[ARM]     [RUS]     [ENG]

ՄԵՐ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԿԱՆԱՉ ՍԱՆԻՏԱՐՆԵՐԸ

Կանանց, հատկապես տնային տնտեսուհիների մոտ  հաճախակի են դարձել թոքերի ու լյարդի հիվանդության դեպքերը։ Տղամարդկանց մոտ այդ օրգանները հիվանդանում են ծխախոտն ու ալկոհոլային խմիչքները չարաշահելու պատճառով, իսկ կանայք այդ վատ սովորություններից  իրենց հեռու են պահում, բայց ինչո՞ւ նրանք էլ  են հիվանդանում։

Այս հարցի պատասխանը երկար ժամանակ բժիշկները, մասնագետները չէին  գտնում։ Հարցի պատասխանը պարզ դարձավ  բնակարանների խոհանոցների օդի բաղադրությունը պատահականորեն ուսումնասիրելուց հետո։ 

Խոհանոցի գազօջախը մեկ ժամ  այրելիս (փակ պատուհանով) թունավոր շմոլ գազի և ազոտի երկօքսիդի խտությունը զգալիորեն բարձր է լինում, քան ցանկացած քիմիական  գործարանում։ Դրանից բացի, բնակելի սենյակների օդում էլ հայտնաբերվում են  ցնդող նյութեր,  որոնք գտնվում են կահույքի բաղադրության մեջ։ Այդ նյութերի մեջ քիչ չեն նաև ալերգիա առաջացնողները, որոնք թունավոր ազդեցություն ունեն մեր առողջության վրա։ Մենք ուշադրություն չենք դարձնում այդ ամենին, չենք գնահատում խոհանոցում առաջացած վնասակար նյութերի բացասական ազդեցությունը, մինչդեռ տուժում են տնային տնտեսուհիները, որոնք խոհանոցում ավելի երկար են մնում։ Հետազոտությունները վկայում են, որ խոհանոցի և բնակելի սենյակների օդում վնասակար նյութերի խտությունը  հաճախ կարող է այնքան ավելանալ, որ շնչառական ուղիների հիվանդությունների առաջացման պատճառ դառնան։ Իսկ այդ հիվանդություններից բրոնխիտը և շնչարգելությունը  (ասթման)  վտանգավոր են կյանքի համար։ 

Բնակարանների և խոհանոցների օդի կեղտոտման դեմ պայքարելու հարցում բոլոր մասնագետների կարծիքները  համընկնում են. պայքարել սենյակային բույսերի օգնությամբ։ Դրանք (սենյակային բույսերը) կլանում են ոչ միայն անընդհատ կուտակվող ածխաթթու գազը՝ միաժամանակ արտադրելով թթվածին, այլև մի շարք վնասակար նյութեր։ Որտեղ կան սենյակային բույսեր, այնտեղ շնչելը հեշտ է։ 

Սենյակի, խոհանոցի օդը մաքրելու համար կան բազմաթիվ բույսեր։ Կարող ենք օգտագործել հալվե (ալոե), ծնեբեկ, խորդենի (герань), բամբասանք (традесканция,, ղարաբաղի բարբառով՝ ճռճռոկ), վահանապտեր (папоротник), բեգոնիա, մանուշակ, հասմիկ (жасмин) և այլն։ Բույսերն ընտրելիս պետք է հաշվի առնել խոհանոցի կամ սենյակի լուսավորվածությունը. լուսասեր բույսերը տեղադրել լուսավոր տեղերում, իսկ ստվերադիմացկուն բույսերը` կիսաստվերոտ կամ կիսամութ հատվածներում։ Բեգոնիան, մանուշակը, հասմիկը լուսասեր բույսեր են, իսկ ծնեբեկը, օձաբույսը, կալան՝ խավարասեր։ Հիշել՝ մուգ կանաչ տերևներ ունեցող բույսերը ստվերադիմացկուն են, կիսախավարասեր։ Նրանց կանաչ քլորոֆիլի  հատիկները տերևներում պետք է ավելի շատ լինեն, որպեսզի  կիսամութ կամ ստվերոտ պայմաններում կարողանան աճել, օրգանական նյութեր արտադրել։  Արտաքին տեսքից միայն այս եղանակով կարելի է իմանալ` բույսը լուսասեր է, թե ստվերադիմացկուն։ 

Ուզում եմ  հատուկ նշել սենյակային հայտնի բույս քլորոֆիտումի մասին։ Նա օդը կարող է մաքրել տեխնիկական մի քանի սարքերից էլ ավելի լավ։ Այդ պատճառով էլ  նրան տեղադրել են տիեզերանավերում, որոնք հնարավոր չէ օդափոխել մեկ այլ ձևով։

Այսպիսով, սենյակային բույսերը հիանալի միջոց են բնակարանի օդը մաքրելու, մեր առողջությունը պահպանելու համար։