ԲՆԱԿԱՐԱՆ՝ ԲԱԶՄԱԶԱՎԱԿ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ

Շարունակվում է ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի՝ բազմազավակ ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման ծրագիրը, որի շրջանակում Արցախում արդեն երկու տասնյակից ավելի բազմազավակ ընտանիքներ ապահովվել են նորակառույց առանձնատներով:  

 Բնակարանամուտի առթիվ ՙՀայաստան՚ հիմնադրամի ներկայացուցիչները Հադրութի շրջանի հեռավոր գյուղերից մեկը՝ Խանձաձոր են հասել: Շնորհավորանքների հասցեատերը Քարամյանների ընտանիքն է: ՙՎեց երեխա ունեմ` Հասմիկը, Հովիկը, Մանուշը, Լիլիթը, Մելինան եւ Ավագը՚,- թվարկում է բազմազավակ հայրը՝ Լեռնիկ Քարամյանը: Հենց ընտանիքի փոքրիկի՝ Ավագի ծնունդից հետո են Քարամյաններն ավետիսը ստացել: ՙԳյուղապետը կանչեց ու տեղեկացրեց, որ 6 երեխա ունեցող ընտանիքների համար տուն են կառուցում. մեր ընտանիքն էլ է ընդգրկվել այս ծրագրում՚,- նախապատմությունն է հիշում ընտանիքի հայրը: 

Շինարարությունն սկսվեց անմիջապես: Տարիների երազանքն իրականություն դարձավ Հիմնադրամի ծրագրի արդյունքում: Բանալիներն ընտանիքի հորն է հանձնել Հիմնադրամի Արցախի ծրագրերի ղեկավար Վալերի Ղազարյանը: Բնակարանի շինարարությունը եւ կահավորումը ֆինանսավորել է Գրիգորյանների ընտանիքը հեռավոր ԱՄՆ-ից: Երեխաներն արդեն հասցրել են որոշել՝ ննջասենյակներից ու մահճակալներից որն ում է բաժին հասնելու: ՙԱյս սենյակում երեք հոգով ենք տեղավորվելու,-պատմում է երեխաներից մեծը՝ Հասմիկը: Ննջարանում ոչ միայն մահճակալներ կան, այլ նաեւ գրասեղան ու աթոռ, գրադարակ ու պահարան՝ մեր հագուստների եւ իրերի համար՚:

Երեք ննջասենյակ, մեծ ու լուսավոր հյուրասենյակ, խոհանոց: Եվ բոլորը` կահավորված: Տանտիրուհին ուրախությունը չի թաքցնում: ՙՄինչ այդ կենցաղում բազում դժվարություններ ենք ունեցել, մի կողմից տունն էր նեղվածք, մյուս կողմից՝ պայմանները լավ չէին: Նոր տանն այդ խնդիրները չկան: Ննջարանները, հյուրասենյակը, խոհանոցը, ողջ տունը կահավորված, պատրաստ են՚,- թվարկում եւ ցույց է տալիս ընտանիքի մայրը՝ Արմինե Սարմազյանը:

Աշխատանքի որակից նաեւ Հիմնադրամի պատասխանատուներն են գոհ: Առանձնատունը կառուցվել է տիպային նախագծով, եւ հակառակ հեռավորության հետ կապված դժվարությունների՝ հաջողվել է նախագծում հաստատված բոլոր նորմերը պահպանել, վստահեցնում է Վալերի Ղազարյանը: ՙԱյս առանձնատունը որոշվեց մի փոքր յուրահատուկ տեսքով կառուցել՝ կրող պատերը՝ անտաշ քարից: Ի պատիվ շինարարությունն իրականացրած ՙՔիրս՚ ԱԿ-ի, պետք է ասեմ, որ ամեն ինչ արվել է բավականին բարձր մակարդակով, ինչը, շինանյութի շուկայից Խանձաձորի հեռավորությունը հաշվի առնելով, իսկապես դժվար գործ է եղել՚,- գնահատում է Հիմնադրամի Արցախի ծրագրերի պատասխանատուն:

Սովորաբար նման առանձնատների համար 23-25 միլիոն դրամ է պահանջվում: Տեղանքի բարդության պատճառով այս առանձնատան շինարարությունն ու կահավորումը 27 միլիոն դրամ արժեցավ: Նախագծով նաեւ առանձնատան ներսում լոգասենյակ ու սանհանգույց է նախատեսված: Դրանք էլ կառուցվել, կահավորվել են: Նաեւ` ոչ հեռու փակ ավազան է կառուցվել կոյուղաջրերի համար: Դեռ չլուծված է մնում ջրամատակարարման հարցը: ՙՋրամատակարարման հարցը նախագծում ներառված չի եղել: Իմ տեղեկություններով՝ հնարավոր է ջուրն այստեղ հասցնել մոտ երկու կիլոմետր հեռու գտնվող աղբյուրից: Բայց դա նախագծում նախատեսված չէր, հետեւաբար` չէր էլ ակնկալվում, որ շինարարը լուծեր խնդիրը: Բայց եթե մոտակայքում ջրագիծ լինի՝ այս առանձնատունը ջրագծին միացնելու ոչ մի խնդիր չի լինի՚,- պարզաբանում է Վ. Ղազարյանը: 

Իսկ առայժմ Խանձաձորի համայնքում ուրախանում են հերթական առանձնատան կառուցման փաստով եւ գաղտնազերծում` հեռանկար կա, որ համայնքից էլի բազմազավակ ընտանիքներ կներառվեն այս ծրագրում: Խանձաձորում արդեն երկրորդ ընտանիքի համար է Հիմնադրամի ծրագրով բնակարան կառուցվել: Գյուղում կատակում են` Հիմնադրամի ծրագրով նոր առանձնատներ ստացած երկու ընտանիքներից են տեղի դպրոցի 17 աշակերտներից 12-ը: Եվ կառուցվող ամեն տան հետ ավելանում են Խանձաձորը վաղն ավելի զարգացած ու ամրացած տեսնելու հույսերն ու նաեւ դրանց հասնելու ծրագրերը: ՙՏնամերձը դեռ անխնամ է, բայց երկար պարապ չի մնա: Այստեղ այգի եմ տնկելու՝ խնձորի, դեղձի, սալորի ծառերով: Մի քանի տարի անց երեխաներս արդեն մեր այգու պտուղները կուտեն՚,- վստահեցնում է Լեռնիկ Քարամյանը:

Նախորդ շաբաթվա ընթացքում կարմիր ժապավենը կտրելու առիթներ եղան Արցախի գրեթե բոլոր շրջաններում: ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի ծրագրի շնորհիվ առանձնատներ են կառուցվել եւ արդեն տերերին հանձնվել Մարտունու շրջանի Վարանդա գյուղում՝ Հիմնադրամի խոշոր նվիրատուներից ամերիկաբնակ Անդրանիկ Բաղդասարյանի հովանավորությամբ, Շահումյանի շրջանի Չարեքտար գյուղում՝ ամերիկահայ բարերար Ջերրի Թրփանջյանի հովանավորությամբ: Վալերի Ղազարյանը վիճակագրությունը ծրագրի մեկնարկից ի վեր է ամբողջացնում, թե Արցախում քանի ընտանիք է ներառվել ՙՀայաստան՚ հիմնադրամի՝ բազմազավակ ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման ծրագրում: ՙԱվելի վաղ Մարտունու շրջանում ենք եղել: Հադրութի շրջանի Խանձաձոր գյուղում ավարտվեց այս ծրագրի շրջանակներում կառուցվող 18-րդ տան շինարարությունը, եւս երկու առանձնատուն Շահումյանի շրջանի Չարեքտար գյուղում հանձնվեց շահառուներին: Նաեւ Քաշաթաղի շրջանի Վուրգավան համայնքում ենք կարմիր ժապավեն կտրել: Եվս 2 առանձնատուն շահագործման կհանձնվի առաջիկա 10-15 օրվա ընթացքում,- թվարկում է ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի Արցախի ծրագրերի պատասխանատուն եւ հավելում,-ծրագիրը դեռ շարունակվում է, այս պահին 11 առանձնատան շինարարությունն ընթացքի մեջ է՚:

Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ