությունից հեռու են, շատ քիչ են հողագործությամբ զբաղվում, Վանքը հիմնականում արհեստավորների գյուղ է, միշտ էլ այդպես է եղել, նաև՝ խորհրդային տարիներին։ Անասնապահությունն ու մեղվաբուծությունն են այստեղ զարգացած: Խորհրդային տարիներին  կոմբինատի աշխատողների միջին աշխատավարձը եղել է 120-150 ռուբլի, դա իրենց եկամուտն էր, իսկ  տնամերձը մշակում էին  անձնական օգտագործման գյուղմթերքներ ունենալու, այլ ոչ թե իրացնելու նպատակով՚։

Ա. Սարգսյանը նաև հայտնեց, որ 950 գլուխ խոշոր եղջերավոր անասուն ունեն գյուղում, կաթի ընդունման կետ այս տարածաշրջանում չկա, բայց այն վերամշակում են, կաթնամթերքն  իրացնում: Այս տարի ավելացել է  ընտանի թռչունների քանակը, գրեթե ամեն տնտեսություն 30-50 թև թռչուն է պահում։ Խոզերի քանակն էլ այս տարի աճել է. հանրապետության տարածքում գրանցված խոզերի ժանտախտը ցուցանիշների վրա չի ազդել։  Բնակիչներն օգտվում են նաև անտառային բարիքներից, հավաքելով  բոխի, սինդրիկ,  հատապտուղներ՝ որը վաճառելու, որը` օգտագործելու նպատակով:

Գյուղում ակտիվ  շինարարություն է ընթանում։ Բոլորն   իրենց համար փորձում են հարմարություններ  ստեղծել, կարգի են բերվում զբոսաշրջային օբյեկտները։

Շուտով գյուղը շուրջօրյա ջրով էլ ապահովված կլինի. ընթացքի մեջ է ներքին ջրատար ցանցի կառուցումը՝ հինը  լրիվ քայքայված վիճակում էր։ Գյուղը գազիֆիկացված է: 

 Ա. Սարգսյանը համայնքի խնդիրների շարքում առանձնացրեց  գյուղամիջյան ճանապարհների հարցը։ Դրան էլ փորձ կարվի  մոտ ապագայում լուծում տալ։

 Համայնքի տարեկան եկամուտները կազմում են 6մլն 400 հազար դրամ, պետությունը, ինչպես մյուս համայնքներին, փոխհատուցում է  տալիս:  Համայնքի բյուջեն  ձևավորվում է  հարկերից: Համայնքապետի խոսքով`  եթե կարողանում են ժամանակին հավաքագրել, համայնքի  որոշ հարցեր լուծվում են, եթե ոչ՝  չի ստացվում, և նույնիսկ լինում են աշխատավարձերի ուշացումներ։ 

ՙԻնչ կա այստեղ`  Լևոն Հայրապետյանի շնորհիվ է։ Նրա ներդրումների, նրա ծրագրերի շնորհիվ վանքեցիներն ունեն այն, ինչ ունեն։ Եվ չնայած հիմա  նոր ծրագրեր չեն իրականացվում, արդեն եղածի շնորհիվ գյուղում կյանքը  աշխուժացել  և նոր մակարդակի է բարձրացվել: Արտագաղթ գյուղից չկա,  բայց 1-2 ընտանիք աշխատելու  նպատակով մի քանի ամսով  պարբերաբար դուրս են գալիս  գյուղից՚: Ժողովրդագրության տեսանկյունից վիճակը գյուղապետը բավարար է գնահատում. գյուղը երիտասարդ է, բազմազավակ 16 ընտանիք կա։  Նրանց համար երկու տուն  ԱՀ կառավարության և ներդրումային հիմնադրամի միջոցներով կառուցվել է արդեն, մեկն էլ դարձյալ  կառավարության ֆինանսավորմամբ  կկառուցվի. այդ   ընտանիքին  տրամադրվել է հողամաս, և կառուցման աշխատանքները չեն ուշանա։  

Սրբուհի ՎԱՆՅԱՆ