[ARM]     [RUS]     [ENG]

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՈՒՄ` ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

Շրջանի հակահամաճարակային վիճակի և հիգիենայի պահպանման գործում մեծ է հանրապետության առողջապահության նախարարության ՙՀամաճարակաբանության և հիգիենայի կենտրոն՚ ՊՈԱԿ-ի Մարտունու շրջբաժնի դերակատարությունը:

Բաժնի ամենօրյա աշխատանքային գործունեությունը նպատակաուղղված է շրջանում վարակիչ հիվանդությունների հայտնաբերմանը և հիվանդին ժամանակին հոսպիտալացմանը, խմելու ջրի անվտանգության ուղղությամբ մշտական վերահսկողության սահմանմանը, համայնքների, նաև նախադպրոցական, դպրոցական հիմնարկությունների, բուժհիմնարկների, հիմնարկ-ձեռնարկությունների, առևտրի, սննդի, կոմունալ օբյեկտների սանիտարահիգիենիկ պայմանների ապահովմանը և բնակչության շրջանում սանիտարալուսավորչական աշխատանքների անցկացմանը` միտված վարակիչ հիվանդությունների կրկնակի դեպքերի սահմանափակմանը: 

Ընթացիկ տարվա անցած ամիսներին կատարված աշխատանքների շուրջ է շրջբաժնի պետ Ռոմիկ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ զրույցը:

-Համաճարակային վիճակը շրջանում կայուն է, այս ընթացքում հատուկ վարակիչ հիվանդությունների դեպքեր չեն գրանցվել: Արձանագրված աղիքային հիվանդությունները կրում են սպորադիկ բնույթ, որոնք համապատասխանում են շրջանի բնակչության թվաքանակին,- ասում է բաժնի պետը և նշում, որ վերոնշյալ ժամանակահատվածում շրջանում արձանագրվել են աղիքային հիվանդության 12 դեպք, ջրծաղիկ հիվանդության 54 (հիմնականում երեխաների և դպրոցականների մոտ), լեշմանիոզ հիվանդության 2 դեպք (Ճարտարում և Գիշիում): Լեշմանիոզի հիվանդության  գրանցումը տվյալ տարածքի հակասանիտարական պայմանների արդյունք է: 

Ռ. Բաղդասարյանի խոսքով` մշտական սանիտարական մաքրում չի կատարվում գյուղերի թաղամասերում: Հիվանդության հարուցիչները բնակվում են աղբակույտերում,  դրանց աղբյուրները շները, կատուներն են, փոխանցողները` մլակներն ու մոսկիթները: Վարակվում են հիմնականում 1-5 տարեկան երեխաները: Ախտորոշումը կատարվում է ՀՀ-ում` Արցախում համապատասխան լաբորատորիա չունենալու պատճառով: Բացի դրանից, արձանագրվել են տրիխոֆիտիա հիվանդության 8, քութեշի 2, բրուցելյոզի 3 դեպքեր: Բրուցելյոզ հիվանդություն գրանցվել է Գիշիում, Սպիտակաշենում, Հերհերում: Այս ընտանիքների բոլոր անդամներն անցել են լաբորատոր հետազոտություն, որոնց պատասխանները բացասական են եղել, այսինքն` յուրաքանչյուր ընտանիքից միայն մեկ անդամն էր վարակված, մյուսներն առողջ էին:

Բարեբախտաբար, այս ընթացքում սննդային թունավորման դեպքեր շրջանում չեն արձանագրվել: Վայրի գազաններից հասցված  վերքից գրանցվել է 103 դեպք, կատաղության նկատմամբ կատարվել են համապատասխան պատվաստումներ:

Ռ. Բաղդասարյանը հատուկ անդրադարձավ մսամթերքին` նշելով, որ  անասունների մորթի համար շրջանում չկա սպանդանոց: Այն իրականացվում է մսավաճառների կողմից` անասնատերերի բակերում, իսկ մսի տեղափոխումը կատարվում է պատահական մեքենաներով:

Ինչպես մեզ իրազեկեց շրջբաժնի պետը, 4 տարի է` մթերքները (կաթնամթերք, մսամթերք) վերահսկվում են ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից: 

ԼՂՀ առողջապահության նախարարության ՙՀամաճարակաբանության և հիգիենայի կենտրոն՚ ՊՈԱԿ-ի Մարտունու շրջբաժինը վերահսկում է միայն աշխատողների բժշկական և լաբորատոր քննությունն և մանրէաբանական հետազոտության ենթարկում իրավասության շրջանակներում, իսկ մթերքների խոտանումը, տուգանումը կատարում է Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը: 

Բաժնի կարևոր ծառայություններից մեկը կանխարգելիչ պատվաստումներն են, որոնք կատարվում են 12 վարակիչ հիվանդությունների դեմ: Մանկաբույժի հետ բաժնի  մասնագետներն ամիսը մեկ անգամ այցելում են շրջանի բոլոր գյուղերը, համապատասխան պատվաստումներ կատարում մինչև 56 տարեկան անձանց: Հունվար-սեպտեմբեր ամիսներին շրջանում արձանագրվել է 178 ծնունդ:

Բաժինը կանխարգելիչ պատվաստումներ է կատարում նաև շրջանի նախազորակոչային և զորակոչային տարիքի պատանիներին: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում զորակոչային տարիքի պատանիների պատվաստումների գործընթացին: 2 ամիս առաջ տուլարեմիա զորակոչիկների շրջանում կատարվում են 6 հիվանդության նկատմամբ` դիֆթերիա, կարմրուկ-կարմրախտ, պնևմակոկ,  մենինգոկոկ, հեպատիտ A պատվաստումներ։  Երկրորդ տարին է, ինչ այդ պատվաստումները կատարվում են նախօրոք, մինչ այդ դրանք կատարվում էին զորակոչի օրը: Նոր մեթոդը հնարավորություն է տալիս խուսափել հետագա բարդություններից: Նշենք, որ պատվաստանյութերը բերվում են ՀՀ-ից, սառնարանային պայմաններում:

Ռ. Բաղդասարյանի հավաստմամբ` շրջբաժնի կողմից մեծ ուշադրություն է դարձվում մսուր-մանկապարտեզներին: Մարտունու շրջանում առկա 10 մսուր-մանկապարտեզից 9-ը սպասարկվում է պետության կողմից, իսկ 1-ը` Աշանի մսուր-մանկապարտեզը` ՀՕՄ-ի: Ընթացիկ տարում շրջկենտրոնի 2 մանկապարտեզից վերցվել է 4 սննդի նմուշ, որից 2-ը չի համապատասխանել պետական չափանիշներին: Շրջբաժնի կողմից նախազգուշացում է տրվել մանկապարտեզների տնօրեններին` թերությունները բացառելու համար:

Սեպտեմբերի 1-ի դրությամբ ընթացիկ տարում շրջանում կատարվել է 2197 լաբորատոր հետազոտություն, որից 1978-ն` աղիքային, 219-ն` օդակաթիլային, 25-ը` մալարիա հիվանդությունների նկատմամբ:

 Խմելու ջուրը բնակչության համար կարևոր կենսական գործոն է, որի վերահսկողությունը կատարվում է ԼՂՀ ՙՋրամատակարարում և ջրահեռացում՚ ՓԲԸ Մարտունու տեղամասի և  Ճարտարի, Բերդաշենի, Մաճկալաշենի ենթաբաժինների կողմից: 

ՙՀամաճարակաբանության և հիգիենայի կենտրոն՚ ՊՈԱԿ-ի Մարտունու շրջբաժնի կողմից պարբերաբար վերահսկվում են խմելու ջրի ջրամբարների մաքրման ու ախտահանման աշխատանքները` այն ենթարկելով լաբորատոր հետազոտության։ Պետպատվերի շրջանակում լաբորատոր հետազոտության է ենթարկվել ջրի 373 նմուշ:  Մանրէաբանական հետազոտության ենթարկված ջրի 335 նմուշ համապատասխանել է հիգիենիկ նորմերին: 

Ռ. Բաղդասարյանը նշեց, որ յուրաքանչյուր ամիս մանրէաբանական հետազոտության են ենթարկվում շրջանում տեղակայված զորամասերի և Մարտունու զինվորական հոսպիտալի ջրերը: Այս տեղամասերում ժամանակին կատարվում է քլորացում` հիգիենիկ նորմատիվներին համապատասխան:

Ըստ Ռ. Բաղդասարյանի` այսօրվա դրությամբ լուրջ անհանգստություն են առաջացնում հողի աղտոտվածության գործոնները: Հաճախակի է գյուղական բնակիչներից բողոքներ ստացվում տվյալ տարածքի հակասանիտարական պայմանների վերաբերյալ: Համայնքապետերի հետ համաձայնեցված` բողոքները քննարկվում և համապատասխան միջոցներ են ձեռնարկվում: Շատ ճանապարհահատվածներում, հատկապես Մարտունուց մինչև Կարմիր Շուկա, պարբերաբար սանմաքրում չի կատարվում: Շրջվարչակազմի ղեկավարը պարբերաբար զգուշացնում է համայնքների ղեկավարներին, սակայն առայժմ պատշաճ ուշադրություն չի դարձվում: 

Աղբահանումը և տեղափոխումը կատարվում է հիմնականում Մարտունի, մասամբ էլ Ճարտար քաղաքներում: Մարտունի քաղաքի միայն կենտրոնական ճանապարհահատվածներն են ընդգրկված սանիտարական մաքրման համակարգում:

 

Արմինե ԴԱՆԻԵԼՅԱՆ

ք. Մարտունի