ՙԱՐԱՐԱՏ՚ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ Է ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՇԵՆՔԸ

Լոս Անջելեսում գործող ՙԱրարատ՚ հիմնադրամը սկսել է Շահումյանի շրջանի մշակույթի և երիտասարդության կենտրոն ՊՈԱԿ-ի շենքի շինարարությունը։

Շինարարության համար հիմնադրամն ավելի վաղ դրամահավաք է կազմակերպել, որը շարունակվում է նաև այսօր։ Այս փուլում վերանորոգվում է տանիքը, ինչին կհաջորդեն շենքի ջերմամեկուսացումը, բեմի վերանորոգումը, որոնք խիստ անհրաժեշտ են շենքում պատճաշ կերպով աշխատանքներ իրականացնելու և միջոցառումներ կազմակերպելու համար։ 

ՙՍա շատ ուրախալի նորություն է։ Շենքը կարևորագույն շինություն է ամբողջ շրջանի համար։  Այստեղ են անցկացվում շրջանի մասշտաբով բոլոր կարևոր իրադարաձությունները, բարձրաստիճան հյուրերի հետ հանդիպումներն այստեղ են կազմակերպվում՚,- խոսելով շենքի վերանորոգման նշանակությունից՝ մեզ հետ զրույցում նշեց Շահումյանի շրջանի մշակույթի և երիտասարդության կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Մարինե Սողոմոնյանը։

ՙՀույս ունենք, որ շինարարությունը փուլ առ փուլ կընթանա, ու մենք կունենանք բարեկարգ կենտրոն՝ ամբողջ շրջանի համար։ Շենքի վերանորոգումը մեծ խթան կլինի նաև կենտրոնում գործող ժողգործիքների համույթի, պարի խմբակի աշխատանքների համար՚,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Շրջանի վարչակազմի ղեկավար Հարութ Մնացականյանի խոսքով՝ ՙԱրարատ՚ հիմնադրամի այս նախաձեռնությունը շատ ողջունելի է։

ՙԱզգի, պետության մասին պատկերացում ենք կազմում նրա թողած հիշողությամբ, նրա մշակութային պատկերով։ Ասում ենք 12-13-րդ դարի Հայաստան և պատկերացնում ենք այդ ժամանակ կառուցված հրաշալի խաչքարերը, եկեղեցիները։ Մշակույթն այն ունիվերսալ միջոցներից մեկն է, որ թույլ է տալիս ազգին ներկայանալ աշխարհին, մնալ պատմության մեջ, շփվել այլ ազգերի մշակույթների հետ։

Այս համատեքստում Քարվաճառի մշակույթի տան շենքի վերանորոգման դերն անչափ մեծ է՚,- ընդգծեց մեր զրուցակիցն իր խոսքում՝ համոզմունք հայտնելով, որ մի քանի տարի հետո բոլորս հիանալու ենք այն աշխատանքով, որ այսօր է կատարվում։ ՙԻսկ այժմ մենք պետք է կարողանանք ճիշտ կազմակերպել վերանորոգման աշխատանքները, փուլ առ փուլ, առաջնայինից երկրորդայինի անցնելով։ Շահումյանի շրջվարչակազմն ու անձամբ ես պատրաստ ենք ամեն հարցում աջակից լինել ՙԱրարատ՚ հիմնադրամին՚,- ամփոփեց Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավարը։

Տեղեկացնենք, որ ՙԱրարատ՚ հիմնադրամը ծրագրում է ամբողջությամբ բարեկարգել Շահումյանի շրջանի մշակույթի և երիտասարդության կենտրոնի շենքը, հնարավորություն ստեղծել՝ ավելացնելու կենտրոնում գործող խմբակների, կազմակերպվող միջոցառումերի թիվը։ 

 

Թամար ԳՐԻԳՈՐՅԱՆ

ք, Քարվաճառ